Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1462
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0744/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0744/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Ս. Սահակյան

               Տ. Նազարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ղևոնդ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ղևոնդ Հակոբյանի ընդդեմ Ռոման և Վաչագան Գևորգյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ղևոնդ Հակոբյանը պահանջել է համապարտության կարգով բռնագանձել Ռոման և Վաչագան Գևորգյաններից 1.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 2004-2006 թվականների համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` 2.214.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է` Ռոման և Վաչագան Գևորգյաններից համապարտությամբ բռնագանձվել է 1.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` 2.214.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.04.2009 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Դատարանի 24.12.2008 թվականի վճիռը Վաչագան Գևորգյանի մասով բեկանվել է և փոփոխվել` Ղևոնդ Հակոբյանի հայցը մերժել է: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ղևոնդ Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռոման Գևորգյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 360-362-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` քրեական դատավարության կարգով քննվող նյութերով հիմնավորված այն փաստը, որ Վաչագան և Ռոման Գևորգյանները պարտավորվել են վնասը հատուցել՝ նշելով գումարի վերադարձման ժամկետ` 30.12.2006 թվական:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վաչագան Գևորգյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն գործով Վաչագան Գևորգյանը պատասխանող չէ և որևէ առնչություն չունի սույն գործի հետ: Գումարի վճարման վերաբերյալ Վաչագան Գևորգյանը և Ղևոնդ Հակոբյանը չեն ունեցել որևէ գրավոր պայմանագիր, սակայն նրան պետք է վերադարձներ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից վերադարձվել է 700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, և պարտք է մնացել 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ղևոնդ Հակոբյանը 2005 թվականին Ռոման Գևորգյանին վարձակալությամբ հանձնել է ՌԱՖ 63ԼԼ476 պետհամարանիշի ավտոմեքենան: Ռոման Գևորգյանը ավոտոմեքենան վթարի է ենթարկել՝ Ղևոնդ Հակոբյանին պատճառելով նյութական վնաս:

2) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում իրականացնելու մասին 26.04.2006 թվականի որոշման համաձայն` «Նախապատրաստվող նյութերի ընթացքում Ռոման Գևորգյանը և վերջինիս հայրը` Վաչագան Գևորգյանը բացատրություններ են տվել որոնցում նշել են, որ իրենք չեն հրաժարվում Ղևոնդ Հակոբյանի ավտոմեքենայի արժեքը վճարելուց» (գ.թ 7-9):

3) Վաչագան Գևորգյանը 09.03.2006 թվականին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում տրված բացատրության համաձայն` «Ես պետք է բնակարանս վաճառեմ դրանով նոր մեքենա գնեմ Ղևոնդի համար կամ իր պահանջած գումարը տանք մեքենայի դիմաց: Բնակարանս վաճառել եմ 2005թ. հուլիս ամսին գումարը բաժանել եմ տղաներիս միջև դրանից 3500 ԱՄՆ դոլար գումար տվել եմ Ռոմանին պայմանով, որ նոր մեքենա գներ Ղևոնդին կամ վճարեր վթարված մեքենայի գինը» (գ.թ 63-64):

4) Վաչագան Գևորգյանը 25.04.2006 թվականին Երևանի Մալաթիայի քննչական բաժնում տրված լրացուցիչ բացատրության համաձայն` «ես ինքս ներկա եմ եղել բոլոր խոսակցություններին կապված Ղևոնդի մեքենայի հետ: Ես նույնպես Ղևոնդի հետ պայմանավորվածություն եմ ունեցել, որ տղաս իր հողամասը կվաճառի և Ղևոնդի մեքենայի գումարը կվճարի: Ես ինչպես նախկին բացատրություններում հիմա էլ նորից նշում եմ, որ չենք հրաժարվում Ղևոնդի գումարը տալուց: Այդ հողատարածքը արդեն ցանկացողներ կան և մոտ օրերս այն կվաճառվի և մենք Ղևոնդի գումարը անպայման կտանք», «Ղևոնդը երբ տեսավ վթարված մեքենան ասաց, որ սա մեքենա չի դառնա և պահանջեց մեքենայի արժեքը վճարել և այն հարցի շուրջ մենք եկանք ընդհանուր հայտարարի և պայմանավորվեցինք, որ տունը վաճառեմ գումարը տանք», «Խնդրում եմ մեզ որոշակի ժամանակ տրամադրեք այդ գումարը վճարելու համար» (գ.թ 83):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործարքի գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ոստիկանությունում Ռոման և Վաչագան Գևորգյանները բացատրություններ են տվել` նշելով, որ իրենք չեն հրաժարվում Ղևոնդ Հակոբյանի ավտոմեքենայի արժեքը վճարելուց:

Վերաքննիչ դատարանը, Վաչագան Գևորգյանի վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ «Ինչ վերաբերում է Դատարանի կողմից որպես հիմք ընդունած 26.04.2006 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումից բերված մեջբերմանն, առ այն, որ Ռոման Գևորգյանը և վերջինիս հայրը` Վաչագան Գևորգյանը, բացատրություններ են տվել, որոնցում նշել են, որ իրենք չեն հրաժարվում Ղևոնդ Հակոբյանի ավտոմեքենայի արժեքը վճարելուց և մոտակա ժամանակաշրջանում պարտավորվում են վերջինիս ավտոմեքենայի գումարը վերադարձնել Ղևոնդ Հակոբյանին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ այն թույլատրելի ապացույց չի համարվում, որով կհավաստվի Վաչագան Գևորգյանի կողմից վնասի պատճառման փաստը», «Տվյալ պարագայում հայցվորի և բողոքաբերի միջև բացակայում է որևէ պայմանագիր, և ինչպես արդեն նշվեց, բացառվում է բողոքաբերի կողմից վնասի պատճառումը, հետևաբար և անհիմն է վերջինիս համար գումարային պարտավորություններ սահմանելը»:

Սույն գործի փաստերի համաձայն` 09.03.2006 թվականի և 25.04.2006 թվականի բացատրություններով Ռոման և Վաչագան Գևորգյանները պարտավորվել են վճարել Ղևոնդ Հակոբյանին պատճառված վնասը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վաչագան Գևորգյանը համապարտ պատասխանատվություն է կրում Ռոման Գևորգյանի կողմից Ղևոնդ Հակոբյանի գույքին վնաս պատճառելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, համաձայն որի` Ռոման և Վաչագան Գևորգյանների բացատրությունները թույլատրելի ապացույցներ չեն համարվում, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության 47-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնք հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ռոման և Վաչագան Գևորգյանների բացատրությունները թույլատրելի ապացույցներ չեն, չի հիմնավորել իր այդ պնդումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 10.04.2009 թվականի որոշումը մասնակի բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշման` Վաչագան Գևորգյանի մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան