Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (27.06.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.06.1995
Ստորագրման ամսաթիվ
27.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.1995

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը,

առաջնորդվելով գիտական աստիճանների փաստաթղթերի ճանաչման և նոստրիֆիկացման, գիտական աստիճանների համադրելիության սկզբունքների մասին պայմանավորվածություններով,

ձգտելով պահպանել միասնական գիտական տարածքը,

հաստատելով բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցությունը շարունակելու ձգտումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին:

 

Հոդված 1

 

Կողմերն անցկացնում են փոխադարձ խորհրդատվություններ ատեստավորման համակարգերի զարգացման ազգային հայեցակարգերը և բարձրագույն որակավորման գիտական ու գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պահանջները մշակելիս:

 

Հոդված 2

 

Կողմերն անցկացնում են փոխադարձ խորհրդատվություններ գիտաշխատողների մասնագիտությունների ազգային ցանկերը (անվանացանկերը) մշակելիս և իրենց պետությունների տարածքներում գիտական աստիճանների շնորհման խորհուրդների ցանցերը ձևավորելիս: Նրանք բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման ազգային պետական համակարգերում ապահովում են գիտական աստիճաններ հայցողներին առաջադրվող հիմնական պահանջների համադրելիությունը:

 

Հոդված 3

 

Բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում Կողմերը կզարգացնեն համագործակցությունը`

ստեղծելով համարժեք պայմաններ մի երկրի հայցողներին ատենախոսությունները մյուս երկրի տարածքում գործող գիտական աստիճան շնորհող խորհուրդներում պաշտպանելու համար,

ժամանակին փոխադարձաբար տեղեկացնելով բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման ազգային համակարգերում կատարվող փոփոխությունների մասին, փոխանակելով այդ կադրերի ատեստավորման հարցերի վերաբերյալ համապատասխան նորմատիվ ակտեր և այլ նյութեր:

 

Հոդված 4

 

Ատենախոսությունների փորձաքննության որակը բարձրացնելու նպատակով Կողմերից յուրաքանչյուրն աջակցում է.

մյուս երկրի գիտական աստիճան շնորհող խորհուրդներում իր երկրի առաջատար գիտնականների և մասնագետների մասնակցությանը, ինչպես նաև ատենախոսության պաշտպանության ժամանակ որպես ընդդիմախոս նրանց մասնակցությանը,

իր երկրի գիտական աստիճան շնորհող խորհուրդներում պաշտպանած ատենախոսությունների լրացուցիչ փորձաքննության անցկացմանը մյուս երկրի գիտական աստիճան շնորհող խորհուրդներում:

 

Հոդված 5

 

Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ճանաչում է մյուս Կողմի համապատասխան մարմնի տված գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի որակավորման փաստաթղթերը:

Կողմերից մեկի համապատասխան մարմնի տված գիտական աստիճանի շնորհման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչումը Կողմերից յուրաքանչյուրին չի պարտադրում մյուս Կողմի փաստաթղթերն ունեցողների վրա անվերապահորեն տարածել ազգային որակավորման փաստաթղթեր ունեցողների համար իրենց տարածքներում սահմանված իրավունքները:

Պետական նմուշի գիտական աստիճանների մասին որակավորման փաստաթղթերի համարժեքությունը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում, սահմանվում է դրանց տերերի վերաատեստավորման ընթացքում:

Վերաատեստավորումն անցկացնում է այն պետության ատեստավորման պետական մարմինը, որի քաղաքացին է հայցողը, կամ որի տարածքում նա մշտապես բնակվում է:

 

Հոդված 6

 

Կողմերը փորձի փոխանակման նպատակով անցկացնում են անհրաժեշտ համատեղ միջոցառումներ` ուղղված բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման ընթացքի կառավարման կատարելագործմանը:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում Կողմերի համագործակցության այլ ձևերի օգտագործումը:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ կարող են ստորագրվել լրացուցիչ համաձայնագրեր և արձանագրություններ:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրից բխող կամ դրա իրականացման հետ կապված հարցերի առնչությամբ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերի ներկայացուցիչները կխորհրդակցեն միմյանց հետ` դրանց վերացման նպատակով:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից, կգործի հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամկետներում, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1995 թվականի հունիսի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունիսի 27-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան