ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1353/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1353/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մանուշակ Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Մանուշակ Սահակյանի դիմումի, թիվ 2-2897 քաղաքացիական գործով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 08.01.2008 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մանուշակ Սահակյանը պահանջել է նոր երևան եկած հանգամանքներով վերանայել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան)` օրինական ուժի մեջ մտած 08.01.2008 թվականի վճիռը:
Դատարանի 25.07.2008 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2008 թվականի որոշմամբ Մանուշակ Սահակյանի բողոքը մերժվել է, իսկ Սուսաննա Սարգսյանի և Նարինե Մովսիսյանի բողոքը` բավարարվել: Որոշվել է «Որոշման պատճառաբանական մասի` անշարժ գույքի նվիրատվության գործարքի վերաբերյալ բեկանել և փոփոխել: Հաստատված համարել, որ 09.03.2004թ. Ժորա Նազարյանի և Մանուշակ Սահակյանի միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանուշակ Սահակյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սուսաննա Սարգսյանը և Նարինե Մովսիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ, 31-րդ, 35-րդ, 53-րդ, 78-րդ, 94-րդ, 118-րդ, 130-132-րդ, 20411-րդ, 20418-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ և 273-278-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը 08.01.2008 թվականին գործը քննել է Մանուշակ Սահակյանի բացակայությամբ, որի արդյունքում սույն գործով առկա նոր երևան եկած հանգամանքները հայտնի են եղել Մանուշակ Սահակյանին, սակայն իր կամքից անկախ պատճառներով չի ներկայացվել դատարան, որոնք գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Այսպես` բողոքներին կից ներկայացվել են Կոտայքի շրջանի Քանաքեռ ավանի Հոկտեմբերյան 32 հասցեի (այժմ` Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 43 հասցեի) վերաբերյալ 1948-1950 թվականների կոլխոզնիկների տնտեսությունների հիմնական արտադրական ցուցանիշների տնտեսության գիրքը, 25.07.1954 թվականի V տոմարի թիվ 581 գույքային թերթը, Ժորա Նազարյանի անվամբ տրված հատակագիծը, 20.07.1954 թվականի ամփոփը, 14.03.1986 թվականի Աշոտ Սահակյանի համաձայնագիրը, 19.10.1989 թվականի Սովետական շրջխորհրդի գործկոմի թիվ 23/80 որոշումը, 28.11.1989 թվականի Աշոտ Սահակյանի անվամբ տրված գլխավոր հատակագիծը, 28.11.1990 թվականին Աշոտ Սահակյանին տրամադրված թիվ 580 շինարարական թույլտվությունը, ՍՍՀՄ Խնայողական բանկի Սովետականի թիվ 8045 բաժանմունքի կառավարչի 20.11.1993 թվականի թիվ 1-05 տեղեկանքը, 13.10.1993 թվականին Մանուշակ Սահակյանին տրված ներքին գործերի Սովետական բաժնի տեղեկանքը, 14.06.2007 թվականի թիվ 01-20/1025 և 06.07.2007 թվականի թիվ 01-20/1185 Հայաստանի ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի արխիվային տեղեկանքները, 25.03.2008 թվականի Գագիկ Երիցյանի հայտարարությունը, և խնդրել է դրանք համարել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ և դատական ակտը վերանայելու հիմք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները
Բողոք բերած անձի կողմից վկայակոչված հանգամանքները նոր երևան եկած հանգամանքներ չեն, դրանք հայտնի են եղել Մանուշակ Սահակյանին, սակայն գործը քննելիս չեն ներկայացվել դատարան, հետևաբար Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 08.01.2008 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու հանգամանք առկա չէ, այսինքն` Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և օրինական, իսկ բերված բողոքը` անհիմն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 06.07.2007 թվականի թիվ 01-20/1185 Հայաստանի ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի արխիվային տեղեկանքի պատճենի համաձայն` «պետական արխիվում պահպանվող Հայկ. ԽՍՀ Կոտայքի շրջանի Քանաքեռ ավանի 1948-1950թթ տնտեսական գրքից պարզվում է, որ Ժորա Հարությունի Նազարյանի անվամբ հաշվառված է 0.15 հա հողամաս, ծխի անդամներից նշված է նաև տղայի՝ Պարետ Մկրտչի Մկրտչյանի անունը (հասցեն` Հոկտեմբերյան նո. 32): Հիմք-ԵՔՄ, ֆ.110, ց. 1, գ. 60, թ. 37» (գ.թ. 65):
2. 1948-1950 թվականների կոլխոզնիկների տնտեսությունների հիմնական արտադրական ցուցանիշների տնտեսության գրքի համաձայն` Ժորա Նազարյանին Կոտայքի շրջանի Քանաքեռ ավանի Հոկտեմբերյան 32 հասցեում (այժմ` Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 43 հասցեի) պատկանել է 0.15 հա հողամաս (գ.թ. 64):
3. 25.07.1954 թվականի V տոմարի թիվ 581 գույքային թերթի պատճենի համաձայն` Ժորա Նազարյանին նշված հասցեում պատկանել է 1075 քմ հողամաս և 94.90 քմ օգտագործելի մակերես, որի վերաբերյալ Ժորա Նազարյանին տրամադրվել է հատակագիծ (գ.թ. 111-113):
4. 20.07.1954 թվականի ամփոփի պատճենի համաձայն` 1954 թվականին գնահատվել է Ժորա Նազարյանին նշված հասցեում պատկանող բնակելի և օժանդակ կառույցները (գ.թ. 114):
5. 14.03.1986 թվականի Աշոտ Սահակյանի համաձայնագրի պատճենի համաձայն` Աշոտ Սահակյանը թույլատրել է կնոջը` Մանուշակ Սահակյանին, գրանցելու նշված հասցեում իրեն պատկանող սեփական տանը (գ.թ. 27):
6. 19.10.1989 թվականի Սովետական շրջխորհրդի գործկոմի թիվ 23/80 որոշման պատճենի համաձայն` նշված հասցեում գտնվող «օրինական տանը հատկացված հողամասի մեջ գտնվող անօրինական երկհարկանի տունը և առանձին շինությունները ճանաչել որպես օրինական կառույցներ: 1-ին հարկը և առանձին շինությունները, որը բաղկացած է բնակելի 19.5 քմ, 19.6 քմ, օժանդակ 18.0 քմ, 15.9 քմ, 8.3 քմ, 5.7 քմ, 3.0 քմ, 2.1 քմ, 11.5 քմ, 5.4 քմ, այլ 27.0 քմ, 1.2 քմ, 7.0 քմ, 44.8 քմ մակերեսներից սեփականատեր ճանաչել Ժորա Հարությունի Նազարյանին», ինչպես նաև թույլատրվել է նշված հասցեի «բնակիչ Աշոտ Մեխակի Սահակյանին քանդելու իր կողմից զբաղեցրած խարխուլ օրինական տունը և կից անօրինական շինությունները ամբողջությամբ և փոխարենը տեղում իր ընտանիքի համար սեփականատիրական իրավունքով կառուցելու նոր բնակելի և օժանդակ մակերեսներ համաձայն ճարտարապետական հատակագծման ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի 130քմ մակերեսից» (գ.թ. 14), և 28.11.1989 թվականին Աշոտ Սահակյանին տրվել է գլխավոր հատակագիծ, գործում առկա է պատճենը (գ.թ. 18):
7. Նշված որոշման հիման վրա` 28.11.1990 թվականին Աշոտ Սահակյանին տրամադրվել է թիվ 580 շինարարական թույլտվությունը, գործում առկա է պատճենը (գ.թ. 15):
8. ՍՍՀՄ Խնայողական բանկի Սովետականի թիվ 8045 բաժանմունքի կառավարչի 20.11.1993 թվականի թիվ 1-05 տեղեկանքի պատճենի համաձայն` Աշոտ Սահակյանի կողմից ամբողջությամբ մարվել է տան շինարարության համար տրամադրված վարկը (գ.թ. 24):
9. 13.10.1993 թվականին Մանուշակ Սահակյանին տրված ներքին գործերի Սովետական բաժնի տեղեկանքի պատճենի համաձայն` Մանուշակ Սահակյանը մշտական բնակության նպատակով 13.10.1993 թվականին տեղափոխվել է Երևան և հաշվառվել նշված հասցեում (գ.թ. 28):
10. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 08.01.2008 թվականի թիվ 2-2897 վճռով բավարարվել է Սուսաննա Սարգսյանի հայցն ընդդեմ Ժորա Նազարյանի, Մանուշակ Սահակյանի, երրորդ անձանց` Նարինե Մովսիսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթունի տարածքային ստորաբաժանման, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` իրավունքի պետական գրանցումը, նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին (գ.թ. 11-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է բողոքով բարձրացված իրավական խնդրին, նշելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե՛ս ըստ հայցի Մարինե Մանուկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու, շուկայական միջինացված արժեքով երկու սենյականոց տան համար դրամական փոխհատուցում տալու, նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, գալով այն եզրահանգման, որ «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական սխալներ, որոնք ազդել են գործի ելքի վրա», միաժամանակ իր իսկ որոշմամբ գտել է, որ «հետևաբար, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, Ռ. Բալաբանյանի կողմից բերված բողոքը ենթակա է մերժման»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն իր մեջ պարունակում է իրարամերժ եզրահանգումներ, և Ռ. Բալաբանյանի վերաքննիչ բողոքը մերժելիս չի պատճառաբանել` արդյոք սույն գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու փաստ առկա է, թե` ոչ, չի հետազոտել ու գնահատել բողոքին կից ներկայացված փաստաթղթերի պատճենների իսկությունը, հստակ եզրահանգում չի կատարել դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու փաստի առկայության կամ բացակայության մասին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող որոշումն անհիմն է:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08), ուստի սույն որոշմամբ աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ դրան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2049-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում սույն գործով ներկայացված հանգամանքները նոր երևան եկած հանգամանք լինել կամ չլինելու հարցին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
Ե. Խունդկարյան | |
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|