ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-14-Ո-23
2009 թ.
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի, Ն. Տավարացյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի
|
մասնակցությամբ դատավոր |
Ս. Բաղդասարյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2009 թվականի հունիսի 25-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 14.05.2009թ. թիվ N-Կ-2-02/09 որոշմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Էդմոն Մարուքյանի դիմումը` հասցեագրված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ըստ եզրակացության՝
2009թ. փետրվարի 9-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Ս.Բաղդասարյանի նախագահությամբ քննության է առել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Սպիտակի քննչական բաժանմունքի պետ Ա. Փանոսյանի միջնորդությունը` թիվ 52100709 քրեական գործով մեղադրյալ Արման Սուրիկի Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին և բավարարել այն:
Փաստաբանն իր դիմումի մեջ նշել է, որ նախաքննության մարմինը դատարան է ներկայացրել քրեական գործի նյութերը, որոնք նախապես պաշտպանության կողմին չեն տրամադրվել:
Միջնորդության քննության դատական նիստին պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին` նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացրած` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը և դրան կից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ:
Դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը:
Դատարանը մերժել է նաև պաշտպանության կողմի երկրորդ միջնորդությունը` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության քննարկմանը պատշաճ պատրաստվելու և խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդություն պատրաստելու համար երկու ժամ ժամանակ տրամադրելու մասին:
Այնուհետև, պաշտպանության կողմը դատարանից խնդրել է տրամադրել ողջամիտ ժամկետ` դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն պատրաստելու համար: Դատարանը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն պատրաստելու համար տրամադրել է 10 րոպե ժամանակ:
Դատարանը պաշտպանության կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը քննարկել է առանց խորհրդակցական սենյակ հեռանալու և միջնորդությունը մերժել է բանավոր` առանց առանձին ակտ կայացնելու:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով գործի նյութերը, գտել է, որ արդարադատություն իրականացնելիս Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի` «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին»:
Խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննմանը պաշտպանության կողմի պարտադիր մասնակցության օրենսդրական պահանջը նպատակ ունի ապահովել կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների կենսագործումը: Պաշտպանության կողմը պետք է իրական հնարավորություն ունենա իրականացնելու պաշտպանական գործառույթ, այդ թվում` ներկայացնել նյութեր, հակափաստարկներ, հայտնել բացարկներ, հարուցել միջնորդություններ, առարկել մեղադրանքի կողմի ներկայացված միջնորդությունների դեմ և այլն: Իսկ որպեսզի պաշտպանական գործառույթի իրականացումը լինի իրական, այլ ոչ թե պատրանքային, պաշտպանության կողմին առնվազն պետք է գործնական հնարավորություն տրվի ծանոթանալ ներկայացված նյութերին:
Ներկայացված միջնորդությունները մերժելով` դատարանը զրկել է պաշտպանության կողմին օրենքով չարգելված բոլոր միջոցներով արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորությունից:
Պաշտպանության կողմին պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար բավարար ժամանակ չտրամադրելով` դատավոր Ս. Բաղդասարյանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ)» ենթակետը, համաձայն որի` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի առնվազն հետևյալ նվազագույն իրավունքները` (…) բավարար ժամանակ ու հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարվելուց անմիջապես հետո, եթե նույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված (...)»:
ՀՀ քրեական դատավարության 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում, որում նշվում են այն բավարարելու կամ մերժելու հիմքերը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(….) բացարկների (….) մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում, և դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձևով` ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից»:
Այսպիսով, անկախ այն հանգամանքից, թե դատական նիստում իրականացվում է գործի ըստ էության քննություն, թե մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն, միևնույնն է, պաշտպանական կողմն իրավունք ունի ներկայացնելու միջնորդություններ, այդ թվում` դատավորին ինքնաբացարկի միջնորդություն, իսկ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ներկայացված միջնորդությունները քննարկել ներկայացնելուց անմիջապես հետո և կայացնել պատճառաբանված որոշում` նշելով բավարարելու կամ մերժելու հիմքերը:
Մինչդեռ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու բանավոր ձևով որոշում կայացնելով՝ դատավոր Ս.Բաղդասարյանը ոչ միայն խախտել է միջնորդության լուծման դատավարական կարգը, այլ նաև չի պահպանել որոշման ձևին ներկայացվող պահանջները` միջնորդության մերժումը չի ձևակերպել առանձին փաստաթղթով ձևակերպելու և պատճառաբանելու:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ս. Բաղդասարյանը սույն գործով պաշտպանության կողմի ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը քննարկելով առանց խորհրդակցական սենյակ հեռանալու և առանց առանձին ակտի ձևով որոշում կայացնելու բանավոր մերժելով միջնորդությունը` թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի, 102-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 313-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաբան Էդմոն Մարուքյանի դիմումը, դիմումին կից ներկայացված նյութերը, հանգել է այն հետևության, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում արդարադատություն իրականացնելիս չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ են տրվել դատավարական իրավունքի ակնհայտ խախտումներ:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանն Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործող գրաֆիկի համաձայն 09.12.2008թ. հերթապահել եմ Վանաձորի նստավայրի դատարանում քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Աշխատանքային օրվա վերջում դատարան է բերվել Սպիտակի քննչական բաժանմունքում քննվող թիվ 52/00709 քրեական գործով ՀՀ քր. օր. 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Արման Շահինյանը` նրա նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությամբ: Ստանալով միջնորդությունը և կից նյութերը` ձեռնամուխ եմ եղել միջնորդության քննարկման նախապատրաստմանը: Ելնելով միջնորդությունն անհապաղ քննելու սահմանված պահանջից հնարավոր բոլոր միջոցներով դատական նիստի տեղի և ժամանակի մասին տեղեկացրել եմ քննիչին և մեղադրյալի պաշտպան Է. Մարուքյանին և նրանց դատարան ներկայացնելուց անմիջապես հետո` ժամը 19.00-ին սկսել եմ դատական նիստը: Մինչև միջնորդության քննարկմանն անցնելը կողմերին բացատրվել են դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու նրանց դատավարական իրավունքը, սակայն նրանք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացրել:
Պաշտպան Է. Մարուքյանը դատարանին միջնորդել է ծանոթանալու համար իրեն տրամադրել քննիչի ներկայացրած նյութերը: Նրան տեղեկացվեց, որ միջնորդությանը կից ներկայացվել են քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին որոշումը, ձերբակալման արձանագրությունը և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը: Միաժամանակ միջնորդության հիմնավորվածությունը ստուգելու համար դատարանը պաշտպանից պարզել է, որ նա մասնակցել է քրեական գործի նախաքննությանը և ծանոթ է նշված փաստաթղթերին: Նկատի ունենալով, որ քննիչի կողմից միջնորդությունը ներկայացնելու արդյունքում պաշտպանը կծանոթանա նաև միջնորդության բովանդակությանը` դատարանը մերժեց միջնորդությունը: Պաշտպան Է. Մարուքյանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության քննարկմանը պատրաստվելու և կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն պատրաստելու համար իրեն երկու ժամ ժամանակ տրամադրելու մասին: Քանի որ տվյալ դեպքում դատական նիստին նախապատրաստվելու և գրավի միջնորդությունը կազմելու համար պաշտպանի կողմից պահանջած երկու ժամ ժամանակն իմ կարծիքով ողջամիտ չէր, դատարանը նրան առաջարկեց այդ գործողությունները կատարելու համար տրամադրել 30 րոպե ժամանակ, որին սակայն նա չհամաձայնեց և պնդեց երկու ժամով նիստը հետաձգելու իր պահանջը: Դատարանը, նկատի ունենալով, որ այդ պահին խափանման միջոց կալանավորումը դեռևս ընտրված չէ, որը կարող է փոխարինվել գրավով և հաշվի առնելով դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը կիրառելու դեպքում մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հնարավորության հարցի քննարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված պարտադիր պահանջը, պաշտպանի գործողություններում տեսնելով առանց այն էլ ոչ աշխատանքային ժամին տեղի ունեցող դատական նիստը անհարկի ձգձգելու ակնհայտ միտումը` դատարանը մերժեց նաև պաշտպանի երկրորդ միջնորդությունը: Ներկայացնելով պաշտպան Է. Մարուքյանի միջնորդությունները մերժելու իմ նկատառումները` միաժամանակ ընդունում եմ, որ թույլ եմ տվել քրեադատավարական օրենքի խախտում: Խնդրում եմ հաշվի առնել, որ միջնորդությունները քննարկել եմ աշխատանքային օրվա վերջում շուրջ 5-6 այլ միջնորդությունների քննարկումից հետո` հոգնած վիճակում, և ցուցաբերել ներողամիտ վերաբերմունք: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ միջնորդության քննարկմանը պաշտպան Է. Մարուքյանը դատարան էր ներկայացել դատական նիստին պատրաստված: Այդ են վկայում նրա կողմից դատարան ներկայացված բազմաթիվ փաստաթղթերը, որոնք նա ձեռք էր բերել միջնորդության քննարկմանը դատարանին ներկայացնելու համար: Այդ փաստաթղթերն են` վճռաբեկ դատարանի ՎԲ-115/07 նախադեպային որոշման պատճենը, մեղադրյալ Շահինյանի հիվանդության մասին տեղեկանքի պատճենը, նրա մարզական հաջողությունների մասին թվով 25 դիպլոմների, շնորհակալագրերի, պատվոգրերի պատճենները և Շահինյանի բնութագրերը: Բացի դա, նա դատական նիստին օգտվում էր նախապես կատարած գրառումներից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, պաշտպան Է. Մարուքյանի բողոքի հիման վրա 09.04.2009թ. դատական ստուգման ենթարկելով մեղադրյալ Արման Շահինյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2009թ. որոշումը, այն թողել է անփոփոխ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերը նշված խախտումների կապակցությամբ արձանագրել է, որ միջնորդությունը քննարկելու ընթացքում պաշտպանը զրկված չի եղել մեղադրյալ Ա. Շահինյանի պաշտպանությունը արդյունավետ իրականացնելու և համապատասխան գրավի միջնորդություն ներկայացնելու հնարավորություններից: Բացի այդ, վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում պաշտպան Է. Մարուքյանը հրաժարվեց ծանոթանալու վերը նշված նյութերին` պատճառաբանելով, որ դրանք իրեն ծանոթ են, իսկ իրեն անծանոթ է եղել միայն մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու որոշումը: Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից հիշատակված վերը նշված որոշմանը, ապա հարկ է նշել, որ միջնորդության քննարկման ընթացքում գործը վարող քննիչը` Ա. Փանոսյանը, հիմնավորելով իր կողմից ներկայացված միջնորդությունը, ներկայացրել է նրա էությունը և բովանդակությունը, ինչի արդյունքում պաշտպանը ծանոթացել է նաև այդ որոշման բովանդակությանը»:
Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն և իմ կողմից այդ միջնորդությունը խորհրդակցական սենյակում չքննարկելուն և առանձին փաստաթղթով որոշումը չձևակերպելուն, ապա հայտնում եմ, որ դատարանը պաշտպանի միջնորդությամբ նրան տրամադրել է 10 րոպե ժամանակ ինքնաբացարկի միջնորդությունը ձևակերպելու համար: Միջնորդությունը խորհրդակցական սենյակում չեմ քննարկել` նկատի ունենալով, որ տվյալ դեպքում պաշտպանի կողմից դատավորի կողմնակալությանը վերաբերող փաստարկները հիմնազուրկ են եղել, և ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվել է միայն այն բանի համար, որ պաշտպանի նախորդ միջնորդությունները մերժվել են: Գիտակցում եմ նաև, որ ինքաբացարկի միջնորդությունը խորհրդակցական սենյակում չքննարկելով և որոշումն առանձին փաստաթղթով չձևակերպելով, խախտել եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: Կարծում են, որ իմ կողմից կատարած քրեադատավարական օրենքի խախտումները որևէ հետևանքներ չեն առաջացրել, ուստի հայցում եմ կարգապահական հանձնաժողովի ներողամտությունը»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. 2009թ. փետրվարի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Ս. Բաղդասարյանի, քննության է առել ՀՀ ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Ա. Փանոսյանի միջնորդությունը` թիվ 52100709 քրեական գործով մեղադրյալ Արման Սուրիկի Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին և բավարարել:
2. Պաշտպանության կողմը ներկայացրել է միջնորդություն` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությանը և դրան կից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու մասին, որը դատարանի կողմից մերժվել է:
3. Պաշտպանության կողմը ներկայացրել է երկրորդ միջնորդությունը` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության քննարկմանը պատրաստվելու և այն գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացնելու համար երկու ժամ ժամանակ տրամադրելու վերաբերյալ, որը ևս դատարանը մերժել է:
4. Դատարանը պաշտպանության կողմի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը քննարկել է առանց խորհրդակցական սենյակ հեռանալու և միջնորդությունը մերժել բանավոր` առանց առանձին ակտ կայացնելու:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին կարգապահական պատաս՟խանատվության ենթարկելու միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորի բացատրությունը` Խորհուրդը գտնում է, որ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի` «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին»:
Խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննմանը պաշտպանության կողմի պարտադիր մասնակցության օրենսդրական պահանջը նպատակ ունի ապահովել կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների կենսագործումը: Պաշտպանության կողմը պետք է իրական հնարավորություն ունենա իրականացնելու պաշտպանական գործառույթ, այդ թվում` ներկայացնել նյութեր, հակափաստարկներ, հայտնել բացարկներ, հարուցել միջնորդություններ, առարկել մեղադրանքի կողմի ներկայացված միջնոդությունների դեմ և այլն: Իսկ որպեսզի պաշտպանական գործառույթի իրականացումը լինի իրական, այլ ոչ թե պատրանքային, պաշտպանության կողմին առնվազն պետք է գործնական հնարավորություն տրվի ծանոթանալ ներկայացված նյութերին:
Ներկայացված միջնորդությունները մերժելով` դատարանը զրկել է պաշտպանության կողմին օրենքով չարգելված բոլոր միջոցներով արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորությունից:
Պաշտպանության կողմին պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար բավարար ժամանակ չտրամադրելով` դատավոր Ս. Բաղդասարյանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ)» ենթակետը, համաձայն որի` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի առնվազն հետևյալ նվազագույն իրավունքները` «(….)բավարար ժամանակ ու հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար»:
ՀՀ քրեական դատավարության 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում, որում նշվում են այն բավարարելու կամ մերժելու հիմքերը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(….) բացարկների (….) մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում և դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձևով` ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից»:
Մինչդեռ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացնելով` առանց խորհրդակցական սենյակ հեռանալու և բանավոր ձևով դատավոր Ս. Բաղդասարյանը ոչ միայն խախտել է միջնորդության լուծման դատավարական կարգը, այլ նաև չի պահպանել որոշման ձևին ներկայացվող պահանջները:
Խորհուրդը գտնում է, որ դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից թույլ տրված վերոնշյալ դատավարական իրավունքի նորմերի խախտումները ակնհայտ են և կոպիտ, որոնք հանգեցրել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային պայմանագրերի նորմերով և այլ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը և դրանցից զրկելուն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին հայտարարել նախազգուշացում:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` Վ. Աբելյան Գ. Բադիրյան Ռ. Բարսեղյան Ա. Թումանյան Գ. Խանդանյան Մ. Մարտիրոսյան Հ. Փանոսյան Ս. Օհանյան