Գլխավոր տեղեկություն
Համար
N 572
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.01.2002-26.12.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2000 թվականի N 572
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ առաջարկություն ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության 2000 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքի, աշխատողների թվի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
սեպտեմբերի 16-ի N 572 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը (այսուհետև` գործակալություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Գործակալությունը սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Գործակալությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ:

4. Գործակալության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

5. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ ու գանձապետական հաշիվ:

 

II. Գործակալության հիմնական խնդիրները

 

6. Գործակալության հիմնական խնդիրներն են`

ա) պետության և համայնքների կարիքների համար կենտրոնացված գնումների կատարումը.

բ) իր իրավասության սահմաններում կենտրոնացված գնումների ընթացակարգին վերաբերող տեղեկությունների գրառումը` համապատասխան փաստաթղթեր կազմելով.

գ) կենտրոնացված գնումների մասնակիցների հակաօրինական գործողությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կիրառումը.

դ) կենտրոնացված գնումներին մասնակցության հավասարության իրավունքի ապահովումը.

ե) կենտրոնացված գնումների հրապարակայնության ապահովումը.

զ) սահմանված կարգով մրցույթի հանձնաժողովների կազմավորումը, դրանց գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, մրցույթի հանձնաժողովների լուծարումը.

է) սահմանված կարգով մրցույթի հայտերի ընդունումը, գրանցումը և մրցույթի հայտերի ընդունման մասին տեղեկանքների տրամադրումը.

ը) սահմանված կարգով ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, պայմանագիր կնքելը և պայմանագիրը կնքելու մասին որոշման հրապարակումը.

թ) գնումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցությունը.

ժ) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների` գնումների հետ կապված համագործակցության համակարգման աշխատանքներին մասնակցությունը.

ժա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գնումների գործընթացում ընդգրկված աշխատողների մասնագիտական ուսուցման, որակավորման և վերապատրաստման աշխատանքներին օժանդակությունը.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Գործակալության աշխատանքների կազմակերպումը

 

7. Գործակալության համակարգը ներառում է իր ենթակայության հիմնարկները և տարածքային ստորաբաժանումները:

8. Գործակալությունը`

ա) ապահովում է իր առջև դրված խնդիրների իրականացումը.

բ) սահմանված կարգով մասնակցում է իր գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակմանը.

գ) աջակցում է գործակալության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացմանը, նրանց վերապատրաստման գործին և սահմանված կարգով ատեստավորում նրանց.

դ) սահմանված կարգով կազմակերպում է ստացված նամակների, դիմումների և բողոքների ժամանակին քննարկումը, միջոցներ ձեռնարկում դրանցում հաղորդվող խախտումների և թերությունների վերացման համար.

ե) սահմանված կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գործակալության գործունեության տարեկան ծրագիրը և դրա կատարման մասին հաշվետվությունը:

9. Գործակալությունը ղեկավարում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

10. Գործակալության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` գործակալության պետի ներկայացմամբ:

11. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալը:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության գործունեությունը, պատասխանատու է գործակալության` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների իրականացման համար.

բ) սահմանում է գործակալության պետի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունները.

գ) հաստատում է գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

դ) սահմանված կարգով տնօրինում է գործակալությանն ամրացված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, տալիս լիազորագրեր, կնքում քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր.

ե) մրցույթով ընտրում և ժամկետային աշխատանքային պայմանագրերով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում գործակալության կենտրոնական ապարատի աշխատողներին, համակարգի հիմնարկների ղեկավարներին.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, սահմանված կարգով խրախուսում համակարգի աշխատողներին և կարգապահական ներգործության միջոցներ կիրառում նրանց նկատմամբ.

է) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում նիստերի արձանագրությունները.

ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը.

թ) իր իրավասության սահմաններում պարզաբանումներ է տալիս կենտրոնացված գնումների հետ կապված հարցերի վերաբերյալ.

ժ) հաստատում է գործակալության կենտրոնական ապարատի աշխատողների պաշտոնային հրահանգները.

ժա) ներկայացնում է գործակալությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը լրաց. 27.12.01 N 1267)

(կարգադրությունը լրաց. 27.12.01 N 1267)