ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1862/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1862/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Ե. Սողոմոնյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ Արթուր Ղամբարյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)` հողամասի մասի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, այգեգործական նպատակով հատկացված հողամասի նկատմամբ անհատույց սեփականության իրավունքի ճանաչման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արթուր Ղամբարյանը պահանջել է Երևանի Նորքի Հովսեփյան փողոցի թիվ 61 հասցեում գտնվող 550 քմ հողամասի և դրա վրա գտնվող 60 քմ շինության նկատմամբ ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ճանաչել իր սեփականության իրավունքը նշված հասցեում գտնվող թիվ 61 դպրոցի հարևանությամբ 400 քմ, 1430 քմ հողամասերի և 2375 քմ հողամասի վրա ամրակայված 1051քմ արտաքին մակերեսով շինության նկատմամբ:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է՝ ճանաչել Արթուր Ղամբարյանին ժառանգությունն ընդունած ժառանգ Լենդրուշ Սերգոյի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող Նորք, Հովսեփյան փողոց 61 հասցեի 550 քմ մակերեսով հողամասի և 60քմ մակերեսով շինության նկատմամբ: Ճանաչել Արթուր Ղամբարյանի սեփականության իրավունքը Նորք, Հովսեփյան փողոց հասցեում գտնվող թիվ 61 դպրոցի հարևանությամբ 2375քմ մակերեսով հողամասի վրա կառուցված 1051քմ արտաքին մակերեսով շինության նկատմամբ: Քաղաքացիական գործի վարույթը՝ 400քմ և 1430քմ մակերեսով հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով, կարճել հայցապահանջից հրաժարվելու կապակցությամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.12.2008 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետը, 273-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Արթուր Ղամբարյանի հայրը նախկին ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դարձել է 550քմ հողամասի սեփականատերը, հետևաբար, այն ժառանգաբար փոխանցվել է Արթուր Ղամբարյանին:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերջինս որևէ ապացույց չի ներկայացրել նշված հողամասում կառուցված 60քմ շինությունը Լենդրուշ Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Արթուր Ղամբարյանի հայրը 60քմ շինությունը կառուցել է օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Արթուր Ղամբարյանի Դատարան ներկայացրած Կիրովյան շրջխորհրդի գործկոմի 08.08.1949 թվականի թիվ 21 որոշումը, մինչդեռ, անտեսել է, որ նշված որոշումը վերաբերել է միայն բնակելի տուն կառուցելու համար Լենդրուշ Ղամբարյանին հողամաս հատկացնելուն:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ Արթուր Ղամբարյանը 1051քմ արտաքին մակերեսով շինությունը կառուցել է օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Քաղաքապետարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքը և թիվ 53 շինարարության ավարտական ակտը, այն դեպքում, երբ դրանք վերաբերել են Արթուր Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող 400քմ հողամասի վրա 939,1քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն կառուցելուն, իսկ 1051քմ մակերեսով շինությունն օրենքով սահմանված կարգով կառուցելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) անշարժ գույքի և հողամասի հատակագիծը, որի համաձայն՝ Արթուր Ղամբարյանի կառուցած 1015քմ արտաքին մակերեսով շինության մի մասը գտնվում է այգեգործական նպատակով վերջինիս վարձակալությամբ հատկացված 265քմ հողամասի վրա, ինչը հաստատում է այն փաստը, որ կառուցապատումն իրականացվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ՝ այդ նպատակի համար չհատկացված հողամասում, առանց թույլտվության:
Նկատի ունենալով շինությունն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կառուցելու հանգամանքը՝ վիճելի իրավահարաբերության համար կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետը և 273-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.12.2008 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Արթուր Ղամբարյանի հայցը՝ 60 քմ մակերեսով շինության նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Երևանի Գ. Հովսեփյան փողոց հասցեում գտնվող թիվ 61 դպրոցի հարևանությամբ 2375 քմ հողամասի վրա կառուցված 1051 քմ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հայաստանի ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 18.07.2008 թվականի թիվ 01-20/1323 «Արխիվային քաղվածք»-ի համաձայն՝ ՀԽՍՀ Երևանի Կիրովյան շրջսովետի գործկոմի 08.08.1949 թվականի թիվ 21 որոշմամբ Լենդրուշ Ղամբարյանին Երևան քաղաքի Նորքի թիվ 61 հասցեում հատկացվել է 550 քմ հողամաս՝ անհատական կարգով բնակելի տուն կառուցելու համար (գ.թ. 8):
2) Կադաստրի անշարժ գույքի և հողամասի հատակագծի համաձայն՝ Արթուր Ղամբարյանը Երևանի Հովսեփյան փողոց հասցեում գտնվող թիվ 61 դպրոցի հարևանությամբ զբաղեցնում է 2375քմ հողամաս, որից սեփականության իրավունքով՝ 400 քմ, վարձակալության իրավունքով՝ 1430 քմ, զավթած 545 քմ և արտաքին մակերեսներով՝ 1051 քմ, որից 265 քմ վարձակալած հողի վրա, 375,8 քմ և 60 քմ շինություններ (գ.թ. 22):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վերը նշված նորմերից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է վերաքննիչ բողոքի շրջանակներում հետազոտել և գնահատել գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել վերաքննիչ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:
Մինչդեռ, տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել սույն գործի համար էական նշանակություն ունեցող Կադաստրի կողմից տրված հատակագիծը, որով հաստատվում է, որ Երևանի Հովսեփյան փողոց հասցեում գտնվող թիվ 61 դպրոցի հարևանությամբ արտաքին մակերեսով 1051 քմ շինությունը 265 քմ չափով կառուցված է վարձակալած հողի վրա և անտեսել է, որ նշված 1051 քմ շինության օրենքով սահմանված կարգով կառուցված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ գործում բացակայում է ՀԽՍՀ Երևանի Կիրովյան շրջսովետի գործկոմի 08.08.1949 թվականի թիվ 21 որոշմամբ Լենդրուշ Ղամբարյանին Երևան քաղաքի Նորքի թիվ 61 հասցեում հատկացված 550 քմ հողամասի վրա կառուցված 60 քմ շինության վերջինիս սեփականության իրավունքով պատկանելու կամ նշված շինությունը օրենքով սահմանված կարգով կառուցված լինելու փաստը հավաստող որևէ ապացույց:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին և նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված խնդրին (տե´ս, օրինակ՝ ըստ հայցի Լ. Գաբոյանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, երրորդ անձինք Գ. Եգանյանի, Գ. Բակմազյանի, Վ. Գասպարյանի, Ա. Համբարձումյանի, Ռ. Գասպարյանի, Գ. Համբարյանի, Կ. Եղիկյանի` Լ. Գաբոյանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները վերացնելու և այդպիսի խոչընդոտներ առաջացնող որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Քաղաքապետարանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լ. Գաբոյանի, երրորդ անձինք Գ. Եգանյանի, Գ. Բակմազյանի, Վ. Գասպարյանի, Ա. Համբարձումյանի, Ռ. Գասպարյանի, Գ. Համբարյանի, Կ. Եղիկյանի` «Առևտրի կենտրոն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շինության քանդման թույլտվություն և ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Քաղաքապետարան դիմելուն պարտավորեցնելու պահանջի մասին, թիվ 3-650(ՎԴ) (2008թ.) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում):
Ուստի, նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել հիմնավորված:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:
Նշված հոդվածից հետևում է, որ անձը սեփականության իրավունք կարող է ձեռք բերել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծած գույքի նկատմամբ:
Միաժամանակ, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է ինքնակամ կառույցի հասկացությունը, համաձայն որի` ինքնակամ կառույց է համարվում oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Սույն գործով վեճի առարկա շինություններն օրենքով սահմանված կարգով կառուցված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված շինություններն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ չեն ստեղծվել և դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 188-րդ հոդվածի ուժով ինքնակամ կառույց են:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական (տե´ս, ըստ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, թիվ 3-106(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշում):
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Հիմք ընդունելով վերոնշյալ պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2008 թվականի որոշման՝ Երևան քաղաքի Նորքի Հովսեփյան փողոց թիվ 61 հասցեի 60քմ մակերեսով շինության նկատմամբ Արթուր Ղամբարյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Երևան քաղաքի Նորքի Հովսեփյան փողոց հասցեում գտնվող թիվ 61 դպրոցի հարևանությամբ 2375 քմ մակերեսով հողամասի վրա կառուցված 1051 քմ արտաքին մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասերը և այդ մասերով գործի վարույթը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |