Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-18-Ո-25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1409
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-18-Ո-25

2009 թ.

 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Ա. Թումանյանի,

Ռ. Բարսեղյանի, Ա. Խաչատրյանի,

Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

Ն. Տավարացյանի, Հ. Փանոսյանի,

Ս. Օհանյանի,
 

մասնակցությամբ դատավոր

Ս. Միքայելյանի


քարտուղարությամբ


Շ. Վարդանյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 1-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 23.10.2009թ. թիվ N-Կ-2-05/09 որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Միքայելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Սիլվա Շահվերդյանի դիմումը` հասցեագրված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

Քաղաքացի Սիլվա Շահվերդյանը իր հանգուցյալ ամուսնու Սաշա Շահվերդյանի հետ 25.08.1992թ. ձեռք են բերել Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 բնակելի տունը: Ամուսնու մահից հետո նրա բաժնեմասը ժառանգել է Գարեգին Շահվերդյանը:

Էջմիածնի շրջանային ժողովրդական դատարանը, դիմումատուին գործին մասնակից չդարձնելով, քննել է թիվ 2-279/1997թ. քաղաքացիական գործն ըստ հայցի Վաղարշակ Մանուկյանի ընդդեմ Գարեգին Շահվերդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և 25.06.1997թ. վճռով Գարեգին Շահվերդյանի պարտքի դիմաց բռնագանձումը տարածել է Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 բնակելի տան վրա:

Դիմումատուն այդ ընթացքում շարունակել է հաշվառված լինել և բնակվել կադաստրում արդեն Վաղարշակ Մանուկյանի սեփականության իրավունքով գրանցված տանը:

Նշված վճռի վերաբերյալ դիմումատուն տեղեկացել է 2009թ. ապրիլին, երբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ դրանք հանձնվել են նրան:

Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2009թ. N 08-1976 որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վիճելի գույքի նկատմամբ բողոք բերած անձի ամուսնու` Սաշա Շահվերդյանի սեփականության իրավունքը գրանցված չի եղել, ուստի հիմնավորված չէ վիճելի գույքի նկատմամբ Սիլվա Շահվերդյանի համասեփականատեր հանդիսանալու հանգամանքը»:

Դիմումատուն հարցում է արել ՀՀ ԿԱ ԱԳԿ Վաղարշապատի ՏՍ և 05.06.2009թ. պատասխան է ստացել այն մասին, որ «Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 բնակելի տունը պատկանել է Աղաբեկ Գրիգորի Նավասարդյանին և Արմենուհի Վանուշի Նիկողոսյանին, որոնք 25.08.1992թ. այն վաճառել են Սաշա և Սիլվա Շահվերդյաններին»:

Ստանալով այդ պատասխանը` դիմումատուն կրկին վերաքննիչ բողոք է բերել:

Նշված բողոքի կապակցությամբ 12.09.2009թ. դիմումատուին հանձնվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Միքայելյանի օգնական Ն. Խաչատրյանի 08.09.2009թ. ԴԴ 7-17778 գրությունը, որում նշված է. «Ձեր կողմից 02.07.2009թ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան մուտքագրված բողոքի կապակցությամբ հայտնվում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Գ. Մատինյան) 15.05.2009թ. որոշմամբ վերադարձվել է Ձեր վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով (բողոքը բերել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի): Նշված որոշումն անփոփոխ է մնացել ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2009թ. թիվ 3-150 ՎԴ 2009թ. որոշմամբ:

Նման պայմաններում Ձեր կողմից բերված նույնաբովանդակ վերաքննիչ բողոքը կրկին անգամ քննության առնելու իրավական հիմքերը բացակայում են»:

Դատավորի օգնական Ն. Խաչատրյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացված զեկուցագրում նշել է, որ գործել է դատավոր Ս. Միքայելյանի հանձնարարությամբ:

 Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Միքայելյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

 Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի առաջին մասով սպառիչ կերպով սահմանված են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը»:

Մինչդեռ սույն գործով ոչ միայն չի պահպանվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու օրենքով սահմանված կարգը, այսինքն` որոշում չի կայացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, այլև բողոքը վերադարձվել է նման իրավասություն չունեցող անձի կողմից: Օրենքը հստակ սահմանում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշում կայացնում է ՀՀ վերաքննիչ դատարանը, մինչդեռ տվյալ դեպքում բողոքը վերադարձվել է դատավորի օգնականի գրությամբ:

Ավելին, ՀՀ դատական օրենսգրքի` Դատական իշխանության գործունեության սկզբունքները սահմանող 2-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը` միանձնյա»:

Սույն գործով բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցն անգամ քննարկման չի դրվել ՀՀ վերաքննիչ դատարանի կոլեգիալ կազմում: Այլ, ինչպես նշված է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ս. Միքայելյանի օգնական Ն. Խաչատրյանի կողմից ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված զեկուցագրում, դատավորի օգնականը «Ս. Միքայելյանի հանձնարարությամբ բողոքը վերադարձրել է դիմողին»:

Դատավորի օգնական Ն. Խաչատրյանը քաղաքացի Սիլվա Շահվերդյանին հասցեագրված 08.09.2009թ. թիվ ԴԴ 7-17778 գրության մեջ նշել է. «Ձեր կողմից բերված նույնաբովանդակ վերաքննիչ բողոքը կրկին անգամ քննության առնելու իրավական հիմքերը բացակայում են»: Այսինքն` դատավորի օգնականը, չունենալով նման իրավասություն, իրավական գնահատական է տվել ներկայացված բողոքին և դրանում արտահայտված դիրքորոշմանը, որպիսի լիազորությունը վերապահված է բացառապես դատարանին:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ս. Միքայելյանը ոչ միայն խախտել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման օրենքով սահմանված կարգը (բողոքը վերադարձնելու հարցը քննվում է կոլեգիալ կազմով), այլ նաև բողոքը վերադարձնելու վերաբերյալ օրենքի պահանջները, այն է` բողոքը վերադարձնելը հանձնարարվել է նման իրավասություն չունեցող անձին, և որոշում չի կայացվել այն վերադարձնելու վերաբերյալ:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.

 

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ս. Միքայելյանը Արդարադատության խորհրդին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ու ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում:

Նշված իրավանորմը, հանդես գալով որպես օրինականության ապահովման նորմ-սկզբունք, միաժամանակ կոչված է ապահովելու դատական ակտի կայունությունը ՀՀ տարածքում, ինչը նշանակում է, որ օրենսդիրը բացառում է նույն հիմքով, նույն առարկայի շուրջ, նույն անձանց միջև օրինական ուժ ստացած դատական ակտի առկայության պայմաններում նույն պահանջով կրկին դատաքննության իրականացում և նոր դատական ակտի ընդունում: Ընդ որում, դատական ակտի կայունության վերը նշված պահանջի ապահովումն իր հետագա ամրապնդումն է ստացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ և 109-րդ հոդվածներում:

Օրենսդիրը, վերը ներկայացված պահանջների առկայության պայմաններում, օրինական ուժ ստացած դատական ակտի կայունությունն ապահովելու նպատակով նույնանման պահանջով կրկին գործի դատական քննության իրականացումն ուղղակիորեն պայմանավորել է արդեն իսկ օրինական ուժ ստացած դատական ակտի վերանայմամբ: Ընդ որում այնպիսի վավերապայմանների առկայությամբ, երբ`

ա. առկա է գործին մասնակից չդարձած անձի պահանջ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մաս).

բ. առկա է նոր երևան եկած հանգամանք, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411 հոդվածում ամրագրված դեպքերում կարող է իրավական հնարավորություն տալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայել նոր երևան եկած հանգամանքներով.

գ. առկա է նոր հանգամանք, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20420-րդ հոդվածի ուժով կարող է հիմք հանդիսանալ նոր հանգամանքներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար:

Քննարկվող պարագայում Սիլվա Շահվերդյանի կողմից 2009թ. ապրիլի 18-ին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին ներկայացվել է վերաքննիչ բողոք` Էջմիածնի շրջանային ժողովրդական դատարանի 1997թ. հունիսի 25-ի ընդունված և օրինական ուժ ստացած թիվ 2-279/199թ. դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու պահանջով: Այդ պահանջով ՀՀ վերաքննիչ դատարանը 15.05.2009թ. կայացրել է որոշում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Այնուհետև նույն անձը նույն պահանջով կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան: Ընդ որում, բողոքում ներկայացրել է նաև նոր փաստաթուղթ` վիճելի գույքի նկատմամբ իր համասեփականատեր լինելու փաստը հաստատելու մասին, բողոքին կցելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման կողմից 05.06.2009թ. տրված թիվ 1260 տեղեկանքը:

Բացի այդ, բողոք բերող անձը 09.06.2009թ. վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2009թ. թիվ 08-1976 որոշման դեմ` հիմքում դնելով վերը նշված նոր փաստաթուղթը:

Արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին ներկայացված երկրորդ բողոքի քննությանն ընթացք չի տրվել, մինչև դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացումը:

Տվյալ դեպքում, եթե վճռաբեկ բողոքին կցված նոր տեղեկանքը (որն առաջին անգամ չէր ներկայացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացրած դատարանին) ենթակա էր որակման որպես նոր ներկայացված հանգամանք, ապա այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2049-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ենթակա էր քննության բացառապես վճռաբեկ ատյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31 բաժնում սահմանված իրավական հետևանքներով հանդերձ, հակառակ դեպքում այն, որպես իրավական հետևանք առաջ չբերող փաստաթուղթ, չէր կարող հիմք հանդիսանալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը որակել որպես նոր հիմքով ներկայացված պահանջ և կրկին վերաքննության կարգով դարձնել դատաքննության առարկա:

ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդված) թիվ 08-1976 գործը քննել և 22.07.2009թ. թիվ 3-150 (ՎԴ) որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքի ընդունումը: Ընդ որում իր որոշմամբ վճռաբեկ ատյանը չի անդրադարձել բողոք բերող անձի կողմից ներկայացված նոր փաստաթղթին և այն չի գնահատել որպես իրավական հետևանք առաջ բերող իրավաբանական փաստ:

Քննարկվող պարագայում դատական ակտի կայունության սկզբունքը պահանջում է վճռաբեկ ատյանին ներկայացված նոր փաստաթղթի առկայությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2009թ. կայացրած որոշմանը վերադասության կարգով 22.07.2009թ. թիվ 3-150 (ՎԴ) որոշմամբ օրինական ուժ տալու պայմաններում պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածում սահմանված կանոնը: Այսինքն` վերաքննիչ վարույթ ընդունելու և Էջմիածնի շրջանային ժողովրդական դատարանի 1997թ. հունիսի 25-ի թիվ 2-279/1997թ. դատական ակտը բեկանելու` բողոք բերողի նույնաբովանդակ պահանջը կրկին դատական քննության առարկա չդարձնել:

Տվյալ դեպքում օրինական ուժ ստացած դատական ակտի օրինականության սկզբունքը պարտավորեցնում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտում սահմանված կանոնն իրավունքի բոլոր սուբյեկտների կողմից անշեղորեն կատարել, քանի դեռ այդ ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով, կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով չի կորցրել իր օրինական ուժը: Այսինքն` դատական ակտի կայունությունն ապահովելու նպատակով նույն պահանջով կրկին գործի դատական քննության իրականացման իրավական հնարավորությունն օրենսդիրն ուղղակիորեն կախման մեջ է դրել արդեն իսկ օրինական ուժ ստացած դատական ակտի վերանայման և դրա արդյունքում այդ դատական ակտի իրավաբանական ուժի դադարեցման իրավաբանական փաստի առկայությունից, ինչը քննարկվող պարագայում բացակայել է (պահպանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2009թ. որոշումը):

Հարկ է նշել, որ եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը թույլ է տալիս նույն հիմքով, նույն անձանց միջև և նույն պահանջով օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում կայացնել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածը նախատեսում է գործի վարույթի կարճում` վճռի տեսքով, ապա օրենսդիրը նշված հիմքով ընդհանրապես չի սահմանել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելու իրավական ինստիտուտ, կամ այլ իրավական լուծում տվող դատական ակտի կայացում:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքը որոշմամբ վերադարձնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածին, ապա դրանում ամրագրված իրավանորմերը, ըստ իրենց դիսպոզիցիայում սահմանված կանոնի որոշակիության աստիճանի, հանդիսանալով բացարձակ որոշակի, հոդվածում ներառված վերաքննիչ բողոքի վերադարձման իրավական հիմքերի սպառիչ ցանկում (ինչը ենթակա չէ կամայական ընդլայնման) չեն նախատեսել նույն հիմքով, նույն պահանջով, նույն կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի կապակցությամբ օրինական ուժ ստացած դատական ակտի առկայության հիմքով (քննարկվող պարագայում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2009թ. և Վճռաբեկ դատարանի 22.07.2009թ. որոշումները) նույն անձի կողմից, նույն պահանջով և նույն հիմքով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերադարձման վերաբերյալ որոշում (դատական ակտ) կայացնելու իրավական հնարավորություն:

Տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերության համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի կիրառման անհնարինությունը պայմանավորված է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով, որի համաձայն` ՀՀ դատարանները կայացնում են դատական ակտեր` միայն ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում, իսկ քննարկվող պարագայում վերը ներկայացված դեպքը, ինչպես նաև սահմանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածում բացակայում են: Ընդ որում վերոգրյալ պահանջը ոչ միայն դատարաններին արգելում է օրենքով չնախատեսված դեպքերում և սահմաններում դատական ակտի կայացում, այլև այդ իմպերատիվ նորմի պահանջից բխում է նաև, որ բացառվում է դատարանի կողմից այլ կարգի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածից դուրս, փաստաթղթի կայացում (պարզաբանում, գրություն և այլն):

Օրենսդրական այդ բացը լրացնելու միակ իրավական լուծումը հնարավոր է դարձել` կիրառության մեջ դնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված օրենքի անալոգիա: Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, որի համաձայն` եթե դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ենթակա չէ Սահմանադրական դատարանին, ապա Սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձնում է դիմումը:

Նշված իրավանորմը, որպես դատավարական կանոն, իր կարգավորման ներքո ներառվող իրավահարաբերության բնույթով համանման լինելով քննարկվող իրավահարաբերության հետ, որի կարգավորումը դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք հանդիսացած իրավաբանական փաստերի շրջանակից, օգտագործվել է անալոգիայի կարգով վերաքննիչ բողոք բերած անձի գրությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:

Ընդ որում, դրանում իրավական գնահատման չեն ենթարկվել ներկայացված վերաքննիչ բողոքում շարադրված փաստերն ու դրանց հաստատմանն ուղղված ապացույցները, այլ սոսկ թվարկվել են օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերը, որոնցով արդեն իսկ լուծում է տրվել դիմողի պահանջին, և պարզաբանվել նույն պահանջով և նույն հիմքով կրկին ներկայացված նույն պահանջի կրկնակի քննության բացառում: Ընդ որում, նման պահանջը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս հետ է ուղարկում բացառապես իր գրասենյակի մակագրությամբ` առանց համապատասխան դատական ակտի կայացման:

Եզրակացություն.

ա. օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բացառվում է այդ ակտով սահմանված վարքագծի կանոնի անտեսում և նույն հիմքով, նույն անձի կողմից և նույն պահանջով կրկնակի քննություն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդված):

բ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը, չնախատեսելով նույն հիմքով, նույն անձի կողմից և նույն պահանջի կապակցությամբ օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայությամբ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք, բացառում է այդ հոդվածի կիրառումը և այդ հոդվածով նախատեսված կարգով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացումը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մաս, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մաս):

գ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը բացառում են դատարանի կողմից այլ փաստաթղթերի ընդունում (պարզաբանում, գրություն, հարցում և այլն), քան իրավական ակտ հանդիսացող դատական ակտերի:

դ. Օրենսդրական բացը լրացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է օրենքի կամ իրավունքի անալոգիայի կիրառում, որը նույնպես ենթակա է որակման օրենքի իմպերատիվ պահանջ, ինչը և քննարկվող պարագայում տեղի է ունեցել (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդված):

Իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքում կարգապահական հանձնաժողովը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթով, որի համաձայն` դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք է արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:

Հարկ է նշել, որ այս հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար որպես առիթ կարող է հանդես գալ բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ արդարադատություն իրականացնելիս գործը կամ հարցն ըստ էության լուծելիս կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, կամ արդարադատություն իրականացնելիս դատավորը թույլ է տվել դատավարական օրենքի կոպիտ և ակնհայտ խախտում (ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետ):

Նշվածն ուղղակիորեն բխում է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթից, որի համաձայն` դատավարական օրենքի կոպիտ և ակնհայտ խախտում թույլ տրված լինելու հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում:

Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ դատավարական օրենքի կոպիտ և ակնհայտ խախտման առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ, ինչն էլ կարող է հանդիսանալ միակ առիթը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառման համար:

Ուսումնասիրելով իմ վերաբերյալ ներկայացված մեղադրանքը` ակնհայտ է, որ բացակայում է ՀՀ վճռաբեկ դատարանի որևէ որոշում, որով կարգապահական հանձնաժողովը հնարավորություն ունենար իմ գործողություններում որակել դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` այդ իրավասության մենաշնորհը պատկանում է ՀՀ վճռաբեկ դատարանին:

ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիպոթեզում ներառված վավերապայմանները, որոնց առկայությունը թույլ է տալիս դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության, ուղղակի կախման մեջ է դնում դատավորի կողմից դատավարական օրենքի կոպիտ և ակնհայտ խախտում կատարած լինելու հանգամանքն արդարադատության պրոցեսից: Այսինքն` այդ խախտումը, որպես արարք, պետք է կատարված լինի, երբ իրականացվում է իրավունքի սուբյեկտի ազատությունները, իրավունքներն ու օրինական շահերը շոշափող վեճերի վերաբերյալ գործերով դատական նիստերում քննություն և դատական ակտի տեսքով վեճին տրվում է վերջնական լուծում: Ակնհայտ է, որ իմ պարագայում չի եղել որևէ դատական նիստ և չի կայացվել որևէ դատական ակտ, ընդ որում` հարցին վերջնական լուծում տվող: Այսինքն` իմ կողմից վիճարկվող հարցի կապակցությամբ չի իրականացվել արդարադատություն և չի կայացվել դատական ակտ:

Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ վարույթ հարուցելու համար իմ նկատմամբ կիրառված ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն իր հիպոթեզում ամրագրված վավերապայմաններով չի համապատասխանում առկա փաստական հանգամանքներին, ուստի և այդ նորմի դիսպոզիցիայում սահմանված կանոնը չի կարող հանդես գալ վիճարկվող իրավահարաբերության իրավական կարգավորիչ:

Եզրափակում`

Իմ խորին համոզմամբ` քննության առարկա հանդիսացող հարցն իրավական կարգավորման անկատարության հետևանք է, դրա լուծման խնդիրն արդիական է, սակայն խնդրի կարգավորման իրավական լծակների մշակումն ու այդ հիմքի վրա օրենսդրության պրոգրեսիվ զարգացման հեռանկարներն անհրաժեշտ է կառուցել ոչ թե կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարթության վրա, այլ խնդրին լուծում տվող հնարավոր իրավական եղանակների բազմակողմանի հետազոտության` այդ ուսումնասիրությանը գիտության և պրակտիկ իրավաբաններին մասնակից դարձնելու միջոցով»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Սիլվա Շահվերդյանը Էջմիածնի շրջանային ժողովրդական դատարանի 25.06.1997թ. թիվ 2-279/1997թ. վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2009թ. թիվ N 08-1976 որոշմամբ վերադարձվել է:

2. Սիլվա Շահվերդյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ ստացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Միքայելյանի օգնական Ն. Խաչատրյանի 08.09.2009թ. ԴԴ 7-17778 գրությունն այն մասին, որ «Ձեր կողմից բերված նույնաբովանդակ վերաքննիչ բողոքը կրկին անգամ քննության առնելու իրավական հիմքերը բացակայում են»:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Միքայելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամին, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննարկման դեպքում, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ (տես` Գարսիա Մանիբարդո ընդդեմ Իսպանիայի 15.01.2000 թվականի վճիռ) նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Անդամ պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Սակայն, եթե այդպիսի դատարաններ գոյություն ունեն, 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները պետք է լրացվեն, inter alia, տվյալ դատարաններին արդյունավետ մատչելիությամբ, այն հաշվով, որ վիճող կողմերը կարողանան ստանալ իրենց «քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին» վերաբերող որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

  1. չեն պահպանվել վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը օրենքով ներկայացվող պահանջները.
  2. վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը.
  3. մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.
  4. բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.
  5. բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.
  6. գործին մասնակցող անձանց միջև առկա է վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, և նման համաձայնություն կնքած մյուս կողմը չի համաձայնվել գործը վերաքննիչ դատարանում քննելու վերաբերյալ»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

ՀՀ դատական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:

Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով oրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Վերոնշյալ իրավական ակտերից հետևում է, որ դատական ակտի բողոքարկումը արդար դատաքննության իրավունքի տարր է, որը կոչված է ապահովելու վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերի արդյունավետ դատական հսկողությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Սիլվա Շահվերդյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը ՀՀ վերաքննիչ դատարանի կոլեգիալ կազմում քննարկման չի դրվել և օրենքով սահմանված կարգով որոշում չի կայացվել: Փոխարենը, դատավոր Ս. Միքայելյանը բողոքը վերադարձնելը հանձնարարել է օգնական Ն. Խաչատրյանին: Վերջինիս կողմից կազմված 08.09.2009թ. թիվ ԴԴ 7-17778 գրությամբ նշվել է. «Ձեր կողմից բերված նույնաբովանդակ վերաքննիչ բողոքը կրկին անգամ քննության առնելու իրավական հիմքերը բացակայում են»:

Այսինքն, դատավորի օգնականը իրավական գնահատական է տվել ներկայացված բողոքին և դրանում արտահայտված դիրքորոշմանը, որպիսի լիազորությունը վերապահված է բացառապես դատարանին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ դատական ծառայողի կողմից վերաքննիչ բողոքի վերադարձը խախտում է ՀՀ Սահմանադրության 19-րդ և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը: Բացի այդ, սույն գործով անձը զրկվել է նաև վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքից, քանի որ բացակայել է դրա իրավական հիմքը, այն է` վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը:

Հետևաբար, Խորհուրդը արձանագրում է, որ դատավոր Ս. Միքայելյանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ինչ վերաբերում է դատավոր Ս. Միքայելյանի այն փաստարկին, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար որպես առիթ կարող է հանդիսանալ բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որը տվյալ դեպքում բացակայում է, ապա Խորհուրդն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են`

1. վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ արդարադատություն իրականցնելիս գործը կամ հարցն ըստ էության լուծելիս կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, կամ արդարադատություն իրականացնելիս դատավորը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում.

2. անձի դիմումը.

3. պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը.

4. Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությունը.

5. դատական պրակտիկայի ամփոփման կամ ուսումնասիրման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը.

6. վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը.

7. ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս ՀՀ դատարանը թույլ է տվել ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում:

Վերոնշյալից հետևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միակ առիթը չէ:

Սույն կարգապահական վարույթը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի ուժով` Սիլվա Շահվերդյանի դիմումի հիման վրա:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 161-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Միքայելյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Մ. Մարտիրոսյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան