Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՊՀ մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով երեխաների հատուկ պաշտպանության սկզբունքով, որը հաստատված է 1989թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված` Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայով,
նշելով անչափահասների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ջանքերի համախմբման կարևորությունը և հոգալով նրանց բարեկեցության մասին,
համարելով, որ առանց խնամքի մնացած անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով համագործակցությունը կնպաստի ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ նրանց դեմ կատարված իրավախախտումների կանխարգելմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.
անչափահաս - անձ, որը, գտնվելու պետության օրենսդրության համաձայն, չի հասել չափահաս տարիքի, և որը, համաձայն այդ օրենսդրության, իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր բնակության վայրը,
ծնողական խնամակալության և հոգաբարձության իրավունք - անչափահասի բնակության վայրը որոշելու իրավունք` տրվող ֆիզիկական կամ իրավաբանական անձին` օրենքի, դատական կամ վարչական մարմնի որոշման համաձայն,
մասնագիտացված հիմնարկություններ - հիմնարկություններ, որոնք, համաձայն ազգային օրենսդրությունների, իրականացնում են իրավախախտումներ կատարած կամ առանց խնամակալության մնացած անչափահասների ժամանակավոր պահումը և տեղավորումը,
առանց խնամակալության մնացած անչափահաս - ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կողմից առանց հսկողության մնացած անչափահաս, որը գտնվում է իր կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող կամ նրա կողմից իրավախախտումներ և այլ հակաօրինական արարքներ կատարելուն նպաստող պայմաններում,
մշտական բնակության պետություն - պետություն, որտեղ գտնվում են ծնողական, խնամակալության և հոգաբարձության իրավունք իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք,
անչափահասների տեղափոխման հետ կապված ծախսեր - ֆինանսական ծախսեր, որոնք ներառում են.
մինչև մշտական բնակության պետության մասնագիտացված հիմնարկություններ անչափահասների ճանապարհածախսի արժեքը,
գտնվելու պետության մասնագիտացված հիմնարկությունից մինչև մշտական բնակության պետության մասնագիտացված հիմնարկություն, ներառյալ` հետդարձը, ուղեկցող անձանց ճանապարհածախսերի արժեքը,
անչափահասների սննդի հետ կապված ծախսերը,
գտնվելու պետության մասնագիտացված հիմնարկության ուղեկցող անձանց օրավարձի և բնակարանային վարձի վճարում` սահմանված նորմերի համաձայն:
Հոդված 2
Կողմերի իրավասու մարմինները հարցման հիման վրա միմյանց աջակցություն են ցուցաբերում առանց խնամակալության մնացած անչափահասների հետախուզման և նրանց մշտական բնակության պետություն վերադարձնելու գործում:
Եթե սահմանվում է, որ մասնագիտացված հիմնարկությունում տեղավորված անչափահասը մյուս պետության կողմից հետախուզվում է քրեական պատասխանատվության ենթարկվելու կամ դատավճռի կատարման համար, նա կարող է հանձնվել տվյալ պետությանը միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով կամ կարգով:
Առանց ծնողական խնամակալության և հոգաբարձության իրավունք իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց թուլտվության մշտական բնակության պետությունը լքած և մյուս Կողմի պետության տարածքում հայտնված անչափահասները կտեղավորվեն մյուս Կողմի պետության մասնագիտացված հիմնարկությունում` այդ Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով:
Հոդված 3
Կողմերը պարտավորվում են մասնագիտացված հիմնարկություններում տեղավորված բոլոր անչափահասների համար ստեղծել բարենպաստ և հավասար պայմաններ:
Հոդված 4
Մասնագիտացված հիմնարկություններում տեղավորված անչափահասներն այնտեղ պահվում են նրանց ինքնությունը, գտնվելու պետություն ժամանելու պատճառները և պայմանները պարզելու և հետագայում նրան մշտական բնակության պետություն վերադարձնելու նպատակով:
Հոդված 5
Կողմերի իրավասու մարմինները, ելնելով մյուս պետության տարածքում գտնվող անչափահասի ինքնությունը պարզելու նկատառումներից, հարցման հիման վրա անհատույց կտրամադրեն տեղեկատվություն, որը թույլ կտա պարզել նրա մշտական բնակության պետությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փաստաթղթեր, որոնք պահանջվում են անչափահասից և նրան ուղեկցող անձանցից նրան մշտական բնակության պետություն փոխադրելիս պետական սահմանը հատելու ժամանակ: Անչափահասի գտնվելու վայրի մասին տեղեկացվում է ծնողական խնամակալություն և հոգաբարձության իրավունք իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ինչպես նաև անչափահասի գտնվելու պետությունում նրա մշտական բնակության պետության դիվանագիտական ներկայացուցչությունը (հյուպատոսական հիմնարկությունը):
Հոդված 6
Մասնագիտացված հիմնարկություններում պահվող անչափահասները հանձնվում են նրանց ուղեկցելու եկած ծնողական խնամակալության և հոգաբարձության իրավունք իրականացնող անձանց կամ նրանց մշտական բնակության պետության մասնագիտացված հիմնարկությունների աշխատակիցներին` համապատասխան փաստաթղթերի հիման վրա:
Մասնագիտացված հիմնարկություններում պահվող անչափահասներին սույն հեդվածի 1-ին կետում նշված անձանց կողմից ուղեկցման անհնարինության մասին ծանուցում ստանալու դեպքում նշված ծանուցումը ստանալու պահից 30 օրվա ընթացքում անչափահասները պետք է ուղարկվեն մշտական բնակության պետության մոտակա մասնագիտացված հիմնարկություններ, որոնք նշված են սույն Համաձայնագրին կից Հավելվածում, գտնվելու պետության մասնագիտացված հիմնարկության պաշտոնատար անձանց ուղեկցությամբ:
Հոդված 7
Անչափահասների մասնագիտացված հիմնարկություններում պահելու հետ կապված ծախսերը կրում է այն Կողմը, որի պետության տարածքում դրանք առաջացել են:
Անչափահասների տեղափոխման հետ կապված ծախսերը կրում է նրանց մշտական բնակության պետությունը:
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով չնախատեսված ծախսերը իրականացվում են Կողմերի համաձայնությամբ:
Անչափահասներին նրանց մշտական բնակության պետություն փոխադրելիս գտնվելու պետության Կողմի կրած ծախսերը հատուցում է մյուս Կողմը` համապատասխան հաշվետու-ֆինանսական փաստաթղթերը իրեն տրամադրելու պահից 30-օրյա ժամկետում:
Հոդված 8
Կողմերի իրավասու մարմինները աջակցություն են ցուցաբերում մասնագիտացված հիմնարկություններին և անձանց, որոնք ուղեկցում են անչափահասներին նրանց մշտական բնակության պետություն` վերադարձի, տարանցման, արտոնագրերի ձևակերպման և այդ կապակցությամբ ծագած այլ հարցերի լուծման առնչությամբ:
Հոդված 9
Կողմերի իրավասու մարմիները փոխանակում են մասնագիտացված հիմնարկությունների աշխատանքային փորձը, ինչպես նաև նրանց գործունեության ոլորտին առնչվող նորմատիվ ակտերը, ուսումնական և մեթոդական գրականությունը:
Հոդված 10
Կողմերից յուրաքանչյուրը սահմանում է սույն Համաձայնագրի դրույթների կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններ (նշելով լուծվող հարցերի շրջանակը) և այդ մասին տեղեկացնում ավանդապահին` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնելու հետ միաժամանակ:
Ավանդապահը Կողմերից ստացված ծանուցումների հիման վրա կազմում է իրավասու մարմինների Ցանկը, այն ուղարկում Համաձայնագրի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև հայտնում, Կողմերից ստացված ծանուցումների հիման վրա, տվյալ Ցանկում բոլոր փոփոխությունների մասին:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտագործում են ռուսերենը:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի միջազգային պայմանագրերով ստանձնած այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից են իրենց պետությունները:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը բաց է այն պետությունների համար, որոնք պատրաստ են ընդունելու սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Միացած պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:
Հոդված 14
Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ձևակերպված առանձին արձանագրությամբ, որը ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:
Հոդված 15
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 16
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի երրորդ ծանուցումը ավանդապահին փոխանցելու օրվանից: Անհրաժեշտ ընթացակարգերը ուշ կատարած Կողմի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերը հանձնելու օրվանից:
Հոդված 17
Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում:
Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար երկարացվում է նոր հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն կայացնում:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ:
Համաձայնագրից դուրս գալու պահին համապատասխան Կողմը պետք է կատարի բոլոր նյութական և ֆինանսական պարտավորությունները, որոնք ծագել են սույն Համաձայնագրին նրա մասնակցելու ժամանակ:
Կատարված է Քիշնև քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեում, որն էլ սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի Կառավարությունները:
Հավելված
Անչափահասների իրենց մշտական բնակության պետություններ
վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների
համագործակցության մասին Համաձայնագրի
Ց Ա Ն Կ
Տարանցիկ հիմնարկությունների, որոնց միջոցով իրականացվում է իրենց մշտական բնակության պետություններ վերադարձվող անչափահասների միջպետական փոխադրումը*
Ադրբեջանի Հանրապետությունում | Բաքվի ընդունիչ-բաշխիչ կայան |
Հայաստանի Հանրապետությունում | Երևան քաղաքի` երեխաների ընդունման և ուղղորդման կենտրոն` ՀՀ ՆԳՆ միջոցով |
Բելառուսի Հանրապետությունում | Մինսկի մարզգործկոմի ՆԳՎ անչափահասների ընդունիչ-բաշխիչ կայան |
Վրաստանում | Թբիլիսիի, Բաթումի ընդունիչ-բաշխիչ կայաններ |
Ղազախստանի Հանրապետությունում | Ալմաթիի, Ակտաուսկի, Ուստ Կամենոգորսկի, Ուրալի, Պետրոպավլովսկի, Պավլոդարի և Շիկմենտսկի անչափահասների ժամանակավոր մեկուսացման, ադապտացման և վերականգնողական կենտրոններ |
Ղրղզստանի Հանրապետությունում | Բիշկեկի անչափահասների ադապտացման և վերականգնողական կենտրոն |
Մոլդովայի Հանրապետությունում | Քիշնև քաղաքում անչափահասների հանրապետական ընդունիչ-բաշխիչ կայան |
Ռուսաստանի Դաշնությունում | Եկատերինբուրգի, Կրասնոյարսկի, Մոսկվայի, Նիժնետագիլի, Նովոսիբիրսկի իրավախախտումների ժամանակավոր մեկուսացման կենտրոններ, անչափահասների սոցիալ-վերականգնողական կենտրոններ Բելգորոդ, Մոսկվա, Օրենբուրգ, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում, երեխաների սոցիալական մանկատներ Մախաչկալա, Խաբարովսկ քաղաքներում, Սմոլենսկի մարզում |
Տաջիկստանի Հանրապետությունում | Դուշամբե քաղաքում Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ անչափահասների ընդունիչ-բաշխիչ կայան |
Թուրքմենստանում | Աշգաբատի ընդունիչ-բաշխիչ կայան |
Ուզբեկստանի Հանրապետությունում | Տաշքենդի մարզի ՆԳՎ Յանգիյուլի` անչափահասների ընդունիչ-բաշխիչ կայան |
Ուկրաինայում | Կիև քաղաքում Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության անչափահասների ընդունիչ-բաշխիչ կայան, Խարկովի մարզում Ուկրաինայի ՆԳՆ վարչություն |
*Սույն Ցանկում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել ավանդապահին համապատասխան Կողմի գրավոր ծանուցման միջոցով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Ադրբեջանական Հանրապետության համար` 10.06.2004թ., Հայաստանի Հանրապետության համար` 10.06.2004թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 10.06.2004թ., Ուկրաինայի համար` 14.02.2005թ.: