Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.66
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.08.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0512/01/08

ԵՔՐԴ/0512/01/08

 

Նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան

Դատավորներ` Ա. Դանիելյան

                   Մ. Ռեհանյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

2009թ. օգոստոսի 21-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Վալերի Արամայիսի Բաբայանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վ.Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2007թ. նոյեմբերի 8-ին անհայտ անձի կողմից ապօրինի կերպով զենք կրելու և Սայաթ Դավթյանին դիտավորությամբ սպանելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 104-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է թիվ 14124007 քրեական գործը:

2. 2007թ. նոյեմբերի 12-ին Վալերի Բաբայանը ձերբակալվել է:

2007թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ Վալերի Բաբայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

2008թ. հոկտեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Բաբայանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

3. 2008թ. հոկտեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

Երևանի քրեական դատարանի 2009թ. հունվարի 19-ի դատավճռով Վ.Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման 13 (տասներեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Բաբայանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 14 (տասնչորս) տարի ժամկետով:

4. Վ.Բաբայանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. մարտի 19-ի որոշմամբ անփոփոխ է թողել Երևանի քրեական դատարանի 2009թ. հունվարի 19-ի դատավճիռը, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ մերժել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Վալերի Բաբայանի պաշտպանը:

5. Վճռաբեկ դատարանը 2009թ. հունիսի 16-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները.

 

6. Վալերի Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է հետևյալ արարքների համար.

Վ.Բաբայանը 1990թ. առանց համապատասխան թույլտվության ձեռք է բերել, պահել և կրել հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի ութ փամփուշտ: Գործով չպարզված շարժառիթներով ՀՀ որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանին կյանքից զրկելու նպատակով նախնական հանցավոր համաձայնության գալով Երևանի բնակիչ, գործով մեղադրյալ Անդրանիկ Շառոյանի և այլ անձանց հետ՝ նրանք 2007թ. նոյեմբերի 8-ին Երևանի Ազատության և Ադոնցի փողոցների խաչմերուկից հետևել են Սայաթ Դավթյանին, ով ժամը 17-ի սահմաններում իր սեփական «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենայով անցել է «Լամբադա» կամրջով և Կոմիտասի պողոտայով միայնակ գնացել է դեպի շուկայի կողմը: Ա.Շառոյանին պատկանող ԲՄՎ-520 մակնիշի 03 ՍՍ 644 պետհամարանիշի ավտոմեքենայով շարունակելով հետևել Ս.Դավթյանին՝ Վ.Բաբայանը նկատել է, որ նա մեքենայով մտել է Կոմիտասի 53 հասցեում գտնվող գյուղմթերքների շուկա: Շրջանցելով շուկան և անցնելով Ն.Տիգրանյան ու Մամիկոնյանց փողոցներով՝ նրանք մեքենան կանգնեցրել են Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող բժիշկների կատարելագործման ինստիտուտի շենքի բակում, որտեղից Վալերի Բաբայանը հետիոտն ճանապարհահատվածով մտել է շուկա: Շուկայի ավտոկայանատեղի տարածքում որպես պահեստարան ծառայող «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայի մոտ ժամը 1730-ի սահմաններում նա նկատել է Սայաթ Դավթյանին և մոտ տարածությունից, իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից, հետևի կողմից մեկ անգամ կրակել է նրա գլխի ծոծրակային շրջանին, որից վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել: Այդ պահին Վ. Բաբայանը ևս երկու անգամ կրակել է Ս.Դավթյանի աջ ականջախեցու շրջանին, դիտավորությամբ նրան զրկել է կյանքից և Ա.Շառոյանի ավտոմեքենայով դիմել փախուստի:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

7. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը գտնում է, որ վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Երևանի քրեական դատարանի դատավճիռը, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հիմք են հանդիսանում վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Մասնավորապես դատարանների հետևությունները հիմնված չեն գործի հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման վրա, որոնց վերլուծությունից հետևում է, որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ս.Դավթյանի սպանությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Բողոքում նշվում է, որ գործով ձեռք են բերվել հավաստի ապացույցներ (ականատես վկաների ցուցմունքներ) այն մասին, որ սպանությունը կատարելու պահին Վ.Բաբայանը միայնակ է մտել շուկա, իսկ սպանությունից հետո վազքով հեռացել է դեպքի վայրից, նստել ԲՄՎ մակնիշի մեքենան և միայնակ հեռացել: Նրա հետ որևէ այլ անձնավորություն չի եղել ո՛չ հանցանքը կատարելու պահին և ո՛չ էլ ավտոմեքենայով փախուստի դիմելու ժամանակ: Բացի այդ, Վ.Բաբայանի հանցանքը հիմնավորող մի շարք վկաների ցուցմունքները, ինչպես նաև փորձաքննությունների եզրակացություններն ու իրեղեն ապացույցներ ճանաչելու և քննչական փորձարարությունների վերաբերյալ արձանագրությունները հաստատում են միայն Վալերի Բաբայանի կողմից Ս.Դավթյանին սպանելու և ոչ թե այդ հանցանքը խմբի կողմից կատարելու փաստը:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ բողոք բերած անձը գտել է, որ թե՛ առաջին ատյանի և թե՛ վերաքննիչ դատարանները Վ.Բաբայանի կատարած արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել են սխալ եզրակացության: Վ.Բաբայանի արարքը նախաքննության մարմնի կողմից ճիշտ չի որակվել, և նա ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների կատարման համար:

Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Երևանի քրեական դատարանի 2009թ. հունվարի 19-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 19-ի դատական ակտերը և Վալերի Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ Վալերի Արամայիսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 19-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի կիրառումը.

9. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանրացնող հանգամանքներում՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարած սպանության համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու համար:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, երբ երկու և ավելի անձինք, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու պրոցեսին՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, ընդ որում, պարտադիր չէ, որ մահ առաջացնող վնասվածքները պատճառված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից (օրինակ՝ մեկը հաղթահարում է տուժողի դիմադրությունը՝ զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ մյուսը պատճառում է մահացու վնասվածքներ):

Սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված նաև այն դեպքում, երբ մի անձի կողմից դիտավորյալ մահ պատճառելուն ուղղված գործողություններ կատարելու պրոցեսում նույն նպատակով նրան է միանում այլ անձ (անձինք):

10. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն համարելով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ըստ էության տարբերություն չի դնում, թե խումբը սպանությունը կատարել է նախնական համաձայնությամբ, թե առանց նախնական համաձայնության:

Ինչպես առանց նախնական համաձայնության, այնպես էլ նախնական համաձայնությամբ խմբի կողմից սպանություն կատարելու դեպքում պարտադիր պայման է երկու կամ ավելի կատարողների՝ համակատարողների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը պետք է անմիջականորեն լրիվ կամ մասամբ կատարի հանցագործության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ:

Սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանության պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամբ, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը՝ ներառյալ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնությունը, կատարվել է հանցակիցներից յուրաքանչյուրի կողմից:

Փաստորեն, սպանության համատեղ կատարման տակ պետք է հասկանալ հանցակիցների փոխադարձ համաձայնությամբ հանցագործության օբյեկտիվ կողմի կատարումը: Ընդ որում, համատեղ կատարած սպանության դեպքում պարտադիր չէ, որ համակատարողները կատարեն միևնույն գործողությունները, նրանց գործողությունները կարող են տարբեր լինել:

11. Խմբի կողմից սպանություն կատարելիս օբյեկտի նկատմամբ ոտնձգությունը կատարվում է հանցակիցների համատեղ գործողություններով:

Ելնելով հանցանքը համատեղ կատարելու մասին ունեցած պայմանավորվածությունից՝ հանցակիցների միջև կարող է կատարվել դերաբաշխում: Այս դեպքում հանցակցի կողմից կատարվող գործողությունների ծավալը կարող է էապես տարբերվել հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մյուս հանցակցի գործողություններից, սակայն համակատարողների ունեցած մասնակցության աստիճանն արարքի որակման համար նշանակություն չունի: Եթե խմբակային սպանության օբեկտիվ կողմի կատարման դեպքում համակատարողների միջև կարող է դերաբաշխում կատարվել, ապա այդ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հետ կապված նույնը լինել չի կարող, քանի որ հանցակիցներից յուրաքանչյուրը գիտակցում և խմբի այլ անդամի կամ անդամների հետ համատեղ իրականացնում է հանրորեն վտանգավոր արարքը: Ընդ որում, եթե մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնութան ապանությունը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ, ապա նախնական համաձայնությամբ սպանությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցակազմի համար պարտադիր է ինչպես հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը՝ երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, այնպես էլ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշի առկայությունը՝ սպանությունը միասին կատարելու հանցակիցների գիտակցումը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ հանցակցության հասկացությունը սահմանում է, որ հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:

Նկատի ունենալով, որ սպանության դեպքում համակատարողներ են այն անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են տուժողին մահ պատճառելուն կամ էլ անմիջական ֆիզիկական ներգործություն են ունեցել տուժողի վրա՝ դրանով իսկ ապահովելով այլ անձի կողմից նրան մահ պատճառելը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այսինքն՝ խմբի կողմից կատարված սպանություն:

Սպանության համակատորղների հետ հանցավոր խմբի մյուս մասնակիցները կարող են հանդես գալ հանցագործության կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի դերում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դեպքում նրանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համապատասխան մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Իսկ եթե սպանությունն անմիջական կատարվել է մեկ անձի կողմից, սակայն դրա կատարմանը մասնակցել են հանցակիցներ՝ կազմակերպիչներ, դրդիչներ կամ օժանդակողներ, ապա արարքը չի կարող համարվել որպես խմբի կողմից կատարված սպանություն: Նման դեպքում, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի այլ ծանրացնող հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համապատասխան մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Եթե հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը միաժամանակ հանդիսացել է նաև սպանության համակատարող, ապա նրանց արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այսինքն՝ որպես նախնական համաձայնությամբ խմբի կողմից կատարված սպանություն՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի վրա հղում կատարելու:

Նշված հարցերի հետ կապված Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն է արտահայտել Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի վերաբերյալ գործով (2008թ. հուլիսի 25-ին կայացված թիվ ՎԲ-48/08 որոշման մեջ):

13. Սպանությունը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով որակելու համար անհրաժեշտ է ճշտել սպանությանը մասնակցած յուրաքանչյուր անձի մասնակցության աստիճանը, բնույթը, պարզել՝ մասնակիցները գործել են առանց նախնական համաձայնության, թե նախնական համաձայնությամբ, սպանություն կատարելիս դերաբաշխում եղե՞լ է, թե ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ս.Դավթյանի սպանությունը խմբի կողմից կատարված լինելու մասին վերաքննիչ դատարանի հետևությունները չեն բխում գործի օբյեկտիվ տվյալներից:

Այսպես՝ նախաքննությամբ և դատական ակտերով հաստատված է համարվել, որ Սայաթ Դավթյանին կյանքից զրկելու նպատակով Վալերի Բաբայանը նախնական հանցավոր համաձայնության է եկել գործով մեղադրյալ Անդրանիկ Շառոյանի և այլ անձանց հետ: 2007թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 17-ի սահմաններում, երբ Սայաթ Դավթյանը գնացել է Կոմիտասի փողոցի շուկայի կողմը, նրանք հետևել են տուժողին Անդրանիկ Շառոյանին պատկանող ԲՄՎ-520 մակնիշի ավտոմեքենայով: Այնուհետև Վալերի Բաբայանը հետիոտն ճանապարհահատվածով մտել է շուկա և շուկայի ավտոկայանատեղի տարածքում նկատելով Սայաթ Դավթյանին՝ «Մակարով» տեսակի ատրճանակից երեք կրակոցով սպանել է նրան, որից հետո Անդրանիկ Շառոյանի ավտոմենայով դիմել է փախուստի (տես սույն որոշման 6-րդ կետը):

Փաստորեն դատական ակտերով հաստատված է, որ տուժողն սպանվել է Վ.Բաբայանի արձակած երեք կրակոցով, Ս.Դավթյանին կյանքից զրկելու անմիջական գործողությունները կատարվել են նրա կողմից: Եվ քանի որ վերջինս դատապարտվել է խմբի կողմից կատարված սպանության համար, որը նախատեսում է ոչ պակաս, քան երկու համակատարող, ուստի դատարանը պարտավոր էր պարզել, թե ո՞վ կամ ովքե՞ր են Վ.Բաբայանի հետ մասնակցել տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողություններին: Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման սկզբունքի խախտման արդյունքում ոչ միայն չի ճշտվել, թե ովքե՞ր են Վ.Բաբայանի հետ սպանության համակատարողները և կա՞ն արդյոք այդպիսիք, թե ոչ, այլև չեն պարզվել Ա.Շառոյանի և այլ անձանց մասնակցության աստիճանն ու բնույթը կատարված հանցագործությանը, հանցակցության ի՞նչ տեսակներ են առկա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ դատարանները, խախտելով ապացույցների գնահատումն ամրագրած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, պատշաճ գնահատման չեն ենթարկել Վ.Բաբայանի արարքի ճիշտ որակման համար էական նշանակություն ունեցող վերը նշված հանգամանքները: Դատարանի հետևություններն այն մասին, որ Վ.Բաբայանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործություն, չեն համապատասխանում դատարաններում հետազոտված ապացույցներին: Գործի նյութերից երևում է, որ դատարանների կողմից չեն հետազոտվել օբյեկտիվ փաստական տվյալներն այն մասին, որ Ս.Դավթյանի սպանությանը մասնակցել են երկու կամ ավելի համակատարողներ:

Փաստորեն դատարանները խմբի կողմից կատարված սպանության համար Վ.Բաբայանին դատապարտել են՝ առանց գործի փաստական հանգամանքները հաշվի առնելու: Ուստի հիմնավորված ու պատճառաբանված չեն վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Վ.Բաբայանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ճիշտ է որակված:

Հետևաբար դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել են քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Սույն գործով դատական ակտ կայացնելիս դատարանները խախտել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածում ամրագրված դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին պահանջները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Նոր դատական քննությամբ անհրաժեշտ է վերը շարադրված հարցերի շուրջ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից ելնելով՝ պատշաճ գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները և հանգել համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վալերի Արամայիսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան