ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ 1/0001/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ 1/0001/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի օգոստոսի 11-ին,
դռնբաց դատական նիստում քննելով Ալեքսան Օհանջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշման դեմ ըստ հայցի` Գագիկ Սիմոնյանի ընդդեմ Ալեքսան Օհանջանյանի և Լյովա Բաբայանի՝ 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Լյովա Բաբայանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գագիկ Սիմոնյանի՝ 13.000 ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ բռնագանձելու պահանջի մասին.
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գագիկ Սիմոնյանը պահանջել է համապարտությամբ բռնագանձել Լյովա Բաբայանից և Ալեքսան Օհանջանյանից 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Դիմելով դատարան` Լյովա Բաբայանը պահանջել է բռնագանձել Գագիկ Սիմոնյանից 13.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի վճռով Գագիկ Միմոնյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ Լյովա Բաբայանի հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2008 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 07.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել է ՀՀ հարավային քաղաքացիական դատարան` նոր քննության:
ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.10.2008 թվականի վճռով Գագիկ Միմոնյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` Լյովա Բաբայանից 15.779.288 ՀՀ դրամ, որից 12.375.000 ՀՀ դրամը՝ որպես փոխառության հիմնական գումար (25.000 ԱՄՆ դոլարը հաշվարկված 1 ԱՄՆ դոլարը 495 ՀՀ դրամ փոխարժեքով) և 3.404.288 ՀՀ դրամը՝ որպես տոկոսներ, հաշվարկված 25.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ սկսած 10.01.2005 թվականից մինչև 17.09.2007 թվականը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տարեկան բանկային տոկոսների համապատասխան դրույքաչափերով, բռնագանձելու մասով, իսկ հայցի՝ համապարտության կարգով Ալեքսան Օհանջանյանից բռնագանձում կատարելու պահանջի մասը, և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.02.2009 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17.10.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է. վճռվել է Լյովա Բաբայանից և Ալեքսան Օհանջանյանից համապարտության կարգով հօգուտ Գագիկ Սիմոնյանի բռնագանձել 15.779.288 ՀՀ դրամ: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալեքսան Օհանջանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-րդ և 361-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ գլխի հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը փոփոխելիս՝ վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտումը, սակայն չի պատճառաբանել, թե ինչում է կայանում Դատարանի կողմից ապացույցների սխալ գնահատումը, այսինքն՝ չի պատճառաբանել իր եզրահանգումը: Վերաքննիչ դատարանը, որոշմամբ հաստատելով փաստեր և ժխտելով Դատարանի կողմից հաստատված փաստը, հետազոտել և գնահատել է միայն գրավոր ապացույցների մի մասը, ինչի արդյունքում կատարել է սխալ եզրահանգում և թույլ է տվել նյութական իրավունքի սխալ մեկնաբանություն: Վերաքննիչ դատարանը որևէ փաստական և իրավական հիմնավորմամբ չի լուծել, թե ինչպես են 2002 թվականին Ալեքսան Օհանջանյանի և Գագիկ Սիմոնյանի միջև ծագած փոխառության պարտավորությունները և 2004 թվականին Լյովա Բաբայանի և Գագիկ Սիմոնյանի միջև ծագած փոխառության պարտավորությունները սերտաճել իրար և դարձել ամբողջովին այլ` ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորություն և այդ ձեռնարակատիրական պարտավորությունում Ալեքսան Օհանջանյանը և Լյովա Բաբայանը պարտապան են, իսկ Գագիկ Սիմոնյանը՝ պարտատեր: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունների ծագման հիմքերը սպառիչ են. դրանք են՝ պայմանագրերը, վնաս պատճառելը և օրենսգրքով նշված այլ հիմքերը: Գագիկ Սիմոնյանի մատնաշված ձեռնարկատիրական պարտավորության ծագման հիմքերն առկա չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի 17.10.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 12.09.2002 թվականին կազմված ստացականի համաձայն՝ Ալեքսան Օհանջանյանը Գագիկ Սիմոնյանից ստացել է 6.000 ԱՄՆ դոլար` «Մեղրի կինոթատրոն» ԲԲԸ-ի կարիքների համար, որը պարտավորվել է վերադարձնել 12 ամսվա ընթացքում (հատոր առաջին, գ.թ. 58):
2) Լյովա Բաբայանը Գագիկ Սիմոնյանից ստացել է ընդհանուր 30.000 ԱՄՆ դոլար, որից 07.10.2004 թվականի ստացականով` 12.000 ԱՄՆ դոլար` 07.01.2005 թվականին վերադարձնելու պայմանով, 09.11.2004 թվականի ստացականով` 5.000 ԱՄՆ դոլար` 07.01.2005 թվականին վերադարձնելու պայմանով, 16.11.2004 թվականի ստացականով` 3.000 ԱՄՆ դոլար` 07.01.2005 թվականին վերադարձնելու պայմանով, և 28.11.2004 թվականի ստացականով` 10.000 ԱՄՆ դոլար` 10.01.2005 թվականին վերադարձնելու պայմանով (հատոր առաջին, գ.թ. 59-62):
3) 25.03.2006 թվականի ստացականի համաձայն` «Ես Գագիկ Սիմոնյանս իմ կողմից տրված գումարների դիմաց Ալիկ Օհանջանյանից ստացա 11.000 (տասնմեկ հազար) ամերիկյան դոլար (հինգ հազարը ստացել եմ Պապինի միջոցով 23-25-ին մարտի 2006 թվականին, իսկ մնացած 6000 (վեց հազարը) տարբեր ժամանակներում)»:
4) Ըստ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված` Լյովա Բաբայանի ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանի հայտարարության` «2003 թվականի ամռանը` օգոստոս ամսին, հավաքվել են Լ. Բաբայանը, իր ընկեր Ալեքսան Օհանջանյանը և Ռաֆիկ Ասրյանը և որոշել են Հայաստանից ՌԴ արտահանել գինի: Այդ ժամանակ որոշվել է, որ որպես միջնորդ Մեղրիի գործարանից օրինական փաստաթղթային հիմնավորմամբ գինի մատակարարվի Մոսկվա, որի իրացումից իրենց գումար պետք է մնար: Քանի որ առաջացել էր նախնական ֆինանսավորման անհրաժեշտություն, Ռաֆիկ Ադրյանը և Ալեքսան Օհանջանյանը որոշել են իրենց ծանոթ Գագիկ Սիմոնյանից պարտքով գումար վերցնել: Դրանից հետո Ռաֆիկը և Ալիկը հանդիպել են Գագիկի հետ և վերջինս խոստացել էր պարտքով տալ համապատասխան գումար, որը չպետք է անցներ 40000 ԱՄՆ դոլարից և դա պետք է վերադարձվեր ձմեռվա ընթացքում, գինին վաճառվելուն զուգահեռ» (հատոր առաջին, գ.թ. 70-71):
5) Ըստ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քննչական գլխավոր վաչությունում Ալեքսան Օհանջանյանի գրավոր բացատրության` «2003 թվականին ես, իմ ընկեր Լյովա Բաբայանը և Ռաֆիկ Ասրյանը որոշեցինք Մեղրի գինու գործարանից գինի արտահանել ՌԴ Մոսկվա քաղաք վաճառելու», «Քանի որ այդ գումարը չունեինք, որոշեցինք դիմել Գագիկ Սիմոնյանին», «մենք նրան դիմեցինք այդ հարցով նա համաձայնվեց մեզ տալ 40000 ԱՄՆ դոլար ամսական 3 տոկոսով: Առաջին 8000 ԱՄՆ դոլարը Գագիկ Սիմոնյանից վերցրել եմ ես և Ռաֆիկը միասին 2003թ. հուլիս կամ օգոստոս ամսին: Այդ 8000 ԱՄՆ դոլարի դիմաց ես Գագիկին ստացական եմ տվել իմ անունից: Դրանից հետո Գագիկին ասել ենք, որ Լյովա Բաբայանը, որին ինքը ճանաչում է, ընթացքում կգա և մնացած գումարը կվերցնի», «2006 թվականին Պապինի միջոցով Գագիկին եմ տվել 11000 ԱՄՆ դոլար, որից 5000 ԱՄՆ դոլարը միանվագ, իսկ 6000 ԱՄՆ դոլարը մաս-մաս» (հատոր երկրորդ, գ.թ. 300-302):
6) Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 31.03.2008 թվականի որոշման համաձայն` պատասխանողների կողմից տրված բացատրությամբ հիմնավորվել է այն փաստը, որ Լյովա Բաբայանը, Ալեքսան Օհանջանյանը և Ռաֆիկ Ասրյանը որոշել են Մեղրի քաղաքից նռան գինի արտահանեն ՌԴ Մոսկվա քաղաք` վաճառելու: Այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ գումարը 38.000 ԱՄՆ դոլար և 3.000 եվրո, պարտքով վերցրել են Գագիկ Լևոնի Սիմոնյանից (հատոր երկրորդ գ.թ. 319-320):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:
Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությամբ մի քանի պարտապանների պարտականությունները համապարտ են, իսկ պարտատերերի պահանջները` համիրավ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով:
Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործարքի գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
Սույն գործի փաստերի համաձայն` Լյովա Բաբայանը Գագիկ Սիմոնյանից 2004 թվականին տարբեր ժամանակահատվածում փոխառությամբ վերցրել է ընդհանուր 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, պարտավորվելով վերադարձնել 10.01.2005 թվականին: Իսկ Ալեքսան Օհանջանյանը 12.09.2002 թվականին Գագիկ Սիմոնյանից վերցրել է 6.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է վերադարձնել տասներկու ամսվա ընթացում: Գագիկ Սիմոնյանն ընդունել է, որ Ալեքսան Օհանջանյանը վերադարձրել է ընդհանուր 11.000 ԱՄՆ դոլար և Ալեքսան Օհանջանյանը և Լյովա Բաբայանը պարտք են մնացել 25.000 ԱՄՆ դոլար:
ՀՀ գլխավոր դատախազին ուղղված` Լյովա Բաբայանի ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանի հայտարարության, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քննչական գլխավոր վաչությունում Ալեքսան Օհանջանյանի գրավոր բացատրության համաձայն` վերջիններս ընդունել են այն հանգամանքը, որ Գագիկ Սիմոնյանից գումարները վերցվել են Մեղրիի գինու գործարանից ՌԴ Մոսկվա քաղաք միասին գինի արտահանելու և վաճառելու, այն է` համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, նպատակով:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ ձևով գնահատման առարկա դարձնելով վերոնշյալ ապացույցները, իրավացիորեն եզրահանգել է, որ Ալեքսան Օհանջանյանը համապարտ պատասխանատվություն է կրում Լյովա Բաբայանի կողմից փոխառությամբ Գագիկ Սիմոնյանից վերցրած գումարը վերադարձնելու համար:
Հիմք ընդունելով վերոգյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կատարվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Վ. Աբելյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |