Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0250/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0250/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուդիկ Գասպարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռուդիկ Գասպարյանի դիմումի` գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ռուդիկ Գասպարյանը պահանջել է տիրազուրկ ճանաչել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող անշարժ գույքի 4/5-րդ մասը և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 31.03.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 31.03.2008 թվականի վճիռը բեկանվել է և դիմումը թողնվել է առանց քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդիկ Գասպարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել գործում առկա ապացույցները, վերաքննիչ բողոքին կից փաստաթղթերը, որի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է միայն հարևանների կողմից ներկայացված հայտարարությունը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ հայտարարությունները հերքվում են նույն ապացուցողական նշանակությունն ունեցող մեկ այլ՝ տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված փաստաթղթով:

Գործի քննության ժամանակ չի հաստատվել Ռոբերտ և Հովհաննես Գասպարյանների կողմից Ռուդիկ Գասպարյանին և նրա ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը, քանի որ ֆինանսական միջոցների փոխանցման փաստը հավաստող փաստաթուղթ դատարանին չի ներկայացվել:

Բացի այդ, գործում առկա չէ Ռոբերտ և Հովհաննես Գասպարյանների Հայաստանի Հանրապետություն այցելելու փաստը հաստատող ապացույց:

Վերաքննիչ դատարանն ապացույցը դատական ակտի հիմքում դնելով չի պարզել այդ ապացույցի թույլատրելիության հանգամանքը, որը հնարավոր էր պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածների անմիջական կիրառմամբ: Ընդ որում, միայն նշված հանգամանքը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար հայցն առանց քննության թողնելու դատավարական իրավունքի նորմերին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.03.2008 թվականի վճռին:

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.    

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 29.07.2008 թվականի գրության համաձայն՝ Երևանի Ազատամարտիկների (նախկինում՝ Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեի բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցված է 26.07.1990 թվականից՝ Ռոբերտ Մարտինի Գասպարյանի և Ռուդիկ Մարտինի Գասպարյանի անվամբ, իսկ 20.02.1997 թվականից՝ նաև Հովհաննես և Մարտին Գասպարյանների անվամբ (գ.թ. 65):

2) Երևանի Ազատամարտիկների (նախկինում՝ Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի հարևանների 08.08.2008 թվականի հայտարարության համաձայն՝ Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանների գտնվելու վայրն անհայտ չի եղել, նրանք չեն հրաժարվել Երևանի Ազատամարտիկների (նախկինում՝ Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքից, ժամանակ առ ժամանակ այցելել են Երևան՝ այդ ընթացքում բնակվելով յուրաքանչյուրն իր տանը (գ.թ. 64):

3) Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանները գործի քննությանը մասնակից չեն դարձվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.      

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելու հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ: Դատարանը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ:

Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին (Տես «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի թիվ 3-445(Ա) գործով 02.03.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Ազատամարտիկների (նախկինում՝ Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցված է 26.07.1990 թվականից՝ Ռոբերտ Մարտինի Գասպարյանի և Ռուդիկ Մարտինի Գասպարյանի անվամբ, իսկ 20.02.1997 թվականից՝ Հովհաննես և Մարտին Գասպարյանների անվամբ, Երևանի Ազատամարտիկների (նախկինում՝ Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի հարևանների 08.08.2008 թվականի հայտարարությամբ՝ Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանների գտնվելու վայրն անհայտ չէ, նրանք չեն հրաժարվել Երևանի Ազատամարտիկների (նախկինում՝ Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքից, ժամանակ առ ժամանակ այցելել են Երևան՝ այդ ընթացքում բնակվելով յուրաքանչյուրն իր տանը, Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանները վիճելի բնակելի տունը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին գործի քննությանը չեն մասնակցել:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու դիմումի քննության ժամանակ վեճ է ծագել Երևանի Ազատամարտիկների (նախկինում՝ Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տան սեփականության իրավունքի մասին, վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման փաստի և Հովհաննես և Ռոբերտ Գասպարյանների իրավունքների ծավալի փոփոխության միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Ազատամարտիկների (նախկինում՝ Դիմիտրով) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի մասին վեճը պետք է քննվի հայցային վարույթի կաննոներով՝ շահագրգիռ անձանց գործի քննությանը մասնակից դարձնելով, իսկ դիմումը՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին՝ թողնվի առանց քննության:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելը:

Ինչ վերաբերվում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերողի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում՝ դիմումն առանց քննության թողնելու և նշված փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չդարձվելու՝ դատավարական իրավունքների սահմանափակման (գործի քննությանը մասնակից չդառնալու) արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան