Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.07.2009-13.08.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.01/33(699) Հոդ.762
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2009 թվականի N 658-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցության 2009 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 23-ի N 658-Ն որոշման

 

2 0 0 9  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման

 

ընդհանուր նկարագիրը

 

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար և ճանաչվել են գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը:

Դեռևս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2000 թվականի դեկտեմբերի 28-ին ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Այնուհետև` 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թվականին` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (ՏՏ ԶԱԽ), հանդիսանալով կապող օղակ Հայաստանի Հանրապետության կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անցկացնում է տեղեկատվական հասարակության կայացմանն ու ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ:

Հայաստանի Հանրապետության ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: 2001 թվականից գործում է «Վիասֆեր տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի տարածքում գործում են ոլորտի 30-ից ավելի ընկերություններ:

Ընդունվել են ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես, 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՕ-40 և 2005 թվականի հուլիսի 8-ի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՕ-176 Հայաստանի Հանրապետության օրենքները:

Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր` ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկատելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը» և այլն:

Ավանդական են դարձել ամենամյա «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող բազմաթիվ միջոցառումների կազմակերպումը: 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացել է առաջին «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը:

2008 թվականին հայաստանյան ՏՏ-ի արտադրության ծավալը կազմել է շուրջ 111 մլն ԱՄՆ-ի դոլար, 2003 թվականին` 38 մլն ԱՄՆ-ի դոլարի դիմաց` ապահովելով 134 տոկոս աճ: 1998-2008 թվականներին ոլորտի միջին տարեկան հավելաճը մոտավորապես 28 տոկոս է:

Ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 175 ՏՏ-ի ընկերություններ, որոնցից 56-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ-ի արտադրանքի շուկայի 30 տոկոսը): Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ-ի շուկայում ներգրավվել են բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ: 2003 թվականի համեմատ զգալիորեն աճել են ոլորտում եվրոպական (17-23 տոկոս) և ԱՄՆ-ի ներդրումների (70 տոկոս) մասնաբաժինները:

ՏՏ-ի ոլորտի ընկերությունների շուրջ 70 տոկոսի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկիր: 2008 թվականին ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 65 մլն ԱՄՆ-ի դոլար: Արտահանման ծավալների շուրջ 60 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 20 տոկոսը` Եվրամիության երկրներին, 16 տոկոսը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին:

2008 թվականի դրությամբ ՏՏ-ի ոլորտում ներգրավված է շուրջ 5000 մասնագետ: 2003 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է տարեկան 18 տոկոսով:

Այնուամենայնիվ, հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներկայիս վիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չի կարելի համարել:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ-ի շուկաներում, ինչպես նաև ունենալ զարգացած և առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն: Այս նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ-ի ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեք ունեցող առաջատար ՏՏ-ի արտադրանք և ծառայություններ տրամադրող երկիր:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը:

2008 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 110 մլն դրամ` որպես պետական աջակցություն ՏՏ-ի ոլորտի զարգացմանը: Նշված ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները`

1. «ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում» միջոցառման շրջանակում կատարվել է ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, նախապատրաստվել և տպագրվել են 500 սկավառակ ու ՏՏ-ի կազմակերպությունների 4000 ուղեցույց, «Ոլորտի ցուցանիշներ» տվյալների վերլուծական նյութ, որում ներկայացված են ոլորտի ընդհանուր պատկերը, կրթական իրավիճակը, ՏՏ-ի ոլորտի քաղաքականությունը և ոլորտի զարգացման միտումները, ինչպես նաև առանձին վերլուծվել են հեռահաղորդակցման ոլորտը և ՏՀՏ-ի ոլորտին առնչվող իրավաբանական միջավայրը: Միջոցառման նպատակն էր Հայաստանը և հայկական տեխնոլոգիական ոլորտը խոշոր տեղական և միջազգային միջոցառումներում ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի պատրաստումը, ոլորտի մանրամասն վերլուծությունը, այդ թվում` նաև իրավական դաշտի: Միջոցառման իրականացման նպատակով նախատեսված էր 15062940 դրամ գումար, սակայն կատարվել է 14615138 դրամի փաստացի աշխատանք:

2. «Արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների համաֆինանսավորում» միջոցառման շրջանակում CeBIT 2008 (Գերմանիա) ցուցահանդեսին ներկայացվել է հայաստանյան ՏՏ-ի ոլորտը, և ապահովվել է հայկական պատվիրակության մասնակցությունը: Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 6180330 դրամ, իսկ փաստացի կատարված ծախսերը կազմել են 6109754.3 դրամ:

Ցուցահանդեսում ներկայացված հայաստանյան կազմակերպությունները ձեռք բերեցին բազմաթիվ նոր պայմանավորվածություններ պոտենցիալ գործընկերների և ներդրողների հետ: Մի շարք արտասահմանյան կազմակերպություններ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանում կազմակերպվող ամենամյա «Դիջիթեք» ցուցահանդեսին մասնակցելու նկատմամբ: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Գերմանիայի, Էստոնիայի, Ռուսաստանի և այլ երկրների պետական մարմինների ներկայացուցիչների հետ` Հայաստանում էլեկտրոնային կառավարության ներդրման գործընթացում աջակցություն ցուցաբերելու և իրենց հաջողված փորձը ներդնելու համար: Տեղի են ունեցել եզրափակիչ բանակցություններ, և ձեռք է բերվել համաձայնություն` Նիդերլանդների Թագավորության զարգացող երկրներից ներմուծման խթանման ծրագրի (CBI) կողմից համատեղ իրականացվող «CBI ՏՏ-ի աուտսորսինգ» արտահանման ուսուցումը 2008-2014 թվականների ծրագրին հայաստանյան ընկերությունների մասնակցության համար: Նշված ծրագրի շրջանակներում 2009 թվականի հունվարի 26-30-ը Նիդերլանդների Թագավորության Ռոտտերդամ քաղաքում կկայանա EXPRO ուսուցողական դասընթացը, որին կմասնակցի արդեն իսկ նախնական ընտրված 10 ընկերություն: Միևնույն ժամանակ CBI-ը և ԻՏՁՄ-ը 2008-2014 թվականների ընթացքում կաջակցեն եվրոպական շուկաներում ոլորտի ընկերությունների առաջխաղացման գործընթացին: Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից ստացվել էր 2009 թվականի մարտին CeBIT միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր։

3. «Արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների համաֆինանսավորում» միջոցառման շրջանակում ապահովվել է նաև WCIT-2008 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գիտաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը:

Մասնավորապես, պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով վարչության ՏՀՏ և զարգացման Գլոբալ ալյանսի կառավարման խորհրդի ամենամյա նիստին և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից կազմակերպվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT-2008): Գլոբալ ալյանսի ղեկավարությունն ու հայկական պատվիրակությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ` Հայաստանում ATHGO-ի հետ համատեղ Նորարարության և ունակությունների զարգացման ՏՀՏ-ի երիտասարդական կենտրոն հիմնելու վերաբերյալ, որն իրականացնելու է նաև ՄԱԿ-ի գլոբալ երիտասարդական կոալիցիայի քարտուղարության գործառույթները: Միաժամանակ հայտարարվեց Երևանում Հայաստանի Հանրապետության կառավարության, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով վարչության, ՏՀՏ-ի և զարգացման գլոբալ ալյանսի և ATHGO-ի կողմից կազմակերպվող «Կրթություն և զարգացում» խորագրով գլոբալ համաժողովի մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՀՏ-ի համաշխարհային կոնգրեսը (WCIT) ՏՀՏ-ի ոլորտում աշխարհի ամենախոշոր միջոցառումն է, ուստի, Հայաստանի պատվիրակությունն ուսումնասիրեց դրա կազմակերպման առանձնահատկությունները` նպատակ ունենալով 2014 թվականին ներկայացնելու հայտ` WCIT համաշխարհային կոնգրեսը Հայաստանում անցկացնելու համար: Մինչ այդ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց WCIT համաշխարհային կոնգրեսին նախորդող Global Pսblic Policy համաժողովը 2013 թվականին Երևանում անցկացնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված 2696760 դրամ գումարի փոխարեն փաստացի կատարված ծախսերը կազմել են 2694156,04 դրամ:

4. «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում կազմակերպվել են «Դիջիթեք -2008» տեղեկատվական, հեռահաղորդակցային և բարձր տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորումը», «Ռոբոտիքս» Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը:

2008 թվականի հունիսի 26-27-ը «Դիջիթեք-2008» ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվեց «ՏՀՏ-ն առօրյա բիզնեսում» թեմայով համաժողովը, որը ներառեց երկու գլխավոր միջոցառում՝ «Դիջիթեք բիզնես ֆորումը» և «Մայքրոսոֆթ ինովացիոն օրեր» միջոցառումները, որոնք բաղկացած էին գործարար ցուցադրումներից, կլոր սեղաններից, թրեյնինգներից: «ՏՀՏ-ն առօրյա բիզնեսում» թեմայով համաժողովը կազմակերպված էր ձեռնարկությունների ղեկավարների, ՏՏ-ի գծով պատասխանատուների, հաշվապահների, ֆինանսական տնօրենների համար, այսինքն` այն անձանց համար, ովքեր ուղղակիորեն հետաքրքրություն և ցանկություն ունեին բարձրացնելու իրենց ձեռնարկության աշխատանքի արդյունավետությունը և մրցունակությունը՝ կիրառելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լուծումները: Միջոցառմանը մասնակցեցին 30 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ, որոնցից 15-ը` որպես ցուցադրող: Միջոցառումը նախատեսված էր ձեռնարկությունների ղեկավարների համար և կոչված էր խթանելու ՏՀՏ-ի կիրառումը ձեռնարկությունների կառավարման բնագավառում: Մասնակցեցին շուրջ 1000 ձեռնարկությունների ղեկավարներ: Միջոցառման ընթացքում գործարքների թիվն անցավ 300-ից: Գործարար ներկայացումների միջոցով շուրջ 30 տեղական և օտարերկրյա ընկերություններ ներկայացրեցին բիզնես-ոլորտում վերջին ՏՀՏ-ի լուծումները, այդ թվում` այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են` Microsoft, Hewlett Packard, Intel, IBM, BeeLine:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպել է «Ռոբոտիքս» Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը: Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը համահայկական երիտասարդական մրցույթ է, որի հիմնական նպատակն է զարգացնել և կիրառել աշխարհասփյուռ հայ երիտասարդների գիտական ներուժը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստանի գիտական և արդյունաբերական կենտրոններ, ինչպես նաև զարգացնել թիմային աշխատանքը երիտասարդների շրջանում: Առաջնության մասնակիցները մրցել են ինքնակառավարվող սարքերի (ռոբոտների) պատրաստման արագությամբ և որակով: Պարսկական «Հուռնետ» ընկերությունն աջակցել է «Ռոբոտիքս» մրցույթին` մրցույթի մասնակիցներին անվճար հիմունքներով տրամադրելով ռոբոտի պատրաստման համար անհրաժեշտ սարքերի 80 տոկոսը։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարը մեծ մասամբ ծախսվել է կազմակերպչական և հանրային իրազեկման աշխատանքների համար։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 20 թիմեր, որոնցից 9-ը հասան եզրափակիչ փուլ:

Միջոցառումն ուղղված էր Հայաստանում ռոբոտատեխնիկայի վերածննդին: Միջոցառման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, առաջնային համալսարանները, սփյուռքի գաղթօջախները: Մրցույթին մասնակցելու համար գրանցված էին երեք օտարերկրյա և սփյուռքահայ թիմեր: Մրցույթի արդյունքում որոշվեց 2009 թվականին նախատեսել ռոբոտատեխնիկայի 4 մրցույթ` տարիքային տարբեր խմբերի համար: Մրցույթներից մեկը նվիրված կլինի հանրապետության ռոբոտատեխնիկայի կիրառական խնդիրների լուծմանը, մասնավորապես, ականազերծմանը և առանց օդաչուի ինքնաթիռների կառուցմանը: Մրցույթի կարևոր նպատակներից մեկն այն է, որ ստեղծվում են բազմամասնագիտական թիմեր, որոնք, մրցույթի ժամանակ ձեռք բերելով համատեղ աշխատանքի փորձ, դառնում են ապագա բարձր տեխնոլոգիական ընկերությունների հիմքը։

2008 թվականի հոկտեմբերի 3-5-ը Երևանում անցկացվել է «Դիջիթեք-2008» տեղեկատվական, հեռահաղորդակցային և բարձր տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի, Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: «Դիջիթեք» ցուցահանդեսի հիմնական նպատակը ՏՀՏ-ի ընկերությունների, գործարար, պետական ու անհատական սպառողների և հասարակության միջև բարենպաստ գործարար միջավայր ստեղծելն է: Բացի դրանցից` ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հայաստանյան ՏՀՏ-ի դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու:

«Դիջիթեք-2008» ցուցահանդեսը տարբերվում էր նախորդներից. այն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակային համատեքստում։ 2008 թվականին «Դիջիթեք-2008»-ին մասնակցեց 40 տեղական և միջազգային ՏՀՏ-ի ընկերություններ, որոնց թվում էին նաև Հայաստանում առաջին անգամ իրենց արտադրանքը ցուցադրող «Московский Телепорт» և Softline ընկերությունները: «Դիջիթեք-2008»-ի երեք աշխատանքային օրվա ընթացքում անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ Դիջիթեք բիզնես-լուծումների ֆորումը, «Դիջիթեք -էլեկտրոնային կառավարում» ֆորումը, ԴիջիԼայֆ -սեմինարների շարքը:

«Դիջիթեք» էլեկտրոնային ֆորումի նպատակն էր մեկ տեղում ներկայացնելու այսօր Հայաստանում առկա տարբեր նախարարություններում և գերատեսչություններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը: Շուրջ 6 նախարարություններ ներկայացրել էին իրենց նախարարություններում գործող էլեկտրոնային կառավարման լուծումներն ու համակարգերը, որն այցելուներին հնարավորություն տվեց ծանոթանալու, թե նրանք ինչպիսի էլեկտրոնային ծառայություններ կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարությունից:

«Դիջիթեք»-ի շրջանակում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ կազմակերպել էին հատուկ տաղավար` Հայաստանի նորաստեղծ բարձր տեխնոլոգիական ընկերություններին արտոնյալ պայմաններով ներկայանալու համար: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց Հայաստանի ինժեներական թանգարանը, որը կոչված է հավաքելու և պահպանելու XX դարի շրջանակում Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման հատուկ նմուշները: Հատուկ հետազոտությամբ պարզվեց, որ այցելուների 22 տոկոսը կազմում էին ձեռնարկությունների ղեկավարները, ովքեր ցանկություն ունեին գտնելու գործարար լուծումներ` ձեռնարկությունների կառավարման համար:

«Դիջիթեք» ցուցահանդեսն այս անգամ ուներ շուրջ 7000 այցելու: «Դիջիթեք-2008»-ի կազմակերպչական աշխատանքների համար ծախսվել է ընդամենը 9116230 դրամ, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատկացվել է 4000000 դրամ` տարածքի վարձակալության և 1500000 դրամ` հանրային իրազեկման աշխատանքների համար։

5. «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում նաև կազմակերպվել են ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ-ի լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումները:

Կազմակերպվող հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության և վարչարարության բարեփոխումները, Հայաստանում հեռահաղորդակցության և անվտանգության բարձր ստանդարտների ապահովման խնդիրները, Հայաստանի Հանրապետության կառավարության, հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրող ընկերությունների և ՏՀՏ-ի ոլորտը ներկայացնող ընկերությունների համագործակցության այն ձևաչափերը, որոնք թույլ կտան ոչ միայն կանգնեցնել հետընթացը, այլև կապահովեն հեռահաղորդակցության առաջնային զարգացումը, ՏՀՏ-ի կրթության զարգացումը, պատվիրատու-կատարող խաթարված կապի վերականգնումը, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մրցունակությունը միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգերի կառուցման սկզբունքները և այլ հարցեր: Հանդիպումներին մասնակցել են ՏՀՏ-ի ոլորտի պետական և մասնավոր հատվածների շուրջ 250 մասնակիցներ, այդ թվում` նաև լրագրողներ: Հանդիպումների ակնկալվող արդյունքն էր վերհանել ՏՏ-ի ոլորտի խնդիրները և ներկայացնել առաջարկություններ դրանց հաղթահարման վերաբերյալ: Մասնավորապես, մայիսյան հանդիպումից հետո հեռահաղորդակցության ոլորտում «Վերջին մղոն»-ի խնդիրը դրվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի քննարկմանը, որի հետևանքով BeeLine ընկերությանը պարտադրվեց հեռահաղորդակցության այլ ընկերությունների տրամադրելու «Վերջին մղոն»-ի հատվածը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի արդյունքում BeLine ընկերությունը տուգանվեց 1 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով: Հանդիպումների ժամանակ մասնավոր հատվածի քննարկմանը ներկայացվեց ՏՀՏ-ի զարգացման հայեցակարգը: Արդյունքում ձևավորված առաջարկություններն իրենց տեղը գտան հայեցակարգի վերջնական տեքստում, որն էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացավ 2008 թվականի օգոստոսի 28-ին:

Սեպտեմբերյան հանդիպման օրակարգի հիմնական հարցն էր համախմբել ՏՀՏ-ի ընկերությունները և ստեղծել կրթության բնագավառում ՏՀՏ-ի ընկերությունների կոնսորցիում, որի նպատակն է մեկ տեղում կենտրոնացնել մասնավոր ընկերությունների մարդկային և ֆինանսական ռեսուրսները և կրթական բարեփոխումները: Ստեղծված կոնսորցիումի առաջին քայլը եղավ Երևանի ՀՊՃ համալսարանում ստեղծել վեբ-տեխնոլոգիաների ամբիոն:

Դեկտեմբերյան հանդիպումները հիմնականում նվիրված էին հակաճգնաժամային միջոցառումներին, մասնավորապես, պետական և մասնավոր հատվածների համագործակցության ամրապնդմանը` ճգնաժամը դիմակայելու նպատակով: Առաջին դեկտեմբերյան հանդիպման ժամանակ ձևավորվեց առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվեց դեկտեմբերի 13-ի ՏՏ ԶԱԽ-ի հերթական նիստի քննարկմանը: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները ՏՀՏ-ի սեկտորին ներկայացրեցին 2009 թվականին նախատեսվող փոփոխությունները, և մշակվեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ու մասնավոր ընկերությունների համագործակցության սկզբունքները: Դեկտեմբերյան առաջին հանդիպումն առաջին անգամ հաջողվեց դարձնել միջազգային, որին ներկա էին Վրաստանից և Շվեդիայից ժամանած պատվիրակություններ: Շվեդական Ericcson ընկերությունը ներկայացրեց էլեկտրոնային կառավարման համակարգը կազմակերպելու վերաբերյալ իր շնորհանդեսը:

Երկրորդ դեկտեմբերյան հանդիպումն առավելապես նվիրված էր Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով Հայաստանի ՏՀՏ-ի ապրանքների և ծառայությունների համար նոր շուկաների որոնման նոր մեխանիզմների բացահայտմանը: Արդյունքում ստացված առաջարկությունները ներկայացվել են 2009 թվականի մարտին կայացած ՏՏ ԶԱԽ-ի նիստին:

Միջոցառման շրջանակում կատարված փաստացի ծախսերը կազմել են 1055900 դրամի չափով գումար, որի սահմաններում ապահովվել է տրանսպորտային միջոցների վարձակալումը` հանդիպում-քննարկումների մասնակիցների տեղափոխման համար, հյուրանոցային համարները` նրանց կեցության համար, սնունդը, կոնֆերանս-սրահների վարձակալումը, գրենական պիտույքները:

6. «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում նաև կազմակերպվել է Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակներում «VC» վենչուրային համաժողովը: Նաև կազմակերպվել և անցկացվել է «Գաղափարից դեպի շուկա» թեմայով գործնական սեմինար, որի նպատակն էր աջակցել տարբեր բնագավառների գիտնականներին և ճարտարագետներին ներգրավվելու բիզնեսի և արդյունաբերության ոլորտներում, շուկայում ներդնել նորարարական գաղափարներ, հաստատել ռազմավարական գործընկերություն տեղական և միջազգային կորպորացիաների հետ, սովորել սեփական բիզնեսի պլանավորումը, ֆինանսավորումը և վարումը: Սեմինարը վարել են ԱՄՆ-ի վենչուրային գծով փորձագետները: Մասնակիցներին տրամադրվել են համապատասխան ուսումնական նյութեր: Սեմինարին մասնակցել է 30 մարդ: Կազմակերպվել է ՏՏ-ի ոլորտի կլաստերային սեմինար, որի նպատակն էր քննարկել ՏՀՏ-ի ոլորտին առնչվող մի շարք արդիական խնդիրներ, մասնավորապես, ՏՀՏ-ի կրթությունը, հեռահաղորդակցությունը, հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը, էլեկտրոնային կառավարումը և այլն: Սեմինարին մասնակցել է ՏՀՏ-ի ոլորտի, պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ:

Վենչուրային համաժողովի շրջանակներում հայտարարվել է բիզնես-համագործակցության աջակցման մրցույթ, որն ուղղված էր մասնավոր ընկերությունների և գիտնականների թիմերի միջև գիտահետազոտական ոլորտում գործընկերության խթանմանը: Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է տեղեկատվական, բարձր և կենսատեխնոլոգիաների ոլորտներին առնչվող 15 առաջարկ: Հայտերը գնահատվել են տեխնիկական և գործարար մասնագետներից կազմված փորձագիտական խմբի կողմից: Գնահատող խմբում ներգրավված էին 4 տեղական փորձագետ և 2 մասնագետ` ԱՄՆ-ից: Գնահատման արդյունքում, ելնելով ներկայացված ծրագրերի բարձր որակից, պլանավորված 3 դրամաշնորհի փոխարեն տրամադրվել է 5 դրամաշնորհ: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորվել են 2 տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող ծրագրերին հատկացվող դրամաշնորհները` 3 մլն դրամ գումարի չափով, իսկ ԱՄՆ-ի Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի կողմից տրվել է 4 դրամաշնորհ` 40 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով:

7. «Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների կազմակերպման համաֆինանսավորում» միջոցառման շրջանակում կազմակերպվել է Էլեկտրոնային բովանդակության 3-րդ համահայկական մրցույթը: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով վարձվել են աշխատողներ: Կազմվել է փորձագիտական հանձնաժողով, որն առցանց գրանցումների և փորձագետների ներկայացրած ցուցակների հիման վրա կազմել է մրցանակների հավակնորդների անվանացանկ` բաղկացած 377 աշխատանքից: Բոլոր աշխատանքները տեղակայվել են վեբ-կայքում և ներկայացվել են ժյուրիի գնահատմանը: Էլեկտրոնային բովանդակության 3-րդ համահայկական մրցույթի քվեարկությունն աշխատել է առցանց` 2008 թվականի դեկտեմբերի 15-25-ը: Այդ ընթացքում տեղի է ունեցել 4 միացյալ նիստ, և 3 փուլի արդյունքում 377 գրանցված աշխատանքներից ընտրվել են 24 լավագույն աշխատանքներ, որոնց 8-ին շնորհվել է գլխավոր մրցանակ, 8-ին` 1-ին կարգի մրցանակ, իսկ 8-ն էլ հանդիսացել են անվանակարգային մրցանակակիր գործեր:

8. «Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների կազմակերպման համաֆինանսավորում» միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ՄԱԿ-ի կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Գլոբալ ալյանսը:

Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 21-24-ը` Երևանում: Համաժողովը նախատեսված էր ուսանողների և երիտասարդ ձեռնարկատերերի համար, ովքեր աչքի են ընկնում իրենց ստեղծագործ մտածողությամբ, նորարար գաղափարներով և ցանկանում են կյանքի կոչել դրանք: Համաժողովին ներկա են եղել ավելի քան 150 մասնակից, որոնցից 50-ը` արտերկրից: Ֆորումի ժյուրիի կողմից հաղթող ճանաչված մի քանի ծրագրերի հետագա զարգացումներ տալու նպատակով մի շարք հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել նշված նորարարական ծրագրերի հեղինակների հետ:

9. «Ծրագրավորման մրցույթի համաֆինանսավորում» միջոցառման շրջանակում կազմակերպվել և անցկացվել է ծրագրավորման մրցույթ, որի հիմնական նպատակն էր բացահայտել և խթանել տեղեկատվական ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հայ երիտասարդ մասնագետների արհեստավարժության աստիճանն ու անհրաժեշտ հմտությունների զարգացման պահանջները: Մրցույթն իրականացվել է երեք հիմնական փուլով` անհատական մրցույթ, ուսումնական ճամբար և թիմային մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր 116 մասնակից, սակայն մասնակցեց 87-ը: Լավագույն 30 մասնակիցները մասնակցեցին թիմային մրցույթին: Հաղթողներին տրամադրվեցին գումարային պարգևներ: Անցկացվել է ՏՏ-ի ճամբար ՍաՆ Մայքրոսիսթեմսի մասնագետների կողմից: Մրցանակներ են տրամադրվել նաև լավագույն 3 թիմերին և 3 մասնակիցներին` ընդհանուր գումարը` 1.5 մլն դրամի չափով:

10. «Ոլորտի միջազգային ընկերությունների և կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերի պետական համաֆինանսավորում» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ միջոցառումները`

ա. «Մայքրոսոֆթ ինովացիոն օր» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպվել է 2 զուգահեռ կլոր սեղան, առաջինը` «ՏՏ-ն որպես տնտեսության տարբեր ոլորտներում ինովացիայի խրախուսման գործիք», երկրորդը` «Կրթություն և ինովացիա» խորագրով,

բ. 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Մայքրոսոֆթի «Երևակայության գավաթ» ծրագրավորման միջազգային մրցույթի գնահատման արդյունքում «Ալֆա Սֆեր» թիմը հայտարարվել է հաղթող իր «Աշխարհի թափոնների շուկա» ծրագրով և ստացել դրամական մրցանակ ու հնարավորություն` մասնակցելու Փարիզում կայանալիք «Երևակայության գավաթ» «Ծրագրային ապահովման մշակում» (Software Design Invitational) տարեկան միջազգային մրցույթին,

գ. Հայաստանում «Մայքրոսոֆթ» նորարարական կենտրոնի ծրագրի մշակման շրջանակներում վարձվել է միջազգային փորձագետ պարոն Տոմիսլավ Բրոնզինը, և նախագծվել է «Մայքրոսոֆթ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը,

դ. 2008-2009 թվականների փորձնական ծրագրերի շրջանակում, որոնք հաստատվել են Մայքրոսոֆթի կողմից, որպես առաջին աշխատանքային ծրագիր հանդիսացել է Էլեկտրոնային ծառայությունների տրամադրման համակարգը, որի ընթացակարգային և տեխնիկական պահանջները մանրամասն ուսումնասիրվել և քննարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մասնագետների հետ, և, այնուհետև, մշակվել են ծրագրային ապահովման լուծումները,

ե. «Սան Մայքրոսիսթեմս» կորպորացիայի հետ համատեղ հիմնվել են երեք ուսումնական լաբորատորիաներ Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաններում: Լաբորատորիաները վերանորոգվել և կահավորվել են, տեղադրվել է համապատասխան համակարգչային տեխնիկա և ծրագրային ապահովում: Լաբորատորիաներն առաջարկում են 6-ամսյա ֆակուլտատիվ դասընթացներ` ՍԱՆ տեխնոլոգիաների գծով: Սեպտեմբերին կազմակերպվել է ուսանողների ընդունելության գործընթացը: Ներկա դրությամբ դասընթացներին մասնակցում է 81 ուսանող,

զ. «Սան Մայքրոսիսթեմս» կորպորացիայի հետ համատեղ մշակվում է հայկական ՏՏ-ի ոլորտի վիճակագրական (տվյալների հավաքագրման, ճշգրտման և մշակման) նոր համակարգ, որը կներդրվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում: Ծրագրի շրջանակում ՏՏ-ի ոլորտի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մասնագետների հետ համատեղ ուսումնասիրվել է համապատասխան միջազգային փորձը, և մշակվել են խնդրի լուծման մոտեցումները: Ներկայումս համակարգչային ծրագիրը գտնվում է մշակման վերջին փուլում,

է. «Գլոբալ Ալյանս» կազմակերպության հետ համատեղ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում հիմնվել է Տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորամուծությունների և հմտությունների զարգացման կենտրոնը»:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները

 

ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ` ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես ել սուբյեկտիվ գործոններով: Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, ներդրման և զարգացման խնդիրները, ՏՏ-ի ոլորտում ներդրումների խթանման և ձեռնարկությունների ապրանքների ու ծառայությունների տեղական և միջազգային շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, գործարար և տեխնիկական խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի մասնավոր հատվածի և կրթական համակարգի միջև կապերի թերի զարգացումը, սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության խթանման մեխանիզմների անբավարարությունը և (կամ) համապատասխան հմտությունների պակասը:

Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2009 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար:

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. ՏՏ-ի ոլորտի զարգացման պետական աջակցության 2009 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

2. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 380-Ա որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի ոլորտի կայացմանը, մասնավորապես`

1) ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ՏՀՏ-ի ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ-ի ոլորտի և տեղեկատվական հասարակության զարգացմանը.

2) ամրապնդել Հայաստանի ՏՀՏ-ի ենթակառուցվածքը, ինչպես նաև ապահովել հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում և, հատկապես, աճի բարձր ներուժով շուկայական թիրախային հատվածներում.

3) ՏՀՏ-ի ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության զարգացմամբ ապահովել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճը, եկամուտների ավելացումը և գիտելիքահենք տնտեսության կայացումը:

2. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում հիմնական խնդիրների և մարտահրավերների, ռազմավարական զարգացման հեռանկարների և վերջին տարիներին գրանցված նվաճումների բացահայտումը և դրանք ներկայացնելը, ստացված արդյունքների հիման վրա նյութերի տպագրությունը.

2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները միջազգային ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու միջոցով Հայաստանի` որպես զարգացած ՏՏ-ի ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացումը, համաշխարհային տեղեկատվական տնտեսության մեջ ինտեգրումը, գործարար կապերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը և դրանց ծավալների ավելացումը.

3) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացումը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրման խթանումը, որի արդյունքում արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը, Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը.

4) ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով` նշված երկրների փորձի ներդրումը երկրում, աշխարհի հիմնական ՏՏ-ի շուկաներում հայկական ՏՏ-ի ներկայացուցչությունների հիմնումը և զարգացումը, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի ընկերությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը` այն հասցնելով զարգացած երկրների վարկանիշի մակարդակին.

5) բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիությունը և հասանելիությունը, էլեկտրոնային գրագիտության մակարդակի բարձրացումը, բնակչության կենսապայմանների բարելավումը, էլեկտրոնային ծառայությունների պահանջարկի և դրանց կիրարկման խթանումը, տնային տնտեսություններում համակարգչային հագեցվածության ապահովումը.

6) հանրային հեռահաղորդակցության կենտրոնների ստեղծումը, էլեկտրոնային գրագիտության մակարդակի բարձրացումը, Հայաստանի Հանրապետության մարզերում, քաղաքային և գյուղական համայնքներում հասանելի և մատչելի ինտերնետային ծառայությունների ապահովումը, էլեկտրոնային գրագիտության, էլեկտրոնային ուսուցման և այլ էլեկտրոնային ծառայությունների զարգացումը, բնակչության ինտերնետ հասանելիության ապահովումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն` ուղղված Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը:

 

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1. ՏՏ-ի ոլորտի հետազոտությունը, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծությունը, ոլորտի ցուցանիշների և կազմակերպությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստումը

 

Ոլորտին վերաբերող հետազոտությունները և վերլուծությունները նպատակ ունեն ներկայացնելու ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցված նվաճումները: Դրանք կհանդիսանան կարևոր գործիք ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտն ամփոփ և դիտարժան ներկայացնելու համար, այնպես էլ` տեղեկատվական աղբյուր` ՏՏ-ի ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, ոլորտի աճի հեռանկարների, ներդրումների խթանման ու հետագա զարգացման ռազմավարության մշակման և արդյունավետ իրականացման համար:

 

2. Արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների ֆինանսավորումը

 

Հայաստանի ՏՏ-ի ոլորտը միջազգային շուկաներում` խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթաժողովներում ներկայացնելը կարևորագույն գործոն է Հայաստանի` որպես ՏՏ-ի երկրի վարկանիշի ձևավորման, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ցուցադրման, առանձին ընկերությունների կողմից իրենց ծրագրային փաթեթների և ծառայությունների ներկայացման և բիզնես կապերի ստեղծման, միջազգայնորեն մրցունակ «Հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի» ձևավորման, ինչպես նաև ոլորտի վերջին միջազգային նվաճումներին ծանոթանալու և շուկայական ուսումնասիրություններ կատարելու համար:

 

3. Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների ֆինանսավորումը

 

1. Բացի միջազգային միջոցառումներին մասնակցելուց` կարևորվում են նաև Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսներ, համաժողովներ և մրցույթներ), որոնք նպատակ ունեն հասարակության տարբեր շերտերին ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, բուհերի և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները: Դրանք կնպաստեն նաև իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` ստեղծելով հիմք նորարարությունների, արտադրողականության բարձրացման ու ՏՏ-ի ոլորտի և առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև երկրում տեղեկատվական հասարակության կայացման համար:

2. Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Երևանում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների անցկացումը: Ամսվա նպատակներն են խթանել տեղեկատվական հասարակության ձևավորումը Հայաստանում, ներկայացնել ՏՏ-ի համախմբի առաջընթացը, բարձրացնել հայկական ՏՏ-ի ոլորտի վարկանիշը և ներկայացնել առկա նվաճումները, աջակցել և խրախուսել օտարերկրյա և հայկական ընկերությունների ներդրումային գործունեությունը ՏՏ-ի ոլորտում, ինչպես նաև օժանդակել ոլորտի ընկերություններին ու մասնագետներին` համապատասխան գործընկերներ ու շուկաներ գտնելու հարցում:

 

4. Միջազգային համագործակցությունը

 

1) Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, երկրի ՏՏ-ի ոլորտի մրցունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունեն այլ պետությունների հետ համագործակցությունը ՏՀՏ-ի բնագավառում, դրանց հետ Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) մասնավոր հատվածի մակարդակով համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը: Այդ գործընթացի հիմնական նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ լավագույն միջազգային փորձին և կիրառել այն: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը համագործակցության երաշխավորման հիմնական գրավականն է, իսկ որոշ դեպքերում նաև նախապայմանը: Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության հետ համատեղ նախաձեռնությունը` Հայաստանում հիմնել Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն:

2) Հայաստանում «Մայքրոսոֆթ» նորարարական կենտրոնի ծրագրի մշակման շրջանակներում վարձված միջազգային փորձագետի կողմից նախագծվել է «Մայքրոսոֆթ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, որը հավանության է արժանացել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի կողմից: Այս միջոցառման շրջանակում նախատեսվում է ներկայացված աշխատանքի հիման վրա իրագործել «Մայքրոսոֆթ» նորարարական կենտրոնի հիմնումը:

 

5. Միջազգային ՏՏ-ի կազմակերպությունների հետ (INTEL, HP, Microsoft) «Համակարգիչ` բոլորի համար» ծրագրի մշակումը

 

Նմանատիպ ծրագիր իրականացվում է «Ինթել» և «Մայքրոսոֆթ» ընկերությունների կողմից այլ զարգացող երկրներում` մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Հայաստանի բնակչությանը ձեռք բերելու ժամանակակից համակարգիչներ` շուրջ 400 ԱՄՆ-ի դոլարի սահմաններում, ինչը շուկայականից 3-4 անգամ ավելի ցածր է։ Համակարգիչները կունենան «Վինդոուզ» օպերացիոն համակարգ, ինչպես նաև այլ լիզենզավորված ծրագրային փաթեթներ։ Այսպիսով, ծրագիրը նաև կփորձի լուծել Հայաստանում մտավոր սեփականության հետ կապված խնդիրներից մեկը՝ ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթների տարածված օգտագործումը։ Ծրագիրը կխթանի նաև բնակչության կողմից ինտերնետի օգտագործման աճին, որը բարենպաստ պայմաններ կստեղծի ինտերնետային ծառայությունների զարգացման համար։

 

6. Հայաստանի Հանրապետության մարզերի, գերատեսչությունների և գյուղական համայնքների բնակիչներին սպասարկող հանրային հեռահաղորդակցության կենտրոնների սարքավորումը և շահագործումը

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգով նախատեսվում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքներով Հայաստանի ընտրված վայրերում սարքավորել (պետության միջոցներով` տարեկան առնվազն 30 համակարգիչ) և շահագործել հանրային ՏՀՏ-ի հասանելիության կենտրոններ` 5 տարում դրանց քանակը հասցնելով նվազագույնը 500-ի: Այս միջոցառման նպատակն է ներդնել տեխնիկական ենթակառուցվածք` էլ-ծառայությունների օգտագործումը հնարավոր դարձնելու համար, հայտարարել մրցույթներ և պայմանագրեր կնքել ծրագրային ապահովման, համակարգչային և ինտերնետային ծառայություններ մատուցողների հետ, խթանել էլ-գրագիտությունը` կրթության և աշխատուժի որակը բարելավելու համար, հանրային հեռահաղորդակցության կենտրոններում հանրության համար ապահովել ինտերնետ մուտքի հասանելիություն և մատչելիություն:

 

7. Էլեկտրոնային ծառայության փորձնական ծրագրի մշակումը

 

Այս միջոցառման շրջանակում նախատեսվում է Էլեկտրոնային ծառայության պիլոտային ծրագրի մշակում` ուղղված տեղեկատվական հասարակության ձևավորմանը և խթանմանը, որը հնարավորություն կընձեռի կոնկրետ օրինակի վրա հանրությանը ցուցադրել էլեկտրոնային հասարակության կարևորությունը, էլեկտրոնային ծառայություններից օգտվելու արդյունավետությունը: Նախատեսվում է միջոցառման իրականացման աշխատանքներում ներգրավել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Հյուլեթ Պակարդը» և այլն:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով` որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 170000.0 հազ. դրամը:

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 23-ի N 658-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1

2

3

4

1.

ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

2009 թ.
երկրորդ կիսամյակ

2.

Արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների ֆինանսավորում, այդ թվում`

   
 

2.1. CeBIT 2009 միջազգային ցուցահանդես (Գերմանիա)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
(համաձայնությամբ)

2009 թ.
առաջին կիսամյակ

 

2.2. GITEX 2009 միջազգային ցուցահանդես (Դուբայ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
(համաձայնությամբ)

2009 թ.
երկրորդ կիսամյակ

 

2.3. ArmTecհ 2009, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողով (ԱՄՆ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Զարգացման հայկական գործակալություն

2009 թ.
ընթացքում

 

2.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի առաջատար Համաշխարհային պետական քաղաքականության գագաթնաժողով (Բերմուդյան կղզիներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
(համաձայնությամբ)

2009 թ.
երկրորդ կիսամյակ

 

2.5. ՄԱԿ-ի ՏՀՏ-ի զարգացման Գլոբալ ալյանսի տարեկան ժողովին մասնակցություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

2009 թ.
ընթացքում

3.

Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ և այլ միջոցառումներ

   
 

3.1. Դիջիթեք 2009 ցուցահանդեսի և դրա շրջանակներում այլ միջոցառումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
(համաձայնությամբ)

2009 թ.
ընթացքում

 

3.2. «Դիջիթեք բիզնես ֆորում» ՏՏ-ի համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
(համաձայնությամբ)

2009 թ.
ընթացքում

 

3.3. Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակներում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

2009 թ.
երկրորդ կիսամյակ

 

3.4. Ծրագրավորման մրցույթի ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

2009 թ.
երկրորդ կիսամյակ

 

3.5. Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների կազմակերպման ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
(համաձայնությամբ)

2009 թ.
երկրորդ կիսամյակ

 

3.6. ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ-ի լիդերները` առանց փողկապների» խորագրով կազմակերպվող պարբերական արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
(համաձայնությամբ)

2009 թ.
ընթացքում

 

3.7. «ԱրմՌոբոտիքս» Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
(համաձայնությամբ)

2009 թ.
ընթացքում

 

3.8. ՏՀՏ-ի խթանում հեռուստա- և ռադիոհաղորդաշարերի միջոցով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ.
ընթացքում

 

3.9. Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար էլ-կառավարման ճանաչողական համաժողովի կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Պարադիգմա-Արմենիա նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա
(համաձայնությամբ)

2009 թ.
երկրորդ կիսամյակ

4.

Միջազգային համագործակցություն

   
 

4.1.Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

2009 թ.
ընթացքում

 

4.2. «Մայքրոսոֆթ» նորարարական կենտրոնի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

2009 թ.
երկրորդ կիսամյակ

5.

Միջազգային ՏՏ-ի կազմակերպությունների հետ (INTEL, HP, Microsoft) «Համակարգիչ` բոլորի համար» ծրագրի մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

2009 թ.
ընթացքում

6.

Հայաստանի Հանրապետության մարզերի, գերատեսչությունների և գյուղական համայնքների բնակիչներին սպասարկող հանրային հեռահաղորդակցության կենտրոնների սարքավորում և շահագործում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Կլոր սեղան» հիմնադրամ (համաձայնությամբ)

2009 թ.
երկրորդ կիսամյակ

7.

Էլեկտրոնային ծառայության փորձնական ծրագրի մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ.
ընթացքում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան