Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.59
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

որոշում

ԱՐԱԴ/0050/01/08

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

դատավորներ` Տ. Սահակյան

                   Ե. Դարբինյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

   

 Ս. Օհանյանի

 

 

մասնակցությամբ
դատախազ

Ա. Բոշնաղյանի

պաշտպաններ

 Ա. Շահբազյանի

Գ. Շահվերդյանի

2009 թվականի հունիսի 29-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ. Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

Քրեական գործը հարուցվել է 2008թ. հոկտեմբերի 10-ին:

2008թ. հոկտեմբերի 13-ին Հ.Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

2008թ. հոկտեմբերի 30-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գործը քննել է դատական քննության արագացված կարգի կիրառմամբ և 2009թ. հունվարի 21-ի դատավճռով Հ.Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 19-ի որոշմամբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հունվարի 21-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

Վճռաբեկ բողոքը բերվել է 2009թ. ապրիլի 20-ին ամբաստանյալի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի հիման վրա, 2009 թվականի մայիսի 19-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

Դատավճռով հաստատված է համարվել այն, որ 2008թ. հոկտեմբերի 10-ին` ժամը 16-ին, «Ապարան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տեսուչ, բժշկական հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Պետրոսյանը, չլինելով պաշտոնատար անձ և հանդիսանալով հանրային ծառայող, 2000 թվականից էպիլեպտիկ հիվանդությամբ տառապող և վարորդական վկայական ստանալու իրավունք չունեցող Ռ.Բաղդասարյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողության` առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանք տալու դիմաց, որպես ապօրինի վարձատրություն նրանից պահանջել և անձամբ ստացել է 30.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 6 հատ 5000 դրամանոց թղթադրամներ, ինչը րոպեներ անց Հ.Պետրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նրա բժշկական հագուստի գրպանից:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի որոշումն անօրինական է, անհիմն և չպատճառաբանված, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով, չեն կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, խախտվել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և անտեսվել Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որն արտահայտված է ՎԲ -192/07 և ՎԲ -55/07 որոշումներում, հաշվի չի առնվել, որ ինքը կին է, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, զղջում է կատարածի համար, վատառողջ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրում է «պատժաչափի կիրառման մասով» բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի դատական ակտը և իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը. (...)

6) ենթակա է արդյո՞ք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

7) ին՞չ պատիժ պետք է նշանակվի նրա նկատմամբ.

8) ամբաստանյալն արդյո՞ք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (...)»:

Նշված հարցերի լուծման ընթացքում դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներով:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով` դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

Քրեական օրենքի Ընդհանուր մասի վերը թվարկված դրույթներից հետևում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի և պատժաչափի, այնպես էլ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Ընդ որում, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների տեսակների, հանցավոր արարքի վտանգավորության աստիճանի ու բնույթի, այնպես էլ անձանց շրջանակի հետ կապված որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսել:

Այսինքն` օրենսդիրը պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք է համարում դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց որոշակի պատժատեսակները ռեալ կրելու:

Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ դատարանը հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճռում նշել է, որ Հ.Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտում է այն, որ նա կին է, նախկինում ոչնչով արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն, վատառողջ է, զղջացել է կատարածի համար: Դատարանը նշել է, որ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշման մեջ նշել է, որ հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցագործության կատարման կոնկրետ հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, մեղքի ձևը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը «անհրաժեշտ ու բավարար չէ ամբաստանյալի ուղղման և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը սխալ հետևության է հանգել Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին:

Ինչպես երևում է գործի նյութերից, Հասմիկ Պետրոսյանը կատարել է միջին ծանրության հանցանք, նախկինում դատապարտված չի եղել, կին է, բնութագրվում է դրականորեն, զղջում է կատարածի համար, վատառողջ է: Նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Հաշվի առնելով Հասմիկ Պետրոսյանի անձը բնութագրող վերը նշված տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Հասմիկ Պետրոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Հասմիկ Պետրոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից ու պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Գործում Հասմիկ Պետրոսյանի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում որոշում կայացնելով նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը մերժելու մասին՝ վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. չի կիրառել օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Դա հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող չհիմնավորված որոշման կայացման, ինչը նույն օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա բեկանել և փոփոխել վերաքննիչ դատարանի դատական ակտը, քանի որ վերջինիս կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնել նման ակտ, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ. հունիսի 19-ին ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ազատվում են պատժից, ուստի Հասմիկ Պետրոսյանը պետք է ազատվի սույն գործով նշանակված հիմնական պատժից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 21-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի որոշումն ազատազրկման ձևով նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

2. «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանին ազատել նշանակված հիմնական պատժից:

3. Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանին անհապաղ ազատել կալանքից:

4. Մնացած մասերով դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան