Գլխավոր տեղեկություն
Համար
N 1278-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2010-25.03.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1290
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1278-Ն

 

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՆՈՐՄԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել որոշ ապրանքատեսակների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների չափագիտական կանոնները, նորմերը, դրանց տեղադրման, կապարակնքման կարգերն ու շահագործման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հոկտեմբերի 29-ի N 1278-Ն որոշման

 

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՆՈՐՄԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում որոշ ապրանքատեսակների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների չափագիտական կանոնները, նորմերը, դրանց տեղադրման, կապարակնքման կարգերն ու շահագործման կանոնները:

2. Որոշ ապրանքատեսակներն են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքատեսակները (այսուհետ` հեղուկներ), որոնց արտադրության ծավալների հաշվառումն իրականացվում է համապատասխան ծախսաչափային հանգույցների` ներառյալ հաշվիչների միջոցով:

 3. Ծախսաչափային հանգույցները տեղադրվում են այդ ապրանքների արտադրության և լցման համապատասխան հոսքագծերի վրա: Արտադրված ապրանքների ծավալների մասին ծախսաչափային հանգույցի տվյալները դուրս են բերվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, որն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և հարկ վճարողի կամ նրա ներկայացուցիչների համատեղ ակտով, որը կազմվում է 2 օրինակից և 1 օրինակը տեղում հանձնվում է հարկ վճարողին կամ նրա ներկայացուցչին:

 

II. ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՆՈՐՄԵՐԸ

 

4. Հեղուկների արտադրության ծավալային ծախսի հաշվառման սարքի առաջնային կերպափոխիչի տիպի և չափի ընտրության ժամանակ առաջին հերթին պետք է հաշվի առնել շշալցման (փաթեթավորման), գծի ուղու տրամագծի և ճնշումային պահեստարանի բարձրության դիրքի համապատասխանությունը շշալցման (փաթեթավորման) ավտոմատի նկատմամբ, որը որոշում է հիդրոստատիկ ճնշումը: Շշալցման (փաթեթավորման) տիպային (արտադրական) գծերի համար այդ տրամագծի թվային արժեքը գտնվում է 20-50մմ սահմաններում:

5. Արտադրանքի ծավալի չափման վերահսկիչ սարքի հարաբերական սխալանքի թույլատրելի սահմանը չպետք է գերազանցի 0,5 տոկոսը:

6. Կոնկրետ սարքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը և տեխնիկական բնութագրերը պետք է նշված լինեն այդ սարքի շահագործման հրահանգի մեջ:

 

III. ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՊԱՐԱԿՆՔՈՒՄԸ

 

7. Սարքի առաջնային կերպափոխիչը, որը ամրագրում է հեղուկների արտադրության ծավալը, պետք է տեղադրվի խողովակաշարի ավտոմատ շշալցման (փաթեթավորման) տեղամասին հնարավոր մոտ հեռավորության վրա, որը չափման ժամանակ ամբողջությամբ լցված է հեղուկներով: Այդ սարքի կցաշրթի և շշալցման (փաթեթավորման) ավտոմատը միացնող կցաշրթի միջև խողովակաշարի միջանկյալ կցաշրթային և այլ անջատումներ չի թույլատրվում (բացի հատիչ փականից):

8. Շշալցման (փաթեթավորման) հաշվառման սարքի հոսանքազրկման դեպքում արտադրանքի մատուցումը պետք է մեկուսացվի հատիչ փականով, որը տեղադրված է ծավալային սպառման առաջնային կերպափոխիչի և շշալցման (փաթեթավորման) ավտոմատի միջև: Այդ պայմանի իրականացման համար անհրաժեշտ է հաշվառման սարքի և հատիչ փականի սնման շղթաները համակցել առանձին կապարակնքված պատյանով կոմուտատորի մեջ:

9. Ճնշման պահեստարանը կերպափոխիչի հետ միացնող խողովակաշարի տրամագիծը նաև այդ խողովակաշարի վրա դասավորված ֆիլտրերի և այլ հարմարանքների փականների ամրանները պետք է ավելի մեծ լինեն հաշվառման սարքը շշալցման (փաթեթավորման) ավտոմատի հետ միացնող խողովակաշարի տեղամասի մինիմալ տրամագծից: Ամբողջ խողովակաշարը պետք է լինի անշարժ (թույլատրվում է խողովակաշարի ճկուն տեղամասի շահագործում):

10. Առաջնային կերպափոխիչի նկատմամբ սնող գծի նվազագույն հիդրոստատիկ ճնշումը պետք է կազմի 500 մմ ջրի սյուն:

11. Խողովակաշարի այն մասը, որը միացնում է պահեստարանը հոսանուտ հաշվիչի հետ, պետք է ունենա օդահեռատար հանգույց:

12. Տեսակը հաստատված և ստուգաչափում անցած հաշվառման սարքերը պետք է նախապատրաստվեն տեղակայման, տեղակայվեն և հանձնվեն շահագործման հեղուկ արտադրող կազմակերպության կողմից` սեփական միջոցների հաշվին:

13. Հաշվառման սարքավորման տեղադրումից հետո հաշվառման առաջին արդյունքները պետք է վերլուծվեն և ձևակերպվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության և այդ սարքերը շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները:

14. Բացի սույն կարգի պահանջներից` արտադրողն առաջնորդվում է տվյալ սարքի շահագործման հրահանգով, որը սահմանում է տեղակայման, շահագործման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման պահանջները:

15. Նշված սարքերը ենթակա են պետական չափագիտական հսկողության և վերահսկողության: Սարքերը, որոնք չեն անցել պարբերական ստուգաչափում կամ ստուգաչափման վկայականի ժամկետն անցել է` շահագործման չեն թույլատրվում:

16. Տնտեսավարող սուբյեկտներն անցկացնում են սարքերի շահագործման փաստաթղթերով սահմանված տեխնիկական սպասարկում: Տեխնիկական սպասարկման արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում: Գրանցամատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

17. Հեղուկի հաշվիչի առաջնային կերպափոխիչի հանգույցի կցաշրթային միացումները, շշալցման (փաթեթավորման) ավտոմատի հետ խողովակաշարի միացման տեղը և դրա վերին կափարիչը, ինչպես նաև կարգավորման, մեկուսացման, գրանցման և անհրաժեշտության դեպքում տեղեկատվության ոչնչացման և հաշվառման սարքավորումների ցուցմունքների վրա ազդող այլ տարրերի և հանգույցների հասանելի տեղամասերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից պարտադիր կապարակնքվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից նախապես ներկայացրած հայտին հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում (հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն):

 

IV. ՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

18. Չափման արդյունքների ձևակերպումը և շահագործումն սկսվում են հաշվառման սարքավորումների ցուցմունքների գրանցումից:

19. Ամեն աշխատանքային հերթափոխի ավարտից հետո շշալցման (փաթեթավորման) արտադրամասի պատասխանատու աշխատողների կողմից իրականացվում է հաշվառման սարքերի ցուցմունքների գրանցում հատուկ մատյանում, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

20. Այդ մատյանը պետք է լինի համարակալված, կարված, կազմակերպության կնիքով կնքված և հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

21. Շշալցման (փաթեթավորման) արտադրամասում արտադրանքի առաջնային հաշվարկի հավաստիությունը, նաև հաշվառման սարքավորումների սարքինությունը գնահատվում է արտադրանքի հիմնական և վերահսկիչ տվյալների համեմատության ճանապարհով: Այս դեպքում, բացի նախապես հաշվարկված (Vհաշվարկային) տվյալներից, անհրաժեշտ է ունենալ քանակական տվյալներ նաև արտադրանքի արտադրատեխնիկական կորստի (Vկորուստ) վերաբերյալ` տնտեսավարող սուբյեկտի կողմից հաստատված արտադրատեխնիկական կորուստների նորմաների սահմաններում և արտադրությունում չավարտված արտադրանքի մնացորդների մասին (Vմնացորդ):

22. Հաշվառված տվյալների համեմատական վերլուծության հաշվարկային գործընթացը կայանում է հաշվարկային և արտադրական հաշվառման արդյունքների թվային տարբերության որոշման մեջ, որը համարվում է հավաստիության չափանիշ:

23. Հաշվառման հավաստիության գնահատման վերջնական գործընթացը հանդիսանում է հաշվառման տվյալների նշված մեծությունների անհամապատասխանության համեմատությունը հաշվառման սարքի համապատասխան սխալանքի հետ:

24. Հաշվառման արդյունքները համարվում են հավաստի, եթե արտադրվող արտադրանքի ծավալի հարաբերական շեղումը (%) չի գերազանցում վերահսկիչ սարքի հարաբերական սխալանքի կրկնապատիկը` 1%:

Vարտադրական=Vհաշվարկային -Vկորուստ-Vմնացորդ

%= (Vարտադրական - Vցուցմունք)/ Vարտադրական,

որտեղ Vցուցմունք-ը արտադրանքի ծավալն է` ըստ սարքի ցուցմունքի:

25. Հաշվառման հավաստիության գնահատումից ստացված արդյունքները նույնպես գրանցվում են նշված մատյանի համապատասխան սյունակում:

26. Հաշվառման հավաստիության գնահատման աղյուսակում նշում են հետևյալ գրանցումներից մեկը` «Հավաստի է», «Հավաստի չէ»:

27. Բացարձակ և հարաբերական շեղումների թվային արժեքները հաշվվում են ամեն աշխատանքային հերթափոխի ավարտից հետո` արտադրանքի գույքագրման ժամանակ, ինչպես նաև այլ դեպքերում` կապված արտադրանքի հաշվառման հավաստիության ստուգման հետ:

 

V. ԽԱՓԱՆՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

 

28. Արտադրությունը հաշվառման սարքերի վերանորոգման կամ դրանց փոխարինման ժամանակ չի կարող շարունակվել:

29. Հաշվառման սարքերի խափանման դեպքում ամբողջ ժամանակահատվածի համար տնտեսավարող սուբյեկտը կարող է տեղադրել սույն կանոնների պահանջներին բավարարող ստուգաչափում անցած հաշվառման սարքեր: Սույն կանոնների պահանջները բավարարող ստուգաչափում անցած և ժամանակավորապես տեղադրված հաշվառման սարքերը, տնտեսավարող սուբյեկտի ցանկության դեպքում, չեն փոխարինվում վերանորոգվածով:

30. Հաշվառման սարքերի փոխարինման ժամանակ տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնում է դիմում հաշվառման սարքերի փոխարինման համար:

31. Ժամանակավորապես տեղադրված կամ փոխարինված հաշվառման սարքերի կապարակնքումն իրականացվում է սույն կանոնների 17-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան