Գլխավոր տեղեկություն
Համար
N 855-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.2009-09.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.12/40(706) Հոդ.942
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2009 թվականի N 855-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 30
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 23-ի N 855-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթները վերաբերում են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետներին (այսուհետ` մասնագետ):

2. Քաղաքաշինության բնագավառում մասնագետները որակավորվում են ըստ հետևյալ բնագավառների`

1) շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`

ա. բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների),

բ. տրանսպորտային,

գ. հիդրոտեխնիկական,

դ. էներգետիկ,

ե. կապի.

2) ինժեներական հետազննում.

3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:         

3. Որակավորման ստուգման համար մասնագետները որակավորման ստուգումից առնվազն 10 օր առաջ որակավորման ստուգման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) անձնագրի պատճենը.

2) աշխատանքային գրքույկի պատճենը.

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) 3 x 4 սմ չափսերի երկու գունավոր լուսանկար:

4. Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է 5 անձից` նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:

5. Հանձնաժողովը`

1) կազմակերպում է մասնագետների որակավորման ստուգման աշխատանքները.

2) որոշում է մասնագետների որակավորման ստուգման անցկացման վայրը, oրը, ժամը և դրա մասին տալիս է հայտարարություն.

3) ընդունում է որակավորման ստուգման մասին եզրակացություն.

4) քննում է մասնագետների բողոքները` կապված ստուգման կազմակերպման և ստուգման արդյունքների հետ.

5) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

6. Որակավորման ստուգման անցկացման վայրի, oրվա և ժամի մասին մասնագետներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 oր առաջ:

7. Որակավորման ստուգումն իրականացվում է հայերենով, դռնբաց կարգով: Որակավորման ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, ձայնագրվել կամ նկարահանվել:

8. Որակավորման ստուգումը կատարվում է գրավոր, քննական հարցաթերթիկներով (թեստերով)` հաստատված հանձնաժողովի նախագահի կողմից: Որակավորման ստուգման հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման` ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

9. Որակավորման ստուգումը տեխնիկական միջոցներով իրականացվելու դեպքում մասնագետին հանձնաժողովի քարտուղարը մինչև որակավորման ստուգումն սկսելը պետք է տեղեկացնի իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից oգտվելու կարգի և պայմանների հետ:

10. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

11. Որակավորման հարցաթերթիկները պետք է ներառեն 50 հարց, որից`

1) 40 հարց` համապատասխան ոլորտը կարգավորող նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերից,

2) 10 հարց` քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրությունից:

12. Թեստավորման առաջադրանքների լուծման համար տրվում է 60 րոպե ժամանակ:

13. Որակավորման ստուգման արդյունքները գնահատում է հանձնաժողովը: Իննսուն տոկոս հարցերին ճիշտ պատասխանած մասնագետը համարվում է որակավորման ստուգումն անցած:

14. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

15. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

16. Որակավորման ստուգման արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ:

17. Որակավորման ստուգման մասին եզրակացությունն ստորագրվում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կողմից:

18. Հանձնաժողովը ստուգումների արդյունքներն ամփոփում է դռնփակ: Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է: Ստուգումների արդյունքների մասին մասնագետին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի oրվան հաջորդող հինգ oրվա ընթացքում:

19. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` դրանք ստանալուց հետո 10 oրվա ընթացքում:

20. Որակավորման ստուգմանը չներկայացած մասնագետներն իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:

21. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում մասնագետին տրվում է որակավորման վկայական` անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն oրենքով:

22. Որակավորման վկայականում նշվում են`

1) որակավորման վկայականի համարը.

2) որակավորման ստուգում անցած մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը.

3) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.

4) որակավորման վկայականը տալու oրը, ամիսը, տարեթիվը.

5) որակավորման բնագավառը:

23. Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի գունավոր լուսանկարը:

24. Որակավորման վկայականը վավերացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

25. Որակավորման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան