Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.29
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0073/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0073/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

 

Տ. Պետրոսյանի

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարապետ Նազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 31.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ Կարապետ Նազարյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) և «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` Ընկերության 06.11.2007 թվականի թիվ 014969 փաստաթուղթն անվավեր ճանաչելու և Ոստիկանության 13.11.2007 թվականի թիվ 236128 որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Կարապետ Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 06.11.2007 թվականի թիվ 014969 փաստաթուղթը և վերացնել Ոստիկանության 13.11.2007 թվականի թիվ 236128 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 31.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարապետ Նազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողների պատասխաններում և բացատրություններում առկա են էական հակասություններ: Ոստիկանության պատասխանում նշված է, որ ընդհանրապես հրաժարվել է արտաշնչել համապատասխան գլանակից, իսկ Ընկերության պատասխանից երևում է, որ, այնուամենայնիվ, կատարել է 2-3 արտաշունչ:

Բացի այդ, Ընկերության վիճարկվող փաստաթղթում նշված է, որ հրաժարվել է ստուգումից, իսկ նույն փաստաթղթի 13-րդ կետում նշված է՝ «ալկոհոլային խմածություն», ինչը հնարավոր չէր պարզել առանց ստուգման:

Դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ դեպքից երեք ժամ անց իր միջոցներով մեզի հետազոտություն է անցել «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նարկոլոգիական կլինիկայում, որի արդյունքում նշված կլինիկայի կողմից 06.11.2007 թվականին տրված թիվ 0219 d գրությունում նշվել է, որ մեզի փորձանմուշում էթիլ սպիրտի հետքեր չեն հայտնաբերվել:

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» ենթակետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն ի պաշտոնե պետք է պարզեր` արդյո՞ք վիճարկվող որոշումն առ ոչինչ է, թե՝ ոչ, քանի որ վիճարկվող որոշման մեջ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» ենթակետերում նշված ակնառու կոպիտ սխալներ՝ ակտում բացակայում է ակտն ընդունած վարչական մարմնի լրիվ անվանումը, ակտում որպես հասցեատեր նշված է «Կ. Նազարյան», որից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 31.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության ուղեկցող վաշտի առաջին դասակի ոստիկանության կապիտան Գ. Օհանյանի կողմից 06.11.2007 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Կարապետ Նազարյանը «Օպել» մակնիշի «08 UU 930» հաշվառման համարանիշով ավտոմեքենայով կատարել է ձախ շրջադարձ՝ չզիջելով ուղիղ հանդիպակացով երթևեկող տրանսպորտային միջոցներին, և հրաժարվել է սթափության վիճակը ստուգելու զննությունից (հիմք՝ բժշկի ակտ) (գ.թ. 9):

2) Վերը նշված արձանագրության հիման վրա Ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ Ս. Կարախանյանի կողմից 13.11.2007 թվականին կայացված թիվ 236128 որոշմամբ Կարապետ Նազարյանը (վարորդական վկայական N 013770) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 9):

3) Ընկերության 06.11.2007 թվականի թիվ 014969 բժշկական ակտի 12-րդ կետում՝ «Գործիքային փորձ» տողում նշված է՝ «հրաժարվեց ստուգումից (ոչ լիարժեք է արտաշնչել)», իսկ նույն ակտի 13-րդ կետում՝ «Վկայարկման պատասխան» տողում նշված է՝ «ալկոհոլային խմածություն» (գ.թ. 33):

4) «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նարկոլոգիական կլինիկայի 07.11.2007 թվականի թիվ 0219d գրության համաձայն՝ Կարապետ Նազարյանի անձնական դիմումի հիման վրա կատարվել է կենսամիջավայրի՝ մեզի հետազոտությունն ալկոհոլի՝ էթիլ սպիրտի հայտնաբերման ուղղությամբ, որի արդյունքում արվել է հետևություն այն մասին, որ հետազոտման պահին՝ 06.11.2007 թվականին՝ ժամը 14:50-ին, Կարապետ Նազարյանից վերցված մեզի փորձանմուշում ալկոհոլի էթիլ սպիրտի հետքեր չեն հայտնաբերվել (գ.թ. 8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.       

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Մինչդեռ, Դատարանը, պատճառաբանելով, որ Կարապետ Նազարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 13.11.2007 թվականի որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջների պահպանմամբ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել նշված որոշման կայացման համար հիմք հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և բժշկական ակտը, որոնց միջև առկա է էական հակասություն, ինչը բացառում է վարչական պատասխանատվության առաջացումը: Նշվածի արդյունքում Դատարանը վարչական իրավախախտման փաստի առկայության վերաբերյալ հանգել է սխալ հետևության:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական պատասխանատվության առաջացման համար պարտադիր պայման է համարվում սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու փաստը:

Տվյալ դեպքում, վճռաբեկ բողոք բերած անձը վիճարկվող որոշմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել սահմանված կարգին համապատասխան սթափության զննումից խուսափելու համար: Նշված որոշման կայացման համար հիմք է հանդիսացել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որում արձանագրվել է զննությունից հրաժարվելու փաստը, և որպես այդ փաստը հավաստող ապացույց է նշված վիճարկվող բժշկական ակտը:

Մինչդեռ, նշված բժշկական ակտի 12-րդ կետով արձանագրվել է, որ Կարապետ Նազարյանը «հրաժարվեց ստուգումից (ոչ լիարժեք է արտաշնչել)»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ոչ լիարժեք արտաշնչելը» չի կարող որակվել որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասով վարչական պատասխանատվություն առաջացնող զանցանք, քանի որ նշված հոդվածով պատասխանատվությունն առաջանում է զննությունից խուսափելու հետևանքով, այսինքն՝ պետք է առկա լինի խուսափելու հետևանքով զննություն չանցնելու փաստը, ինչը տվյալ դեպքում բացակայում է:

Բացի այդ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճարկվող բժշկական ակտի 13-րդ կետով արձանագրվել է՝ «ալկոհոլային խմածություն» այն դեպքում, երբ նույն ակտի 12-րդ կետում արձանագրվել է, որ Կարապետ Նազարյանը զննությունից խուսափել է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ ոք չի կարող վարչական իրավախախտման կապակցությամբ ներգործության միջոցի ենթարկվել այլ կերպ, քան օրենսդրությամբ սահմանված հիմունքներով ու կարգով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Վերը նշված վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ տվյալ դեպքում առկա չէ վարչական իրավախախտում, և բողոք բերած անձին վարչական պատասխանատվության ենթարկելով՝ խախտվել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի դրույթն այն մասին, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.

ա) ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.

գ) ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում:

Տվյալ դեպքում, վիճարկվող ակտն այն ընդունող մարմնի և հասցեատիրոջ հարցում տարակարծությունների առերևույթ հնարավորություն չի ստեղծում, քանի որ որպես այն ընդունող մարմին նշված է «ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն», իսկ որպես հասցեատեր նշված է «Կ. Նազարյան», ակտում արտացոլված է վերջինիս անձնական օգտագործման ավտոմեքենայի պետհամարանիշը, ինչպես նաև վարորդական վկայականի սերիան և համարը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող ակտի՝ առոչինչ լինելու հանգամանքի քննարկման համար հիմքերը բացակայել են:

Ինչ վերաբերում է Ընկերության 06.11.2007 թվականի թիվ 014969 փաստաթուղթն անվավեր ճանաչելու բողոք բերած անձի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն ենթակա չէ վարչական դատարանում քննության հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարզելով տվյալ վեճն ընդդատյա չլինելու հարցը՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում պարտավոր է կարճել այդպիսի գործի վարույթը:

Մինչդեռ, Դատարանը, իրավացիորեն պատճառաբանելով, որ Ընկերության վիճարկվող փաստաթուղթը վարչարարության արդյունք չէ, այն չի ընդունվել հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այդ մասով գործի վարույթը կարճելու փոխարեն հայցապահանջը մերժել է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վարչարարությունն ավարտվել է Ոստիկանության որոշման ընդունմամբ և միակ վարչական ակտը տվյալ որոշումն է, իսկ Ընկերության փաստաթուղթը Ոստիկանության որոշման կայացման համար հանդիսացել է որպես ապացույց, հետևաբար, այն չի կարող ճանաչվել անվավեր, իսկ այդ մասով գործի վարույթը ենթակա է կարճման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 31.07.2008 թվականի վճռի` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 13.11.2007 թվականի թիվ 236128 որոշումը վերացնելու մասը և այն փոփոխել. Կարապետ Նազարյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 13.11.2007 թվականի թիվ 236128 որոշումը: Վճռի՝ «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի 06.11.2007 թվականի թիվ 014969 փաստաթուղթն անվավեր ճանաչելու մասը բեկանել և այդ մասով գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան