Գլխավոր տեղեկություն
Համար
N 497-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.23/26(550) Հոդ.627
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2007 թվականի N 497-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 2
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 19-ի N 497-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների (այսուհետ` ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա) իրականացման կարգը, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկայի իրականացման պարտադիր պահանջներն ու պայմանները:

2. Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկան իրականացվում է մեկ կամ մի քանի ընտանեկան բժշկից և պայմանագրային հիմունքներով աշխատող մեկ կամ մի քանի ընտանեկան բուժքրոջից բաղկացած բժշկական հաստատության (իրավաբանական անձի) կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

3. Ընտանեկան բժշկության անհատական կամ խմբային պրակտիկայի իրականացումը մեկ կամ մի քանի ընտանեկան բժշկի և ընտանեկան բուժքրոջ կողմից առաջնային բժշկական օգնության ծառայությունների (ընտանեկան բժշկություն) մատուցումն է:

4. Ընտանեկան բժիշկների պրակտիկաները կարող են իրականացվել անհատական և խմբային ձևով:

5. Ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնող կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ (այսուհետ` ընտանեկան բժշկության պրակտիկա իրականացնող), բացի ընտանեկան բժշկի որակավորում ունեցող անձից (անձանցից), կարող են պայմանագրային հիմունքներով աշխատել նաև այլ բժիշկ-մասնագետներ:

6. Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկան կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձևով կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կողմից:

7. Որպես ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնող բուժհաստատության հիմնադիր (համապատասխան իրավաբանական անձի հիմնադիր կամ անհատ ձեռնարկատեր) կարող է հանդիսանալ միայն ընտանեկան բժշկի որակավորում ունեցող բժիշկը կամ բժիշկների խումբը: Մեկ ընտանեկան բժիշկը կարող է լինել միայն մեկ ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնող բուժհաստատության հիմնադիր (մասնակից):

8. Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողը պետք է գործի, և դրանում ներգրավված ընտանեկան բժիշկները պետք է բնակչություն հավաքագրեն որոշակի վարչատարածքային միավորի սահմաններում` բացառությամբ սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

9. Երևան քաղաքում ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողը պետք է տեղակայված լինի քաղաքի այն համայնքի տարածքում, որտեղ գտնվում է իր կողմից սպասարկվող բնակչության 90 տոկոսից ավելին:

10. Քաղաքային համայնքներում ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողը պետք է գործի, և դրանում ներգրավված ընտանեկան բժիշկները պետք է բնակչություն հավաքագրեն միայն տվյալ քաղաքային համայնքի տարածքում` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ քաղաքային համայնքում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունն սպասարկում է նաև հարակից համայնքների բնակչությանը:

11. Գյուղական համայնքներում ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողը կարող է սպասարկել մի քանի հարակից համայնքների բնակիչների, բայց ոչ ավելի, քան իր տեղակայման վայրից տասը կիլոմետր շառավղով:

12. Սույն կարգի 8-11-րդ կետերում նշված կանոններից բացառությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն (այսուհետ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով:

(12-րդ կետը փոփ. 13.02.08 N 141-Ն)

 

II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

 

13. Բժշկի ազատ ընտրությունն իրականացվում է բնակիչների կողմից բժշկի ընտրության և ընտանեկան բժշկի կողմից բնակիչների գրանցման միջոցով, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

14. Պետական պատվեր ստանալու համար ընտանեկան բժիշկների պրակտիկայում ներգրավված բժիշկները պետք է հավաքագրեն և համապատասխան ձևով գրանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թվաքանակով բնակչություն:

15. Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի և բնակչի միջև կնքվող պայմանագրում պարտադիր պետք է ներառվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) և ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքվող պայմանագրում ներառված ծառայությունների ամբողջ ծավալը: Ընտանեկան բժշկի մոտ գրանցման փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար):

16. Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողներն իրենց կողմից հավաքագրված բնակչության մասին տեղեկատվություն պետք է ներկայացնեն նախարարություն` նախարարության և ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի միջև կնքվող պայմանագրերով սահմանված կարգով և պարբերականությամբ:

 

III. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Սկսած 2010 թվականից` ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնողի մոտ պայմանագրային հիմունքներով կարող է աշխատել միայն ընտանեկան բուժքրոջ որակավորում ունեցող անձը:

18. Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողները կարող են իրենց գործունեությունն իրականացնել ինչպես տվյալ տարածքում գործող առողջապահական հաստատության շենքում, այնպես էլ տվյալ վարչական բնակավայրի (բնակավայրերի) այլ շենքային տարածքներում:

19. Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա կարող է իրականացվել միայն ընտանեկան բժիշկների կողմից իրավաբանական անձ ձևավորելուց և գրանցելուց կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուց ու համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:

20. Ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը պետք է հավաքագրի և համապատասխան ձևով գրանցի առնվազն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակով սպասարկվող բնակչություն: Ընդ որում, ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնող բժիշկը գործունեության առաջին վեց ամսում կարող է հավաքագրել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակի կեսը` հաջորդ մեկ տարում թույլատրելի նվազագույն թվաքանակը հավաքագրելու պայմանով: Առաջին վեց ամսվա ընթացքում հավաքագրված բնակչության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` մինչև 18 տարեկան և 18 ու ավելի բարձր տարիք ունեցող բնակիչների թվի համամասնությունը կարող է չպահպանվել:

(20-րդ կետը խմբ. 20.08.09 N 965-Ն)

21. Հավաքագրված բնակչության նվազագույն թվաքանակն ապահովելուց հետո ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը նախարարություն պետք է ներկայացնի նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` անհատական պրակտիկա իրականացնելու և պետական պատվերի շրջանակներում պայմանագիր կնքելու համար նախնական համաձայնություն ստանալու մասին: Հայտին կից ներկայացվում են բժշկի որակավորումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի, հետդիպլոմային կրթության փաստաթղթի, վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականի պատճենները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավաքագրված բնակիչների ցուցակները և անհատական պրակտիկա իրականացնելու վայրի մասին տեղեկատվություն:

22. Նախարարությունը մեկամսյա ժամկետում քննարկում է հայտը և տալիս իր նախնական համաձայնությունը` ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու վերաբերյալ, եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, կամ նույն ժամկետում ընդունում է որոշում ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին հայտը մերժելու վերաբերյալ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին: Հայտը բավարարվելու դեպքում նախարարությունը դրա մասին տեղեկացնում է համապատասխան տարածքային կառավարման մարմնին:

23. Նախարարության նախնական համաձայնությունն ստանալուց հետո ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը երկամսյա ժամկետում պետք է օրենքով սահմանված կարգով գրանցվի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր և ստանա բժշկական օգնության ու սպասարկման լիցենզիա:

24. Լիցենզիա ստանալուց հետո ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողը նախարարություն է ներկայացնում նախարարի կողմից սահմանված ձևի հայտ պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին: Հայտին կից ներկայացվում են նախարարության կողմից տրված` ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնությունը, պետական գրանցման վկայականի, կանոնադրության պատճենները, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը, անհատական պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկանքը և հավաքագրված բնակչության մասին տեղեկանքը:

25. Մեկամսյա ժամկետում հայտը քննարկվում է նախարարությունում և ընդունվում է որոշում հայտը բավարարելու կամ մերժելու մասին: Ներկայացված հայտը և փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում հայտը բավարարվում է, և ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքվում է պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր: Ներկայացված հայտը և փաստաթղթերը սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտը մերժվում է: Մեկամսյա ժամկետում հայտին չպատասխանելու և որոշում չընդունվելու դեպքում հայտը համարվում է բավարարված, և ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքվում է պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր:

26. Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը կարող է առանց նախարարության նախնական համաձայնությունն ստանալու, գրանցվել որպես իրավաբանական անձ, օրենքով սահմանված կարգով ստանալ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա, սահմանված կարգով հավաքագրել նվազագույն թվաքանակով սպասարկվող բնակչություն և նախարարություն ներկայացնել նախարարի կողմից սահմանված ձևի հայտ պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին: Հայտին կից ներկայացվում են ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի պետական գրանցման վկայականի, կանոնադրության պատճենները (իրավաբանական անձի դեպքում), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը և ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկանք: Հայտը քննարկվում է սույն կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

27. Պետական պատվեր ստանալուց հետո երկամսյա ժամկետում ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողը պետք է տվյալ պրակտիկայի գործունեության տարածքին հարակից տարածքում գտնվող մեկ այլ ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի կամ դրանց բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության հետ կնքի պայմանագիր ընտանեկան բժշկի տարեկան արձակուրդում կամ անաշխատունակ վիճակում գտնվելու ժամանակահատվածում (բայց ոչ ավելի, քան չորս ամիս)` տվյալ ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող բնակչությանը փոխարինման կարգով սպասարկելու մասին: Ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնողը պետք է կնքված պայմանագրի մասին տասնօրյա ժամկետում ծանուցի նախարարությանը:

28. Ընտանեկան բժշկի կողմից հավաքագրված բնակչության թվաքանակը սահմանված նվազագույն թվաքանակից պակասելու դեպքում նախարարությունն ընտանեկան բժշկին առաջարկում է վեցամսյա ժամկետում համալրել հավաքագրված բնակչության թվաքանակը կամ վերակազմակերպվել և իր հավաքագրած բնակիչների ցուցակով միավորվել մեկ այլ ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ` ստեղծելով խմբային պրակտիկա, կամ միավորվել ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ: Միավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պրակտիկա իրականացնողի տեղակայման աշխարհագրական դիրքը և ստանալ նախարարության ու տարածքային կառավարման մարմնի նախնական համաձայնությունը: Նախնական համաձայնության մասին հայտը նախարարության և տարածքային կառավարման մարմնի կողմից պետք է քննարկվի և որոշում ընդունվի հայտը համապատասխան մարմին մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

29. Վեցամսյա ժամկետում հավաքագրված բնակչության թիվը չհամալրելու կամ սույն կարգին համապատասխան չվերակազմակերպվելու (չմիավորվելու) դեպքում ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքված պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծվում է:

30. Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքված պայմանագիրը լուծվելու դեպքում տվյալ բժշկի կողմից սպասարկվող անձը կարող է վեցամսյա ժամկետում նոր ընտանեկան բժիշկ ընտրել:

31. Մինչև նոր ընտանեկան բժիշկ ընտրելը` տվյալ տարածքի տարածքային կառավարման մարմինը մատնանշում է այն ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողին կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատությունը, որը պետք է պետական պատվերի շրջանակներում ժամանակավորապես սպասարկի պայմանագիրը լուծած ընտանեկան բժշկի մոտ հավաքագրված բնակչությանը: Նշված կազմակերպության հետ նախարարությունը կնքում է պայմանագիր:

32. Վեցամսյա ժամկետում ընտանեկան բժիշկ չընտրած անձն սպասարկվում է տարածքային կառավարման մարմնի կողմից մատնանշված ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողի կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատության կողմից, կամ դրանց բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից` մինչև ընտանեկան բժիշկ ընտրելը:

33. Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկայում ընդգրկված բժիշկն իր տարեկան արձակուրդ գնալու ժամկետների և իրեն փոխարինող ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողի կամ առաջնային բուժօգնություն մատուցող այլ բուժհաստատության մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել տարածքային կառավարման մարմնին` արձակուրդ գնալուց առնվազն տասն օր առաջ:

34. Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնող ընտանեկան բժիշկն իր աշխատանքը դադարեցնելու մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել նախարարությանը` դադարեցման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:

35. Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողի հետ կնքված պայմանագիրը լուծվելուց կամ պրակտիկա իրականացնողի կողմից աշխատանքները դադարեցվելուց հետո տասնօրյա ժամկետում տվյալ տարածքի տարածքային կառավարման մարմինն ապահովում է պրակտիկա իրականացնողի մոտ գտնվող բժշկական փաստաթղթերի ընդունումն ու պահպանումը` մինչև դրանք այլ ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողին կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատությանը հանձնելը` տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:

36. Գործունեության ընթացքում նույն կամ հարակից վարչական բնակավայրերի տարածքում գործող ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողները կարող են միավորվել` իրականացնելով ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա: Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողը կարող է միավորվել նաև նույն կամ հարակից վարչական բնակավայրի տարածքում գործող ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ: Միավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել միավորվող պրակտիկա իրականացնողների տեղակայման աշխարհագրական դիրքը և ստանալ նախարարության ու տարածքային կառավարման մարմնի նախնական համաձայնությունը: Նախնական համաձայնության մասին հայտը նախարարի և տարածքային կառավարման մարմնի կողմից պետք է քննարկվի և որոշում ընդունվի հայտը համապատասխան մարմին մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

 

IV. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԽՄԲԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

37. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողը մեկից ավելի ընտանեկան բժիշկներից, ընտանեկան բուժքույրերից կամ այլ որակավորում ունեցող միջին բուժաշխատողներից բաղկացած առաջնային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատություն է (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր): Սկսած 2010 թվականից` ընտանեկան բժշկի խմբային պրակտիկա իրականացնողի մոտ պայմանագրային հիմունքներով կարող է աշխատել միայն ընտանեկան բուժքրոջ որակավորում ունեցող անձը:

38. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող իրավաբանական անձի հիմնադիրներ կարող են հանդիսանալ միայն ընտանեկան բժշկի որակավորում ունեցող անձինք: Ընդ որում, ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկայի հիմնադիրների փայաբաժինները պետք է լինեն հավասար:

39. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող կազմակերպությունում պետք է աշխատի առնվազն երկու ընտանեկան բժիշկ:

40. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի մոտ աշխատող յուրաքանչյուր ընտանեկան բժշկի հաշվով պետք է պայմանագրային հիմունքներով աշխատի առնվազն մեկ ընտանեկան բուժքույր կամ այլ միջին բուժաշխատող:

41. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողները կարող են իրենց գործունեությունը ծավալել ինչպես տվյալ տարածքում գործող առողջապահական հաստատության շենքում, այնպես էլ տվյալ վարչական բնակավայրի (բնակավայրերի) այլ շենքային տարածքներում:

42. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա կարող է իրականացվել միայն ընտանեկան բժիշկների կողմից իրավաբանական անձ ձևավորելուց և գրանցելուց կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուց ու համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:

43. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի մոտ աշխատող յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա իր կողմից հավաքագրված բնակիչների առանձին ցուցակներ և բնակչության հետ կնքված պայմանագրեր:

44. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ընտանեկան բժիշկ պետք է հավաքագրի և համապատասխան ձևով գրանցի առնվազն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակով սպասարկվող բնակչություն:

45. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող` իրավաբանական անձ հիմնող բժիշկները կարող են հավաքագրել և սպասարկել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բնակչության նվազագույն թվաքանակի կեսից ոչ պակաս բնակչություն, եթե խմբային պրակտիկայում ներգրավված այլ բժիշկների կողմից հավաքագրված բնակչության թվի համաձայն` տվյալ խմբային պրակտիկայի կողմից հավաքագրված բնակչության թիվը պակաս չէ խմբային պրակտիկայի բժիշկների թվին համապատասխան հաշվարկված` հավաքագրված բնակչության նվազագույն թվից:

46. Տվյալ դեպքում նախարարությունն ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկայում ընդգրկված և նվազագույն թվով բնակչություն չհավաքագրած բժշկին առաջարկում է մեկ տարվա ընթացքում լրացնել հավաքագրված բնակչության թիվը:

47. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնելու համար ընտանեկան բժիշկների խումբը պետք է ընդունի որոշում խմբային պրակտիկա հիմնելու մասին, և յուրաքանչյուր բժիշկ պետք է հավաքագրի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թվաքանակով սպասարկվող բնակչություն:

48. Հավաքագրված բնակչության նվազագույն թվաքանակն ապահովելուց հետո ընտանեկան բժիշկների խումբը նախարարություն պետք է ներկայացնի նախարարի կողմից հաստատված ձևի հայտ` խմբային պրակտիկա իրականացնելու և պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու համար: Հայտին կից ներկայացվում են բժիշկների որակավորումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի, հետդիպլոմային կրթության փաստաթղթի և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վերաբերյալ վկայականի պատճենները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավաքագրված բնակիչների ցուցակները և խմբային պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկատվություն:

49. Նախարարությունը մեկամսյա ժամկետում քննարկում է հայտը և տալիս իր նախնական համաձայնությունը խմբային պրակտիկա իրականացնելու վերաբերյալ, եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, կամ նույն ժամկետում ընդունում է որոշում խմբային պրակտիկա իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին հայտը մերժելու վերաբերյալ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին: Հայտը բավարարվելու դեպքում նախարարությունը դրա մասին տեղեկացնում է համապատասխան տարածքային կառավարման մարմնին:

50. Նախարարության նախնական համաձայնությունն ստանալուց հետո` ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկների խումբը երկամսյա ժամկետում պետք է օրենքով սահմանված կարգով գրանցվի որպես իրավաբանական անձ ու ստանա բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա:

51. Լիցենզիա ստանալուց հետո ընտանեկան բժշկության խմբային պրակտիկա իրականացնողը նախարարություն է ներկայացնում նախարարի կողմից սահմանված ձևի հայտ պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին: Հայտին կից ներկայացվում են նախարարության կողմից տրված` ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնությունը, պետական գրանցման վկայականի, կանոնադրության պատճենները, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը, անհատական պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկանքը և հավաքագրված բնակչության մասին տեղեկանքը:

52. Մեկամսյա ժամկետում հայտը քննարկվում է նախարարությունում, և ընդունվում է որոշում հայտը բավարարելու կամ մերժելու մասին: Ներկայացված հայտը և փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում հայտը բավարարվում է, և ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքվում է պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր: Ներկայացված հայտը և փաստաթղթերը սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտը մերժվում է: Մեկամսյա ժամկետում հայտին չպատասխանելու և որոշում չընդունվելու դեպքում հայտը համարվում է բավարարված, և ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքվում է պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագիրը կնքվում է համապատասխան իրավաբանական անձի հետ, սակայն պայմանագրին կից ներկայացվում են յուրաքանչյուր բժշկի կողմից հավաքագրված բնակիչների ցուցակները:

53. Ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկների խումբը կարող է առանց նախարարության նախնական համաձայնությունն ստանալու գրանցվել որպես իրավաբանական անձ, օրենքով սահմանված կարգով ստանալ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա, սահմանված կարգով հավաքագրել նվազագույն թվով սպասարկվող բնակչություն և նախարարություն ներկայացնել նախարարի կողմից սահմանված ձևի հայտ պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին: Հայտին կից ներկայացվում են ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի պետական գրանցման վկայականի, կանոնադրության պատճենները, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենն ու ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկայի իրականացման վայրի մասին տեղեկանք: Հայտը քննարկվում է սույն կարգի 52-րդ կետով սահմանված կարգով:

54. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող բժիշկները պարտավոր են փոխարինել պրակտիկա իրականացնող այլ բժշկի` տարեկան արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում:

55. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնող բժիշկները պարտավոր են խմբային պրակտիկայում իրենց աշխատանքը դադարեցնելու մասին գրավոր տեղեկացնել պրակտիկայի բժիշկներին` աշխատանքների դադարեցումից առնվազն մեկ ամիս առաջ:

56. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի մոտ աշխատող ընտանեկան բժիշկներից որևէ մեկի մոտ հավաքագրված բնակչության թվաքանակը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թվաքանակից պակասելու կամ պրակտիկայում ընդգրկված որևէ բժշկի` պրակտիկայից դուրս գալու մասին մտադրության կամ պրակտիկա իրականացնողի լուծարման դեպքում ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողը պարտավոր է տվյալ փոփոխությունների մասին անհապաղ տեղեկացնել նախարարությանը:

57. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի կողմից հավաքագրված բնակչության թիվը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նվազագույն թվաքանակից պակասելու դեպքում նախարարությունը նրան առաջարկում է վեցամսյա ժամկետում համալրել հավաքագրված բնակչության թիվը կամ կրճատել խմբում ընդգրկված բժիշկների թիվը` համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բնակչության նվազագույն թվաքանակին, կամ վերակազմակերպվել և իր հավաքագրած բնակիչների ցուցակներով միավորվել մեկ այլ ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային պրակտիկա իրականացնողի հետ կամ վերակազմակերպվել որպես ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնող: Միավորման կամ վերակազմակերպման ժամանակ պետք է հաշվի առնել պրակտիկա իրականացնողի տեղակայման աշխարհագրական դիրքը և ստանալ նախարարության ու տարածքային կառավարման մարմնի նախնական համաձայնությունը: Նախնական համաձայնության մասին հայտը նախարարության և տարածքային կառավարման մարմնի կողմից պետք է քննարկվի և որոշում ընդունվի հայտը համապատասխան մարմին մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

58. Վեցամսյա ժամկետում` ընտանեկան բժիշկների խմբի անդամների կողմից հավաքագրված բնակչության թիվը չհամալրվելու կամ չվերակազմակերպվելու դեպքում ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքված պետական պատվերի շրջանակներում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծվում է:

59. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքված պայմանագրի լուծման դեպքում` սպասարկվող անձը վեցամսյա ժամկետում կարող է նոր ընտանեկան բժիշկ ընտրել:

60. Մինչև նոր ընտանեկան բժիշկ ընտրելը` տվյալ տարածքի տարածքային կառավարման մարմինը մատնանշում է այն ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողին կամ առաջնային բուժօգնություն իրականացնող այլ բուժհաստատություն, որը պետք է ժամանակավորապես սպասարկի պայմանագիրը լուծած ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողի մոտ հավաքագրված բնակչությանը: Նշված կազմակերպության հետ նախարարությունը կնքում է պայմանագիր:

61. Վեցամսյա ժամկետում ընտանեկան բժիշկ չընտրած անձը կարող է սպասարկվել տարածքային կառավարման մարմնի կողմից մատնանշված ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողի կամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատության կողմից կամ, դրանց բացակայության դեպքում, ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից` մինչև ընտանեկան բժիշկ ընտրելը:

62. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողի հետ կնքված պայմանագիրը լուծվելուց հետո տասնօրյա ժամկետում տվյալ տարածքի տարածքային կառավարման մարմինն ապահովում է պրակտիկա իրականացնողի մոտ գտնվող բժշկական փաստաթղթերի ընդունումն ու պահպանումը` մինչև դրանք այլ ընտանեկան բժիշկների պրակտիկա իրականացնողին հանձնելը` տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:

63. Ընտանեկան բժիշկների խմբային պրակտիկա իրականացնողը կարող է օրենքով սահմանված կարգով առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպվել` ստեղծելով ընտանեկան բժիշկների անհատական պրակտիկա իրականացնողներ: Առանձնացման կամ բաժանման ժամանակ պետք է հաշվի առնել ստեղծվող պրակտիկաների տեղակայման աշխարհագրական դիրքը և ստանալ նախարարի ու տարածքային կառավարման մարմնի նախնական համաձայնությունը: Նախնական համաձայնության մասին հայտը նախարարի և տարածքային կառավարման մարմնի կողմից պետք է քննարկվի և որոշում ընդունվի հայտը համապատասխան մարմին մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

(հավելվածը փոփ. 13.02.08 N 41-Ն, խմբ. 20.08.09 N 965-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.08.2009, N 965-Ն 03.09.2009, N 497-Ն
13.02.2008, N 141-Ն 06.03.2008, N 497-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան