ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/3682/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/3682/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչյա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 25.11.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Հրաչյա Գրիգորյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձ Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Մանդերս Ֆյուցֆելդսի՝ Երևանի քաղաքապետի տեղակալի` 02.10.2007 թվականի թիվ 18-Մ-3024-974 «Շինարարության թույլտվությունը» Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 3-րդ շենքի տանիքի վերաբերյալ անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հրաչյա Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի տեղակալի 02.10.2007 թվականի թիվ 18-Մ-3024-974 «Շինարարության թույլտվությունը» Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 3-րդ շենքի տանիքի վերաբերյալ տրված Հենդրիկա Ֆյուցֆելդսին և այդ թույլտվության հետ կապված այլ փաստաթղթերը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչյա Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ, 24-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, չկիրառելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, վճռի հիմքում դրել է ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 91 որոշմամբ հաստատված կարգը` հաշվի չառնելով, որ խախտվել են բազմաբնակարան շենքի համասեփականատերերի իրավունքներն ու շահերը:
Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործով ձեռք բերված ապացույցները և վճիռը կայացրել է հակառակ դրանց:
Մասնավորապես` Դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել համասեփականատերերի «Համաձայնություն» փաստաթուղթը, որում նշված վեց սեփականատերերից երեքը միևնույն բնակարանի համասեփականատերերն են, իսկ Դ. Խաչատրյանը շենքում ընդհանրապես սեփականություն չունի:
Նման պայմաններում Դատարանը վերը նշված փաստաթուղթը գնահատել է որպես բազմաբնակարան շենքի բոլոր սեփականատերերի համաձայնություն:
Բացի այդ, շինարարության թույլտվությունը Քաղաքապետարանի կողմից տրվել է 02.10.2007 թվականին, իսկ համասեփականատերերի «Համաձայնություն» փաստաթուղթը՝ 09.06.2008 թվականին, այսինքն՝ Դատարան դիմելուց հետո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 25.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից (այսուհետ՝ Կոմիտե) 16.03.2006 թվականին տրված թիվ 1988868 վկայականի համաձայն` Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 3-րդ շենքի թիվ 5-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Մարատի Գրիգորյանին (գ.թ. 8-9):
2) Կոմիտեի կողմից 16.03.2006 թվականին տրված թիվ 1988859 վկայականի համաձայն` Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 3-րդ շենքի թիվ 11-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Ֆյուցֆելդ Մանդերսին (գ.թ. 96-98):
3) Քաղաքապետարանի կողմից 02.10.2007 թվականին տրված թիվ 18-Մ-3024-974 «Շինարարության թույլտվության» համաձայն` այն տրվել է կառուցապատող Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Ֆյուցֆելդ Մանդերսին` Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 3-րդ շենքի թիվ 11-րդ բնակարանի մանսարդային հարկի կառուցման աշխատանքների կատարման համար (գ.թ. 10):
4) «Եռանկյունի» համատիրության կողմից 09.06.2008 թվականին հաստատված «Համաձայնություն» վերտառությունը կրող փաստաթղթի համաձայն` Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 3-րդ շենքի բնակիչները տալիս են իրենց համաձայնությունն այն մասին, որ նույն շենքի բնակչուհի Հենդրիկա Ֆյուցֆելդ Մանդերսը շենքի տանիքում` իր բնակարանի վերևի մասում, կառուցի ձեղնահարկ (մանսարդային հարկ): Նշված փաստաթուղթը ստորագրել են նշված շենքի թիվ 4բ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ և 14-րդ բնակարանների բնակիչները (գ.թ. 99):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք իրավաչափ է վիճարկվող վարչական ակտը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շինությունների սեփականատերերը տիրապետում, տնօրինում և օգտագործում են դրանք քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի կողմից սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք նույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ բազմաբնակարան շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ (բնակարաններ, շինություններ) սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակներն ու տարածքները, որոնք սեփականության իրավունքով այլ անձանց չեն պատկանում՝ տիրապետվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Հետևաբար, բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերը շենքի վերը նշված գույքի նկատմամբ ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները և կրում են բոլոր պարտականությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, բազմաբնակարան շենքի սեփականատերերն ունեն ընդհանուր համաձայնությամբ ընդհանուր գույքը տիրապետելու, օգտագործելու և կառավարելու իրավունք, որն իրականացվում է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի՝ շինությունների սեփականատերերի ժողովի միջոցով, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 3-րդ շենքի թիվ 5-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Մարատի Գրիգորյանին: Նույն շենքի թիվ 11-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Հենդրիկա Վիբրանդինա Կատարինա Ֆյուցֆելդ Մանդերսին, որին 02.10.2007 թվականին տրվել է թիվ 18-Մ-3024-974 շինարարության թույլտվություն՝ Սայաթ-Նովա պողոտայի 3-րդ շենքի թիվ 11-րդ բնակարանի մանսարդային հարկ կառուցելու համար: Սույն վարչական գործում առկա չէ Սայաթ-Նովա պողոտայի 3-րդ շենքի թիվ 11-րդ բնակարանի մանսարդային հարկ կառուցելու համար տվյալ բազմաբնակարան շենքի բոլոր համասեփականատերերի համաձայության փաստը հավաստող որևէ ապացույց:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի 02.10.2007 թվականի թիվ 18-Մ-3024-974 շինարարության թույլտվությունը տրվել է բազմաբնակարան շենքի բոլոր համասեփականատերերի համաձայության բացակայության պայմաններում, հետևաբար, վիճարկվող վարչական ակտն ընդունվել է վերը նշված նորմերի խախտմամբ և այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի ուժով ոչ իրավաչափ է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 25.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ե. Սողոմոնյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|