Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-837
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.11/56(722) Հոդ.1236
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.11.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

3 նոյեմբերի 2009 թ.

 

 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

 համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի ապրիլի 13-ին Նյու Յորքում ստորագրված` Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. 2005 թվականի ապրիլի 13-ին Նյու Յորքում ստորագրված` Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007 թվականի հուլիսի 7-ին: 2009 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ այն ստորագրել է 115 պետություն: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 54 պետության համար: Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2005 թվականի սեպտեմբերի 15-ին` Ադրբեջանի Հանրապետության հայտարարության դեմ հայտարարությամբ:

2. Նշված կոնվենցիայի նպատակն է միջուկային ահաբեկչական գործողությունների կանխարգելման և մեղավորներին քրեական հետապնդման ու պատասխանատվության ենթարկելու համար արդյունավետ, գործնական միջոցների մշակման ու ձեռնարկման ուղղությամբ պետությունների միջև համագործակցության ամրապնդման ապահովումը:

Կոնվենցիան չի վերաբերում պետությունների կողմից միջուկային զենքի օգտագործման օրինականությանը կամ օգտագործման սպառնալիքին առնչվող հարցին և ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես դրան վերաբերող:

Ցանկացած Մասնակից պետություն պարտավորվում է մյուս պետության իրավազորությանը վերաբերող հարցերի շրջանակներում չիրականացնել ոչ մի իրավազորություն և գործառույթ, որոնք բացառապես վերապահված են այդ Մասնակից պետության իշխանություններին` վերջինիս ներպետական իրավունքին համապատասխան:

Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

կատարել փոփոխություն ՀՀ ներպետական օրենսդրություններում և կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված գործողությունները ճանաչել հանցագործություն (հոդվ. 5, «ա» կետ),

 հաշվի առնելով այդ հանցագործությունների ծանր բնույթը` այդ հանցագործությունների համար սահմանել համապատասխան պատիժներ (հոդվ. 5, «բ» կետ),

ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ կոնվենցիայի գործողության ոլորտում գտնվող հանցավոր գործողությունները, որոնք, մասնավորապես, ուղղված կամ նախատեսված են բնակչության, անձանց խմբերի կամ կոնկրետ անձանց շրջանում ահաբեկչական իրավիճակ ստեղծելուն, ոչ մի դեպքում չարդարացվեն որևէ քաղաքական, փիլիսոփայական, գաղափարախոսական, ռասայական, էթնիկական, կրոնական կամ նման այլ բնույթի նկատառումներով և պատժվեն իրենց ծանրության աստիճանին համապատասխան (հոդվ. 6),

ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, համապատասխանեցնելով ՀՀ ներպետական իրավունքը` ՀՀ համապատասխան տարածքների սահմաններում կամ սահմաններից դուրս կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նախապատրաստումը կանխարգելելու, ՀՀ տարածքների սահմաններում կամ սահմաններից դուրս այդպիսի նախապատրաստմանը հակազդելու նպատակով, ինչպես նաև ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք արգելում են ՀՀ տարածքում անձանց, խմբերի և կազմակերպությունների անօրինական գործողությունները, որոնք խրախուսում, դրդում, կազմակերպում, կանխամտածված ֆինանսավորում կամ տեխնիկական օգնություն, կամ տեղեկատվություն են տրամադրում կամ մասնակցում են այդ հանցագործությունների կատարմանը (հոդվ. 7, «ա» կետ),

միջոցներ ձեռնարկել, որպեսզի անհապաղ տեղեկացվի 9-րդ հոդվածում նշված պետություններին 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարման և ՀՀ-ին հայտնի դարձած այդպիսի գործողությունների նախապատրաստման մասին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ մասին տեղեկացնի միջազգային կազմակերպություններին (հոդվ. 7, «բ» կետ),

պահպանել մյուս մասնակից պետություններից ստացված և միջազգային կազմակերպություններին տրամադրած ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը (հոդվ. 7, 2-րդ մաս),

չի պահանջվում տրամադրել այնպիսի տեղեկատվություն, որը ՀՀ-ն իրավունք չունի տարածել ներպետական իրավունքի համաձայն, կամ կարող է վտանգել ՀՀ-ի անվտանգությունը կամ միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանությունը (հոդվ. 7, 3-րդ մաս),

հանցագործությունների կանխարգելման նպատակով ներդնել բոլոր ջանքերը ռադիոակտիվ նյութի պաշտպանության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար` հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համապատասխան առաջարկություններն ու գործառույթները (հոդվ. 8),

ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ ՀՀ իրավազորությունը հաստատելու համար, երբ հանցագործությունը կատարվում է ՀՀ տարածքում, կամ հանցագործությունը կատարվում է ՀՀ դրոշի տակ նավարկող նավի վրա կամ այն օդանավում, որը հանցագործության կատարման պահին գրանցված է եղել ՀՀ օրենքների համաձայն կամ հանցագործությունը կատարվում է ՀՀ քաղաքացու կողմից (հոդվ. 9, կետ 1),

ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ ՀՀ իրավազորությունը հաստատելու համար` այն դեպքում, երբ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը գտնվում է ՀՀ տարածքում և ՀՀ-ն նրան չի հանձնում այն Մասնակից պետություններից որևէ մեկին, որոնք իրենց իրավազորությունն են հաստատել կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան (հոդվ. 9, կետ 4),

ստանալով տեղեկատվություն այն մասին, որ կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունը կատարվել կամ կատարվում է ՀՀ տարածքում, կամ որ հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը կարող է գտնվել ՀՀ տարածքում, ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, ՀՀ ներպետական իրավունքին համապատասխան, այդ տեղեկատվության մեջ նշված փաստերը քննելու համար (հոդվ. 10, կետ 1),

անձին կալանավորելուց հետո, այդ անձի կալանքի տակ գտնվելու փաստի և նրա կալանավորմանը վերաբերող հանգամանքների մասին անմիջականորեն կամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով անհապաղ տեղեկացնել այն Մասնակից պետություններին, որոնք, կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, իրավազորություն են հաստատել, և եթե նպատակահարմար կհամարվի, նաև ցանկացած այլ շահագրգիռ Մասնակից պետության, ինչպես նաև կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հետաքննության անցկացման պարագայում, նշված Մասնակից պետություններին անհապաղ տեղեկացնել գործի մանրամասների մասին և հայտնել, թե արդյոք մտադիր է իրականացնել իրավազորություն (հոդվ. 10, կետ 6),

եթե հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը գտնվում է ՀՀ տարածքում, այն դեպքերում, որոնց նկատմամբ կիրառվում է կոնվենցիայի 9-րդ հոդվածը, և ՀՀ-ն չի հանձնում այդ անձին, ապա առանց որևէ բացառության կամ անկախ նրանից` հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, թե` ոչ, առանց անհիմն հետաձգումների` գործը հանձնել ՀՀ իրավասու մարմիններին` ՀՀ օրենքներին համապատասխան վարույթ հարուցելու միջոցով քրեական հետապնդում իրականացնելու նպատակով և ապահովել, որպեսզի այդ մարմինները որոշում կայացնեն այնպես, ինչպես կկայացնեին, ՀՀ իրավունքի համաձայն, ծանր բնույթի ցանկացած այլ հանցագործության դեպքում (հոդվ. 11, կետ 1),

կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառել հանձնման մասին հետագայում կնքվելիք բոլոր պայմանագրերում (հոդվ. 13, կետ 1),

անհրաժեշտության դեպքում կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործություններին արձագանքել, Մասնակից պետությունների միջև հանձնման նպատակներով, ինչպես եթե այդ հանցագործությունները կատարված լինեին ոչ միայն այն վայրում, որտեղ տեղի է ունեցել այդ հանցագործությունը, այլև այն պետությունների տարածքում, որոնք, կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, սահմանել են իրենց իրավազորությունը (հոդվ. 13, կետ 4),

հնարավորինս աջակցել մյուս Մասնակից պետություններին կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների հետաքննության, քրեական հետապնդման կամ հանձնման վարույթների հետ կապված հարցերում, ներառյալ վարույթների համար անհրաժեշտ` ՀՀ տրամադրության տակ գտնվող ապացույցների ստացմանն օժանդակելը (հոդվ. 14, կետ 1),

կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությունները կատարել Մասնակից պետությունների հետ փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրի կամ այլ պայմանավորվածությունների համաձայն, որոնք կարող են գոյություն ունենալ միմյանց միջև. այդպիսի պայմանագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում մասնակից պետություններին օգնություն տրամադրել ՀՀ ներպետական իրավունքի համաձայն (հոդվ. 14, կետ 2),

հանձնված անձին պահել անազատության մեջ, եթե այն պետությունը, որը հանձնել է անձին, այլ բան չի խնդրել կամ այլ բան չի որոշել, ինչպես նաև առանց հետաձգումների կատարել այն պետությանն այդ անձին վերադարձնելու ՀՀ պարտավորությունը, որը նախկինում հանձնել է այդ անձին, ինչպես դա համաձայնեցվել է նախապես կամ այլ կերպով երկու պետությունների իրավասու իշխանությունների կողմից (հոդվ. 17, կետ 2, ենթակետեր «ա» և «բ»),

անձին հանձնած պետությունից չպահանջել նրա վերադարձման համար հանձնման վարույթի հարուցումը, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրելու ժամկետից հանել այլ պետությունում անազատության մեջ պահելու ժամկետը (հոդվ. 17, կետ 2, ենթակետեր «գ» և «դ»),

առգրավելով կամ այլ կերպով ՀՀ հսկողության տակ վերցնելով ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտները կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված հանցագործությունը կատարվելուց հետո` այսպիսի առարկաներ տրամադրության տակ ունենալու պարագայում ձեռնարկել միջոցներ ռադիոակտիվ նյութը, սարքերը կամ միջուկային օբյեկտները վնասազերծելու նպատակով, ապահովել, որպեսզի ցանկացած միջուկային նյութ պահվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կիրառելի երաշխիքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված` ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ առաջարկությունները և առողջության ու անվտանգության պահպանման ոլորտի ստանդարտները (հոդվ. 18, կետ 1),

եթե ներպետական կամ միջազգային իրավունքով ՀՀ-ին արգելվում է վերադարձնել կամ ընդունել այդպիսի ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ, կամ եթե այդ մասին պայմանավորվում են համապատասխան Մասնակից պետությունները, ապա ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ տնօրինելիս, կոնվենցիայի 18-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները պահպանելով, շարունակել ձեռնարկել կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված միջոցները. այդպիսի ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով (հոդվ. 18, կետ 3, ենթակետ «ա»),

եթե ռադիոակտիվ նյութ, սարքեր կամ միջուկային օբյեկտներ տնօրինող ՀՀ-ի համար դրանք տնօրինելն անօրինական է, ապա ապահովել, որպեսզի դրանք հնարավորինս շուտ փոխանցվեն այն պետությանը, որի համար դրանց տնօրինումն օրինական է, և որն անհրաժեշտության դեպքում, կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, ՀՀ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելիս երաշխիքներ է ներկայացրել դրանց վնասազերծման համար. այդպիսի ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով (հոդվ. 18, կետ 3, ենթակետ «բ»),

կոնվենցիայի 18-րդ հոդվածին համապատասխան ռադիոակտիվ նյութի, սարքի կամ միջուկային օբյեկտի տնօրինմամբ կամ պահպանմամբ զբաղվելու պարագայում, տեղեկացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին այն մասին, թե ինչպես է տնօրինվել կամ պահպանվել այդ իրը (հոդվ. 18, կետ 6),

եթե ՀՀ-ում հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, ապա, ՀՀ ներպետական իրավունքին կամ կիրառվող ընթացակարգերին համապատասխան, վարույթների վերջնական արդյունքների մասին տեղեկացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին (հոդվ. 19):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2005 թվականի ապրիլի 13-ին Նյու Յորքում ստորագրված` Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


3 նոյեմբերի 2009 թ.
ՍԴՈ-837