Գլխավոր տեղեկություն
Համար
N 408
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.06.2009-24.04.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.392
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

040.0408.14.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2001 թվականի N 408
քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է) :

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 14-ի N 408 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև այդ նախագծերի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագիծը (այսուհետև` գոտևորման նախագիծ) քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որով սահմանվում են բնակավայրերի փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:

3. Գոտևորման նախագծերը կարող են մշակվել բնակավայրերի, դրանց առանձին հատվածների, ինչպես նաև բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող` քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների համար` մանրամասն հատակագծման նախագծերի փոխարեն:

4. Գոտևորման նախագծերում հաշվի են առնվում հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, ինչպես նաև հողօգտագործման սխեմաներում ներառված դրույթները:

5. Եթե բնակավայրը չունի հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ապա, առկա, իրադրության վերլուծության հիման վրա, գոտևորման նախագծի մշակման առաջադրանքում ամրագրվում են նաև ինժեներատրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրներին ներկայացվող պահանջները:

6. Բնակավայրի գոտևորման նախագիծը և բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը մշակվում են միաժամանակ:

7. Գոտևորման նախագծի հիմքում դրվում է «Սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքը:

8. Գոտևորման նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման (կառուցապատման) տեսակները:

Տվյալ գոտում թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը) համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ և համաձայնեցումներ չեն կարող սահմանվել

9. Գոտևորման նախագիծը ներառում է`

ա) գործառական գոտևորումը` հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման, որով սահմանվում են թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) տեսակներ` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրմամբ.

բ) ծավալատարածական գոտևորումը` կառուցապատման բնույթի և օգտագործման աստիճանն արտահայտող ցուցանիշների` կառուցապատման չափորոշիչների (կառուցապատման խտություն, շենքերի ու շինությունների բարձրություն, կառուցապատված, կանաչապատ մակերեսների հարաբերակցություն) ամրագրումն է` ըստ տվյալ հողատարածքի համար թույլատրելի չափաբաժինների:

10. Գոտևորմամբ սահմանված տարածքների օգտագործման ու կառուցապատման պայմանները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են մնում նույն գոտու ներսում:

 

II. ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Գոտևորման նախագծի առաջադրանքը:

Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի, պատվերով:

Գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը (այսուհետև` առաջադրանք) քննարկվում է համայնքի ավագանու նիստում և հավանության արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի համաձայնեցմանը:

Մարզպետը գոտևորման նախագծի առաջադրանքն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում այն քննարկվում է մարզի խորհրդի նիստում և, դրական եզրակացություն ստանալու դեպքում, համաձայնեցնում է առաջադրանքն ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` համաձայնեցման:

Նշված պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը 5-օրյա ժամկետում հաստատում է համաձայնեցված առաջադրանքը:

Հաստատված առաջադրանքը գոտևորման նախագծի մշակման հիմքն է: Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(11-րդ կետը փոփ., լրաց. 09.04.09 N 369-Ն)

12. Գոտևորման նախագծի մշակումը:

Պատվիրատուն`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) տրամադրում է նախագծային առաջադրանքը և նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը.

կատարողի հետ օրենքով սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը:

Գոտևորման նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները ներկայացված են սույն կարգի հավելվածում:

13. Գոտևորման նախագծի փորձաքննությունը:

Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գոտևորման նախագիծը ներկայացնում է փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

14. Գոտևորման նախագծի մասին հասարակայնության իրազեկումը, համաձայնեցումը, հաստատումը և փոփոխումը:

Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացություն ստացած գոտևորման նախագծի մասին իրազեկում է հասարակայնությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և սույն կարգի 11-րդ կետով սահմանված պետական կառավարման մարմինների համաձայնեցմանը:

Նշված պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը 5-օրյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում գոտևորման նախագիծը:

Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

Գոտևորման նախագծերի համաձայնեցման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գոտևորման նախագծով առանձին գոտիների համար սահմանված թույլատրելի օգտագործման (կառուցապատման) անհրաժեշտ պահանջների, գոտիների սահմանների, ինչպես նաև ամբողջ նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

(14-րդ կետը խմբ. 09.04.09 N 369-Ն)

 

Հավելված
բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի

 

ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Գոտևորման նախագիծը բաղկացած է գրաֆիկական և տեքստային մասերից:

2. Գոտևորման նախագծի գրաֆիկական մասերը մշակվում են 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթների վրա (առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշգրտվել պատվիրատուի առաջադրանքով):

3. Բնակավայրի, դրա նախագծային շրջանների, թաղամասերի և առանձին հատվածների գոտևորման նախագծերի գրաֆիկական մասերում տարածքի փաստացի օգտագործման հիմքի վրա ցույց են տրվում`

ա) բնակավայրի զարգացման համար անհրաժեշտ հողատարածքներն ու դրանց կառուցապատման հերթականությունը,

բ) տարածքի գործառական գոտևորումը` ըստ օգտագործման տեսակների, և դրանց տարբերակող նշանները,

գ) տարածքի ծավալատարածական գոտևորումը` ըստ կառուցապատման չափորոշիչների տեսակների, և դրանց տարբերակող նշանները,

դ) բնակավայրի կազմավորված քաղաքաշինական միջավայրի վերակառուցման, արդիականացման, կառուցապատման առկա ռեզերվների օգտագործման հնարավորությունները,

ե) տարածքի կառուցապատումը կարգավորող նախագծային կարմիր, կառուցապատման և այլ գծերը` հանգույցների կոորդինատային նշահարմամբ,

զ) պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գոտիները,

է) ճանապարհային հաղորդակցուղիների ցանցը, դասակարգումը, տրանսպորտային կառույցները, տրանսպորտային միջոցների մշտական և ժամանակավոր կայանման տեղերը, այդ թվում` ստորգետնյա,

ը) մշակութային, կենցաղային և կոմունալ սպասարկման ենթակառուցվածքը` սպասարկման գոտիների սահմաններով,

թ) ինժեներական ենթակառուցվածքի` մայրուղային ցանցերի, շինությունների և ստորգետնյա տարածքների օգտագործման գոտիները, տարածքի ինժեներական նախապատրաստման, վտանգավոր բնական և տեխնածին երևույթներից տեղանքի ինժեներական պաշտպանական գոտիների սահմանները:

4. Գոտևորման նախագծերի տեքստային մասը ներկայացվում է առանձին հոդվածների և աղյուսակների տեսքով, որոնց հիմնական բաժիններն են`

ա) ընդհանուր դրույթներ,

բ) գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները,

գ) կառուցապատման չափորոշիչները,

դ) կառուցապատման կանոնները:

5. «Ընդհանուր դրույթներ» բաժնում սահմանվում են`

ա) նախագծի մշակման հիմքերն ու ելակետային նյութերը,

բ) քաղաքաշինական այլ ծրագրային փաստաթղթերի և հողօգտագործման սխեմաների հետ փոխադարձ կապը,

գ) տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հաշվեկշիռները:

6. «Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները» բաժնում ներկայացվում են`

ա) գոտիների թվարկումն ըստ թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների),

բ) գոտիների օգտագործման պայմանները,

գ) քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական սահմանափակումները (այդ թվում` սերվիտուտները):

7. «Կառուցապատման չափորոշիչներ» բաժնում ամրագրվում են առանձին գոտիների կառուցապատման չափորոշիչները` հարկայնությունը, կառուցապատման տոկոսը և խտությունը, կանաչապատ, ոչ կանաչապատ մակերևույթների համամասնությունները և այլն: Յուրաքանչյուր գոտի ներկայացվում է առանձին տարբերությամբ, որտեղ ներկայացվում է գոտում թույլատրելի օգտագործման (կառուցապատման) մանրամասն ցուցակը` համապատասխան բնութագրերով:

8. «Կառուցապատման կանոններ» բաժնում սահմանվում են կանոններ` տեղական պայմաններից ելնելով, որոնք պարտադիր են բոլոր գոտիների համար: Դրանք ներկայացվում են առանձին հոդվածներով և կարգավորվում են կառուցապատման և շահագործման հետ կապված հետևյալ խնդիրները`

գոտևորման ընդունված սկզբունքներին չհամապատասխանող շենքերի և շինությունների աստիճանական վերափոխման միջոցառումների իրականացման մեխանիզմները,

աղմուկից, շրջակա միջավայրի աղտոտումից, վիբրացիայից, արտացոլումներից պաշտպանության միջոցառումները,

տարածքներին, շենքերին, շինություններին, փողոցների ձևավորմանը, գովազդին, ցուցանակներին և այլ նշաններին ներկայացվող պահանջները,

այլ, այդ թվում` տեղական առանձնահատկություններից բխող պայմաններ,

քաղաքաշինական գործունեության իրականացման կանոնների սահմանումը: