Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1459
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2481/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2481/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

              Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էմմա Խառատյանի, Արմեն Քարտաշյանի, Անահիտ Աբաջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռաֆիկ Մուրադյանի ընդդեմ Էմմա Խառատյանի, Արմեն Քարտաշյանի, Անահիտ Աբաջյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), Սիրուշ Գրիգորյանի, Աստղիկ Սահակյանի` հողօգտագործման խոչընդոտները վերացնելու, հողամասը նախկին տեսքին բերելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռաֆիկ Մուրադյանը պահանջել է Էմմա Խառատյանին, Արմեն Քարտաշյանին, Անահիտ Աբաջյանին պարտավորեցնել վերացնելու հողօգտագործման խոչընդոտները, Երևանի Պռոշյան 31 հասցեում գտնվող 65 քմ մակերեսով հողամասը բերել նախկին տեսքի և ճանաչել սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 25.12.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Էմմա Խառատյանը, Արմեն Քարտաշյանը, Անահիտ Աբաջյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռաֆիկ Մուրադյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 189-րդ, 197-րդ, 199-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ներկայացված ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա: Գործով հիմնավորված է, որ դեռևս 1950-ական թվականներից բողոք բերած անձանց տնատիրությունը պարսպապատված և առանձնացված է հարևան հողամասերից, այդ թվում և` Ռաֆիկ Մուրադյանի հողամասից: Հողամասի վիճելի մասում գտնվում է բողոք բերած անձանց տնատիրության մի մասը, որտեղ բնակվում է չորս անձից բաղկացած ընտանիք, իսկ Ռաֆիկ Մուրադյանը, 1978 թվականին գնելով Պռոշյան 31 տան մի մասը, շուրջ 30 տարի բողոք բերած անձանց նկատմամբ հողամասի կապակցությամբ որևէ պահանջ չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատական չի տվել դատարանի` օրինական ուժի մեջ մտած երեք վճիռներին: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով Պռոշյան 31 հասցեում գտնվող ընդհանուր սեփականություն համարվող 800 քմ մակերեսով հողամասից առանձանցվել, և Ռաֆիկ Մուրադյանին է հատկացվել միայն նրա կողմից փաստացի օգտագործվող հատվածը, այսինքն` այդ վճռով դադարեցվել է Ռաֆիկ Մուրադյանի ընդհանուր սեփականության իրավունքը 800 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: ՀՀ վարչական դատարանի 19.08.2008 թվականի վճռով դատարանը գտել է, որ Ռաֆիկ Մուրադյանն այլևս 800 քմ մակերեսով հողամասի համասեփականատեր չէ և պակաս 65 քմ մակերեսով հողամասի նկատմամբ հավակնություն չի կարող ունենալ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2008 թվականի վճռով Ռաֆիկ Մուրադյանի հայցը` 274 քմ մակերեսով հողամաս հատկացնելու պահանջի մասին, մերժվել է` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով նրա բաժնեմասն արդեն իսկ առանձնացված լինելու պատճառաբանությամբ: Սրանից հետևում է, որ Ռաֆիկ Մուրադյանը 65 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունք չունի: Եթե նույնիսկ ընդունվի, որ բողոք բերած անձանց կողմից օգտագործվող 65 քմ մակերեսով հողամասը մտնում է 800 քմ մակերեսով հողամասի մեջ, ապա այդ հողամասը պետք է հավասարապես բաժանվի բոլոր համասեփականատերերի միջև: Գործով հաստատված է, որ Ռաֆիկ Մուրադյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 169քմ, այսինքն` ըստ բողոքարկվող որոշման ստացվում է, որ հասանելիք 200 քմ հողամասի փոխարեն Ռաֆիկ Մուրադյանի բաժինը կազմում է 234 քմ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Շուրջ չորս դատական ակտերով հիմնավորվել է այն հանգամանքը, որ վեճի առարկան Երևանի Պռոշյան 31 հասցեում ընդհանուր 800 քմ մակերեսով հողատարածքի վրա գտնվող շինությունների ամբողջություն է, որի սեփականատերերն են Արմենուհի Սարգսյանը, Մարի Սահակյանը, Սիրուշ Գրիգորյանը և Ռաֆիկ Մուրադյանը: Նշված դատական ակտերով չորս սեփականատերերից երեքի գույքային միավորներն առանձնացվել են, իսկ Ռաֆիկ Մուրադյանի տիրապետման ներքո գտնվող 65 քմ մակերեսով հողամասն ապօրինի զբաղեցնում են բողոք բերած անձինք: Ինչ վերաբերում է բողոքում նշված փաստարկին, թե ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով Ռաֆիկ Մուրադյանին ի սեփականություն է թողնվել միայն նրա կողմից փաստացի զբաղեցված և օգտագործվող հողատարածքը, ապա այդ դատական ակտը չի կատարվել: Բողոք բերած անձանց մյուս փաստարկն այն մասին, որ ՀՀ վարչական դատարանն իր 19.08.2008 թվականի վճռով գտել է, որ Ռաֆիկ Մուրադյանն այլևս 800 քմ մակերեսով հողամասի համասեփականատեր չէ և 65 քմ մակերեսով հողամասի նկատմամբ հավակնություն չի կարող ունենալ, համադրում առկա է միայն մյուս երկու սեփականատերերի հողամասերի միջև, առարկայազուրկ է, քանի որ բողոք բերած անձինք շրջանցում են բուն վեճի առարկան, իսկ նշված գործով նրանց հայցը մերժվել է վիճելի 65 քմ մակերեսով հողամասի նկատմամբ որևէ իրավունք չունենալու հիմքով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կադաստրի 02.09.2003 թվականի մասնագիտական եզրակացության համաձայն` Պռոշյան 31 հասցեում գտնվող հողամասի վերջնամասում Պռոշյան փակուղի 70 հասցեի բնակիչների կողմից օգտագործվող 65 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա գտնվում է նշված հասցեի բնակիչների կողմից օգտագործվող բնակելի տան անբաժանելի մասը կազմող պատշգամբը, բակում օգտագործվող օժանդակ շինությունը և ծածկը, Ռաֆիկ Մուրադյանի կողմից օգտագործվող հողամասի շարունակությունն է և կազմում է 800 քմ մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասը (գ.թ. 9, հ. 1):

2) Կադաստրի 25.02.2004 թվականի գրության համաձայն` Երևանի Պռոշյան 31 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Մուրադյանին, Մարի Սահակյանին, Արմենուհի Սարգսյանին և Սիրուշ Գրիգորյանին: Ռաֆիկ Մուրադյանի կողմից օգտագործվում է 59,9 քմ բակ և հողամաս, ինչպեն նաև 79,6 քմ շինություններով ծանրաբեռնված հողամաս (գ.թ. 7, հ. 1):

3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով Երևանի Պռոշյան 31 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասից Ռաֆիկ Մուրադյանի և Արմենուհի Սարգսյանի բաժիններն առանձնացվել են, և նրանց կողմից փաստացի զբաղեցված և օգտագործվող հողատարածքը թողնվել է որպես սեփականություն: Կողմերի բաժիններն առանձնացնելիս 09.06.2004 թվականի վճռի հիմքում դրվել է Կադաստրի 25.02.2004 թվականի գրությունը, որի համաձայն` կողմերի միջև հողամասն առանձնացնելու տարբերակ հնարավոր չէ առաջարկել` 65 քմ մակերեսով հողամասն այլ անձանց կողմից օգտագործվելու պատճառով: Նշված վճռով կողմերի զբաղեցրած և օգտագործվող հողամասերը թողնվել են նրանց որպես բաժնային սեփականություն (գ.թ. 11-12 հ. 1):

4) ՀՀ վարչական դատարանի 19.08.2008 թվականի վճռով մերժվել է Երևանի քաղաքապետի 28.09.2006 թվականի N 1550-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի 15.12.2006 թվականի N 2186-Ա որոշման 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ Էմմա Խառատյանի հայցն այն պատճառաբանությամբ, որ Պռոշյան 1-ին նրբանցք 70 և Պռոշյան 31 հասցեների հողամասերը 65 քմ մակերեսով համադրվում են միմյանց հետ (գ.թ. 19, հ.2):

5) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2008 թվականի վճռով Ռաֆիկ Մուրադյանի հայցը` Պռոշյան 31 հասցեում գտնվող 274 քմ մակերեսով հողամասն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժվել է` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով նրա կողմից փաստացի զբաղեցված և օգտագործվող բաժինն արդեն իսկ առանձնացված և սեփականության իրավունքը ճանաչված լինելու պատճառաբանությամբ: Նշված վճռով առանձնացվել են Պռոշյան 31 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասի համասեփականատերեր Սիրուշ Գրիգորյանի և Աստղիկ Սահակյանի (Մարի Սահակյանի իրավահաջորդի) բաժինները, և դրանց նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը (գ.թ. 70-73, հ. 2):

6) Սույն գործով երրորդ անձինք Սիրուշ Գրիգորյանը, Աստղիկ Սահակյանը չեն առարկել հայցապահանջի դեմ, իսկ Արմենուհի Սարգսյանը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով իրեն հատկացված բաժնեմասի նկատմամբ արդեն իսկ կատարել է պետական գրանցում (գ.թ. 78-81, հ. 2):

7) Գործում առկա վճարման անդորրագրերի համաձայն` Ռաֆիկ Մուրադյանը, 1980 թվականից սկսած, կատարել է Պռոշյան 31 հասցեում գտնվող հողի հարկի վճարումները (գ.թ. 70-93, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

Նույն օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայանությամբ:

Նույն օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը, իսկ 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր սեփականության մասնակիցը, մյուս մասնակիցների համաձայնությամբ, իրավունք ունի համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից և պահանջել դրա նկատմամբ ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Պռոշյան 31 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Ռաֆիկ Մուրադյանին, Մարի Սահակյանին, Արմենուհի Սարգսյանին և Սիրուշ Գրիգորյանին: Նշված հասցեում գտնվող հողամասի վերջնամասում Պռոշյան փակուղի 70 հասցեի բնակիչների կողմից օգտագործվող 65 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա գտնվում է նշված հասցեի բնակիչների կողմից օգտագործվող բնակելի տան անբաժանելի մասը կազմող պատշգամբը, բակում օգտագործվող օժանդակ շինությունը և ծածկը, Ռաֆիկ Մուրադյանի կողմից օգտագործվող հողամասի շարունակությունն է և կազմում է 800 քմ մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասը: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով Երևանի Պռոշյան 31 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասից Ռաֆիկ Մուրադյանի և Արմենուհի Սարգսյանի բաժիններն առանձնացվել են և նրանց կողմից փաստացի զբաղեցված և օգտագործվող հողատարածքը թողնվել է որպես սեփականություն: Կողմերի բաժիններն առանձնացնելիս 09.06.2004 թվականի վճռի հիմքում դրվել է Կադաստրի 25.02.2004 թվականի գրությունը, որի համաձայն` կողմերի միջև հողամասն առանձնացնելու տարբերակ հնարավոր չէ առաջարկել` 65 քմ մակերեսով հողամասն այլ անձանց կողմից օգտագործվելու պատճառով: ՀՀ վարչական դատարանի` 19.08.2008 թվականի վճռով մերժվել է Երևանի քաղաքապետի 28.09.2006 թվականի N 1550-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի 15.12.2006 թվականի N 2186-Ա որոշման 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ Էմմա Խառատյանի հայցն այն պատճառաբանությամբ, որ Պռոշյան 1-ին նրբանցք 70 և Պռոշյան 31 հասցեների հողամասերը 65 քմ մակերեսով համադրվում են միմյանց հետ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2008 թվականի վճռով առանձնացվել են Պռոշյան 31 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասի համասեփականատերեր Սիրուշ Գրիգորյանի և Աստղիկ Սահակյանի (Մարի Սահակյանի դստեր) բաժինները, և դրանց նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը: Սույն գործով երրորդ անձինք Սիրուշ Գրիգորյանը, Աստղիկ Սահակյանը չեն առարկել հայցապահանջի դեմ, Արմենուհի Սարգսյանը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով իրեն հատկացված բաժնի նկատմամբ արդեն իսկ կատարել է պետական գրանցում, իսկ Ռաֆիկ Մուրադյանը, 1980 թվականից սկսած, կատարել է Պռոշյան 31 հասցեում գտնվող հողի հարկի վճարումները:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը վերլուծելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Պռոշյան 31 հասցեում գտնվող 800 քմ մակերեսով հողամասի մի մասը համասեփականատերերի միջև փաստացի բաժանված լինելու պայմաններում այդ հողամասի մաս կազմող վիճելի 65 քմ մակերեսով չառանձնացված հողամասը դեռևս գտնվում է նրանց ընդհանուր համատեղ սեփականության ներքո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճելի հողամասի համասեփականատերեր Սիրուշ Գրիգորյանը, Աստղիկ Սահակյանը, Արմենուհի Սարգսյանը որևէ առարկություն չեն ունեցել հայցապահանջի դեմ, վիճելի 65 քմ մակերեսով հողամասը Ռաֆիկ Մուրադյանի կողմից օգտագործվող հողամասի շարունակությունն է, իսկ բողոք բերած անձինք էլ դրա նկատմամբ որևէ իրավունք չունեն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռաֆիկ Մուրադյանն իրավունք ունի վիճելի հողամասը հետ պահանջել պատասխանողների ապօրինի տիրապետումից և պահանջել դրա նկատմամբ ճանաչելու սեփականության իրավունքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով Պռոշյան 31 հասցեում գտնվող ընդհանուր սեփականություն համարվող 800 քմ մակերեսով հողամասից առանձնացվել և Ռաֆիկ Մուրադյանին է հատկացվել միայն նրա կողմից փաստացի օգտագործվող հատվածը, ինչի հետևանքով դադարեցվել է վերջինիս ընդհանուր սեփականության իրավունքը 800 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ նշված վճռով Կադաստրի 25.02.2004 թվականի գրության հիման վրա վիճելի 65 քմ մակերեսով հողամասը համասեփականատերերի միջև չի բաժանվել բողոք բերած անձանց կողմից օգտագործվելու պատճառով: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այլ անձանց կողմից առանց իրավական հիմքի հողամասն օգտագործելը չի կարող հանգեցնել սեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարեցման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկին այն մասին, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2008 թվականի վճռով Ռաֆիկ Մուրադյանի հայցը` 274 քմ մակերեսով հողամաս հատկացնելու պահանջի մասին, մերժվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2004 թվականի վճռով նրա բաժինն արդեն իսկ առանձնացված լինելու պատճառաբանությամբ, ինչից հետևում է, որ Ռաֆիկ Մուրադյանը 65 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունք չունի, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ նշված գործով վեճը եղել է համասեփականատերերի միջև, իսկ սույն գործով այն վերաբերում է ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելուն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հիմնվելով Դատարան ներկայացված ապացույցների վրա, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների հետ միասին բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, իրավացիորեն մերժել է վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան