Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/2600/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/2600/05/08

2009թ.

Դատավոր՝ Ռ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)՝ Տեսչության գործողություններն ապօրինի ճանաչելու և հաշվարկված 6.899.280 ՀՀ դրամ պարտավորությունը վերացնելու, Հանձնաժողովի 14.03.2008 թվականի թիվ 7/2 որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ապօրինի ճանաչել հաստատագրված վճարների գծով 21.08.2007 թվականից մինչև 28.02.2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար պարտավորությունների հաշվարկման Տեսչության գործողությունները, վերացնել հաշվարկված 6.899.280 ՀՀ դրամի պարտավորությունը և Հանձնաժողովի թիվ 7/2 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.11.2008 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է` վճռվել է Տեսչության գործողությունները, կապված հաստատագրված վճարների գծով հաշվարկված պարտավորությունների հետ՝ սկսած 21.08.2007 թվականից մինչև 28.02.2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար, ճանաչել ապօրինի, վերացնել Հանձնաժողովի 14.03.2008 թվականի թիվ 7/2 որոշումը և պատասխանողի կողմից հաշվարկված 6.899.280 ՀՀ դրամի Ընկերության պարտավորությունը՝ որպես վիճարկվող գործողության հետևանք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 2-րդ կետի դրույթները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 77-րդ հոդվածների դրույթները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից 20.09.2007 թվականին ներկայացված հայտարարությունը չէր կարող դիտվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով նախատեսված ելակետային տվյալների նոր հայտարարություն, քանի որ հայտարարությունը ներակայացնելու գրությունում այդ մասին հստակ նշում առկա չէր, իսկ հայտարարությունում նշված էր «ավտոկանգառ» բառը, ինչը հիմք է տվել Տեսչությանը հետևություն անելու, որ այդ հայտարարությունը վերաբերում է նախկինում ներկայացված երկու ավտոկանգառներից մեկին: Տեսչությունը չէր կարող կռահել, որ հայտարարությունում նշված «ավտոկանգառ» բառի տակ պետք է հասկանալ նախկին երկու ավտոկանգառների փոխարեն ներկայացված մեկ ընդհանուր տարածքը, քանի որ այդ միտքը չի հասկացվում ինչպես նոր հայտարարությունը Տեսչություն ներկայացնելու մասին 20.09.2007թ. թիվ 15-ի գրության բովանդակությունից, այնպես էլ բուն հայտարարությունից:

Ընկերության 20.09.2007 թվականի հայտարարությամբ ներկայացված ելակետային տվյալների մեծությունը ցածր է եղել Տեսչության ստուգման արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների փաստացի մեծությունից, որը հաշվի առնելով Տեսչությունն Ընկերության ներկայացրած հաստատագրված վճարի մեծությունը համարել է չհիմնավորված և հիմք է ընդունել ստուգմամբ արձանագրված ելակետային տվյալները:

Դատարանի պատճառաբանությունն այն մասին, թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Տեսչությունը պարտավոր էր հավաստի համարել Ընկերության ներկայացրած հայտարարությունը կամ ապացուցել հակառակը, հիմնավոր չէ, քանի որ Տեսչությունն ապացուցել է Ընկերության ներկայացրած տվյալների հավաստի չլինելը՝ հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Դատարանի 10.11.2008թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման համար առկա է ինչպես հարկվող օբյեկտը, այնպես էլ հարկման բազան, հետևաբար, հաստատագրված վճարի ամսական չափը պետք է հաշվարկվեր ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի հնգապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:

Տեսչություն ներկայացված 20.09.2007 թվականի հայտարարությանը կից գրություն գրելու պարտավորություն Ընկերությունը չի ունեցել, հետևաբար, Տեսչությունն իրավունք չի ունեցել պարզաբանող կից գրություն մուտք չլինելու պատճառաբանությամբ հայտարարությունը հիմք չընդունել:

Հարկային մարմինը պարտավոր էր բոլոր դեպքերում Ընկերության ներկայացրած տվյալները հավաստի համարել կամ ապացուցել հակառակը և հաստատագրված վճարների չափն որոշեր ըստ 20.09.2007 թվականի հայտարարության, այլ ոչ թե հաշվարկվեր «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի ա ենթակետով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 10.08.2007 թվականի թիվ 2323130 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում, որի արդյունքում կազմված 21.08.2007 թվականի թիվ 2323130 ակտով փաստացի չափագրումների հիման վրա արձանագրվել է, որ Ընկերությունն ունի երկու ավտոկանգառ՝ առաջինը՝ 312 քմ մակերեսով, երկրորդը՝ 1938 քմ մակերեսով (գ.թ. 24-26):

2) 20.09.2007 թվականի թիվ 15 գրությամբ Ընկերությունը Տեսչություն է ներկայացրել «Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված ելակետային տվյալների փոփոխության հայտարարություն՝ 2007 թվականի սեպտեմբեր ամսվա համար, ըստ որի Ընկերության ունեցած ավտոկանգառի մակերեսը նշվել է 620 քմ (գ.թ. 28, 30):

3) Տեսչության կողմից կատարվել է բյուջեի հանդեպ Ընկերության հարկային պարտավորությունների մնացորդների ճշտության փոխադարձ ստուգում և 01.01.2008 թվականի դրությամբ կազմվել փոխադարձ հաշվարկների տեղեկանք, իսկ մինչև 28.02.2008 թվականն ընկած ժամանակաշրջանը 620քմ և 1938քմ մակերեսներով ավտոկանգառների համար հաշվարկվել է 6.899.280 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն (գ.թ. 33):

4) 28.02.2008 թվականի թիվ 16 գրության համաձայն՝ Ընկերությունը Տեսչությանը խնդրել է նույն օրվանից դադարեցնել հաստատագրված վճարների մասով պարտավորությունների հաշվարկումը թիվ 1 և թիվ 2 ավտոկանգառների համար, որոնց վերաբերյալ 2007 թվականի սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ներկայացվել է ելակետային տվյալների մեկ միասնական հայտարարություն (գ.թ. 35):

5) Հանձնաժողովի 14.03.2008 թվականի թիվ 7/2 որոշմամբ Տեսչության գործողությունները գանգատարկելու մասին Ընկերության բողոքը մերժվել է (գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ՝ ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին՝ նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

Նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային տեսչության մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային տեսչության մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծությունը չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տեսչության պետի 21.08.2007 թվականի թիվ 2323130 ակտով փաստացի չափագրումների հիման վրա արձանագրվել է Ընկերության երկու ավտոկանգառ ունենալու փաստը՝ առաջինը՝ 312 քմ մակերեսով, երկրորդը՝ 1938 քմ մակերեսով և հաշվարկվել լրացուցիչ հարկային պարտավորություն, որպես հաստատագրված վճարի համար վճարման ենթակա գումար, Ընկերության 20.09.2007 թվականի թիվ 15 գրությամբ Տեսչություն է ներկայացվել 2007 թվականի սեպտեմբեր ամսվա համար ««Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված» ելակետային տվյալների փոփոխության հայտարարություն, ըստ որի Ընկերության ունեցած ավտոկանգառի մակերեսը նշվել է 620 քմ: Ընկերությունը չի նշել, որ ավտոկանգառի փոփոխված 620 քմ մակերեսը վերաբերում է նախկինում ներկայացված երկու ավտոկանգառներին: Մասնավորապես, հայտարարությունում նշված «ավտոկանգառ» բառը Տեսչությանը հիմք է տվել հետևություն անելու, որ այդ հայտարարությունը վերաբերում է նախկին երկու ավտոկանգառներից մեկին: Ավելին, Տեսչությունում մուտքագրված ելակետային տվյալների հայտարարությանը կից գրությունում նշվել է, որ հայտարարությունը ներկայացվում է «Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված, հետևաբար, Տեսչությունը հիմք է ունեցել հետևություն անելու այն մասին, որ տոնավաճառի մյուս տարածքներից բացի ավտոկանգառների տարածքը ևս նախկինում կատարված ստուգմամբ արձանագրված չափերի համեմատ ընդլայնվել է : Այսինքն՝ հայտարարությունում նշված 620քմ մակերեսը վերաբերում է 312 քմ մակերեսով ավտոկանգառի ընդլայնմանը, իսկ 1938 քմ մակերեսով թիվ 2 ավտոկանգառի վերաբերյալ փոփոխված հայտարարություն չի ներկայացվել:

Ընկերությունը միայն 28.02.2008 թվականի գրությամբ է Տեսչությանը խնդրել դադարեցնել թիվ 1 և թիվ 2 ավտոկանգառների համար հաստատագրված վճարի մասով պարտավորությունների հաշվարկումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը ««Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված» 20.09.2007 թվականին ելակետային տվյալների հայտարարություն է ներկայացրել միայն մեկ՝ 620 քմ մակերես ունեցող ավտոկանգառի վերաբերյալ, մինչդեռ, Տեսչության պետի 21.08.2007 թվականի թիվ 2323130 ակտով արձանագրվել է Ընկերության երկու ավտոկանգառ՝ առաջինը՝ 312 քմ մակերեսով, երկրորդը՝ 1938 քմ մակերեսով ունենալու փաստը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը ««Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված» 20.09.2007 թվականի ելակետային տվյալների հայտարարությամբ ըստ էության ներկայացրել է Տեսչության կողմից իրականացված ստուգման արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից ցածր մեծություն, որը հաստատվել է Տեսչության 01.01.2008 թվականի դրությամբ կազմված փոխադարձ հաշվարկների տեղեկանքով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն հետևությունը, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի ուժով բացակայել է հարկային տեսչության մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից ցածր լինելու փաստը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան