Գլխավոր տեղեկություն
Համար
N 1021-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2011-19.12.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.23/47(713) Հոդ.1068
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1021-Ն

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և 3-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատող գործադիր իշխանության հանրապետական մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունը հիմք է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 75-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որակելու և այդ նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը կազմելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1021-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը:

2. Բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ենթակա են օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը (այսուհետ` նորմատիվ իրավական ակտի նախագիծ):

3. Նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակող մարմինը նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատում և դրա վերաբերյալ եզրակացություն կազմում է նորմատիվ իրավական ակտի նախագիծն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում` 5-օրյա ժամկետում:

6. Նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատելիս` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարզում է`

1) նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման առարկան և արդյունքները.

2) նորմատիվ իրավական ակտի նախագծի չընդունման դեպքում` դրա հետևանքները և բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունն ըստ ժամկետների.

3) նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում` դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները և բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունն ըստ ժամկետների:

7. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի հարցերը պարզելիս, եթե նորմատիվ իրավական ակտի նախագիծը վերաբերում է վարչարարությանը, հաշվի են առնվում նորմատիվ իրավական ակտի նախագծից բխող վարչարարություն իրականացնող մարմնի համար անհրաժեշտ հետևյալ ծախսերը`

1) անձնակազմի պահպանման հետ կապված ծախսեր (աշխատավարձ, դրան հավասարեցված վճարումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հատուցումներ, վերապատրաստման ծախսեր, նյութատեխնիկական ապահովության հետ կապված ծախսեր և այլն).

2) գործուղումների հետ կապված ծախսեր.

3) մասնագետներին և (կամ) փորձագետներին և (կամ) թարգմանիչներին վարձատրելու հետ կապված ծախսեր.

4) վարչական ակտը կամ վարչարարության իրականացման հետ կապված այլ փաստաթղթեր դրանց հասցեատերերին հանձնելու, ինչպես նաև վկաների, փորձագետների և թարգմանիչների հրավիրման հետ կապված ծախսեր.

5) հրապարակային հայտարարություններ անելու և (կամ) վարչական ակտը հրապարակելու հետ կապված ծախսեր.

6) վարչական ակտի կամ վարչարարության հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթերի լրացուցիչ օրինակներ տրամադրելու, այդ փաստաթղթերից պատճեններ (լուսապատճեններ) կամ քաղվածքներ կատարելու և տրամադրելու հետ կապված ծախսեր.

7) վարչական վարույթին մասնակցությունն ապահովելու կամ վարչարարության հետ կապված այլ նպատակով հեռագրեր ու միջքաղաքային հեռախոսազանգեր ուղարկելու և հղելու հետ կապված ծախսեր.

8) այլ վարչական մարմիններին կամ այլ անձանց կողմից ցույց տրված օգնության կամ ծառայությունների համար վճարումներ կատարելու հետ կապված ծախսեր.

9) իրեր տեղափոխելու կամ պահպանելու հետ կապված ծախսեր.

10) վարչական մարմնի կողմից կատարողական վարույթ իրականացնելու հետ կապված ծախսեր.

11) վարչարարության իրականացման հետ կապված այլ ծախսեր:

8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հանգամանքները պարզելուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գնահատում է նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նորմատիվ իրավական ակտի նախագծով կարգավորվող բնագավառի համար նախատեսված եկամուտները և (կամ) ծախսերը, դրանց բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու կամ այլ ձևով միջոցների հատկացման հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մյուս տարիների պետական բյուջեներով նորմատիվ իրավական ակտի նախագծով կարգավորվող բնագավառի համար համապատասխան եկամուտների և (կամ) ծախսերի նախատեսման հնարավորությունը:

9. Նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատելիս` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2.4-րդ և 3-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված և պետական մարմիններին տրամադրված` տվյալ տարվա բյուջետային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումներով պահանջվող մեթոդաբանությամբ ու ներկայացնելու ձևաչափով, ինչպես նաև համապատասխան ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի ծախսերի հաշվարկների հիմքում ընդունված ծախսային նորմաներով:

10. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատելուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմում է նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում նախագիծը մշակած մարմին:

11. Նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատելիս` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է նախագիծը մշակած կամ այլ իրավասու մարմիններից ու կազմակերպություններից պահանջել անհրաժեշտ հաշվարկներ և (կամ) հիմնավորումներ և (կամ) այլ տվյալներ ու տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան պարզելու սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հանգամանքները և գնահատելու նորմատիվ իրավական ակտի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը:

12. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակած կամ այլ իրավասու մարմինը կամ կազմակերպությունը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հաշվարկները և (կամ) հիմնավորումները և (կամ) այլ տվյալներ ու տեղեկություններ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` դրանք ներկայացնելու պահանջն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան