Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-806
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.708
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 հունիսի 2009 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է՝ մուտքագրված 2009 թվականի մայիսի 13-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերի 9-ին` Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է օդային հաղորդակցության ոլորտում Եվրոպական համայնքի անդամ պետությունների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները համապատասխանեցնել Եվրոպական համայնքի իրավունքին, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի անդամ պետությունների միջև օդային հաղորդակցության հետագա զարգացմանը:

2. Համաձայնագիրը բաղկացած է 10 հոդվածներից և դրա անբաժանելի մասը կազմող 3 հավելվածներից: Հոդվածներով սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային հաղորդակցության իրականացման համար Կողմերի ավիաընկերությունների նշանակումը, նշանակված ավիաընկերությունների կողմից թռիչքային անվտանգության չափանիշները, ավիացիոն վառելիքի հարկումը, մրցակցության կանոնների հետ համատեղելիությունը, Եվրոպական համայնքի ներսում Հայկական կողմի նշանակած ավիափոխադրող(ներ)ի կողմից փոխադրումների սակագները, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, վերանայման կամ փոփոխության և դադարեցման կարգը:

3. Համաձայնագրի հավելված 1-ում տրված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի անդամ պետությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրերի ցանկը:

Համաձայնագրի հավելված 2-ը մատնանշում է հավելված 1-ում թվարկված համաձայնագրերի այն հոդվածները, որոնք ենթակա են Եվրոպական համայնքի օրենսդրական դաշտին համապատասխանեցման:

Համաձայնագրի հավելված 3-ում նշվում են եվրոպական այլ պետություններ, որոնք Եվրոպական համայնքի հետ հարաբերությունները կարգավորում են ըստ համապատասխան համաձայնագրերի` «Եվրոպական տնտեսական տարածքի մասին» համաձայնագիր և «Եվրոպական համայնքի հետ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր:

4. Համաձայնագիրը նաև ներառում է անհրաժեշտ դրույթներ` Եվրոպական համայնքի օրենսդրական դաշտին օդային հաղորդակցությունների մասին երկկողմ համաձայնագրերի որոշ հոդվածների համապատասխանեցման վերաբերյալ:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 հունիսի 2009 թ.

ՍԴՈ-806