Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1471
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0885/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0885/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նատալյա Հակոբյանի, Սուրեն, Ալեքսանդր և Արման Ղազարյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ թաղային համայնքի՝ բնակարաններ տրամադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Երևանի քաղաքապետարանը պահանջել է վտարել Նատալյա Հակոբյանին, Տաթևիկ Պապիկյանին, Սուրեն, Ալեքսանդր և Արման Ղազարյաններին Երևանի Սիսակյան փողոցի 16 շենքի թիվ 34-35 բնակարաններից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Նատալյա Հակոբյանը, Սուրեն, Ալեքսանդր և Արման Ղազարյանները պահանջել են բնակարանը հանձնելու դիմաց նախատեսված գումարից 1.134.751 ՀՀ դրամ պակաս վճարված գումարի և որպես լրացուցիչ ֆինանսական աջակցության 4.162.000 ՀՀ դրամ կազմող գումարը չհատկացնելու դիմաց Նատալյա Հակոբյանին հատկացնել մեկսենյականոց բնակարան կամ վճարել պատճառված վնասի շուկայական արժեքը մեկսենյականոց բնակարան գնելու համար, իսկ Սուրեն Ղազարյանին որպես խորդանոց հատկացված Երևանի Սիսակյան փողոցի 16 շենքի թիվ 35 բնակարանի դիմաց տրամադրել մեկ սենյականոց բնակարան, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ թաղապետարանից բռնագանձել 4.162.000 ՀՀ դրամ՝ որպես լրացուցիչ ֆինանսական աջակցության գումար և որպես վնասի փոխհատուցում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.11.2007 թվականի վճռով Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարվել է, իսկ Նատալյա Հակոբյանի, Սուրեն, Ալեքսանդր և Արման Ղազարյանների հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել Նատալյա Հակոբյանին և Սուրեն Ղազարյանին ապահովել յուրաքանչյուրին առանձին մեկսենյականոց բնակարաններով, իսկ լրացուցիչ ֆինանսական աջակցության գումարի և վնասի հատուցման մասին պահանջները մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 20.11.2007 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն՝ հակընդդեմ հայցի մասով, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

Դիմելով դատարան՝ Նատալյա Հակոբյանը, Սուրեն, Ալեքսանդր և Արման Ղազարյանները հստակեցրել են հայցը և պահանջել Երևանի քաղաքապետարանից բնակարանը հանձնելու դիմաց նախատեսված գումարից 1.134.751 ՀՀ դրամ պակաս վճարված գումարի և որպես լրացուցիչ ֆինանսական աջակցության 4.162.000 ՀՀ դրամ կազմող գումարը չհատկացնելու դիմաց Նատալյա Հակոբյանին հատկացնել մեկսենյականոց բնակարան, իսկ Սուրեն Ղազարյանին որպես խորդանոց հատկացված Երևանի Սիսակյան փողոցի 16 շենքի թիվ 35 բնակարանի դիմաց տրամադրել մեկսենյականոց բնակարան:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 29.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 21.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Նատալյա Հակոբյանը, Սուրեն, Ալեքսանդր և Արման Ղազարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության թիվ 682 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ կառավարության 12.10.2006 թվականի թիվ 1559-Ն որոշման 3-րդ կետի «դ» ենթակետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Սուրեն Ղազարյանին խորդանոցի դիմաց բնակարան հատկացնելու մասով վերաքննիչ բողոքը մերժելը հիմնավորել է «ՀՀ կառավարության 25.10.2000թ. թիվ 682 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 12.10.2006 թվականի թիվ 1559-Ն որոշման 3-րդ կետի «դ» ենթակետով և այն հանգամանքով, որ Աջափնյակ թաղային համայնքի և հայցվորների միջև 21.06.2006 թվականին կնքված պայմանագրերի առարկան Երևանի Սիսակյան փողոցի 16 շենքի թիվ 34 հասցեն է և դրանցում որևէ անդրադարձ չի կատարվել կարգադրությամբ Սուրեն Ղազարյանին հատկացված մակերեսի կարգավիճակին։

Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման եկել է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սուրեն Ղազարյանի ընտանիքի օգտագործմանը որպես խորդանոց հատկացված Սիսակյան փողոցի 16 շենքի թիվ 35 բնակարանը համարվել է առանձին միավոր և Սուրեն Ղազարյանի համար՝ բնակելի տարածություն։

Նման հետևություն անելիս Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ որ ՀՀ կառավարության 12.10.2006 թվականի թիվ 1559-Ն որոշումը չի վերաբերում Սիսակյան փողոցի թիվ 16 շենքին, որի բնակիչների վերաբնակեցումը կատարվել է ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշմամբ հաստատված կարգի համաձայն։

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 12.10.2006 թվականի թիվ 1559-Ն որոշումը վերաբերում է 4-րդ կարգի վթարային շենքերին, որոնց վերաբնակեցումը կատարվելու է նշված որոշման օրվանից և չի վերաբերում մինչ այդ դրամական փոխհատուցում ստացած անձանց, որոնք տվյալ պահին կարիքավոր չեն եղել։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի գնահատել Աջափնյակի թաղապետարանի և Սուրեն Ղազարյանի միջև կնքված պայմանագիրը, որով հաստատվում է, որ Սուրեն Ղազարյանը ստացել է դրամական փոխհատուցում Երևանի Սիսակյան փողոցի 16 շենքի թիվ 34 բնակարանի դիմաց։

Ավելին, Վերաքննիչ դատարանը, քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչելով Երևանի քաղաքապետին, հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 2003 թվականի թիվ 24-Ն որոշմամբ բնակարանների փոխարեն դրամական փոխհատուցում տալու պարտականությունը դրվել է Աջափնյակ թաղային համայնքի վրա, և գումարները փոխանցվել են վերջինիս։

Հետևաբար, տվյալ դեպքում Աջափնյակի թաղապետարանն է պարտավոր կատարել պայմանագրերով նախատեսված իր պարտավորությունները։

Բացի այդ, 4.162.000 ՀՀ դրամ լրացուցիչ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 24.05.2006 թվականի թիվ 126 որոշման հիման վրա։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2008 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Թեև Սիսակյան 16 շենքի բնակիչներին բնակարաններով և գումարով ապահովելու խնդրի վերաբերյալ բնակիչների հետ պայմանագիրը կնքել է Աջափնյակի թաղապետարանը, այդուհանդերձ, վերջինս հանդես է եկել որպես պատվիրակած լիազորություններն իրականացնող։

Հետևաբար վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությունը, որ քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար փոխհատուցումը պետք է տրվեր Աջափնյակ թաղային համայնքի կողմից, հիմնավոր չէ։ Իսկ այն հիմնավորումը, որ Աջափնյակ թաղապետարանը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ապա դա այդպես չէ, քանի որ Աջափնյակի թաղապետը հադես է եկել որպես պատվիրակած լիազորություններ կրող և կատարող։

Բացի այդ, վճռաբեկ բողոքում վկայակոչվել է ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշմումը, որով նախատեսվել է Երևան քաղաքում 2001 թվականին քանդել 4-րդ կարգի վթարային չորս շենք, այդ թվում՝ Սիսակյան 16 շենքը։ Նշված որոշմամբ նախատեսվել է շենքում բնակվող սեփականատերերի, վարձակալների և փախստականների ընտանիքներին զբաղեցրած բնակարանների համար տրամադրել դրամական փոխհատուցում։

Մինչդեռ ՀՀ կառավարության 12.10.2006 թվականի թիվ 1559-Ն որոշման 3-րդ կետի դ/ ենթակետով սահմանվել է՝ վթարային բնակարաններում նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող բնակիչներին բնակարանի հատկացում կամ շուկայից բնակարան /բնակելի տուն/ ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում նրանց ընտանիքներին /անձերի թվով/ հասանելիք բնակարանի /սենյակների թվով/ չափից մեկ սենյակ /մեկսենյականոց բնակարանի դեպքում մեկսենյականոց բնակարան/ պակաս /բնակարանի /սենյակների թվով/ չափին համապատասխան։

Նշվածից հետևում է, որ թիվ 35 բնակարանի դիմաց պետք է հատկացվեր մեկ այլ բնակարան, որը չի կատարվել։

Բացի այդ, թիվ 34 բնակարանի դիմաց հասանելիք գումարը նույնպես ամբողջությամբ չի տրամադրվել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի Շահումյանի շրջանի գործադիր կոմիտեի 10.07.1974 թվականի թիվ 21403 միասնական օրդերով Երևանի Սիսակյան փողոցի 16 շենքի թիվ 34 բնակարանը հատկացվել է Սուրեն Ղազարյանին և վերջինիս հինգ անձինց բաղկացած ընտանիքին (գ.թ. 13):

2) Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 07.07.1995 թվականի թիվ 26 կարգադրությամբ Սիսակյան 16 շենքի թիվ 35 բնակարանը հատկացվել է Սուրեն Ղազարյանի օգտագործմանը՝ որպես խորդանոց (գ.թ. 46):

3) ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշմամբ հաստատված տների քանդման ծրագրով ընդգրկվել է նաև Սիսակյան 16 շենքը:

4) ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշման կատարումն ապահովելու նպատակով 16.01.2003 թվականին ընդունված թիվ 24-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը Աջափնյակ թաղային համայնքում քանդման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու, դրամական աջակցություն տրամադրելու նպատակով Աջափնյակի թաղապետարանին տրամադրել է ֆինանսական միջոցներ (գ.թ. 41):

5) ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի թիվ 1261-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետարանին հատկացվել են ֆինանսական միջոցներ Երևանի Սիսակյան 16 և Ֆուչիկի 10 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող 15 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար (գ.թ. 42):

6) Երևանի Աջափնյակ թաղապետարանի, որը գործել է ՀՀ կառավարության 16.01.2003 թվականի թիվ 24-Ն և 08.10.2003 թվականի թիվ 1261-Ա որոշումներն իրականացնող հանձնաժողովի լիազորությամբ, և Նատալյա Հակոբյանի, Արման, Ալեքսանդր, Սուրեն Ղազարյանների, Տաթևիկ Պապիկյանի միջև 21.06.2006 թվականին կնքված «Բնակարանը հանձնելու և դրամական աջակցություն ստանալու մասին» պայմանագրերի 1.1 կետերով սահմանվել է, որ Նատալյա Հակոբյանը, Արման, Ալեքսանդր, Սուրեն Ղազարյանները, Տաթևիկ Պապիկյանը Սիսակյան 16 շենքի թիվ 34 երկուսենյականոց բնակարանը հանձնում են թաղապետարանին, որի դիմաց Աջափնյակի թաղապետարանը վճարում է դրամական աջակցություն (գ.թ. 6-9):

7) «Բնակարանը հանձնելու և դրամական աջակցություն ստանալու մասին» պայմանագրերի համաձայն՝ որպես դրամական աջակցություն Նատալյա Հակոբյանին հատկացվել է 7.248.000 ՀՀ դրամ, Արման Ղազարյանին՝ 7.248.000 ՀՀ դրամ, Ալեքսանդր Ղազարյանին և Տաթևիկ Պապիկյանին՝ 14.093.800 ՀՀ դրամ, Սուրեն Ղազարյանին՝ 7.248.000 ՀՀ դրամ (գ.թ. 6-9):

8) Երևանի Աջափնյակ թաղապետարանի ավագանու 24.05.2006 թվականի թիվ 126 որոշման հիմքով Երևանի Աջափնյակ թաղապետարանի և Նատալյա Հակոբյանի, Արման, Ալեքսանդր, Սուրեն Ղազարյանների, Տաթևիկ Պապիկյանի միջև 21.06.2006 թվականին կնքված «Բնակարանը հանձնելու և դրամական աջակցություն ստանալու մասին» լրացուցիչ պայմանագրով նախատեսվել է տրամադրել ևս 4.162.000 ՀՀ դրամ (գ.թ. 10):

9) Սուրեն Ղազարյանը 1967 թվականից մշտական գրանցված և բնակվում է Սիսակյան 16 շենքի թիվ 34 բնակարանում (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Սույն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հաստատել է՝

 ա) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման կարգը.

 գ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման ծրագիրն ու նշված ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Երևանի քաղաքապետին:

 Նույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է, որ`

 ա) պետական միջոցների հաշվին բնակարաններով ապահովվում են մինչև 2008 թվականի մարտի 1-ը բնակելի տների տեխնիկական վիճակի մասին տրված եզրակացությունների համաձայն քանդման ենթակա, ինչպես նաև տեխնիկական կամ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ամրացման ոչ ենթակա բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները, բնակելի տների բնակարանների սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները և նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումների կամ դատարանի` սահմանված կարգով ուժի մեջ մտած վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ն անձնագրային հաշվառումներ ունեցող և փաստացի բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները.

 բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են մեկ այլ բնակարանի հատկացման կամ ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կարգով սահմանված նորմերով: Ընդ որում, բնակարանի հատկացման ժամանակ առաջնահերթությունը տրվում է վարձակալներին, սեփականատերերին և փախստականներին:

 ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման» կարգի 2-րդ կետի համաձայն՝ սույն կարգով բնակելի տարածությամբ ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 682 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները (այսուհետ` վարձակալներ) ու սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները, նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ն այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները:

Նույն կարգի 3-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 2-րդ կետով նշված անձանց վերաբնակեցումն իրականացվում է մարզպետների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից, նոր կառուցվող կամ վերականգնվող բնակելի տներում բնակարանների վարձակալության կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի թիվ 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում, ընդ որում` ա) վարձակալներին` բնակարանի հատկացման կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, գ) սեփականատերերին` բնակարանի հատկացում կամ դրամական փոխհատուցում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ կառավարությունը, ելնելով 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրների լուծման և նրանց գույքային իրավունքների պաշտպանության սկզբունքից, բնակելի տարածությամբ ապահովել է բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալներին (այսուհետ` վարձակալներ) ու սեփականատերերին, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ն այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչներին: Այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում որպես փոխհատուցում նախատեսվել է վարձակալներին և սեփականատերերին հատկացնել բնակարան կամ դրամական փոխհատուցում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սուրեն Ղազարյանին և վերջինիս հինգ անձինց բաղկացած ընտանիքին Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի Շահումյանի շրջանի գործադիր կոմիտեի 10.07.1974 թվականի թիվ 21403 միասնական օրդերով հատկացվել է Երևանի Սիսակյան փողոցի 16 շենքի թիվ 34 բնակարանը: Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 07.07.1995 թվականի թիվ 26 կարգադրությամբ Սիսակյան 16 շենքի թիվ 35 բնակարանը՝ որպես խորդանոց, հատկացվել է Սուրեն Ղազարյանի օգտագործմանը: Ըստ «Բնակարանը հանձնելու և դրամական աջակցություն ստանալու մասին» 21.06.2006 թվականի պայմանագրերի 1.1. կետերի՝

Նատալյա Հակոբյանը, Արման, Ալեքսանդր, Սուրեն Ղազարյանները և Տաթևիկ Պապիկյանն իրենց պատկանող Սիսակյան 16 շենքի թիվ 34 երկուսենյականոց բնակարանը հանձնում են թաղապետարանին, որի դիմաց Աջափնյակի թաղապետարանը վճարում է դրամական աջակցություն:

 Նատալյա Հակոբյանը, Արման, Ալեքսանդր, Սուրեն Ղազարյանները և Տաթևիկ Պապիկյանը՝ որպես Սիսակյան 16 շենքի թիվ 34 սեփականատերեր 21.06.2006 թվականին կնքված պայմանագրերով համաձայնություն են տվել տվյալ բնակարանի դիմաց ստանալ դրամական փոխհատուցում, իսկ Երևանի Աջափնյակ համայնքը պարտավորվել է վերը նշված անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով վճարել դրամական աջակցություն: Նշված պայմանագրերը չեն վիճարկվել և պահպանել են իրենց իրավական ուժը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պակաս վճարված գումարի դիմաց մեկսենյականոց բնակարան հատկացնելու Նատալյա Հակոբյանի պահանջը չի բխում ինչպես պայմանագրի, այնպես էլ ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշմամբ հաստատված կարգի դրույթներից:

Ինչ վերաբերում է Սուրեն Ղազարյանին Սիսակյան 16 շենքի թիվ 35 բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան հատկացնելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝

Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 07.07.1995 թվականի թիվ 26 կարգադրությամբ Սիսակյան 16 շենքի թիվ 35 բնակարանը հատկացվել է Սուրեն Ղազարյանի օգտագործմանը՝ որպես խորդանոց:

«ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 682 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 12.10.2006 թվականի թիվ 1559-Ն որոշման 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ վթարային բնակարաններում՝ նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող բնակիչներին՝ բնակարանի հատկացում կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում նրանց ընտանիքներին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1 սենյականոց բնակարանի դեպքում ՝ 1 սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուրեն Ղազարյանը, 1967 թվականից մշտական գրանցված լինելով և բնակվելով Սիսակյան 16 շենքի թիվ 34 բնակարանում, «ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 682 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 12.10.2006 թվականի թիվ 1559-Ն որոշման 3-րդ կետի «դ» ենթակետի ուժով Սիսակյան 16 շենքի թիվ 35 վթարային բնակարանում բնակվող բնակիչ չէ, հետևաբար չի օգտվում բնակարանի հատկացման կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման իրավունքից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Նատալյա Հակոբյանի, Սուրեն, Ալեքսանդր և Արման Ղազարյանների հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան