Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՔՐԴ 2/0028/01/08

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

 

 

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

2009թ. ապրիլի 10-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2003թ. մայիսի 8-ի որոշման դեմ Միշա Էդիկի Հարությունյանի և նրա պաշտպանի բողոքների հիման վրա՝ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով գործը,


ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 1998թ. դեկտեմբերի 4-ին Սերգո Վլադիկի Հարությունյանի մահվան փաստի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

1999թ. ապրիլի 17-ին Միշա Էդիկի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի «գ» կետով:

1999թ. հունիսի 19-ին որոշում է կայացվել Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ԼՂՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

1999թ. օգոստոսի 11-ին որոշում է կայացվել Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ԼՂՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

1999թ. օգոստոսի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 1999թ. դեկտեմբերի 6-ի դատավճռով Միշա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 13 տարի ժամկետով:

3. Միշա Հարությունյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2000թ. հունիսի 15-ի որոշմամբ Միշա Հարությունյանի մասով բեկանել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 1999թ. դեկտեմբերի 6-ի դատավճիռը և գործն ուղարկել ՀՀ զինվորական դատախազություն՝ լրացուցիչ նախաքննության:

Լրացուցիչ նախաքննությունից հետո` 2000թ. սեպտեմբերի 12-ին, քրեական գործը կրկին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2001թ. հունիսի 13-ի որոշմամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Միշա Էդիկի Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով ուղարկվել է լրացուցիչ նախաքննության:

4. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2001թ. օգոստոսի 3-ի որոշմամբ բեկանել է Միշա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2001թ. հունիսի 13-ի որոշումը և քրեական գործն ուղարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան ՝ այլ կազմով նոր քննության:

5. Մ. Հարությունյանի պաշտպանի վճռաբեկ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2001թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ վերաքննիչ դատարանի 2001թ. օգոստոսի 3-ի որոշումը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման:

6. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2002թ. հունիսի 19-ի դատավճռով Միշա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով:

7. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2003թ. ապրիլի 1-ի դատավճռով առաջին ատյանի դատարանի վերը նշված դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ պաշտպանի և մեղադրողի վերաքննիչ բողոքները` առանց բավարարման:

8. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2003թ. մայիսի 8-ի որոշմամբ վերաքննիչ դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ պաշտպանի և մեղադրողի վճռաբեկ բողոքները` առանց բավարարման:

9. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատավճիռը վերանայելու մասին 2003թ. օգոստոսի 5-ի որոշմամբ Միշա Հարությունյանի՝ 1961թ. մարտի 7-ի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված արարքը համապատասխանեցրել է 2003թ. ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին:

10. Մ.Հարությունյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով 2007թ. հունիսի 7-ին կայացրել է վճիռ, որով արձանագրել է, որ Մ.Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

11. Ելնելով վերոգրյալից՝ Մ.Հարությունյանը 2007թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4101-րդ հոդվածի հիման վրա նոր հանգամանքի՝ Եվրոպական դատարանի վճռի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 2003թ. մայիսի 8-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու մասին:

12. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի ՀՀ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4101-րդ հոդվածը, որը ՀՀ վճռաբեկ դատարանին՝ որպես տվյալ քրեական գործով վերջնական դատական որոշում կայացրած դատարանի, իրավունք էր վերապահել նոր հանգամանքի հետևանքով վարույթ հարուցել: Նշված օրենքի 4261-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը նոր հանգամանքներով վերանայում է դատական ակտ կայացրած այն առաջին ատյանի դատարանը, որը քննել է համապատասխան գործը կամ նյութը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. հունվարի 21-ի որոշմամբ Միշա Հարությունյանի դիմումը փոխանցվել է Հարավային քրեական դատարան:

13. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածի սահմանադրականությունը՝ Մ. Հարությունյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:

14. ՀՀ Սահմանադրական դատարանը 2008թ. հոկտեմբերի 21-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261 -րդ հոդվածը և 4268-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրանք վերաբերում են նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման իրավասությանը միայն առաջին ատյանի դատարաններին վերապահելուն և առնչվում են միայն վերջիններիս կողմից կայացրած դատական ակտերին:

15. ՀՀ հարավային քրեական դատարանը 2008թ. նոյեմբերի 18-ի որոշմամբ նոր հանգամանքներով հարուցված դատական ակտի վերանայման վարույթը կարճել է:

16. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքով սահմանվել է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը՝ վճռաբեկ դատարանը՝ բողոքի հիման վրա (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 4261 ):

17. Ելնելով այն բանից, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 2008թ. հոկտեմբերի 21-ի որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. հունվարի 21-ի որոշումը նոր հանգամանքներով վերանայելու համար, Միշա Հարությունյանի պաշտպանը 2009թ. հունվարի 21-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

18. ՀՀ վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բողոք բերող անձը նոր հանգամանքը հաստատող նյութեր դիմումին չի կցել, պատշաճորեն դատավարության մասնակիցներին չի ուղարկել նոր հանգամանքը հաստատող Եվրոպական դատարանի վճռի հայերեն պատճենները և նոր հանգամանքը հաստատող նյութերի պատճենները, 2009թ. փետրվարի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է՝ թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:

2009թ. մարտի 30-ին Միշա Հարությունյանի պաշտպանը վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելուց հետո կրկին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

19. ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. ապրիլի 3-ին որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները

 

20. Միշա Հարությունյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

Գտնվելով ԼՂՀ ՊԲ թիվ 33651 զորամասի 24 մարտական դիրքում հերթափոխության մեջ՝ Մ. Հարությունյանը 1998թ. դեկտեմբերի 4-ին անհիմն վիճաբանության մեջ է մտել նույն դիրքի շարքային զինծառայող Սերգեյ Հարությունյանի հետ, որի ընթացքում նրանք հայհոյել են միմյանց:

Նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, Սերգեյ Հարությունյանի կողմից հերթափոխությունը ժամապահի համար չնախատեսված տեղում կատարելու պատրվակով Մ. Հարությունյանը կրկին վեճի է բռնվել նրա հետ և հայհոյել նրան: Ս. Հարությունյանը նրան պատասխանել է հայհոյանքներով: Մ. Հարությունյանը, բլինդաժից վերցնելով իրեն ամրակցված «ԱԿ-74» մակնիշի թիվ 916236 ինքնաձիգը, մոտեցել է Ս. Հարությունյանին և առաջարկել գնալ առաջին գծի խրամատ՝ հարաբերությունները պարզելու: Առաջացած վեճի ընթացքում Միշա Հարությունյանը խուլիգանական դրդումներով Սերգեյ Հարությունյանին սպանելու դիտավորությամբ մոտ երկու մետր տարածությունից ինքնաձիգի փողն ուղղել է Սերգո Հարությունյանի վրա և մեկ անգամ կրակ արձակել, որի հետևանքով Ս.Հարությունյանը պարանոցի շրջանում ստանալով կյանքի համար անհամատեղելի միջանցիկ գնդակային հրազենային վնասվածք՝ տեղում մահացել է:

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

 

21. Հարությունյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 36549/03) գործով դիմումատուն, վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, պնդել է, որ խոշտանգումների միջոցով իր կողմից տրված խոստովանական ցուցմունքները և վկաներ Գ. Տավարածյանից ու Կ. Անտոնյանից ձեռք բերված ցուցմունքները դատաքննության ընթացքում օգտագործելը խախտել է արդար դատաքննության իրավունքը և ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը:

22. Կառավարությունն իր հերթին պնդել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում առկա չէ նույնիսկ այն դեպքում, եթե ընդունենք, որ ներպետական դատարաններն իրենց դատավճիռների հիմքում օգտագործել են խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքները, քանի որ դիմումատուի մեղքն ապացուցված է եղել գործով ձեռք բերված այլ ապացույցներով:

23. Եվրոպական դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը գնահատական տալիս հիմք է ընդունել նաև դիմումատուի մեղքը հաստատող այլ ապացույցներ, ինչպիսիք են՝

ա) դատահյուսվածքաբանական փորձաքննության և դատաբժշկական փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ զոհը սպանվել է մոտ տարածությունից արձակված հրազենային կրակոցից,

բ) դատաձգաբանական փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ դեպքի վայրից հայտնաբերված պարկուճը կրակվել է ԱԿ-74 տեսակի թիվ 916236 համարի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել դիմումատուին,

գ) 1999թ. ապրիլի 17-ին կազմված դեպքի վայրի զննության արձանագրությունով և մի շարք այլ նյութերով (վճռի 28-րդ կետ):

24. Եվրոպական դատարանը գտել է, որ քրեական դատավարության ժամանակ որպես ապացույց օգտագործվել են խոշտանգումների ազդեցության տակ տված ցուցմունքներ, և եզրահանգել է, որ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն են ունեցել խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքները դիմումատուի քրեական վարույթի արդյունքի վրա, նման ապացույցի օգտագործումը ամբողջ դատավարությունը դարձնում է անարդար:

 

Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

25. Բողոք բերած Մ. Հարությունյանը նշել է, որ Եվրոպական դատարանը 2007թ. հունիսի 28-ի վճռով ճանաչել է, որ նշված գործի քննության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Միշա Հարությունյանի նկատմամբ խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որի արդյունքում ամբողջ դատավարությունը դարձել է անարդար:

Բողոքում նշվում է, որ թե' առաջին ատյանի, թե' վերաքննիչ և թե' վճռաբեկ դատարաններն իր նկատմամբ կայացված դատական ակտերում հիմնվել են խոշտանգումների կիրառման արդյունքում ձեռք բերված ապացույցների վրա:

26. Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, հետևաբար ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ դրանք չեն կարող օգտագործվել որպես ապացույց և դրվել մեղադրանքի հիմքում: Որպես ապացույց օգտագործվել են նաև բռնությունների, սպառնալիքների և խոշտանգումների կիրառման արդյունքում Գուրգեն Տավարածյանից, Կարեն Անտոնյանից ձեռք բերված ցուցմունքները: Բացի այդ, դեպքի պարագաների և հանգամանքների վերականգնում կատարելու մասին արձանագրությունը և տեսաժապավենը որպես ապացույց օգտագործելը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի խախտման:

27. Ելնելով վերոգրյալից՝ Մ. Հարությունյանը խնդրել է նոր հանգամանքի՝ Եվրոպական դատարանի վճռի հիման վրա հարուցել վերանայման վարույթ, վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2003թ. մայիսի 8-ի որոշումը, վերացնել այն, նորոգել քրեական գործը, հաստատել Միշա Հարությունյանի 1999թ. ապրիլի 16-ի, 1999թ. ապրիլի 17-ի, Գուրգեն Տավարածյանի 1999թ. մարտի 5-ի, 1999թ. հուլիսի 30-ի, Կարեն Անտոնյանի 1999թ. մարտի 5-ի, 1999թ. օգոստոսի 3-ի ցուցմունքների, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում Գ. Տավարածյանի և Կ. Անտոնյանի կողմից տրված ցուցմունքների, Մ.Հարությունյանի և Կարեն Անտոնյանի ու Գուրգեն Տավարածյանի միջև առերես հարցաքննությունների, Միշա Հարությունյանի մասնակցությամբ կատարված դեպքի հանգամանքների և պարագաների վերականգնման մասին արձանագրության և տեսաձայնագրման երիզի, Գուրգեն Տավարածյանի և Կարեն Անտոնյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննության մասին արձանագրության, Գուրգեն Տավարածյանի և Կարեն Անտոնյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննության ընթացքում ձեռք բերված նյութի՝ 2,5սմ երկարությամբ 6մմ տրամաչափով մետաղե բեկորի և այլ բազմաթիվ նյութերի՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2002թ. հունիսի 19-ի, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2003թ. ապրիլի 1-ի դատավճիռները, կարճել Մ.Հարությունյանի նկատմամբ քրեական գործով վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

28. Ինչպես երևում է Հարությունյանն ընդդեմ Հայաստանի վճռից, դիմումատուն՝ Միշա Էդիկի Հարությունյանը, պնդել է, որ նա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա վիճարկում է իրենից, ինչպես նաև վկաներ Գ.Տավարածյանից և Կ.Անտոնյանից խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու հանգամանքը: Եվրոպական դատարանի վճռի 50-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ դիմումատուի գանգատները վերաբերել են քրեական գործի վարույթում վատ վերաբերմունքի ցուցաբերման հետևանքով ձեռք բերված ապացույցներն իր դեմ օգտագործելուն: Ըստ դիմումատու Մ. Հարությունյանի՝ գործի հանգամանքներին չի համապատասխանում Կառավարության այն պնդումը, թե խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքներն իրեն դատապարտելու հիմք չեն հանդիսացել: Նա նշել է, որ որպես ապացույց դատարանը հղում է կատարել իր 1999թ. ապրիլի 16-ին և 17-ին տրված խոստովանական ցուցմունքներին և վկաներ Գ. Տավարածյանի ու Կ. Անտոնյանի տված ցուցմունքներին, որոնք ձեռք էին բերվել խոշտանգումների միջոցով: Անտեսելով պաշտպանության կողմի ներկայացրած մի քանի միջնորդությունները՝ դատական երեք ատյաններից և ոչ մեկը որոշում չէր կայացրել խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքների օգտագործումն անթույլատրելի ճանաչելու մասին, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն՝ նրանք օժտված էին նման իրավունքով:

29. Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում ներպետական դատարանները որպես ապացույց օգտագործել են դիմումատուի կողմից 1999թ. ապրիլի 16-ին և 17-ին տված ցուցմունքները, ինչպես նաև վկաներ Գ. Տավարածյանի և Կ. Անտոնյանի 1999թ. մարտի 5-ին տված ցուցմունքները, Եվրոպական դատարանը նշել է, որ չնայած պաշտպանության կողմի ներկայացրած մի քանի միջնորդությունների, եռաստիճան դատական համակարգից և ոչ մի ատյանում քննարկվող ցուցմունքների օգտագործումը որպես ապացույց հստակորեն անթույլատրելի չի համարվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Եվրոպական դատարանը հանգել է հետևության, որ ներպետական դատարանները դիմումատուին մեղավոր ճանաչելու ապացույցների շարքում որպես ապացույց օգտագործել են նաև դիմումատուի խոստովանական ցուցմունքը և վկաներ Գ.Տավարածյանի ու Կ.Անտոնյանի՝ բռնության ազդեցության տակ տված ցուցմունքները (վճռի 59-րդ կետ):

30. Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուն հարկադրված է եղել խոստովանական ցուցմունքներ տալ, իսկ վկաներ Գ.Տավարածյանն ու Կ.Անտոնյանը հարկադրված են եղել տալ ցուցմունքներ, որոնք ապացուցում են դիմումատուի մեղքը: Դիմումատուի և նշված վկաների նկատմամբ վատ վերաբերմունքի հետևանքով ձեռք բերված ցուցմունքները փաստորեն օգտագործվել էին ներպետական ատյաններում որպես ապացույց՝ դիմումատուի դեմ քրեական դատավարությունում: Ավելին, դա կատարվել է անտեսելով այն հանգամանքը, որ վատ վերաբերմունքի ցուցաբերման փաստն արդեն հաստատված էր զուգահեռ ընթացող վարույթում, որը հարուցվել էր ոստիկանության քննարկվող աշխատակիցների նկատմամբ:

Նշված վերլուծությունների հիման վրա Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն են ունեցել խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքները դիմումատուի քրեական վարույթի արդյունքի վրա, նման ապացույցի օգտագործումն ամբողջ դատավարությունը դարձնում է անարդար: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

31. Այսպիսով՝ Եվրոպական դատարանը որոշում կայացնելով, որ խոշտանգումների միջոցով ձեռք բերված դիմումատուի և վկաներ Գ.Տավարածյանի ու Կ.Անտոնյանի ցուցմունքները որպես ապացույց օգտագործելն ամբողջ դատավարությունը դարձրել է անարդար, հիմնավորել է, որ տվյալ քրեական գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում (Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս), որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ որպես նոր հանգամանք դատական ակտը վերանայելու հիմք է:

32. Միաժամանակ գործի նյութերից և Եվրոպական դատարանի վճռից երևում է, որ գործի նյութերում առկա են դիմումատուի մեղքը հաստատող այլ ապացույցներ, որոնց Եվրոպական դատարանն անդրադաձել է իր որոշման 28-րդ կետում (սույն որոշման 23-րդ կետ): Մինչդեռ Վճռաբեկ դատարանում, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, չի իրականացվում ապացույցների անմիջական հետազոտություն, և Վճռաբեկ դատարանի տրամադրության տակ գտնվող դատավարական հնարավորությունները բավարար չեն սույն գործով դատապարտված Մ.Հարությունյանի անմեղության կամ մեղավորության հարցը թույլատրելի ապացույցների հիման վրա լուծելու համար: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա պետք է բեկանել Միշա Հարությունյանի վերաբերյալ դատական ակտերը և գործն ուղարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

33. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ, 418-419-րդ, 422-424-րդ, 4261 -րդ, 4262 -րդ, 4264 -րդ 4267 -րդ, 4268 -րդ և 4269 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

                                               

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Միշա Էդիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2002թ. հունիսի 19-ի, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2003թ. ապրիլի 1-ի, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2003թ. մայիսի 8-ի դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան