Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2894/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2894/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սիրանուշ Բեզիրգանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սիրանուշ Բեզիրգանյանի ընդդեմ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի (այսուհետ՝ Համալսարան)` աշխատանքից ազատելու հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու, միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Սիրանուշ Բեզիրգանյանը պահանջել է վերացնել աշխատանքից ազատելու 25.08.2008 թվականի թիվ Հ117/ԿԲ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 19.11.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրանուշ Բեզիրգանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը, անհատական իրավական ակտով թույլ տալով իրեն բացակայել աշխատանքից, պահպանելով իր աշխատավարձը, իրեն տրամադրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ արձակուրդ, որը չպետք է նույնացնել ամենամյա արձակուրդի հետ և ոչ էլ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով կանոնակարգվող լրացուցիչ արձակուրդի հետ, և որի ընթացքում աշխատողին աշխատանքից ազատելը որակվում է որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը.

Վերաքննիչ բողոքում պատասխանողի կողմից վիճարկվել են հետևյալ փաստերը՝ հայցվորը բաց է թողել իր խախտված իրավունքների համար դատական պաշտպանության դիմելու օրենքով սահմանված ժամկետը, հայցվորը Ճապոնիայում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե որպես համալսարանի ներկայացուցիչ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի շրջանակներից և խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասը, բավականին ընդարձակ անդրադարձ է կատարել պատասխանողի կողմից ամբիոնի վերակառուցման և այդ կապակցությամբ հաստիքների՝ դրա հիման վրա աշխատողների թվաքանակի կրճատման, աշխատատեղերի համալրման ընթացակարգերին, ինչի մասին վերաքննիչ բողոքում չի խոսվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.11.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 01.12.1998 թվականին Սիրանուշ Բեզիրգանյանը պայմանագրային կարգով ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ինֆորմատիկայի և բժշկական սարքավորումների ամբիոնի ասպիրանտ՝ համատեղությամբ, 0,25 դրույքով: 01.11.2002 թվականին անցել է նույն ամբիոնում հիմնական աշխատանքի՝ 0,5 դրույքով, իսկ 17.03.2005 թվականին մրցույթով ընդունվել է դոցենտի պաշտոնակատար նույն ամբիոնում՝ 0,5 դրույքով (գ.թ. 13):

2. 09.06.2008 թվականի թիվ 53 գ հրամանի պարագրաֆ 3-ի համաձայն՝ բժշկակական և կենսաբանական ֆիզիկայի, ինֆորմատիկայի և բժշկական սարքավորումների ամբիոնի դոցենտ Սիրանուշ Բեզիրգանյանին թույլատրվել է 2008 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը մեկնել ք. Օսակա, Ճապոնիա՝ կոնգրեսին մասնակցելու համար՝ աշխատավարձի պահպանմամբ (գ.թ. 9):

3. 23.06.2008 թվականի ծանուցման համաձայն՝ Սիրանուշ Բեզիրգանյանը ծանուցվել է այն մասին, որ հիմք ընդունելով համալսարանի ռեկտորի 06.06.2008 թվականի հրամանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Սիրանուշ Բեզիրգանյանի հաստիքը կրճատվում է, և նույն թվականի օգոստոսի 25-ից աշխատանքային պայմանագիրը լուծվելու է (գ.թ. 31):

4. 25.08.2008 թվականի թիվ Հ 117/ԿԲ հրամանի պարագրաֆ 22-ի համաձայն` բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ինֆորմատիկայի և բժշկական սարքավորումների ամբիոնի 0,5 դրույքով դոցենտ Սիրանուշ Բեզիրգանյանը ազատվել է աշխատանքից՝ ամբիոնի վերակառուցման՝ լուծարման և հաստիքի կրճատման կապակցությամբ (գ.թ. 11):

5. 17.12.2008 թվականի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, 10-րդ հոդվածի և 265-րդ հոդվածի խախտման հիմքերով (գ.թ. 77, 194):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ աշխատանքից ազատման անվերապահ արգելք է աշխատողի արձակուրդում գտնվելը:

Նույն օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նպատակային է համարվում ուսումնական արձակուրդը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ` ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք oր, ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու oր, լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված oրերի քանակով, դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն oր, պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց oր:

Սույն գործով առաջին ատյանի դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված օրենքի անալոգիան:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելիս գտել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից հայցվորի` Ճապոնիայի Օսակա քաղաքում մասնագիտական կոնգրեսի մասնակցելու ժամանակահատվածն արձակուրդ որակելը և դրա նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթն անալոգիայի կարգով կիրառելը ընդունելի չէ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք Սիրանուշ Բեզիրգանյանի կողմից գործատուի թույլտվությամբ գիտական կոնգրեսին մասնակցելու ժամանակահատվածը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի իմաստով որակվում է որպես «արձակուրդում գտնվելու ժամանակահատված»:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կրթություն` անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են` ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարությունը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունն ապահովում է աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացները:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ «ողջամիտ ինքնավարություն» օրենսդրական եզրույթը, ինքնըստինքյան պարտավորեցնում է բարձրագույն ուսումնական հաստատություններին իրենց ինքնավարությունը՝ տվյալ դեպքում աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացների ապահովմանն ուղղված գործընթացները իրականացնելիս պահպանել օրենսդրությամբ նախատեսված յուրաքանչյուրի իրավունքները՝ դրանով երաշխավորելով դրանց լիարժեք իրականացումը: Ընդ որում, օրենսդիրը կրթություն է դիտում անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման գործընթացը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացն ըստ էության ուսուցման գործընթաց է, որի ապահովումը բխում է անձի, հասարակության և պետության շահերից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածը հստակ չի սահմանում աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման կապակցությամբ ուսումնական արձակուրդ տրամադրելը, այնուհանդերձ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 50-րդ հոդվածների ուժով ուսումնական արձակուրդ է նաև աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման համար աշխատողներին տրվող արձակուրդը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մասնագիտական վերապատրաստում անցնող աշխատողների համար գործատուն պետք է ապահովի աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով նախատեսված երաշխիքներ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սիրանուշ Բեզիրգանյանը 01.12.1998 թվականից պայմանագրային կարգով աշխատել է Համալսարանի բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ինֆորմատիկայի և բժշկական սարքավորումների ամբիոնի ասպիրանտ՝ համատեղությամբ՝ 0,25 դրույքով, 01.11.2002 թվականին անցել է նույն ամբիոնում հիմնական աշխատանքի՝ 0,5 դրույքով, իսկ 17.03.2005 թվականին մրցույթով ընդունվել է դոցենտի պաշտոնակատար նույն ամբիոնում՝ 0,5 դրույքով: Համալսարանի ռեկտորի 09.06.2008 թվականի թիվ 53 գ հրամանով Սիրանուշ Բեզիրգանյանին թույլատրվել է 2008 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը մեկնել ք. Օսակա, Ճապոնիա՝ գիտական կոնգրեսին մասնակցելու համար՝ աշխատավարձի պահպանմամբ: 23.06.2008 թվականին Սիրանուշ Բեզիրգանյանը ծանուցվել է հաստիքը կրճատվելու և նույն թվականի օգոստոսի 25-ից աշխատանքային պայմանագիրը լուծվելու մասին, 25.08.2008 թվականի թիվ Հ 117/ԿԲ հրամանով Սիրանուշ Բեզիրգանյանը ազատվել է աշխատանքից՝ ամբիոնի վերակառուցման՝ լուծարման և հաստիքի կրճատման կապակցությամբ:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործատուն, Սիրանուշ Բեզիրգանյանին թույլատրելով աշխատավարձի պահպանմամբ 2008 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը մեկնել ք.Օսակա, Ճապոնիա՝ գիտական կոնգրեսին մասնակցելու համար, նրան տրամադրել է ուսումնական արձակուրդ: Հետևաբար, Սիրանուշ Բեզիրգանյանը աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների խախտմամբ:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սույն գործով 17.12.2008 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, 10-րդ հոդվածի և 265-րդ հոդվածի խախտումերը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Համալսարանի կողմից ամբիոնի վերակառուցմանը և այդ կապակցությամբ հաստիքների՝ դրանց հիման վրա աշխատողների թվաքանակի կրճատմանը, հետագայում թափուր աշխատատեղերն ատեստացիայի միջոցով համալրմանը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.11.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան