Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0914/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0914/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

                    Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Պայծառ Խաչատրյանի, Լուսինե և Սոս Դաշտոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մեսրոպ Դաշտոյանի ընդդեմ Պայծառ Խաչատրյանի, Լուսինե Դաշտոյանի, Սոս Դաշտոյանի` անշարժ գույքի բաժնի առանձնացման, հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին և Պայծառ Խաչատրյանի, Լուսինե Դաշտոյանի, Սոս Դաշտոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մեսրոպ Դաշտոյանի, երրորդ անձ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և 17.07.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մեսրոպ Դաշտոյանը պահանջել է Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 30 շենքի թիվ 33 բնակարանի սեփականության իրավունքով իրեն պատկանող 1/5 բաժինը և ըստ օրենքի ժառանգության վկայագրի հիման վրա ընդունած 1/5 բաժինը (ընդհանուր 2/5 բաժին) առանձնացնել սույն գործով պատասխանողների՝ նույն հասցեի անշարժ գույքի 3/5 բաժնից: Այնուհետև, ավելացնելով հայցապահանջի չափը` պահանջել է հրապարակային սակարկություններով վաճառել նշված հասցեի բնակարանը և վաճառքից գոյացած գումարի 2/5 մասը տրամադրել իրեն:

Հակընդդեմ հայցով Պայծառ Խաչատրյանը, Լուսինե Դաշտոյանը, Սոս Դաշտոյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը բնակարանի` Մեսրոպ Դաշտոյանին պատկանող 2/5 բաժնի նկատմամբ և անվավեր ճանաչել 17.07.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.06.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.09.2008 թվականի որոշմամբ մասնակիորեն` հակընդդեմ հայցը բավարարելու մասով բեկանվել և փոփոխվել է Դատարանի վճիռը: Պայծառ Խաչատրյանի, Սոս և Լուսինե Դաշտոյանների հայցն ընդդեմ Մեսրոպ Դաշտոյանի, երրորդ անձ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Մելքոնյանի՝ ձեռքբերման վաղեմության իրավունքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին մերժվել է: Մասնակի անվավեր է ճանաչվել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Մելքոնյանի կողմից 17.07.2007 թվականին տրված թիվ 2995 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Պայծառ Խաչատրյանը, Լուսինե և Սոս Դաշտոյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Մեսրոպ Դաշտոյանն իր գործողություններով փաստացի հրաժարվել է վերը նշված բնակարանի վիճելի մասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից և երբևիցե չի խոչընդոտել Պայծառ Խաչատրյանի, Լուսինե և Սոս Դաշտոյանների կողմից նշված բնակարանի տիրապետմանը և օգտագործմանը:

Բացի այդ, Պայծառ Խաչատրյանը, Լուսինե և Սոս Դաշտոյանները տասը տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետել են վիճելի բնակարանը, հոգացել են գույքի պահպանման համար անհրաժեշտ ծախսերը:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ և 1227-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Լուսիկ Յաղուբյանի մահից հետո (26.02.1996 թվական) Մեսրոպ Դաշտոյանն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում չի դիմել նոտարական գրասենյակ՝ Լուսիկ Յաղուբյանի ժառանգությունն ընդունելու համար, այլ դիմել է 17.07.2007 թվականին միայն:

Բացի այդ, Մեսրոպ Դաշտոյանը չի տիրապետել, կառավարել ժառանգական գույքը, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել այն պահպանելու, ինչպես նաև այլ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի ժողովրդական դեպուտատների Արաբկիրի Շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 07.12.1995 թվականի թիվ 25/1 որոշմամբ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 30 շենքի թիվ 33 բնակարանը անհատույց սեփականաշնորհվել է Լուսիկ Յաղուբյանի անվամբ` որպես ընտանիքի հինգ անձի, այդ թվում` Մեսրոպ, Լուսինե և Սոս Դաշտոյանների, Պայծառ Խաչատրյանի սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) 29.02.1996 թվականի թիվ 011811 մահվան վկայականի համաձայն` Լուսիկ Յաղուբյանը մահացել է 26.02.1996 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12):

3) 17.07.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 26.02.1996 թվականին մահացած Լուսիկ Յաղուբյանի ժառանգական գույքի` Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 30 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Մեսրոպ Դաշտոյանը (հատոր 1-ին, գ.թ.14):

4) Նոտար Ալվարդ Մելքոնյանը 23.05.2008 թվականի գրությամբ հայտնել է, որ 17.07.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում Մեսրոպ Դաշտոյանի ժառանգության բաժինը ժառանգատուի բաժնի փոխարեն սխալմամբ նշվել է ամբողջ բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 79):

5) Համաձայն սույն գործով վկաներ Գալյա Դաշտոյանի և Սեդա Սահակյանի գրավոր հայտարարությունների` Մեսրոպ Դաշտոյանը մասնակցվել է Լուսիկ Յաղուբյանի մահվան քառասունքի արարողությանը, որից հետո փորձել է բնակվել վիճելի հասցեում, սակայն Պայծառ Խաչատրյանը դիմադրել է և սպառնացել ոստիկանություն կանչել, եթե Մեսրոպ Դաշտոյանը փորձի բնակվել այդ բնակարանում (հատոր 1-ին, գ.թ 66,68):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (Տե´ս Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հիմնավորվել Մեսրոպ Դաշտոյանի՝ առանց վիճելի գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության դրա տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման փաստը, մի հանգամանք, որի առկայությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու պարտադիր նախապայմաններից է։

Գործում առկա փաստերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Մեսրոպ Դաշտոյանի գործողություններով չի հիմնավորվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի իմաստով վիճելի գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունից ակնհայտորեն հրաժարվելու փաստը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի որոշումը վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը մերժելու մասով:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Սույն գործի փաստերի համաձայն` Մեսրոպ Դաշտոյանը Լուսիկ Յաղուբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ է դիմել վերջինիս մահից շուրջ տասնմեկ տարի հետո, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, Մեսրոպ Դաշտոյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, որևէ ձևով փաստացի չի տիրապետել և չի կառավարել ժառանգական գույքը, հետևաբար, ժառանգությունն ընդունած ժառանգ չէ:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը բավարար է Վերաքննիչ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2008 թվականի որոշման՝ 17.07.2007 թվականին Մեսրոպ Դաշտոյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու մասը և այն փոփոխել. հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել 17.07.2007 թվականին Մեսրոպ Դաշտոյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2008 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան