Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.34
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/4080/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/4080/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.11.2008 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյանի` 567.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյանից 567.100 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տույժը վարչական տույժի տեսակ է, ուստի տվյալ դեպքում Դատարանը պետք է կիրառեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, որի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում այն բացահայտելու օրվանից 2 ամսվա ընթացքում: Սույն գործով իրավախախտումը բացահայտվել է 03.03.2008 թվականին, իսկ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 13.05.2008 թվականին, այսինքն՝ սահմանված երկամսյա ժամկետը լրանալուց հետո:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարները ժամանակին չվճարելը վարչական իրավախախտում է, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.3-րդ հոդվածով, հետևաբար տվյալ դեպքում կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը:

Դատարանն անտեսել է, որ օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին:

Տեսչության տեղեկանքով հաշվարկը սկսվում է 01.01.2003 թվականից և ավարտվում է 03.03.2008 թվականին, մինչդեռ կիրառելով «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը՝ ստացվում է, որ 03.03.2005 թվականից առաջ հաշվարկված սոցիալական վճարների պարտավորությունները ժամկետանց պարտավորություններ են, որոնք գանձման ենթակա չեն:

Այսպիսով, Տեսչությունը գումարի բռնագանձման պահանջ կարող էր ներկայացնել միայն 03.03.2005 թվականից հետո առաջացած պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության ապառքի մասով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և համապատասխանաբար փոփոխել Դատարանի 14.11.2008 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության 08.04.2008 թվականի «Հաշվարկների տեղեկանք»-ի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյանի սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները 08.04.2008 թվականի դրությամբ կազմում են 567.100 ՀՀ դրամ, որից ապառք՝ 380.500 ՀՀ դրամ, տույժ՝ 186.600 ՀՀ դրամ (գ.թ. 6):

2) Սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները հաշվարկվել են 2003 թվականի հունվար-2008 թվականի փետրվար ամիսների համար (գ.թ. 7-9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ սոցիալական վճարների վճարման պարտավորություն ունեցող անձի մոտ պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված օրենքի խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ բողոք բերած անձի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի խախտման փաստը հայտնաբերվել է 08.04.2008 թվականին, հետևաբար բողոք բերած անձի համար սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություններ կարող են առաջանալ միայն սկսած 08.04.2005 թվականից:

Մինչդեռ Դատարանը, ամբողջությամբ բավարարելով հայցը, անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչության կողմից սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները հաշվարկվել են ոչ միայն նշված խախտումները հայտնաբերելու օրվան նախորդող երեք տարիների համար, այլ՝ սկսած 2003 թվականի հունվար ամսից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը խախտել է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի պատճառաբանությանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում, այն բացահայտելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ երկամսյա ժամկետը սահմանված է ոչ թե իրավախախտումը հայտնաբերելուց հետո դատարան դիմելու, այլ վարչական տույժ նշանակելու համար: Հետևաբար անհիմն է վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ իրավախախտման հայտնաբերման պահից երկամսյա ժամկետի խախտմամբ դատարան հայց ներկայացնելու ուժով Տեսչության հայցը ենթակա է մերժման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան