Գլխավոր տեղեկություն
Համար
N 657-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2009-26.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.20/31(697).1 Հոդ.726.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2009 թվականի N 657-Ն

 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման 78-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի և հաջորդ տարիների պետական բյուջեներում սահմանված կարգով նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`

1) մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները.

2) ծրագրի իրականացումն սկսել 2010 թվականից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 18

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 11-ի N 657-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում գործում է 166 մանկապատանեկան մարզադպրոց: Այդ մարզադպրոցներում 45 մարզաձևերով աշխատում են 1834 մարզիչ-մանկավարժ, այդ թվում` համայնքային ենթակայության մարզադպրոցներում` 983, մարզպետարանների, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության մարզադպրոցներում` 533, մարզական հասարակական կազմակերպություններում` 318 մարզիչ-մանկավարժ:

Միայն Երևանում աշխատում է 729 մարզիչ-մանկավարժ: Մարզիչներից 1175-ը ունի բարձրագույն մասնագիտական կրթություն: «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (21-րդ հոդվածի 13-րդ կետ) մանկապատանեկան սպորտի բնագավառի մարզիչ-մանկավարժների պատրաստումը և վերապատրաստումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող կադրերի վերապատրաստման խնդիրը խիստ արդիական է, քանի որ 1834 մարզչից 659-ը չունի բարձրագույն մասնագիտական կրթություն և 1990-ական թվականներից, կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխման, ինչպես նաև պատերազմական իրավիճակի հետ, Հայաստանի Հանրապետությունում չեն իրականացվել վերապատրաստման շարունակական ծրագրեր, որի հետևանքով աշխատող մարզչական կադրերը հետ են մնացել արագ, թռիչքաձև զարգացում ապրող սպորտային նվաճումներից: Այդ է վկայում նաև 1990-ական թվականներից սկսած երկար ժամանակ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության մարզիկների բարձր արդյունքներ չունենալը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և առանձին ֆեդերացիաների կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացների ծավալները խիստ սահմանափակ են` հիմնականում ընդգրկելով Երևան քաղաքի և մոտակա մարզերի մանկապատանեկան մարզադպրոցների ոչ մեծ թվով մարզիչ-մանկավարժների:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 2006, 2007 և 2008 թվականներին կազմակերպել է 10-15 օր տևողությամբ, 8 մարզաձևից` յուրաքանչյուրից 25 մարզչի մասնակցությամբ Մարզչական տեխնիկական կուրսեր:

Խնդրի լուծմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցության պայմանագրեր է կնքել Բելառուսի Հանրապետության, Լայպցիգ և Մոսկվա քաղաքների հետ, որտեղ ներառվել են նաև վերապատրաստմանը վերաբերող կետեր:

Նշված խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիր (այսուհետ` ծրագիր):

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Ծրագրի նպատակը մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներին ուսուցման ժամանակակից պահանջների և մեթոդների, սաների ֆիզիկական դաստիարակության արդի հիմնախնդիրների, մարզչական և կազմակերպչական նորագույն նվաճումների և արդյունքների մասին իրազեկումն ու ուսուցանումն է:

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐԸ

 

Ծրագրի խնդիրը Հայաստանի Հանրապետությունում աշխատող 1834 մարզիչ-մանկավարժից յուրաքանչյուր տարի 180-210 անձի համար ցիկլային դասընթացների միջոցով վերապատրաստման անցկացումն է:          

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Վերապատրաստումն իրականացվելու է 14 օր տևողությամբ, 30 անձից բաղկացած խմբով, 72 ժամ ընդհանուր ծավալով, շուրջ 24 թեմաներից ու առարկաներից, ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից հաստատված ուսումնական պլանի: Դասընթացները վարելու են հրավիրված բարձրակարգ մասնագետները: Տարվա ընթացքում նախատեսվում է վերապատրաստել 180 մարզիչ-մանկավարժի: Վերապատրաստման խմբերի ձևավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մարզչական կադրերի վերապատրաստման տարեկան ժամանակացույցը, մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ուսումնական պլանը հաստատում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Տարեկան իրականացվելու է վերապատրաստման 6 ցիկլ, որից 4-ը` մարզերի, իսկ 2-ը Երևան քաղաքի մարզիչների համար: Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` նպատակ ունենալով մարզերից վերապատրաստման գործուղված մարզիչներին ապահովելու հանրակացարանով և տեղում օրական երեքանգամյա սննդով` պահպանելով նրանց միջին աշխատավարձը: Մարզիչ-մանկավարժի գործուղման ծախսերը հոգում է նրա հիմնարկը: Պետական ոչ առևտրային կազմակերպությունում անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այնտեղ առկա են բավարար նպաստավոր պայմաններ` ինչպես գործնական և տեսական պարապմունքներ անցկացնելու, այնպես էլ` կեցության համար: Վերապատրաստման դասընթացի կազմակերպումը չի խաթարի քոլեջի ուսումնամարզական նորմալ գործընթացը, այլ լրացուցիչ հնարավորություն կընձեռի նրա աշխատակազմի 3 անդամին` ստանձնելու կազմակերպչական լրացուցիչ պարտավորություններ` ստանալով համապատասխան աշխատավարձ: Վերապատրաստման ցիկլի վերջում մարզիչ-մանկավարժներն ստուգարք կհանձնեն 5 անձից բաղկացած քննական հանձնաժողովին, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:

Վերապատրաստման դասընթացներն ավարտած մարզիչ-մանկավարժներին տրվելու են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից հաստատված ձևին համապատասխան ավարտական վկայականներ:

 

ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացվող նախահաշվի սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.04.2011, N 591-Ն 26.05.2011, N 657-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան