ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 04-3328, 3-337(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/5705/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Ա. Խառատյան Վ. Ավանեսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Մ. Դրմեյանի |
|
|
Վ. Աբելյանի |
|
|
Ս. Անտոնյանի |
|
|
Ե. Խունդկարյանի |
|
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Արթուր Հունանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման՝ աճուրդն անվավեր ճանաչելու և ըստ Լուսյա Անուշյանի հայցի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման (այսուհետ՝ Ծառայություն)՝ աճուրդը, առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին քաղաքացիական գործով Արթուր Հունանյանի բողոքը՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի թիվ 04-3328 վճիռը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337(ՎԴ) որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արթուր Հունանյանը և Լուսյա Անուշյանը պահանջել են անվավեր ճանաչել 07.09.2004 թվականի Երևանի Վարդանանց 7, թիվ 33ա բնակարանի աճուրդ-վաճառքը, այդ աճուրդի հիման վրա Ծառայության և Լուսյա Անուշյանի միջև 15.09.2004 թվականի կնքված նույն հասցեում գտնվող վերնահարկի և ձեղնահարկի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրից բխող իրավական հետևանքները:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.10.2004 թվականի վճռով Արթուր Հունանյանի և Լուսյա Անուշյանի հայցերը բավարարվել են:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի թիվ 04-3328 վճռով Արթուր Հունանյանի և Լուսյա Անուշյանի հայցերը մերժվել են:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337(ՎԴ) որոշմամբ Վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի վճիռը բեկանվել է, և գործի վարույթը կարճվել: Որոշմամբ հաստատվել է Արթուր Հունանյանի, «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի և Լուսյա Անուշյանի միջև 12.05.2005 թվականին կնքված հաշտության համաձայնությունը:
Դիմելով դատարան՝ Արթուր Հունանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Երևանի ստորաբաժանման 14.01.2004 թվականի որոշումը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան)19.01.2005 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
«Առէքսիմբանկ» ՓԲԸ-ն 02.02.2005 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 19.01.2005 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2008 թվականի որոշմամբ «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի թիվ 04-3328 վճիռը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337(ՎԴ) որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Արթուր Հունանյանը: Դատարանի 29.08.2008 թվականի որոշմամբ Արթուր Հունանյանի դիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի 13.09.2008 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ:
ՀՀ վարչական դատարանի 04.02.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:
Բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վեճի առարկա բնակարանի նկատմամբ արգելանք կիրառելու և այն աճուրդով իրացնելու մասին որոշումների իրավական հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 14.01.2004 թվականի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը, որը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի թիվ 2-203 վճռով ճանաչվել է անվավեր: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հագամանքի հիմքով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի թիվ 04-3328 վճիռը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337(ՎԴ) որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.01.2001 թվականի թիվ 2-197 վճռով հօգուտ «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի բռնագանձվել է 23.963,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով Երևանի Վարդանանց փողոցի 7 շենքի թիվ 33 բնակարանի վրա (գ.թ. 8):
2. 15.11.2001 թվականի «Գույքը հանձնելու մասին» պայմանագրով Երևանի Վարդանանց փողոցի 7 շենքի թիվ 33 բնակարանը հանձնվել է «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ին (գ.թ. 10-12):
3. 14.01.2004 թվականի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշմամբ վերսկսվել է 19.11.2001 թվականի որոշմամբ ավարտված կատարողական վարույթը (գ.թ. 15):
4. 14.01.2004 թվականի որոշմամբ հարուցված թիվ 01/02/108/04 կատարողական վարույթի ընթացքում, 14.01.2004 թվականի պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշմամբ արգելանք է դրվել Երևանի Վարդանանց փողոցի թիվ 7 շենքի թիվ 33ա բնակարանի վրա (գ.թ. 16):
5. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի բաժանմունքի կողմից 04.08.2004 թվականին ընդունվել է որոշում արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին (գ.թ. 17):
6. 07.09.2004 թվականին Երևանի Վարդանանց փողոցի թիվ 7 շենքի թիվ 33ա բնակարանն աճուրդով վաճառվել է Լուսյա Անուշյանին:
7. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի թիվ 2-203 վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 14.01.2004 թվականի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (գ.թ. 28-29):
8. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2008 թվականի որոշմամբ մերժվել է «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը, և Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (գ.թ. 30-31):
9. ՀՀ քաղաքացիական գործերով վերքննիչ դատարանի 16.12.2004 թվականի թիվ 04-3328 վճռով մերժվել է Արթուր Հունանյանի պահանջը՝ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 7 շենքի 33ա բնակարանի աճուրդն անվավեր ճանաչելու մասին: Նույն վճռով մերժվել է նաև Լուսյա Անուշյանի պահանջը՝ աճուրդն ու աճուրդով գնված բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին (գ.թ. 23-25):
10. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337(ՎԴ) որոշմամբ հաստատվել է Արթուր Հունանյանի, «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի և Լուսյա Անուշյանի միջև 12.05.2005 թվականին կնքված հաշտության համաձայնությունը (գ.թ. 26):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ՝
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն՝ արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:
Սույն գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի թիվ 04-3328 վճռով, անդրադառնալով թիվ 01-02108/04 կատարողական վարույթին, մերժվել է Արթուր Հունանյանի պահանջը՝ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 7 շենքի 33ա բնակարանի աճուրդն անվավեր ճանաչելու մասին: Նույն վճռով մերժվել է նաև Լուսյա Անուշյանի պահանջը՝ աճուրդն ու աճուրդով գնված բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337(ՎԴ) որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի թիվ 04-3328 վճիռը բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել՝ հիմք ընդունելով Արթուր Հունանյանի, «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի և Լուսյա Անուշյանի միջև 12.05.2005 թվականին կնքված հաշտության համաձայնությունը:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի թիվ 04-3328 վճռի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337 (ՎԴ) որոշման և սույն գործի փաստերի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի ապացուցել իր կողմից վկայակոչված հանգամանքի նոր երևան եկած լինելու փաստը:
Մասնավորապես, սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել է Վերաքննիչ դատարանի 02.07.2008 թվականի որոշումը, որով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի oրինական ուժի մեջ մտած 2-203 վճռով անվավեր է ճանաչվել Ծառայության Երևանի ստորաբաժանման 14.01.2004 թվականի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը, որը դրվել էր Վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի վճռի մերժման հիմքում:
Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337 (ՎԴ) որոշմամբ բեկանվել է Վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի վճիռը և գործի վարույթը կարճվել Արթուր Հունանյանի, «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի և Լուսյա Անուշյանի միջև 12.05.2005 թվականին կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի թիվ 3-337 (ՎԴ) որոշմամբ Վերաքննիչ դատարանի 16.12.2004 թվականի վճռի բեկանված լինելու և Արթուր Հունանյանի, «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի և Լուսյա Անուշյանի միջև 12.05.2005 թվականին կնքված հաշտության համաձայնության հաստատվելու պայմաններում Վերաքննիչ դատարանի 02.07.2008 թվականի որոշումը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. Դրմեյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|