Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Միջկառավարական սուրհանդակային կապի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
նկատի առնելով Կողմերի պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների, իշխանության և կառավարման մարմինների միջև պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների սուրհանդակային ծառայության (կառավարական սուրհանդակային կապի) ստորաբաժանումներից ստեղծում են Միջկառավարական սուրհանդակային կապ` նրա վրա դնելով Կողմերի պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների, իշխանության և կառավարման մարմինների միջև պաշտոնական թղթակցության առաքման պարտականությունը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների պաշտոնական թղթակցության առաքումը:
Հոդված 2
Միջկառավարական սուրհանդակային կապի միջոցով առաքվող պաշտոնական թղթակցությունը անձեռնմխելի է, ենթակա չէ ոչ բացման, ոչ էլ ուշացման: Պաշտոնական թղթակցությունը կազմող բոլոր տեղերը պետք է ունենան տեսանելի արտաքին նշաններ, որոնք ցույց կտան նրա բնույթը:
Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցն իր պարտականությունները կատարելիս պետք է ունենա իր կարգավիճակի և պաշտոնական թղթակցությունը կազմող տեղերի քանակի նշումով պաշտոնական փաստաթուղթ: Նա օգտվում է իր գտնվելու վայրի պետության պաշտպանությունից, անձնական անձեռնմխելիությունից, հաշվեցուցակային զենք կրելու իրավունքից և ենթակա չէ կալանքի կամ ձերբակալության: Նա պարտավոր է պահպանել գտնվելու վայրի պետության օրենսդրությունը և չմիջամտել նրա ներքին գործերին:
Հոդված 3
Կողմերը պարտավորվում են ապահովել Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեությունը` որպես Կողմերի տարածքներում պաշտոնական թղթակցության փոխադրման միասնական համակարգի:
Այդ խնդրի իրականացման համար Կողմերը`
հանձնարարում են իրենց սուրհանդակային ծառայությունների (կառավարման սուրհանդակային կապի) ստորաբաժանումներին ապահովել միջկառավարական թղթակցության փոխադրման փոխհամաձայնեցված տեխնոլոգիայի միասնությունը,
իրավապահ մարմինների միջոցով աջակցում են Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատանքների կազմակերպմանը,
օրենսդրական ակտերի ընդունման ժամանակ հաշվի կառնեն իրենց պետության սուրհանդակային ծառայության (կառավարական սուրհանդակային կապի) ստորաբաժանումների կողմից թղթակցության փոխադրման միասնական տեխնոլոգիայի պահպանման անհրաժեշտությունը,
հաշվի առնելով գոյություն ունեցող օդային և երկաթուղային տրանսպորտային կապերը և միջպետական սուրհանդակային կապի գործող սխեման` պաշտոնական թղթակցության փոխադրման ժամանակ կենտրոնական տարանցիկ կետ են սահմանում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվան,
սահմանում են, որ ռուսերենը Միջկառավարական սուրհանդակային կապում կիրառվող աշխատանքային լեզուն է, և հանձնարարում են իրենց սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումներին փոխադրվող պաշտոնական թղթակցությանն ուղեկցող փաստաթղթերը ձևակերպել ռուսերեն:
Հոդված 4
Միջկառավարական սուրհանդակային կապի օպերատիվ ղեկավարումն իրականացնելու համար ստեղծվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումների ղեկավարների Համակարգող խորհուրդ, որի կարգն ու գործունեությունը որոշվում է նրա անդամների կողմից` նրա համատեղ նիստերի ժամանակ:
Հոդված 5
Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության կարգը սահմանվում է Կանոնակարգով, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է:
Հոդված 6
Կողմերը պարտավորվում են թույլ չտալ Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության բոլոր ուղղությունների հետ կապված տեղեկատվության արտահոսք:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրը բաց է բոլոր շահագրգիռ պետությունների` ԽՍՀՄ նախկին հանրապետությունների համար:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կատարված է Մինսկ քաղաքում 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագրի մասնակից պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի կառավարությունները:
Հավելված | |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության կարգի մասին
1. Միջկառավարական սուրհանդակային կապը կառավարական սուրհանդակային կապ է, որն ապահովում է հատուկ կարևորության, գաղտնի և այլ ծառայողական թղթակցության (այսուհետ` պաշտոնական թղթակցություն) օպերատիվ առաքումը Կողմերի պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների, իշխանության և կառավարման մարմինների (այսուհետ` Կողմերի) միջև, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների պաշտոնական թղթակցության առաքումը:
2. Միջկառավարական սուրհանդակային կապը կազմված է Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) Կողմերի սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումներից:
Կողմերից յուրաքանչյուրի սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումներն իրենց գործունեությունում ղեկավարվում են իրենց պետությունների օրենսդրությամբ, իսկ պետությունների միջև պաշտոնական թղթակցության առաքման հարցերում` Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրով և սույն Կանոնակարգով:
3. Միջկառավարական սուրհանդակային կապի օպերատիվ ղեկավարումն իրականացվում է սույն Համաձայնագիրը ստորագրած պետությունների սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումների ղեկավարների Համակարգող խորհրդի կողմից:
4. Պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքումը ապահովելու համար Համակարգող խորհուրդը ստեղծում է մշտապես գործող ցամաքային, օդային և ջրային երթուղիների ցանց, մշակում է առաքվող պաշտոնական թղթակցության պահպանության կարգը, ինչպես նաև երթուղիներով փոխադրվող պաշտոնական թղթակցության առավելագույն չափաքանակն ու տեսակները, որոշում է դրա փոխադրման հերթականությունը:
Պաշտոնական թղթակցության առաքումը երկաթուղային և ջրային տրանսպորտով իրականացվում է մարդատար և ճեպընթաց գնացքների առանձին մարդատար ճամփորդախցիկներով, ծովային և գետային նավերի առանձին նավախցիկներով, ինչպես նաև, բացառիկ դեպքերում, փոստային վագոններով և նավախցիկներով:
Պաշտոնական թղթակցության առաքումը ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվում է հատուկ մեքենաներով, ավիացիոն տրանսպորտով` քաղաքացիական ավիացիայի չվերթային օդանավերի մարդատար սրահներում, իսկ առանձին դեպքերում՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, հատուկ և փոստային չվերթներ իրականացնող ինքնաթիռներով:
Կողմերի օդային, ջրային (ծովային, գետային) և երկաթուղային տրանսպորտի կառավարման մարմիններն իրենց սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումների հայտով ապահովում են տեղերի հատկացումը օդային և ծովային (գետային) նավերում և գնացքներում, տոմսերի արտահերթ ձեռքբերումը` գործող սակագների վճարումով, օդանավակայաններում, ծովային (գետային) և երկաթուղային կայարաններում ծառայողական սենյակների հատկացումը սուրհանդակային ծառայությունների աշխատակիցներին` առաքվող թղթակցության հետ` վարձակալության պայմանով, ինչպես նաև ապահովում են օդային, ծովային (գետային) նավեր ու գնացքներ առաջնահերթ նստելու իրավունքը` մինչև ուղևորներին ընդհանուր վերցնելը:
Միջկառավարական սուրհանդակային կապով փոխադրվող պաշտոնական թղթակցությունն անձեռնմխելի է, ենթակա չէ սահմանային և մաքսային վերահսկողության:
Կողմերի սահմանային պահպանության և մաքսային մարմիններն ապահովում են Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցների կողմից պետական սահմանների անարգել անցումը՝ նրանց կողմից առաքվող պաշտոնական թղթակցության հետ միասին, և օժանդակում են նրանց կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
5. Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատանքի կազմակերպումը պետք է ապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք երաշխավորում են պաշտոնական թղթակցության հուսալի պահպանությունը և դրա առավել արագ առաքումը: Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ օգտվում են հաշվեցուցակային զենք կրելու իրավունքից:
6. Կողմերի պետական անվտանգության, ներքին գործերի (ոստիկանության), օդային, ծովային (գետային), երկաթուղային տրանսպորտի, մաքսային, սահմանային պահպանության, արտաքին գործերի հիմնարկների, զինված ուժերի մարմիններն աջակցում են Միջկառավարական սուրհանդակային կապին պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքման հարցում և ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն նրա աշխատակիցներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:
7. Միջկառավարական սուրհանդակային կապով պաշտոնական թղթակցության առաքումը Կողմերի միջև իրականացվում է Կողմերի մայրաքաղաքների միջև մշտապես գործող միջպետական սուրհանդակային երթուղիներով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում` Մոսկվա քաղաքում կենտրոնական տարանցիկ կետի միջոցով, կամ` տարածաշրջանային տարանցիկ կետերում: Անհրաժեշտության դեպքում շտապ պաշտոնական թղթակցությունը կարող է առաքվել առձեռն` անմիջապես հասցեատիրոջ բնակավայր: Այդ դեպքում սուրհանդակային ծառայության տեղական ստորաբաժանումն աջակցություն է ցուցաբերում Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցներին պաշտոնական թղթակցությունը հասցեատիրոջը հասցնելու գործում:
8. Պաշտոնական թղթակցության հետ աշխատանքի տեխնոլոգիան դրա փոխադրման բոլոր փուլերում սահմանվում է Միջկառավարական կապի բոլոր ստորաբաժանումների համար միասնականորեն և որոշվում է Համակարգող խորհրդի կողմից:
Փոխադրվող պաշտոնական թղթակցության բոլոր ուղեկցող փաստաթղթերը լրացվում են ռուսերեն` որպես Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատանքային լեզու: Փոխադրվող պաշտոնական թղթակցությունը Կողմի ազգային լեզվով հասցեագրված լինելու դեպքում հասցեն պետք է ունենա ռուսերեն թարգմանություն:
9. Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցները միջպետական երթուղիների իրականացման ժամանակ այդ երթուղիների վերջնական կայարաններում գտնվելիս անցնում են գտնվելու վայրի պետության սուրհանդակային ծառայության տեղական ստորաբաժանման ղեկավարի օպերատիվ ենթակայության տակ:
10. Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակցի վրա են դրվում առաքվող պաշտոնական թղթակցության պահպանության ապահովման նպատակով արտակարգ միջոցների կիրառման գործառույթները, ընդհուպ մինչև դրա ոչնչացումը, թղթակցության վրա հանցավոր ոտնձգությունների և դրա հետագա պահպանության ապահովման անհնարինության դեպքում:
11. Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կողմերի սուրհանդակային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ փոխհամաձայնության հիմունքով, որը որոշվում է Համակարգող խորհրդի կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|