ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 սեպտեմբերի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 01.09.2009թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիրն ստորագրվել է 2009 թվականի հունիսի 26-ին Երևանում` երկկողմ համագործակցությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում խորացնելու նպատակով:
2. Հուշագրով նախատեսվում է ապահովել Հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ուսումնական կենտրոնի (Կենտրոն) հիմնումը Երևանում, դրա հետագա պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև գիտական աշխատողների նոր հոսքի ձևավորում և աշխատատեղերի ստեղծում, համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՏ մասնագետների նախապատրաստում` հայկական շուկա ներդրումներ ներգրավելու և արտահանումների միջոցով շուկայի հասույթը մեծացնելու նպատակով: Այդ նպատակով Հնդկաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում է ընդունվել տրամադրել Rs. 75.57 միլիոն գումարի միանվագ դրամաշնորհ Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման համար:
3. Հուշագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● հատկացնել շենք` անհրաժեշտ տարածքներով, ներքին միջնապատերով, ներքին հարդարանքով, կապի միջոցներով, հոսանքով, ինչպես նաև հագեցած հետևյալ հարմարություններով` UPS/DG սարք (այլընտրանքային հոսանքի մատակարարում), ջրամատակարարում, ջեռուցում, օդափոխություն և այլն,
● տրամադրել համակարգիչներ և գրասենյակային կահույք, գրասենյակների, լսարանների, գրադարանի և դասախոսների աշխատասենյակների համար անհրաժեշտ այլ սարքավորումներ,
● անվճար տրամադրել կահավորված բնակարաններ, փոխադրամիջոցներ, կապ և բժշկական ծառայություններ Հնդկաստանից գործուղված փորձագետների համար,
● ապահովել մատակարարված ապրանքների մաքսազերծումը և դրանց տեղափոխումը Կենտրոն կարճ ժամկետներում,
● տրամադրել ամենօրյա ֆինանսական և կառավարման աջակցություն Կենտրոնին,
● հոգալ Կենտրոնի ամենօրյա գործառնական ծախսերը,
● տրամադրել բոլոր պահանջվող թույլտվությունները և հաստատումները Կենտրոնի ստեղծման և գործունեության համար և այլն:
4. Հուշագրի կիրարկման նպատակով մշակված բոլոր փաստաթղթերը կլինեն հուշագրի անբաժանելի մասը:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
Փոխըմբռնման հուշագրի գործողությունը դադարում է Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:
5. Փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
16 սեպտեմբերի 2009 թ. ՍԴՈ-828 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|