Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-152-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.20/31(697).1 Հոդ.726.1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Պատժից ազատել`

1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.

2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:

2. Պատժից ազատել առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

2) 60 տարին լրացած անձանց.

3) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

4) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

5) այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

6) 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց:

3. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են`

1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

4. Պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար`

1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

5. Նյութերով քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել այն անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող` մինչև 2009 թվականի հունիսի 1-ը կատարած հանցագործություններով քրեական գործերը, որոնցով`

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.

2) սույն որոշման 2-րդ կետում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

3) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

6. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, եթե պատժից պայմանական վաղաժամկետ չազատվելու դեպքում սույն որոշման 1-4-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից:

7. Պատժաչափի չկրած մասը կրճատել`

1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ.

2) կիսով չափ` սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց նկատմամբ.

3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:

8. Համաներումը չկիրառել`

1) համաներման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.

2) այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժաչափը կրճատվել է, կամ որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, կամ որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանցագործությունների համար դատվածությունը մարելուց հետո անցել է 10 տարի.

3) այն անձանց նկատմամբ, որոնք քրեակատարողական հիմնարկում համաներման կիրառման օրվա դրությամբ կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.

4) մինչև սույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

5) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.

6) մինչև օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված տուժողին հասցված նյութական վնասը հատուցելը.

7) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածով, 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 126-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 132-րդ հոդվածով, 132.1-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 142-րդ հոդվածով, 163-րդ հոդվածով, 164-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 166-րդ հոդվածի 3-րդ մասով, 168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածով, 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածի 3-րդ մասով, 208-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 217-224-րդ հոդվածներով, 226-րդ հոդվածով, 227-րդ հոդվածի 2-րդ մասով, 228-րդ հոդվածի 2-րդ մասով, 229-րդ հոդվածի 2-րդ մասով, 230-րդ հոդվածի 2-րդ մասով, 231-րդ հոդվածի 2-րդ մասով, 233-րդ հոդվածի 3-րդ մասով, 234-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 237-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 238-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 241-րդ հոդվածի 3-րդ մասով, 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 246-րդ հոդվածի 3-րդ մասով, 247-րդ հոդվածի 3-րդ մասով, 248-րդ հոդվածի 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 258-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 261-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 264-րդ հոդվածի 2-րդ մասով, 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 268-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 269-րդ հոդվածով, 272-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-րդ մասով, 275-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 280-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 284-րդ հոդվածի 4-րդ մասով, 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 296-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-րդ հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 311-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 319-րդ հոդվածով, 327-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 334.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 355-րդ հոդվածով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 357-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 358-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 361-րդ հոդվածի 6-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 365-րդ հոդվածի 3-րդ մասով, 366-րդ հոդվածի 3-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով, 368-րդ հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373-րդ հոդվածի 4-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով, 379-397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.

8) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նախատեսվում.

9) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և կրկին դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում դիտավորությամբ կատարած հանցագործության համար.

10) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և փորձաշրջանի ընթացքում կրկին դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

9. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից, բացի գույքի բռնագրավումից, եթե բռնագրավումն ի կատար չի ածվել համաներման որոշման հրապարակման պահին:

10. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

11. Համաներման որոշումն այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:

12. Սույն որոշման կատարումը դնել`

1) դատարանների վրա`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ համաներման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի վրա` Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

3) հետաքննության և նախաքննության մարմինների վրա` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.

4) քրեակատարողական հիմնարկների պետերի վրա` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.

5) այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման վրա` այն անձանց նկատմամբ, որոնք`

ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,

բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.

6) կարգապահական գումարտակի հրամանատարի վրա` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում.

7) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վրա` այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են գույքի բռնագրավման:

13. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների պետերի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանումների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները հաստատում է դատախազը:

14. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2009 թվականի հունիսի 1-ը ներառյալ:

15. Հաշմանդամության և տարիքային հիմքով` սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչև 2009 թվականի հունիսի 1-ը ներառյալ, կամ որոնց 60 տարին լրանում է մինչև 2009 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

16. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:

17. Կարգապահական գումարտակներում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապ չունեցող պատիժների, համաներման որոշումը ենթակա է կատարման մինչև 2009 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

19 հունիսի 2009 թվականի,

քաղ. Երևան

Ն-152-4

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան