ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 1111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներով, ինչպես նաև դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի (այսուհետ` դպրոց) կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և «ե» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Սահմանել, որ դպրոցի գործունեության առարկան և նպատակներն են`
1) դիվանագետների, պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատողների վերապատրաստումը.
2) դիվանագիտական կադրերի պատրաստումը` բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով.
3) միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը.
4) այլ ուսումնական ծրագրերի իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում`
1) հաստատել դպրոցի կանոնադրությունը.
2) մինչև դպրոցի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալը, ինչպես նաև դպրոցի կանոնադրությամբ նախատեսված կարգով դպրոցի կառավարման խորհրդի ձևավորումը և տնօրենի նշանակումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ժէ» ենթակետով` հաստատել դպրոցի` դիվանագիտական կադրերի պատրաստման նպատակով դասընթացների ընդունելության կարգը և հայտարարել մրցույթ:
5. Սահմանել, որ`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական 2-րդ շենքի 1-ին հարկում գտնվող` 186.56 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել դպրոցին` համաձայն հավելվածի.
2) չի թույլատրվում նշված տարածքը կամ դրա մասը վարձակալությամբ տրամադրել:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
ՀՀ կառավարության 2009 թվականի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |