Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (28.12.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2004
Ստորագրման ամսաթիվ
28.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ ԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը, այսուհետ` Կողմեր.

կարևորելով իրավական ոլորտում միջազգային համագործակցությունը և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովումը՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան.

ելնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով փոխգործակցություն զարգացնելու Կողմերի երկուստեք ձգտումից.
      համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Համագործակցելու ընդհանուր պարտավորությունը

 

Կողմերը համագործակցություն են իրականացնում սույն Համաձայնագրին համապատասխան՝ գործելով իրենց իրավասության շրջանակներում և պահպանելով իրենց պետությունների օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը:

 

Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները

 

Կողմերը համագործակցում են հետևյալ ուղղություններով.

արդարադատության ոլորտում պետական քաղաքականության ձևավորում և իրականացում.

անձի և պետության իրավունքների և օրինական շահերի ապահովում.

արդարադատության մարմինների և հիմնարկների ղեկավարում.

դատական և այլ մարմինների ակտերի կատարման ապահովում.

քրեական պատիժների կատարման կազմակերպում և ապահովում.

օրենսդրական գործունեության մեթոդական ապահովում.

իրավական տեղեկատվական համակարգերի զարգացում.

արդարադատության մարմիններում ու հիմնարկներում գրանցամատյանների վարման և ակտերի գրանցման կազմակերպում.

բնակչությանը իրավաբանական օգնության կազմակերպում.

արդարադատության մարմինների ու հիմնարկների համար կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով գիտահետազոտական գործունեություն.

միջազգային պարտավորությունների կատարման կազմակերպում և ապահովում՝ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 3. Համագործակցության ձևերը

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթների կատարման նպատակով, Կողմերի համագործակցությունը իրականացվում է հետևյալ ձևերով.

աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում՝ ճանաչողական այցեր, ստաժավորումներ, խորհրդատվություններ և սեմինարներ անցկացնելու միջոցով.

օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև գերատեսչական հրատարակումների և մեթոդական նյութերի կանոնավոր փոխանակում.

համատեղ գիտական հետազոտությունների, գիտական և գիտագործնական խորհրդաժողովների անցկացում, գիտական հրատարակումների պատրաստում.

օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման տեղեկատվական ապահովման գործում աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ իրավական կարգավորումների և միջազգային համագործակցության ոլորտում արտասահմանյան փորձի մասին նյութերի տրամադրման միջոցով, որոնք վերաբերում են ենթադրվող օրինագծի առարկային.

արդարադատության մարմինների և հիմնարկների համար կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում փոխգործակցություն, այդ թվում՝ դասախոսություններ և սեմինարներ անցկացնելու, համատեղ ուսումնական հրատարակումներ պատրաստելու միջոցով.

Կողմերի գործունեության հարցերով տեղեկատվության, ինչպես նաև՝ փոխշահավետության հիման վրա, ուսումնական գրականության և գիտական հրատարակումների փոխանակում.

իրենց պետությունների գործող և գործած օրենսդրության մասին հարցումների կատարում:

 

Հոդված 4. Համագործակցության զարգացումը

 

Սույն Համաձայնագիրը Կողմերին չի խոչընդոտում սահմանելու և զարգացնելու համագործակցության փոխադարձորեն ընդունելի այլ ուղղություններ և ձևեր՝ պահպանելով սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված պայմանները:

 

Հոդված 5. Աջակցություն ցույց տալու վերաբերյալ հարցումները

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմի հարցումների հիման վրա կամ այն Կողմի նախաձեռնությամբ, որը գտնում է, որ առաջարկվող աջակցությունը կամ համատեղ միջոցառումը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար:

2. Հարցումը կամ նախաձեռնողական առաջարկությունն ուղարկվում են գրավոր, սակայն անհետաձգելի դեպքերում դրանք կարող են փոխանցվել բանավոր՝ հետագայում եռօրյա ժամկետում պարտադիր գրավոր հաստատելու պայմանով, այդ թվում՝ տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Հարցման իսկության մեջ կասկած առաջանալու դեպքում կարող է պահանջվել դրա հաստատումը:

3. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը պետք է պարունակի՝

աջակցություն հայցող մարմնի և հայցվող մարմնի անվանումը.

գործի էության շարադրանքը.

հարցման նպատակի և հիմնավորման նշումը.

հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը.

ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման համար:

4. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը, որը փոխանցվել կամ հաստատվել է գրավոր, ստորագրվում է հայցող մարմնի ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

 

Հոդված 6. Աջակցություն ցույց տալը մերժելը

 

1. Աջակցություն ցույց տալու մասին հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասամբ մերժվում է, եթե հայցվող Կողմը գտնում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պայմանագրերին:

2. Հնարավորության դեպքում, հայցվող Կողմը՝ նախքան աջակցություն ցույց տալը մերժելու մասին որոշում կայացնելը, խորհրդատվություններ է անցկացնում հայցող Կողմի հետ՝ այն հարցը քննելու համար, թե կարող է արդյոք աջակցությունը ցույց տրվել այն պայմանների պահպանմամբ, որոնք հայցվող Կողմն անհրաժեշտ է համարում: Առաջադրված պայմանների հետ համաձայնելու դեպքում, հայցող Կողմն ապահովում է դրանց պահպանումը:

3. Հայցող Կողմը գրավոր ծանուցվում է հարցման կատարումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին՝ մերժման պատճառի նշումով:

 

Հոդված 7. Հարցման կատարումը

 

1. Հայցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարցումն արագ և ըստ հնարավորին առավել լրիվ կատարելու համար:
      Հայցող Կողմն անհապաղ ծանուցվում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են հարցման կատարմանը կամ էապես ձգձգում են դրա կատարումը:

2. Եթե հարցման կատարումը չի մտնում հայցվող Կողմի իրավասության մեջ, ապա այդ մասին նա անհապաղ տեղեկացնում է հայցող Կողմին և՝ վերջինիս խնդրանքով, այն փոխանցում է իր պետության իրավասու մարմնին:

3. Հայցվող Կողմն իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք՝ նրա կարծիքով, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:

4. Հարցումը կատարելիս կիրառվում է հայցվող Կողմի պետության օրենսդրությունը, սակայն հայցող Կողմի խնդրանքով կարող է կիրառվել նրա պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հայցվող Կողմի պետության օրենսդրության հիմնական սկզբունքներին կամ միջազգային պարտավորություններին:

5. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր երկրում իրականացվող վարույթին, այն կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել խորհրդակցելուց հետո հայցող Կողմի հետ համաձայնեցված անհրաժեշտ պայմանների պահպանման հետ: Եթե հայցող Կողմը համաձայն է առաջարկված պայմաններով իրեն աջակցություն ցույց տալու հետ, ապա նա ապահովում է այդ պայմանների պահպանումը:

6. Հայցվող Կողմը՝ հայցող Կողմի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հարցումն ստանալու, հարցման բովանդակության և դրան ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև աջակցություն ցույց տալու փաստի գաղտնիությունը ապահովելու համար:

Առանց գաղտնիությունը պահպանելու հարցման կատարման անհնարինության դեպքում, այդ մասին հայցվող Կողմը տեղեկացնում է հայցող Կողմին, որը որոշում է՝ նպատակահարմար է արդյոք հարցումը կատարել այդպիսի պայմաններով:

7. Հայցվող Կողմը՝ ըստ հնարավորին առավել կարճ ժամկետներում, հայցող Կողմին տեղեկացնում է հարցման կատարման արդյունքների մասին:

 

Հոդված 8. Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները

 

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք գաղտնիության ռեժիմ ունեն կամ փոխանցող Կողմը անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիության աստիճանը որոշում է փոխանցող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ առանց դրանք ներկայացնող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան նրանք, ըստ որոնց հայցվել և ներկայացվել են, եթե միայն դրանք փոխանցած Կողմի պետությունում հանրամատչելի չեն համարվում:

3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմի ստացած փաստաթղթերը երրորդ կողմին փոխանցելու համար փոխանցող Կողմի նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե այդ Կողմի պետությունում դրանք հանրամատչելի են համարվում և եթե փոխանցման ժամանակ նա այդպիսի պայման չի առաջադրել:

4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման միջոցով ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործումը կամ հրապարակումը, եթե հայցող Կողմի պետության օրենքներով նման եղանակով գործելու պարտավորություն է նախատեսված: Հայցող Կողմը նախօրոք հայցվող Կողմին ծանուցում է նման տեղեկատվության և փաստաթղթերի հնարավոր և հավանական օգտագործման կամ հրապարակման մասին:

 

Հոդված 9. Ծախսերը

 

Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չհամաձայնեցվի։

 

Հոդված 10. Լեզուները

 

Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցություն իրականացնելիս օգտագործում են հայերեն և ռուսերեն լեզուները:

 

Հոդված 11. Փոփոխությունները և լրացումները

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժան մասը համարվող համապատասխան արձանագրություններով:

 

Հոդված 12. Համագործակցության համակարգումը

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցության միջոցառումների համակարգումը դրվում է Կողմերի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք կարող են միմյանց հետ հարաբերություն ունենալ անմիջականորեն.

ա) հայկական կողմից՝ միջազգային իրավական հարաբերությունների վարչության վրա.

բ) ռուսական կողմից՝ միջազգային համագործակցության դեպարտամենտի վրա:

2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը որոշում են իրենց այլ կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք՝ ի կատարումն սույն Համաձայնագրի դրույթների, կարող են անմիջական կապեր հաստատել միմյանց հետ, և նրանց միջև կապի ուղիները:

3. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են փոփոխություններ մտցնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրենց կառուցվածքային ստորաբաժանումների ցանկերի մեջ:

 

Հոդված 13. Աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվություններ

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերի ներկայացուցիչներն անցկացնում են աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվություններ՝ սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության արդյունավետության բարձրացման և ամրապնդման հարցերի քննարկման նպատակով:

 

Հոդված 14. Տարաձայնությունների կարգավորումը

 

Տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ, լուծվում են խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 15. Այլ միջազգային պայմանագրերի հետ առնչությունը

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են Կողմերի պետությունների այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

 

Հոդված 16. Եզրափակիչ դրույթներ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելով մյուս Կողմին: Սույն Համաձայնագիրը գործողությունը դադարեցնում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից երեք ամիս անց:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2004 թվականի դեկտեմբերի 28-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 28.12.2004թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան