Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 343-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2009-09.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.434
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009446

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2009 թ.

թիվ 343-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱՍՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 153-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով մեկ պրինցիպալի (ապահովադրի) և (կամ) նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքված երաշխիքի տրամադրման պայմանագրով (պայմանագրերով) երաշխիքի գումարի (ապահովագրական գումարի) չափը չի կարող գերազանցել ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի 10 տոկոսը:

2. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով բոլոր պրինցիպալների (ապահովադիրների) հետ կնքված երաշխիքի տրամադրման պայմանագրերով երաշխիքի գումարի (ապահովագրական գումարի) չափը չի կարող գերազանցել ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի 50 տոկոսը:

3. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացման համար ապահովագրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) է ներկայացնում երաշխիքի տրամադրման դասով գործունեության կանոնակարգը (կարգ, կանոն, ընթացակարգ, կանոնակարգ), որն առնվազն պետք է սահմանի.

1) երաշխիքի տրամադրման կանոնները և վկայագրի օրինակելի ձևը,

2) երաշխիքի տրամադրման սակագները և դրանց հիմնավորումը, հաճախորդի վարկունակության գնահատման չափանիշների նկարագրությունը,

3) երաշխիքի ապահովման միջոց՝ գրավ կամ վերաապահովագրություն,

4) երաշխիքի տրամադրման վերաապահովագրության իրականացում նախատեսելու դեպքում՝ վերաապահովագրողների ցանկը, վերաապահովագրողների ընտրության չափանիշները, վերաապահովագրողների ֆինանսական վիճակի (հուսալիության) գնահատման չափանիշները:

4. Կենտրոնական բանկը կարող է՝ բացի սույն որոշման 3-րդ կետով սահմանված փաստաթղթից, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացման համար պահանջել նաև երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացմանն առնչվող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ:

5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացումը չթույլատրելու մասին որոշում չընդունվելու դեպքում նշված գործունեության իրականացումը համարվում է թույլատրված, եթե 20-օրյա ժամկետը չի կասեցվել սույն որոշման 6-րդ կետի համաձայն:

6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված 20-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև սույն որոշման 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացումը: Ընդ որում, այդ փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելուց հետո «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացումը չթույլատրելու մասին որոշման կայացման ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 20-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

7. Կենտրոնական բանկը կարող է որոշում ընդունել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացումը չթույլատրելու մասին, եթե վտանգվում են ապահովադիրների շահերը և (կամ) ապահովագրական համակարգի (կամ առանձին ապահովագրական ընկերության) հուսալիությունը և (կամ) բնականոն գործունեությունը:

8. Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված երաշխիքի տրամադրման ապահովագրության պայմանագրերի վրա՝ բացառությամբ այն պայմանագրերի, որոնք փոփոխվել կամ վերակնքվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

9. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրական ընկերությունը չի կարող կնքել երաշխիքի տրամադրման պայմանագիր, եթե ապահովագրական ընկերության կողմից մեկ պրինցիպալի (ապահովադրի) և (կամ) նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքած երաշխիքի տրամադրման բոլոր պայմանագրերով ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) չափը գերազանցում է կամ երաշխիքի տրամադրման նոր պայմանագրի կնքման արդյունքում կգերազանցի սույն որոշման 1-ին կետով սահմանված սահմանաչափը, իսկ բոլոր պրինցիպալների (ապահովադիրների) հետ կնքված երաշխիքի տրամադրման պայմանագրերով երաշխիքի գումարի (ապահովագրական գումարի) չափը գերազանցում է կամ երաշխիքի տրամադրման նոր պայմանագրի կնքման արդյունքում կգերազանցի սույն որոշման 2-րդ կետով սահմանված սահմանաչափը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2009 թ. դեկտեմբերի 4

 ք. Երևան