ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2009 թվականի N 898-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1431-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, 72-րդ և 75-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնել`
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող` 1834.5 քառ. մետր ընդհանուր տարածքով ու 14632.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով նախկին վարժարանի շենքը և 0.8660 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման 2002 թվականի ապրիլի 15-ի N 403242 վկայական)` այն հետ վերցնելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից.
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի N 6 հասցեում գտնվող` 3829.72 քառ. մետր ընդհանուր տարածքով ու 144.400 հազ. դրամ սկզբնական արժեքով Շիրակի մանկավարժության տարածաշրջանային կենտրոնի մասնաճյուղի շենքը և 5812.04 քառ. մետր մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1122015 վկայական)` այն հետ վերցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինմանը հանձնված` Վարդենիս քաղաքում գտնվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Վարդենիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն նպատակային (ուսումնական) նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը շենքեր և շենքերի մասեր հանձնելու մասին» N 1431-Ա որոշման 1-ին կետի «դ» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 10 Երևան |
|