Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.41
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ 3/0421/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ 3/0421/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Խունդկարյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ, Հայկազ և Գագիկ Սահակյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 26.02.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Հակոբ և Արտակ Սահակյանների հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), ՀՀ Արարատի մարզի Այնթապի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան), երրորդ անձինք Անահիտ, Գագիկ և Հայկազ Սահակյանների՝ հանձնաժողովի որոշմամբ հողամաս հատկացնելու վերաբերյալ Գյուղապետարանի քաղվածքը և անշարժ գույքի վերաբերյալ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ճշգրտված քաղվածք ներկայացնելուն Գյուղապետարանին պարտավորեցնելու և ճշգրտված քաղվածքի հիման վրա պետական գրանցում կատարելուն Կադաստրին պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Հակոբ և Արտակ Սահակյանները պահանջել են անվավեր ճանաչել Գյուղապետարանի 20.10.2000 թվականի Այնթապ համայնքի տնտեսության թիվ 10 գրքից թիվ 906 համարի տակ կատարված գրանցման մասին Հակոբ Հայկազի Սահակյանին համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշման հիմքով 900քմ հողամաս հատկացնելու վերաբերյալ քաղվածքը և այդ քաղվածքի հիման վրա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03-012-4-15 մատյանի 000115 համարի տակ կատարված գրանցումը, ինչպես նաև պարտավորեցնել Գյուղապետարանին և Կադաստրին համապատասխանաբար ներկայացնելու ճշգրտված քաղվածք և ճշգրտված քաղվածքի հիման վրա կատարելու պետական գրանցում:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է. «0,09 հեկտար տնամերձ հողամասի մասով անվավեր ճանաչել Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշման հիման վրա 20.10.2000 թվականի քաղվածքի ձևով տրված ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղական համայնքի տնտեսության թիվ 10 գրքից թիվ 906 համարի տակ գտնվող գրանցումը.

ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 55 հասցեում գտնվող 0,07 հեկտար բնակելի կառուցապատման հողամասի մասով անվավեր ճանաչել 04.11.2005 թվականի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03-012-4-15 մատյանի 000115 համարի տակ հայցվորներ Հակոբ և Արտակ Սահակյանների անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը.պարտավորեցնել ՀՀ Արարատի մարզի Այնթապի գյուղապետարանին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանմանը ներկայացնել Հակոբ և Արտակ Սահակյաններին պատկանող բնակելի տան, շինության և տնամերձ հողամասի վերաբերյալ ճշգրտված քաղվածք՝ համաձայն 01.01.1991-01.01.1995 թվականների ՀՀ Արարատի մարզի Այնթապի գյուղապետարանի հողակադաստրային գրքի թիվ 383 անձնական հաշվի.

պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանմանը, հիմք ընդունելով նոր քաղվածքը և 18.11.2005 թվականի անշարժ գույքի (բնակելի տան և բնակելի կառուցապատման հողամասի) օտարման պայմանագիրը, գրանցել հայցվոր Հակոբ և Արտակ Սահակյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 55 հասցեում գտնվող 1.160 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ»: Հայցապահանջը մնացած մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ, Հայկազ և Գագիկ Սահակյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Սահակյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, 1225-րդ հոդվածի 5-րդ կետը, 1226-րդ հոդվածի 1-ին կետը, «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» 22.01.1991 թվականի ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը և 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ և 13-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի, որի հետևանքով հանգել է այն եզրահանգման, որ Հայկազ, Գագիկ և Անահիտ Սահակյանները Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 57 հասցեում գտնվող 560 քմ հողամասի սեփականատերեր չեն, քանի որ նրանց իրավունքների պետական գրանցում չի կատարվել, այլ ընդամենն անշարժ գույքը հաշվառվել է նրանց անունով: Դատարանն անհիմն կերպով հաստատված է համարել, որ համայնքի ղեկավարի ոչ իրավաչափ քաղվածքի արդյունքում հայցվորների հողամասի չափը 1.300 քմ-ի փոխարեն նշվել է 900 քմ։ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե հայցվորների իրավունքների պետական գրանցման ժամանակ Կադաստրն ինչ իրավական նորմ է խախտել, որի հիման վրա այդ պետական գրանցումը պետք է ճանաչվի անվավեր կամ քաղվածքը տրամադրելու ժամանակ համայնքի ղեկավարը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի որ նորմի պահանջն է խախտել: Դա այն պայմաններում, երբ համայնքի ղեկավարն ընդամենը քաղվածք է տվել հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշման հիման վրա, որը վերջնական որոշում է և հայցվորների կողմից երբևէ չի վիճարկվել։

Դատարանը եկել է համոզման, որ հայցվորների համար սեփականության իրավահաստատող փաստաթուղթը ոչ թե հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշումն է, այլ 1990-1995 թվականների համայնքի տնտեսության գրքի գրանցումը, այնինչ նշվածն արտացոլել է ընդամենը մինչև հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշման կայացումն ընկած ժամանակահատվածը, իսկ հետագա տնտեսության գրքերում արտացոլվել է այդ որոշմամբ սեփականաշնորհված հողամասերը։

Այնթապ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշմամբ Հայկազ Սահակյանի ծխին սեփականաշնորհվել է 0,09 հա տնամերձ հողամաս և նրա վրա առկա բնակելի տուն՝ Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 55 հասցեում, իսկ Մնացական Սահակյանի ծխին սեփականաշնորհվել է 1.360 քմ տնամերձ հողամաս և նրա վրա առկա բնակելի տուն, որից 560 քմ հողամասը և նրա վրա առկա բնակելի տունը Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 57 հասցեում, իսկ 800 քմ հողամասը Այնթապ գյուղի 17 փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 5 հասցեում։ Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշումը որևէ անձի կողմից, այդ թվում՝ սույն գործով հայցվորների կողմից երբևէ չի վիճարկվել, այն դատարանի կողմից չի փոփոխվել և չի վերացվել, ուստի քննարկվող դեպքում համայնքի ղեկավարի կողմից տրված քաղվածքը չի կարող որակվել որպես ոչ իրավաչափ:

Անահիտ, Հայկազ և Գագիկ Սահակյանների սեփականության իրավունքն Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 57 հասցեում գտնվող 560 քմ հողամասի և նրա վրա առկա բնակելի տան նկատմամբ ծագել է օրենքի ուժով՝ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» 22.01.1991 թվականի ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ և 13-րդ հոդվածների ուժով, ինչպես նաև 29.06.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225 հոդվածի 5-րդ կետի և 1226 հոդվածի 1-ին կետի հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 26.02.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները    

 

Բողոքում նշված՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշումը սխալմամբ է նշվել քաղվածքում և այդ որոշումն ընդհանրապես չի պահպանվել ոչ Գյուղապետարանում, ոչ ազգային արխիվում: Տնամերձ հողամասի հատկացման մասով իրավական հետևանք կարող է առաջացնել միայն համապատասխան պատգամավորների խորհրդի՝ տնամերձ հողամաս հատկացնելու մասին որոշումը, քանի որ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժով տնամերձ հողամասերը քաղաքացիներին որպես սեփականություն տրամադրվում էին բացառապես պատգամավորների խորհրդի կողմից: Այնթապի գյուղապետարանն այդ խորհրդի որոշումների հիման վրա կազմված տնտեսության գրքից տվել է համապատասխան գրանցման քաղվածք, որն առաջին պետական գրանցման ժամանակ կադաստրի համար հանդիսացել է իրավունք հաստատող փաստաթուղթ և դրվել վիճելի պետական գրանցման հիմքում: Կադաստրի համար իրավունքները հաստատող փաստաթուղթ է հանդիսացել տնտեսության գրքից համապատասխան գրանցման քաղվածքը, որի մասին էլ նշվել է սեփականության իրավունքի գրանցման վկայականում:

Բողոք բերած անձինք չեն ներկայացրել որևէ հինավորում կամ ապացույց տնամերձ հողամասերի նկատմամբ իրենց իրավունքների առկայության և այդ իրավունքների խախտման վերաբերյալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 1977-1979 թվականներին հանգուցյալ Հայկազ Սարգսի Սահակյանի ընտանիքի անդամներ են հանդիսացել Սոնիկ, Մնացական, Լյովա, Թամարա և Նահապետ Սահակյանները: 1978 թվականի դրությամբ Հայկազ Սարգսի Սահակյանի կողմից օգտագործվող տնամերձ հողամասի չափը հողային ժապավենային թիվ 218 գրքի թիվ 224 անձնական հաշվի «ընդամենը հողեր» հատվածում նշվել է 1.500 քմ, որից 200 քմ հողամասը Սովխոզի 09.10.1978 թվականի թիվ 290 հրամանով հատկացվել է նրա որդուն՝ Մնացական Սահակյանին: 1979 թվականի դրությամբ Հայկազ Սահակյանի ընտանիքի կողմից օգտագործվող տնամերձ հողամասի չափը նշվել է 1.300 քմ մակերես (գ.թ. 23):

2. Հողակադաստրային գրքի թիվ 247 անձնական հաշվի համաձայն՝ 1986-1990 թվականներին Այնթապ գյուղի Շիրազի 57 հասցեում բնակվող Մնացական Հայկազի Սահակյանի ընտանիքի անդամներ են Անահիտ, Հայկազ և Գագիկ Սահակյանները, որոնց անձնական օգտագործման տակ գտնվող հողամասի չափը նշվել է 200 քմ: Սովխոզի 12.06.1990 թվականի թիվ 35 հրամանով Մնացական Հայկազի Սահակյանի ընտանիքին հատկացվել է ևս 800 քմ հողամաս Այնթապ գյուղի մեկ այլ հասցեում (գ.թ. 22):

3. Հողակադաստրային գրքի թիվ 383 անձնական հաշվի համաձայն՝ 1991-1995 թվականներին Այնթապ գյուղի Շիրազի 55 հասցեում բնակվող Հայկազ Սարգսի Սահակյանի տնտեսության անդամներ են Հակոբ, Գայանե, Արտակ և Մելինե Սահակյանները, իսկ նրա տնտեսության անձնական օգտագործման տակ գտնվող հողամասի չափը նշվել է 1.300 քմ (գ.թ. 24):

4. 05.02.1998 թվականի թիվ 046631 մահվան վկայականի համաձայն՝ Հայկազ Սարգսի Սահակյանը մահացել է 28.12.1997 թվականին (գ.թ. 17):

5. Այնթապի գյուղապետի 10.05.2003 թվականին հաստատված իրադրության հատակագծի համաձայն՝ Հակոբ Սահակյանի հողամասի չափը կազմել է 840 քմ (գ.թ. 19):

6. 20.10.2000 թվականի Այնթապ գյուղական համայնքի տնտեսության թիվ 10 գրքից թիվ 906 գրանցման համարի տակ գտնվող հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշման քաղվածքի հիման վրա 15.05.2003 թվականին Կադաստրի անշարժ գույքի պետական գրանցման միասնական 03-012-4-13 մատյանի 000049 համարի տակ Հակոբ և Արտակ Սահակյանների անվամբ Այնթապ գյուղում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցվել է 459,4 քմ մակերեսով բնակելի տուն, 4,4 քմ մակերեսով կաթսայատուն, 0,084 հեկտար բնակելի կառուցապատման հողամաս, և տրվել է թիվ 0225062 սեփականության վկայականը (գ.թ.18, 28-31):

7. 18.11.2005 թվականին Հակոբ, Գայանե, Արտակ Սահակյանների՝ որպես վաճառողների և Նահապետ Սահակյանի, Լուսիկ Հակոբյանի, Սամվել Սահակյանի՝ որպես գնորդների միջև կնքվել է անշարժ գույքի օտարման պայմանագիր, համաձայն որի՝ օտարվել է Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 55 ա հասցեում գտնվող 197,1 քմ բնակելի տունը և 140 քմ բնակելի կառուցապատման հողամասը (գ.թ. 32):

8. 04.11.2005 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03-012-4-15 մատյանի 000115 համարի տակ Հակոբ և Արտակ Սահակյանների անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցվել է Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 55 ա հասցեում գտնվող 261,1 քմ մակերեսով բնակելի տուն, 4,4 քմ մակերեսով կաթսայատուն և 0,07 հեկտար բնակելի կառուցապատման հողամաս, որի կապակցությամբ տրվել է թիվ 2035954 վկայականը (գ.թ. 25-27):

9. Կադաստրի Մասիսի տարածքային ստորաբաժանման 20.06.2007 թվականի թիվ 5687 գրությամբ հայտնվել է, որ Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 57 տուն հասցեում հանգուցյալ Մնացական Սահակյանի, Անահիտ, Հայկազ և Գագիկ Սահակյանների անվամբ հաշվառված է 560 քմ բնակելի կառուցապատման հողամաս՝ 386 քմ բնակելի տնով և շինություններով (գ.թ. 86):

10. 29.06.2007 թվականին Անահիտ, Գագիկ և Հայկազ Սահակյաններին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր Մնացական Սահակյանի ժառանգական գույքի նկատմամբ, որը բաղկացած է ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի 5-րդ փողոցի թիվ 57 հասցեում գտնվող բնակելի տան, շինությունների և բնակելի կառուցապատման հողամասի 1/4 (մեկ քառորդ) մասից և ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող տնամերձ հողամասի 1/4 (մեկ քառորդ) մասից, որոնց պատկանելությունն էլ հանգուցյալին հաստատված են Կադաստրի կողմից 20.06.2007 թվականին տրված թիվ 5687 տեղեկանքով և 20.05.2000 թվականին տրված թիվ 0254901 սեփականության իրավունքի գրանցման վկայականով (գ.թ. 73):

11. 20.07.2007 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03-012-4-1 մատյանի 000205 համարի տակ Անահիտ, Հայկազ, Գագիկ Սահակյանների անվամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (1/3-ական մասերով) գրանցվել է Այնթապ գյուղի 17-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող 0,08 հեկտար բնակելի հողամաս, որի կապակցությամբ տրվել է թիվ 2418327 վկայականը (գ.թ. 87-89):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա ապացույցները հետևյալ պատճառաբանություններով.

Դատարանը, հղում կատարելով ՀՀ վարչական դատարանի 11.11.2008 թվականի թիվ ՎԴ3/0269/05/08 վճռին, հաստատված է համարել որոշակի փաստեր և գտել, որ դրանով հաստատված հանգամանքները սույն գործով վերստին ապացուցման կարիք չունեն: Մինչդեռ, սույն գործի նյութերում առկա չէ Դատարանի կողմից մատնանշված դատական ակտը:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով: Նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 57 տուն հասցեում գտնվող 560 քմ բնակելի կառուցապատման հողամասը՝ 386 քմ բնակելի տնով և շինություններով, հաշվառվել է Մնացական Սահակյանի, Անահիտ, Հայկազ և Գագիկ Սահակյանների անվամբ: Անահիտ, Գագիկ և Հայկազ Սահակյաններն ընդունել են 25.07.2006 թվականին մահացած Մնացական Սահակյանի ժառանգությունը, որը բաղկացած է ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի 5-րդ փողոցի թիվ 57 հասցեում գտնվող բնակելի տան, շինությունների և բնակելի կառուցապատման հողամասի 1/4 (մեկ քառորդ) մասից և ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող տնամերձ հողամասի 1/4 (մեկ քառորդ) մասից:

Վերը նշված փաստական հանգամանքները հաստատվում են Կադաստրի Մասիսի տարածքային ստորաբաժանման 20.06.2007 թվականի թիվ 5687 գրությամբ և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.06.2007 թվականի վկայագրով: Մինչդեռ, վերոնշյալ ապացույցները Դատարանի կողմից չեն արժանացել օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման:

Բացի այդ, 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին հողը որպես սեփականություն տրամադրվում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու, որպես տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման, այգեգործության համար: Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ վարելու նպատակով որպես սեփականություն հողամասեր տրամադրելը կատարվում է «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

22.01.1991 թվականին ընդունված «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնամերձ (օժանդակ) հողամասերը որպես սեփականություն տրամադրվում են անհատույց։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հողամասերի հատկացման վերաբերյալ հարցերի լուծման համար կազմվում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովներ: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է փոփոխվել կամ վերացվել միայն դատական կարգով։

Սույն գործի փաստերից հետևում է, որ Հակոբ Հայկազի Սահակյանի ընտանիքին (ընտանիքի կազմում ընդգրկվել է Արտակ Սահակյանը) սեփականության իրավունքով, անհատույց տրամադրվել է Այնթապ գյուղի 5-րդ փողոցի թիվ 55 հասցեում գտնվող 0,09 հա տնամերձ հողամասը (որի վրա առկա են շինություններ), ընդ որում նշված հողամասի տրամադրումն իրականացվել է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 31.03.1991 թվականի թիվ 3 որոշման հիմքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վերը նշված որոշումը, որի հիման վրա Այնթապ համայնքի ղեկավարի կողմից 20.10.2000 թվականին տրվել է քաղվածք, երբևէ վիճարկվել է կամ այն փոփոխվել կամ վերացվել է դատական կարգով։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճռի՝ հայցը բավարարելու մասը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 26.02.2009 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վճռի՝ հայցապահանջը մերժելու մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան