Գլխավոր տեղեկություն
Համար
N 1794-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (06.10.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.11/8(307) Հոդ.162
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1794-Ն

 

ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.06.05 N 801-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման 2005-2007 թվականների միջնաժամկետ ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման 2005-2007 թվականներին իրականացվող միջոցառումների հիմնական ուղղությունները` համաձայն N 2 հավելվածի:

(որոշումը փոփ. 09.06.05 N 801-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հունվարի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1794-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ն Ա Ժ Ա Մ Կ Ե Տ   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 09.06.05 N 801-Ն)

 

Սույն ծրագիրը կազմվել է` հիմնական նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ակնագործության և ոսկեգործության ոլորտի վերջին տարիներին ունեցած առաջընթացի շարունակականությունը` միջնաժամկետ (2005-2007 թթ.) հեռանկարում:

(նախաբանը փոփ. 09.06.05 N 801-Ն)

 

I. Ծրագրի անհրաժեշտությունը եվ խնդիրները

 

Ծրագրի մշակման և իրագործման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով`

 ոլորտի զարգացմանն ուղղված` դեռևս 1998 թ. սկսված միջոցառումների (պետական գույքի մասնավորեցում, օրենսդրական փոփոխություններ, օտարերկրյա ներդրումների ներգրավում և այլն) իրագործման արդյունքում ոլորտի զարգացածության ներկայիս մակարդակը ենթադրում է այս ոլորտում հաջողություններ ունեցող երկրների (Իսրայել, Բելգիա և այլն) փորձի վրա հիմնված և միջազգային ինտեգրացիայի պահանջներով պայմանավորված մի շարք օրենսդրական, կազմակերպական, կառուցվածքային փոփոխություններ, որոնք ի վիճակի կլինեն ապագայում առավելագույնս արդյունավետ ձևով նպաստելու միջազգային ասպարեզում հանրապետության կողմից իր ուրույն, ծանրակշիռ տեղի գրավման և պահպանման ներկայիս հավակնություններին,

 վերջին տարիներին ոլորտի աննախընթաց վերելքը պայմանավորող մի շարք գործոններ կամ սպառել են իրենց, կամ հետագայում չեն կարող ունենալ որոշիչ ազդեցություն,

 միջազգային շուկայում առկա միտումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ոլորտը ոչ պակաս արագ տեմպերով է զարգանում Չինաստանում, Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, որոնց հետ սուր մրցակցության պայմաններում ոլորտի սահմանափակ միջազգային շուկաների պատճառով հետզհետե կարող են նվազել հանրապետություն ներգրավվող ներդրումները և արտահոսել վերը նշված երկրներ,

 առայսօր լիովին վերացված չեն այն բացասական գործոնները, որոնք խոչընդոտում են կամ դանդաղեցնում ոլորտի համապարփակ զարգացումը (ֆինանսական, ապահովագրական, տրանսպորտային ենթակառուցվածքների անհամապատասխան զարգացումը):

Հաշվի առնելով վերջին տարիներին ոլորտի զարգացման քանակական և որակական ցուցանիշների աճը, ինչպես նաև վերը նշված հանգամանքների առկայության պայմաններում ներկայումս հանրապետությունում ձևավորված իրավիճակի իրատեսական գնահատումը` հնարավոր է սահմանել ծրագրի հետևյալ ենթանպատակները`

 ապրանքային արտադրանք և արտահանում` ոչ պակաս քան 500 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, այդ թվում`

ակնագործության ոլորտ` 400 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով,

ոսկեգործության ոլորտ` 100 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով.

 զբաղվածություն` ոչ պակաս քան 10 հազ. մարդու չափով, այդ թվում`

ակնագործության ոլորտ` շուրջ 6 հազ. մարդու չափով,

ոսկեգործության ոլորտ` շուրջ 4 հազ. մարդու չափով.

 ոլորտում ներգրավված աշխատողների միջին աշխատավարձ` ոչ պակաս քան 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:

 

II. Ոլորտի զարգացումը պայմանավորող գործոնների վերլուծությունը 1998-2003 թթ.

 

Ոլորտի աննախընթաց զարգացման սկիզբ կարելի է համարել 1998 թ.: Այդ տարում ոլորտի կողմից արտադրված ապրանքային արտադրանքը կրկնապատկվեց և կազմեց 48,0 մլն ԱՄՆ-ի դոլար` 1997 թ. 23,8 մլն ԱՄՆ-ի դոլարի դիմաց: Ոլորտի նույն ցուցանիշները հետագա տարիներին կազմեցին` 1999 թ.` 89,0 մլն ԱՄՆ-ի դոլար, 2000 թ.` 108,1 մլն, 2001 թ.` 99,6 մլն, 2002 թ.` ավելի քան 200,0 մլն: Ընդ որում, ճյուղի արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվել է: Նույն ժամանակահատվածում ոլորտում ռեալ գործող ձեռնարկությունների թիվը 5-ից հասել է 50-ի, աշխատատեղերի թիվը 1300-ից հասել է շուրջ 7000-ի:

Թռիչքային այս աճը պայմանավորող առավել կարևոր գործոնների շարքում պետք է առանձնացնել հանրապետությունում դեռևս խորհրդային ժամանակներում ձևավորված ադամանդի մշակման ավանդույթի առկայությունը, որն ի դեպ 90-ականների ճգնաժամային տարիներին հայտնվել էր կորստյան վտանգի առջև: Ընդ որում, այդ գործոնի դերն ավելի է բարձրանում ոլորտի միջազգային ինտեգրացման պայմաններում, և վստահաբար կարելի է պնդել, որ ծրագրավորվող ժամանակաշրջանում այն ևս կունենա կանխորոշիչ նշանակություն:

Տնտեսական աճը պայմանավորող մեկ այլ գործոնի` ոլորտի ընկերությունների մասնավորեցման վրա վերը նշված գործոնը (ակնագործական և ոսկեգործության արտադրության կուլտուրայի ձևավորված ավանդույթների համակարգի գոյությունը) հնարավորություն տվեց մրցակցային առավելություններ ունենալ այլ երկրների նկատմամբ, ոլորտում հայտնի ընկերությունների ներգրավման պարագայում: Այսպես, ոլորտի ընկերությունների մասնավորեցման արդյունքով հանրապետություն մուտք գործեցին բելգիական (ROSY BLUE), բրիտանական (FURFANO LIMITED HAY TRADING), իսրայելական (L.L.D. DIAMONDS, TASHE), շվեյցարական (ATELIER FUER FEINE JUWELEN, FRANCK MULLER) հանրահայտ ընկերություններ, որոնք ծանրակշիռ դեր և բարձր միջազգային համբավ ունեն ակնագործության և ոսկեգործության ոլորտում: Միևնույն ժամանակ մասնավորեցման գործոնն առաջիկա տարիներին, ակնհայտ է, որ չի ունենա որևէ ազդեցություն:

Հարկ է նշել, որ մասնավորեցման գործոնը ոլորտում ուներ սկզբունքային կոնցեպտուալ նշանակություն, քանի որ դրանով սկիզբ դրվեց ոլորտի զարգացման համար մեկ այլ կոնցեպտուալ նշանակության գործոնի ձևավորմանը` ոլորտի համար լիբերալ շուկայական օրենսդրական բարեփոխումներին:

Մասնավորեցման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ նախկին խորհրդային օրենսդրությունից, որը, թանկարժեք քարերից ու մետաղներից պատրաստված իրերը դիտարկելով որպես խիստ առանձնահատուկ ապրանքներ, (հիմնականում արժութային կարգավորման միջոցով), ամրագրում էր դրանց հետ կատարվող գործառնությունների` պետության մենաշնորհային իրավունքը, անցնել նոր որակի օրենսդրության, որը, ոլորտի արտադրանքը դիտարկելով որպես մնացած այլ ապրանքների նման նորմալ, սակայն որոշակի առանձնահատկություններ ունեցող ապրանք, ամրագրում է դրանց նկատմամբ որևէ սեփականատիրոջ գործողությունների ազատությունը և, դրանց առանձնահատկություններից ելնելով, սահմանում կարգավորող դրույթներ: Ոլորտի աճն ապահովող օրենսդրական ազատական բարեփոխումների գործոնը ծրագրավորվող ժամանակաշրջանում ևս ձեռք կբերի կանխորոշիչ նշանակություն:

Տնտեսական աճը պայմանավորող հաջորդ գործոնն այնպիսի լուրջ խոչընդոտի զգալի մեղմացումն էր, ինչպիսին է ակնագործության ոլորտում ալմաստի հումքի միջազգային շուկաներին մատչելիությունը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված 1998-2001 թթ. և 2002-2006 թթ. ալմաստի հումքի որոշակի չափաքանակներով մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը (առաջինը գործեց միայն 2001 թ. համար) զգալիորեն ավելացրին հանրապետության ալմաստի հումքի ներկրման հնարավորությունները: Այսպես, 2001 թ. Ռուսաստանի Դաշնությունից («Ալռոսա» ընկերությունից) հանրապետություն է ներկրվել մոտ 300,0 հազ., իսկ 2002 թ. 400,0 հազ. կարատ ալմաստի հումք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՌԴ «Ալռոսա» ընկերությունում տեղի են ունենում տնտեսական և գնային քաղաքականության արմատական փոփոխություններ, համաձայնագրի առկայության գործոնը կկորցնի իր որոշիչ նշանակությունը և կվերածվի դրական ազդեցություն թողնող գործոնի: Համապատասխան ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունն ակնագործության ոլորտում կմնա հանրապետության ամենամեծ գործընկերը, թե' միջկառավարական համաձայնագրով մատակարարվող հումքի, և թե' մատակարարող-վերամշակող-վաճառող կառույցների ուղիղ կապերի միջոցով: Այս դեպքում ՌԴ-ից ներկրվող հումքի քանակությունը հնարավոր կլինի հասցնել մինչ 1,0-1,5 մլն կարատի:

Ոսկեգործության ոլորտում աճի ապահովման համար խիստ կարևոր նշանակություն ունեցավ օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ գործունեություն ծավալելու հետևանքով ոսկերչական իրերի մոդելների և դիզայնի բարելավումը, ինչը արտահանման պոտենցիալի ամենակարևոր տարրերից է ոսկեգործության մեջ: Դրան նպաստում են նաև ամենամյա ցուցահանդեսների կազմակերպումը հանրապետությունում և հանրապետության ընկերությունների մասնակցությունն արտերկրի ցուցահանդեսներին:

Ոլորտի զարգացման հետագա տարիներին իր որոշիչ դերը կպահպանի հայկական սփյուռքի գործոնը (հատկապես ոսկեգործության մեջ):

Կազմակերպական առումով ոլորտի զարգացման վրա դրական ազդեցություն գործեց նաև Հայաստանի ակնագործների և ոսկեգործների միության հիմնադրամի գործունեությունը, որն իր համախմբող, միավորող դերի հետ միասին ունի մեկ այլ կարևոր խնդիր` ծագող հիմնախնդիրների, պրոբլեմների օպերատիվ բացահայտումն ու ներկայացումը:

Աշխատուժի համեմատաբար էժանության գործոնն առաջիկայում ոլորտում աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց կվերածվի սահմանափակող գործոնի, եթե դրան զուգընթաց առաջանցիկ տեմպերով չաճեն ճյուղում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորվածության բարձրացումը և ընկերությունների տեխնիկական հագեցվածությունը: Իրենց նշանակությունը կկորցնեն նաև ոլորտի քիչ էներգատարության և տրանսպորտային համեմատաբար նվազ ծախսերի գործոնները, որոնք զարգացման համար նպաստավոր լինելու տեսակետից հիմնականում ունեն ներքին ռեսուրսների հավաքագրման ու հանրապետության ներսում գերակա ճյուղ համարվելու նշանակություն և չեն կարող ազդեցություն ունենալ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման վրա:

 

III. Միջազգային շուկայի վերջին տարիների հիմնական միտումները

 

Ոլորտի առաջիկա զարգացման վրա ուղղակի ազդեցություն ունեն համաշխարհային շուկայի վերջին տարիների միտումները: Խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկվի խիստ ցածր աշխատանքի վարձատրությամբ աշխատուժ ունեցող երկրների կողմից ոլորտի համաշխարհային շուկաներում էքսպանսիայի տեսակետից: Դրանք են` Չինաստանը, Վիետնամը, Հարավ-Արևելյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ (Թաիլանդ, Շրի Լանկա, Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա և այլն): Ինչ վերաբերում է Հնդկաստանին, որը ավանդաբար ունեցել է ոչ բարձրորակ մշակված ադամանդի համաշխարհային արտահանման մենաշնորհը, ներկայումս զգալիորեն բարելավում է արտադրանքի որակը` ընդհուպ մոտենալով համաշխարհային որակի չափանիշներին: Այդ երկրում նախատեսված է առաջիկա հինգ տարում ոլորտի արտադրության ծավալները հասցնել 16 միլիարդ ԱՄՆ-ի դոլարի: Բնականաբար, նման միտումներն առաջին հերթին կարող են վտանգավոր լինել հանրապետությունում ադամանդի վերամշակման ծավալների կրճատման տեսակետից: Վերը նշվածին զուգընթաց կրճատվում են ադամանդի մշակման արտադրության ծավալները գլխավոր համաշխարհային կենտրոններում (Իսրայել, Բելգիա): Սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնում այս երկրների շուկայում գրաված դոմինանտ դերի և համապատասխանաբար գործարարության արդյունավետության վրա: Պարզապես տեղի է ունենում որոշակի գործընթացների արտահանում նոր զարգացող երկրներ, որոնց հետևանքով փոփոխվում են գնային և տնտեսական քաղաքականությունը կազմավորող բազմաթիվ տարրեր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա առաջիկայում այդ երկրում ոլորտի ազատականացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների հետևանքով սպասվում են էական փոփոխություններ, թե' ադամանդագործության, և թե' ոսկեգործության ոլորտներում: Ալմաստների վաճառքի տեսակետից հետզհետե կորդեգրվի «De Beers» կորպորացիայի կողմից իրականացվող վաճառքների համակարգը` հիմնական գնորդների ամրագրում և պարբերաբար վաճառքների կազմակերպմամբ` իրացում վերջիններիս: Ոսկեգործության բնագավառում սպասվում են դրական բարեփոխումներ ապրանքների ներմուծման, ներքին շրջանառության վարչարարության առումներով:

Ստեղծված իրավիճակում հանրապետության հիմնական խնդիրը պետք է լինի ռազմավարական գործընկերների ընտրության, նրանց հետ հուսալի, երկկողմանի կապերի, հարաբերությունների հաստատման և, ի վերջո, միջազգային շուկայում սեփական տեղը գտնելու և ամրապնդելու խնդիրների լուծումը:

Ներկայումս ադամանդների միջազգային շուկայում խիստ կարևոր ազդեցություն կունենա նաև կոնֆլիկտային ադամանդների շրջանառության դեմ ուղղված «Քիմբերլեյ Գործընթացը», որին 39 այլ երկրների հետ միասին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Դա կարտահայտվի միջազգային ինտեգրացման գործընթացների հետագա խորացմամբ և հավանաբար հանրապետության համար կունենա դրական նշանակություն:

 

IV. Ծրագրավորվող ժամանակաշրջանում զարգացման հիմնական ուղղությունները

 

Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնելու, որ ներկայումս անհրաժեշտ է բացահայտել այն միջոցառումներն ու քայլերը, որոնց հետևողական իրականացումը թույլ կտա իրագործել վերը նշված նպատակները: Դրանք կարելի է բաժանել հետևյալ տիպերի`

 օրենսդրական,

 կազմակերպական,

 ենթակառուցվածքային,

 շուկայավարման:

Օրենսդրական բարեփոխումների առանցքը պետք է կազմեն ներկայումս մշակված «Թանկարժեք մետաղների և քարերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակներից է թանկարժեք քարերի շրջանառության կարգավորումն ազատ շուկայի պայմաններում, ինչպես նաև արտադրության և առևտրի մասնակիցների, միջազգային ինտեգրացման հնարավորությունների ավելացումը, վերջիններիս պաշտպանությունն անբարեխիղճ մրցակցությունից: Օրենքի ընդունմանը պետք է հաջորդի դրանով նախատեսված կամ ենթադրվող մի շարք ենթաօրենսդրական փաստաթղթերի փաթեթի մշակումը և հաստատումը, որոնցով միջազգային չափանիշների կհասցվեն հարգորոշման, հարգադրոշմման, հավաստագրման հետ կապված գործառնությունները և վարչարարությունը: Բացի այդ, ծրագրավորվող ժամանակահատվածում անհրաժեշտ է մշակել հարկային և մաքսային օրենսդրական փոփոխությունների փաթեթ` նպատակ ունենալով ոլորտի առանձնահատկությունների հետ կապված հարկային ու մաքսային վարչարարության օպտիմալացումը և առավելագույնս մոտեցումը միջազգային հաջողված փորձին: Մասնավորապես, խնդիրը վերաբերում է ճյուղի յուրահատկության հետ կապված կազմակերպական միջոցառումների բարելավմանը` հաշվի առնելով գոյություն ունեցող միջազգային փորձը: Դա էականորեն կնպաստի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի ավելացմանը, ինչպես նաև հանրապետությունում գործող օտարերկրյա գործարարների կողմից պետության իրականացրած միջոցառումների նկատմամբ վստահության և շարունակականության գնահատականի ամրապնդմանը:

Նշված բարեփոխումները պետք է կատարվեն ոլորտում առաջավոր երկրների փորձի մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա և նպատակ ունենան մշտապես նպաստավոր մեկ քայլ առաջ գտնվելու հնարավոր մրցակից երկրների (Չինաստան, Հնդկաստան, Հարավ-Արևելյան Ասիա) օրենսդրություններից և վարչարարական մեխանիզմներից:

Կազմակերպական առումով վերը նշված և այլ նպատակների հասնելու տեսակետից այսօր գործող կառուցվածքն ակնհայտորեն չի կարող բավարարել հանրապետությունում ոլորտի զարգացման հավակնություններին: Առաջիկա կարճ ժամանակամիջոցում անհրաժեշտ է հիմնադրել ոլորտի համակարգմանը և միջազգային շուկային սերտ ինտեգրացմանն ուղղված, շահույթի նպատակ չհետապնդող կառույցներ, որոնց կառավարությունը կփոխանցի որոշ լիազորություններ: Այս տեսակետից` խնդրի լուծման առավել արդյունավետ տարբերակը Իսրայելում և Բելգիայում գործող կառույցների ուսումնասիրությամբ, դրանց համանման կառուցվածքների ստեղծումն է` տեղային առանձնահատկությունների հաշվառմամբ:

Ներկայումս առանց ոլորտի զարգացած ենթակառուցվածքների ստեղծման, կամ առկա կառույցների նպատակաուղղման ոլորտի նպատակային սպասարկմանը, դժվար թե հնարավոր լինի պահպանել ներկայիս աճի մակարդակը և ապահովել հավելյալ աճ: Ենթակառուցվածքների շարքում առավել կարևորվում է ոլորտում գրագետ աշխատուժի պահպանման, պատրաստման, միջազգային շուկայում ուսումնառության (տրենինգների) միջոցով մասնագիտական առավել բարձր աստիճանի վրա գտնվող աշխատուժի ապահովման խնդրի լուծմանը նպատակաուղղված կառույցի գոյությունը: Ներկա զարգացման մակարդակի պահպանմանը և հետագա աճին իրենց ներկա վիճակով չեն կարող նպաստել հանրապետության ֆինանսական, ապահովագրական և տրանսպորտային ենթակառուցվածքները: Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով և նրանց հետ համագործակցությամբ ստեղծել ոլորտի նպատակային սպասարկում ապահովող ֆինանսական, ապահովագրական ընկերություններ, աշխատանքներ իրականացնել ոլորտի միջազգային կենտրոնների հետ ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ:

Ծրագրավորվող ժամանակահատվածում ոլորտի հետագա զարգացման և կայուն աճի նպաստող նոր գործոն պետք է հանդիսանա ոլորտի արդյունավետ շուկայավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Դրա հիմնական նախապայմանը հանրապետությունում ոլորտի համար անհրաժեշտ հումքի, արտադրանքի և հարակից արտադրատեսակների գնման-վաճառքի մեծածախ կենտրոնի ստեղծմանն ուղղված քայլերի ձեռնարկումն է, որը պետք է իրականացվի ոլորտը համակարգող կառույցի նախաձեռնությամբ և վերջինիս հսկողության ներքո: Անհրաժեշտության դեպքում սկզբնական կայացման շրջանում կարող է ծագել նման կառույցին որոշ արտոնությունների տրամադրման խնդիր:

Հատկապես պետք է կարևորել ակնագործության և ոսկեգործության կոոպերացման խնդիրը հանրապետությունում, որի շնորհիվ զգալիորեն կբարձրանա ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի ցուցանիշը: Կոոպերացման մյուս մասնակիցներ կարող են հանդիսանալ նաև ոսկու արդյունահանման և ժամագործության ոլորտները:

Հանրապետությունում զարգացման մեծ պոտենցիալ ունի արծաթագործությունը, որի համեմատական առավելությունը նվազ ֆինանսական ռեսուրսներով մեծ ավելացված արժեքի ստեղծման հնարավորությունն է (հումքի ցածր գնի պատճառով):

Շուկայավարման հիմնական խնդիրը պետք է հանդիսանա հումքի և արտադրատեսակների գնման և վաճառքի ռազմավարական գործընկերների (Ռուսաստան, Բելգիա, Իսրայել) հետ կապերի հետագա ամրապնդումը, ինչպես նաև այլընտրանքային շուկաների և աղբյուրների հետ համագործակցության վերաբերյալ նախաձեռնությունների մշակումն ու իրագործումը:

 

(հավելվածը փոփ. 09.06.05 N 801-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1794-Ն որոշման

 

ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

NN

ը/կ

Միջոցառումը

Նպատակը

Պատասխանատուն

Ժամկետը

1

2

3

4

5

1.

Չմշակված բնական ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման և փոխադրման լիցենզավորում

ալմաստների շրջանառության կարգավորում, Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջի կատարում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ.

հուլիս

2.

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի ընդունում

ոլորտի օրենսդրության բարելավում` միջազգային չափանիշներին համապատասխան

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ.

հոկտեմբեր

3.

Ոլորտի համակարգմանը և միջազգային սերտ ինտեգրացմանն ուղղված կառույցի հիմնադրում

երկարաժամկետ հեռանկարում բարձր աճի տեմպերի պահպանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ.

դեկտեմբեր

4.

Իրավական բազայի կատարելագործում և անհրաժեշտ մեխանիզմների ներդրում` հաշվի առնելով ոլորտի առանձնահատ-կությունները

վարչարարության պարզեցում, առավելագույն սպառում ունեցող երկրների հետ առավել բարենպաստ ռեժիմների սահմանում, ճյուղի սպասարկման համար մասնագիտացված մաքսային գոտու հիմնում, «Մեկ կանգառի կենտրոն» սկզբունքի ապահովում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005-2007 թթ.

5.

Ռուսաստանի Դաշնության հետ գործարար համագործակցության նոր ձևերի ներմուծում

ադամանդագործության հումքով ապահովվածության բարձրացում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ.

մայիս

6.

Միջին մասնագիտական և վերապատրաստման կրթական ծրագրերի մշակում և իրականացում, աջակցություն պետական չափորոշիչներով գործող մասնավոր կրթօջախի հիմնադրում

մասնագիտական առավել բարձր աստիճանի վրա գտնվող աշխատուժի վերարտադրության ապահովում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ.

հունիս

7.

Ուղիղ չվերթերի ներմուծում ոլորտի միջազգային կենտրոնների (Թել-Ավիվ, Բրյուսել, Նյու Յորք) հետ

միջազգային կենտրոնների հետ առևտրական կապերի սերտացում

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2006 թ.

դեկտեմբեր

8.

Ալմաստների և ադամանդների մեծածախ կենտրոնի հիմնադրում և զարգացում

շուկայավարման կատարելագործում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

մասնավոր սեկտորի աջակցությամբ

2007թ.

մարտ

9.

Աջակցություն միջազգային համբավ ունեցող մասնագիտացված բանկի գործունեությանը Հայաստանում

ոլորտին ֆինանսական աջակցություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2007 թ.

սեպտեմբեր

10.

Միջազգային սերտիֆիկացիոն ընկերության ներմուծում Հայաստանում

արտաքին առևտրի միջազգային չափանիշներով իրականացման բարելավում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2007թ.

նոյեմբեր

(հավելվածը խմբ. 09.06.05 N 801-Ն, փոփ. 15.09.05 N 1503-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.09.2005, N 1503-Ն 06.10.2005, N 1794-Ն
09.06.2005, N 801-Ն 14.07.2005, N 1794-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան