Գլխավոր տեղեկություն
Համար
N 657-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.2009-19.02.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.12/40(706) Հոդ.965
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2009 թվականի N 657-Ն

 

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված՝ Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով և առաջնորդվելով 2009 թվականի փետրվարի 14-ին ստորագրված Կայուն զարգացման ծրագրի սոցիալական գործընկերության համաձայնագրով ամրագրված դրույթներով`

1. Ստեղծել Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կազմակերպել և անցկացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 4

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 4-ի N 657-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Խորհրդի նախագահ

-

ՀՀ վարչապետ

     

Խորհրդի անդամներ

-

ՀՀ տարածքային կառավարման նախարար

 

-

 ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

-

 ՀՀ ֆինանսների նախարար

 

-

ՀՀ արդարադատության նախարար

 

-

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

-

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

-

ՀՀ բնապահպանության նախարար

 

-

ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

-

ՀՀ առողջապահության նախարար

 

-

 ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

-

 ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Կայուն զարգացման ծրագրի սոցիալական գործընկերության համաձայնագրով նախատեսված կազմակերպական կառույցի` Կայուն զարգացման ծրագրի քաղաքացիական համագործակցության ցանցի ներկայացուցիչներ`

 

-

 քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի նախագահ

 

-

 քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի փոխնախագահ

 

-

 տնտեսական զարգացման ոլորտային խմբի երկու ներկայացուցիչ

 

-

 կանանց, երեխաների և երիտասարդության հիմնահարցերի ոլորտային խմբի ներկայացուցիչ

 

-

 մարդու իրավունքների ոլորտային խմբի ներկայացուցիչ

 

-

 բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման հարցերի ոլորտային խմբի ներկայացուցիչ

 

-

 հատուկ կարիքներով բնակչության հիմնահարցերի ոլորտային խմբի ներկայացուցիչ

 

-

 գործարարության, ձեռնարկատիրության, զբաղվածության հարցերի և աշխատավորների շահերի պաշտպանության ոլորտային խմբի ներկայացուցիչ

 

-

 գյուղատնտեսության և գյուղի զարգացման հիմնախնդիրների ոլորտային խմբի ներկայացուցիչ

 

-

 համայնքային և համաչափ տարածքային զարգացման հիմնախնդիրների ոլորտային խմբի ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 4-ի N 657-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) գործունեության կարգը։

2. Խորհրդի հիմնական նպատակը Կայուն զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման աշխատանքների համակարգումն է և աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը։

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

3. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի և Կայուն զարգացման ծրագրի սոցիալական գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) դրույթների իրականացումը, ինչպես նաև դրանց մոնիթորինգի և գնահատման աշխատանքների համակարգումը.

2) ծրագրի իրականացման մասին տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքների համակարգումը.

3) ծրագրի ճշգրտման, վերանայման, ինչպես նաև ծրագրի ներքո ռազմավարական և մարտավարական այլ փաստաթղթերի մշակման ու իրականացման աշխատանքների համակարգումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

4) ծրագրի իրականացման տարեկան և միջնաժամկետ միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը.

5) ծրագրի իրականացման գործընթացում միջազգային համագործակցության համակարգումը.

6) ծրագրի աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը.

7) ծրագրի աշխատանքային խմբի աշխատակարգի և անհատական կազմի հաստատումը։

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 6-րդ կետին համապատասխան։

5. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը։

6. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի և համաձայնագրի դրույթների իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։

7. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը։

8. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։

9. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը։

10. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և սույն աշխատակարգի 14-րդ կետով նախատեսված անձանց նիստից առնվազն 2 օր առաջ։

11. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ։

12. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությամբ։

13. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարը և խորհրդի քարտուղարության ներկայացուցիչը։

14. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մշտապես հրավիրվում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության ներկայացուցիչը։

15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

16. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.

4) հավանության է արժանացնում խորհրդի նիստի օրակարգը.

5) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ այլ կազմակերպություններում կամ խորհրդի անդամներին հանձնարարում է խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ։

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

17. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը։ Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը՝ բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների։ Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի որոշմամբ։

18. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում խորհրդի նիստին մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը։

19. Խորհրդի նիստերից խորհրդի անդամի կամ նրա լիազորած ներկայացուցչի երկու և ավելի անգամ բացակայությունը հիմք է խորհրդի տվյալ անդամի փոփոխման համար։

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումն է։

21. Խորհրդի քարտուղարությունը՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան