Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2005
Ստորագրման ամսաթիվ
30.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջԵՎ ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքի մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ցանկանալով տրամադրել պայմաններ համապատասխան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի համար,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1.

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակով հետևյալ տերմինները նշանակում են.

«պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողներ» նշանակում է` դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում նշանակված` դիվանագիտական, հյուպատոսական ծառայողներ և վարչական ու տեխնիկական անձնակազմի անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում նշանակված ծառայողներ.

«խնամքի տակ գտնվող անձինք» նշանակում է`

ա) Հայաստանի դեպքում` ծառայողի ամուսին, խնամքի տակ գտնվող` 18 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ և խնամքի տակ գտնվող` չամուսնացած, ֆիզիկական և մտավոր պակասություններով երեխաներ.

բ) Ամերիկայի դեպքում` ծառայողի ամուսին, խնամքի տակ գտնվող` 21 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ, խնամքի տակ գտնվող` 23 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ, ովքեր միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հաճախում են կրթական ինստիտուտ որպես ուսանողներ, և խնամքի տակ գտնվող` չամուսնացած, ֆիզիկական և մտավոր պակասություններով երեխաներ.

«ընդունող պետություն» պետություն, որտեղ տեղակայված են Կողմերից մեկի դիվանագիտական ներկայացուցչությունը, հյուպատոսական հիմնարկները և/կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները:

 

Հոդված 2.

Խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքը ընդունող պետությունում

 

Մի Կողմի ծառայողների, ովքեր նշանակված են մյուս Կողմի պետությունում պաշտոնական պարտականություններ կատարելու համար, խնամքի տակ գտնվող անձինք ընդունող պետությունում ունեն աշխատելու իրավունք 3-րդ հոդվածում սահմանված ընթացակարգերի համաձայն:

 

Հոդված 3.

Աշխատանքի իրավունք ձեռք բերելու ընթացակարգը

 

Խնամքի տակ գտնվող անձանց դեպքում, ովքեր աշխատանք են փնտրում ընդունող պետությունում, մի Կողմի դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է պաշտոնական խնդրանքով դիմի արտաքին գործերի նախարարությանը (պետական դեպարտամենտին): Ստուգումից հետո, թե արդյոք տվյալ անձը պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողի խնամքի տակ գտնվող անձն է, և, պաշտոնական խնդրանքից ելնելով, արտաքին գործերի նախարարությանը (պետական դեպարտամենտը) կտեղեկացնի դիվանագիտական ներկայացուցչությանը խնամքի տակ գտնվող անձի` աշխատանքի իրավունք ձեռք բերելու մասին:

 

Հոդված 4.

Սույն Համաձայնագրի շրջանակներում խնամքի տակ գտնվող` աշխատանք ձեռք բերած անձանց անձեռնմխելիության և պարտականությունների սահմանները

 

Խնամքի տակ գտնվող անձինք, ովքեր աշխատանքի իրավունք են ստացել սույն Համաձայնագրի շրջանակներում, և ովքեր անձեռնմխելիության իրավունք են ստանում ընդունող պետության` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կամ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած այլ կիրարկելի միջազգային համաձայնագրի համաձայն՝

ա) չեն օգտվում քաղաքացիական և վարչական անձառնմխելիության իրավունքից, ինչ վերաբերում է նման աշխատանքից բխող հարցերին.

բ) ենթակա են ընդունող պետությունում աշխատանքի արդյունքում ստացվող ցանկացած վարձատրության եկամտահարկի և սոցիալական ապահովության հարկերի վճարման:

 

Հոդված 5.

Աշխատանքի իրավունքի դադարեցումը

 

Խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքը դադարեցվում է պաշտոնական պարտականություն կատարող ծառայողի ծառայողական գործողությունների դադարման պահից 30 օր հետո:

 

Հոդված 6.

Վեճերի կարգավորում

 

Ցանկացած վեճ, որը կարող է առաջանալ սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ժամանակ, Կողմերի միջև կկարգավորվի փոխադարձ համաձայնությամբ՝ դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 7.

Ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրավական ձևակերպումներն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից: Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Կողմերից մեկը այն դադարեցնի` մյուս Կողմին 90 (իննսուն) օր առաջ գրավոր ծանուցելով:

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը իր խորին հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և պատիվ ունի պատասխանելու նախարարության հայտագրին` համապատասխան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում ծառայողների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունք ձեռք բերելու վերաբերյալ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությունը պատիվ ունի համաձայնելու սույն հայտագրին կից ներկայացված պայմաններին և ծանուցելու Հայաստանի Հանրապետությանը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ իրավական ձևակերպումներն ավարտելու մասին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը, օգտվելով առիթից, վերստին իր խորին հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն

 

Երևան, 30-ը դեկտեմբերի, 2005

 

Հայտագրերի փոխանակմամբ կնքված Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. հոկտեմբերի 16-ից: