Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.08.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1913

Քաղաքացիական գործ թիվ 3-90(ՎԴ)

2009թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Սահակյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Ռազմիկ Ասատրյան և որդի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.941.300 ՀՀ դրամ:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 08.11.2007 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել. Տեսչության հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, սխալմամբ սույն գործով կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածը, հայցը մերժել է` պատճառաբանելով, որ 1.941.300 ՀՀ դրամի` որպես հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի գումարի չվճարման վերաբերյալ խախտումը կատարելուց հետո միայն յոթ տարի անց է Տեսչությունը դիմել դատարան:

Մինչդեռ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է խախտումներ հայտնաբերելու և ոչ թե դատարան դիմելու ժամկետին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.11.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 19.05.1999 թվականից մինչև 04.06.1999 թվականը Ընկերությունում իրականացվել է 01.12.1998-01.04.1999 թվականներն ընկած ժամանակաշրջանն ընդգրկող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքում կազմված թիվ 520-Տ ակտով (այսուհետ` ակտ) արձանագրվել է 19.420.800 ՀՀ դրամ պարտավորություն, որից 1.941.300 ՀՀ դրամը` որպես հարկային մարմնի զարգացման ֆոնդի գումար (հատոր 1-ին, գ.թ 6-8):

2) Վերոնշյալ հարկային պարտավորության կատարման համար ակտով սահմանվել է 10-օրյա ժամկետ (հատոր 1-ին, գ.թ 8):

3) Ընկերության կողմից հարկային մարմնի զարգացման ֆոնդի օգտին առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը վճարված լինելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց գործում առկա չէ:

4) Տեսչությունը հարկային մարմնի զարգացման ֆոնդի օգտին առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջով դատարան է դիմել 02.08.2006 թվականին (հատոր 1-ին, գ.թ 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային տեսչությունն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:

Սույն գործով Տնտեսական դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել, այն հանգամանքը, որ չի ապացուցվել Տեսչության թիվ 520-Տ ակտով հարկային մարմնի զարգացման ֆոնդի օգտին Ընկերությանն առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը վճարված լինելու կամ գերավճարից հաշվանցում կատարված լինելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելիս և այն փոփոխելիս կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածը և հանգել այն հետևության, որ Տեսչությունը պարտավոր էր առաջադրված հարկային պարտավորությունը չկատարելու հանգամանքը հայտնաբերելուց հետո երեք տարվա ընթացքում դիմել դատարան:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ նշված հոդվածով սահմանված ժամկետը վերաբերում է հարկային օրենսդրության խախտման փաստի և դրա` հարկային մարմնի կողմից հայտնաբերման միջև ընկած ժամանակահատվածին:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթը վերաբերում է հարկային պարտավորությունների հայտնաբերման բոլոր դեպքերին` առանց բացառության (տես՝ ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1586 (ՏԴ)):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տեսչության թիվ 520-Տ ակտով Ընկերությանը առաջադրվել է 19.420.800 ՀՀ դրամ պարտավորություն, որից 1.941.300 ՀՀ դրամը` որպես հարկային մարմնի զարգացման ֆոնդի գումար, հարկային պարտավորության կատարման համար նշված ակտով սահմանվել է 10-օրյա ժամկետ, գործում առկա չէ Ընկերության կողմից հարկային մարմնի զարգացման ֆոնդի օգտին առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը վճարված լինելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, Ընկերությունը Տեսչության թիվ 520-Տ ակտով առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը սահմանված 10-օրյա ժամկետում չի վճարել հարկային մարմնի զարգացման ֆոնդին, որի հետևանքով Տեսչությունը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ տնտեսական դատարանի 08.11.2007 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան