Գլխավոր տեղեկություն
Համար
N 605-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.11/30(696) Հոդ.698
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2009 թվականի N 605-Ն

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՎԻՆԻՆԳ, ԹԱՅԵՔՍ, ՍԻԳՄԱ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Թվինինգ ծրագրային առաջարկների պատրաստման և հաստատված ծրագրերի իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Թվինինգ ծրագրերի իրականացման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ծրագրային առաջարկները Եվրոպական հանձնաժողով են ներկայացվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության միջոցով, իսկ դրանց մասին տեղեկատվության հետագա փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության մասնակցությամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 8

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 605-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից Թվինինգ ծրագրային առաջարկները մշակելու, ներկայացնելու և հաստատված ծրագրերն իրականացնելու պահանջները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) Թվինինգ ծրագիր` Եվրոպական հանձնաժողովի համագործակցության միջոց է, որը Եվրոպական Միության (այսուհետ` ԵՄ) անդամ երկրի պետական մարմնի կամ կառույցի և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի միջև որևէ ոլորտում պարտադիր արդյունք ապահովող համագործակցություն է: Թվինինգ ծրագրի նպատակն է աջակցելը շահառու երկրին` մշակել և ստեղծել ժամանակակից և արդյունավետ վարչական մարմիններ` համապատասխան կառուցվածքով, մարդկային ռեսուրսներով և կառավարման գիտելիքներով` նպատակ ունենալով հասնելու ԵՄ-ի օրենսդրության նույն չափանիշներով կիրառմանը, ինչ` ԵՄ-ի անդամ երկրում.

2) շահագրգիռ մարմին` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, գերատեսչություններ կամ պետական կառավարման այլ մարմիններ, որոնք ցանկություն են հայտնել օգտվելու Թվինինգ գործիքից.

3) համակարգող ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների կողմից նշանակված ստորաբաժանում, որը Թվինինգ ծրագրերի պատրաստման և իրականացման ժամանակ`

ա. տվյալ մարմնի համապատասխան ստորաբաժանումներին տրամադրում է տեխնիկական և մեթոդական աջակցություն,

բ. հաղորդակցվում է Թվինինգ ծրագրի հիմնական մասնակիցների հետ,

գ. համակարգում է Թվինինգ ծրագրերի պատրաստման և իրականացման աշխատանքները,

դ. մասնակցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության կողմից Թվինինգ գործիքի վերաբերյալ կազմակերպված դասընթացներին և ստացված գիտելիքները փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին.

4) շահառու մարմին` Հայաստանի Հանրապետության նախարարություն, գերատեսչություն կամ պետական կառավարման այլ մարմին, որի ներկայացրած Թվինինգ ծրագրային առաջարկը համարվել է առաջնային, և սկսվել են Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման աշխատանքները.

5) Թվինինգ ծրագրի նկարագիր (ֆիշ)` Թվինինգ ծրագրի իրականացման քայլերի մանրամասն հաջորդականությունը և պարտադիր արդյունքները սահմանող տեխնիկական առաջադրանք.

6) Թվինինգի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների կամ պետական կառավարման այլ մարմինների, ԵՄ-ի անդամ երկրի համապատասխան կառույցի և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված ձևով պատրաստված համաձայնություն` վավերացված շահառու մարմնի կողմից: Պայմանագրի անբաժան մասն է աշխատանքային ծրագիրը, որտեղ հստակ շարադրված են ակնկալվող արդյունքները և դրանց հասնելու համար կատարվելիք քայլերը, ժամանակացանկը, կատարողականի գնահատման ցուցանիշները, ծրագրի մասնակիցների պարտականությունները.

7) ԵՄ-ի անդամ երկրի Թվինինգի ռեզիդենտ խորհրդատու (այսուհետ` ԱԵ ԹՌԽ)` ԵՄ-ի անդամ երկրի համապատասխան մարմնի կողմից գործուղված խորհրդատու, որն առնվազն մեկ տարի մշտական հիմունքներով աշխատում է շահառու մարմնում` վերջինիս օգնելով իրականացնել Թվինինգ ծրագիրը և հասնել նախանշված նպատակներին.

8) ԵՄ անդամ երկրի Թվինինգի ռեզիդենտ խորհրդատուի գործընկեր շահառու մարմնում (այսուհետ` ՇԵ ԹՌԽ)` շահառու մարմնի կողմից նշանակված պաշտոնյա, սովորաբար ստորաբաժանման ղեկավար, ով համապատասխան Թվինինգ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում մշտապես և ուղղակիորեն աշխատում և օժանդակում է ԱԵ ԹՌԽ-ին.

9) ԵՄ-ի անդամ երկրի ծրագրի ղեկավար` ԵՄ-ի անդամ երկրի համապատասխան մարմնի կողմից նշանակված բարձրաստիճան պաշտոնյա, ով շահառու մարմնի ծրագրի ղեկավարի հետ համատեղ շահառու մարմնում համակարգում է Թվինինգ պայմանագրի նախապատրաստման և Թվինինգ ծրագրի իրականացման աշխատանքները և պատասխանատվություն է կրում Թվինինգ ծրագրով նախանշված պարտադիր արդյունքներին հասնելու համար.

10) շահառու մարմնի ծրագրի ղեկավար` շահառու մարմնի բարձրաստիճան պաշտոնյա, ով ԵՄ-ի անդամ երկրի ծրագրի ղեկավարի գործընկերն է, սերտ համագործակցությամբ ապահովում է համապատասխան Թվինինգ ծրագրի վերահսկումն ու համակարգումը և ի վիճակի է գործել համապատասխան քաղաքական մակարդակում.

11) գործընկեր երկիր` Թվինինգ ծրագրի իրականացման մրցույթում հաղթած ԵՄ-ի անդամ երկիր.

12) ծանուցում` Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության կողմից պայմանագրի ստորագրման մասին պաշտոնական գրություն:

3. Թվինինգ ծրագրերը համակարգող հիմնական մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը (այսուհետ` ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակություն), որն ստորագրող կողմ է և պատասխանատու է Թվինինգ պայմանագրերի ստորագրման, ֆինանսավորման, անկախ դիտանցման և աուդիտի անցկացման համար.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն), որը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և պետական կառավարման այլ մարմիններին օժանդակում է Թվինինգ ծրագրային առաջարկների պատրաստման, հաստատված Թվինինգ ծրագրերի իրականացման գործում, համակարգում է Թվինինգ ծրագրերի իրականացման աշխատանքները` անհրաժեշտության դեպքում շահագրգիռ և շահառու մարմիններին տրամադրելով խորհրդատվություն.

3) Թվինինգ ծրագրերի իրականացման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), որի նպատակն է Եվրոպական Միության տեխնիկական աջակցության ծրագրին համապատասխան Թվինինգ ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգումը և շահագրգիռ մարմինների կողմից արդար ու թափանցիկ ներկայացված Թվինինգ ծրագրային առաջարկների ընտրությունը:

4. Թվինինգ ծրագրերի իրականացման ընթացքում շահառու մարմինը ԵՄ-ի անդամ երկրի համապատասխան կառույցի հետ համատեղ պատասխանատվություն է կրում Թվինինգ ծրագրում նկարագրված պարտադիր արդյունքներին հասնելու համար:

5. Այն շահագրգիռ մարմինները, որոնց Թվինինգ ծրագրային առաջարկները գնահատվել են ԵՄ-ի որակի չափանիշներին համապատասխան, և սկսվել են Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման ու իրականացման աշխատանքները, Թվինինգ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում տվյալ մարմնի պահպանման ծախսերում նախատեսում են միջոցներ` Թվինինգ ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Շահառու մարմնի համաֆինանսավորման ծախսերը ներառում են`

1) Թվինինգ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ԱԵ ԹՌԽ-ին և համապատասխան խորհրդատուներին աշխատասենյակներով ապահովելը` համալրված համապատասխան համակարգչային տեխնիկայով, ինտերնետ կապով, հեռախոսային և հաղորդակցության այլ միջոցներով, կրկնօրինակման և տպիչ սարքերով.

2) անհրաժեշտության դեպքում` Թվինինգ ծրագրի ներքո նախատեսված դասընթացների, աշխատաժողովների և համաժողովների անցկացման համար անհրաժեշտ տեխնիկայի և միջոցների, թարգմանության ապահովում:

6. Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները և պետական կառավարման այլ մարմինները գործակալությանն են տրամադրում համակարգող ստորաբաժանման և դրա ղեկավարի տվյալները: Թվինինգ գործիքի հետ կապված տեղեկատվության փոխանակումը գործակալության և Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների միջև անմիջականորեն իրականացվում է միայն համակարգող ստորաբաժանման միջոցով, իսկ վերջինիս կողմից ստացված առաջարկները դիտվում են որպես տվյալ մարմնի պաշտոնական դիրքորոշում:

 

II. ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

7. Գործակալությունը, յուրաքանչյուր տարի, մարտ և սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և պետական կառավարման այլ մարմիններին առաջարկում է 60 օրվա ընթացքում ներկայացնել Թվինինգ գործիքի ներքո իրականացվելիք` մինչև երեք առաջնային ծրագրային առաջարկ:

8. Համակարգող ստորաբաժանումները գործակալության առաջարկը փոխանցում են տվյալ մարմնի բոլոր ստորաբաժանումներին: Գործակալությունը, համապատասխան խնդրանքի առկայության դեպքում, տրամադրում է մեթոդական օգնություն:

9. Համակարգող ստորաբաժանումները գնահատում են տվյալ մարմնի համապատասխան ստորաբաժանումներից ստացված Թվինինգ ծրագրային առաջարկների համապատասխանությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված որակի չափանիշներին (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ - ԵՄ համատեղ գործողությունների ծրագիր):

10. Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված որակի չափանիշներին չհամապատասխանող առաջարկները վերադարձվում են, իսկ մյուս առաջարկներից ընտրվում են երեք առաջնային առաջարկները և սահմանված ժամկետում տրամադրվում (այդ թվում` էլեկտրոնային փոստով) գործակալությանը:

11. Թվինինգ ծրագրային առաջարկների գնահատման և ներկայացված ծրագրային առաջարկներից առաջնայնության ընտրության համար համապատասխան պետական կառավարման մարմինները կարող են մշակել անհրաժեշտ ուղեցույցներ և ստեղծել համապատասխան խորհուրդներ:

12. Գործակալությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ստացված ծրագրային առաջարկների համապատասխանությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված որակի չափանիշներին: Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված որակի չափանիշներին չհամապատասխանող առաջարկները վերադարձվում են, իսկ մյուս առաջարկներից կազմվում է Թվինինգ ծրագրային առաջարկների նախնական ցանկ և ներկայացվում խորհուրդ` քննարկման:

12. Սահմանված ժամկետից ուշ գործակալություն ներկայացված առաջարկները վերադարձվում են ուղարկողին` առանց համապատասխան գնահատման:

13. Ծրագրային առաջարկների գնահատումից հետո մեկ շաբաթվա ընթացքում գործակալությունը շահագրգիռ մարմնին տեղեկացնում է ներկայացված ծրագրային առաջարկը նախնական ցանկում ներառվելու մասին և սահմանված կարգով դիմում է խորհրդի նախագահին` խորհրդի նիստ հրավիրելու և ներկայացված ծրագրային առաջարկները քննարկելու խնդրանքով: Խորհրդի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

14. Գործակալությունը խորհրդի կողմից հաստատված, ըստ առաջնայնության դասակարգված Թվինինգ ծրագրային առաջարկների ցանկն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությանը` ներկայացված առաջնահերթությամբ մինչև երեք ծրագրային առաջարկ հաստատելու նպատակով:

 

III. ԹՎԻՆԻՆԳ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ

 

15. ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակության կողմից Թվինինգ գործիքի միջոցով իրականացման համար ըստ առաջնայնությունների դասակարգված ծրագրային առաջարկների ցանկը հաստատվելու մասին համապատասխան գրությունն ստանալուց մեկ շաբաթ հետո գործակալությունը ձեռնամուխ է լինում Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման համար խորհրդատուների ներգրավելու նպատակով տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքներին:

16. Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման համար խորհրդատուների ներգրավելու նպատակով տեխնիկական առաջադրանքը մշակվում է գործակալության կողմից` համապատասխան շահառու մարմնի անմիջական մասնակցությամբ:

17. Շահառու մարմնի համապատասխան ստորաբաժանումը`

1) անմիջականորեն մասնակցում է տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքներին և, գործակալության պահանջով, տրամադրում է համապատասխան նյութեր.

2) տեխնիկական առաջադրանքի նախնական նախագիծը պաշտոնապես ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում ուսումնասիրում և հաստատված տարբերակը կամ համապատասխան առարկությունները տրամադրում է գործակալությանը.

3) տեխնիկական առաջադրանքի վերջնական նախագիծը պաշտոնապես ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում ուսումնասիրում և հաստատված տարբերակը տրամադրում է գործակալությանը:

18. Սահմանված ժամկետում առարկություններ չներկայացվելու դեպքում տեխնիկական առաջադրանքի նախագիծը համարվում է հաստատված:

19. Շահառու մարմնից համապատասխան հաստատումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը տեխնիկական առաջադրանքը տրամադրում է ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությանը:

 

IV. ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐԻ (ՖԻՇ) ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

20. Թվինինգ ծրագրի նկարագրի (ֆիշ) պատրաստման համար խորհրդատուների ընտրությունը կատարվում է ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակության կողմից` հիմք ընդունելով ներկայացված տեխնիկական առաջադրանքը:

21. Թվինինգ ծրագրի նկարագրի (ֆիշ) պատրաստման աշխատանքները կազմակերպելու նպատակով` նախքան խորհրդատուների` Հայաստանի Հանրապետություն ժամանելը`

1) շահառու մարմնի ղեկավարի կողմից նշանակվում են Թվինինգի ռեզիդենտ խորհրդատու և համապատասխան աշխատանքային խումբ, որոնք պատասխանատու կլինեն սույն բաժնում նշված աշխատանքների իրականացման համար.

2) շահառու մարմինն ապահովում է տվյալ բնագավառին առնչվող օրենսդրության թարգմանությունն անգլերենով և աշխատանքային խմբում ներգրավված անձանց համար, անհրաժեշտության դեպքում, կարող է կազմակերպել անգլերենի դասընթացներ:

22. Շահառու մարմինը սերտորեն համագործակցում է խորհրդատուների հետ` Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման համար: Նշված համագործակցությունը ներառում է`

1) անմիջական մասնակցությունը Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման աշխատանքներին.

2) խորհրդատուներին համապատասխան աշխատասենյակներով ապահովելը.

3) Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի, տեղեկատվության և այլ փաստաթղթերի տրամադրումը.

4) հավանական շահառուների, այդ թվում` այլ պետական մարմինների, կազմակերպությունների և խորհրդատուների հետ հանդիպումների կազմակերպումը.

5) Թվինինգ ծրագրի նկարագրի ուսումնասիրությունը և առարկություններ ներկայացնելը:

23. Շահառու մարմինն իրավունք ունի`

1) խորհրդատուներից ստանալու աշխատանքի մասին նախնական և վերջնական հաշվետվություններ.

2) ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությունից ստանալու խորհրդատուների աշխատանքի մասին նախնական հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողությունները.

3) պահանջելու և ստանալու Թվինինգ ծրագրի նկարագիրը` հայերենով և անգլերենով.

4) ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությունից պահանջելու հրաժարվել խորհրդատուների ծառայություններից, եթե նրանք պատշաճորեն չեն կատարում իրենց պարտավորությունները կամ հրաժարվում են հաշվի առնել շահառու մարմնի դիտարկումները.

5) ստանալու տեղեկատվություն Եվրոպական հանձնաժողովի կողմից Թվինինգ ծրագրի նկարագրի հաստատման և այն ԵՄ-ի անդամ պետություններին տրամադրելու մասին:

24. Շահառու մարմինը Թվինինգ ծրագրի նկարագրի վերջնական համաձայնեցված տարբերակը ներկայացնում է գործակալություն` հաստատման: Վերջինս, ներկայացված տարբերակի վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում, այն տրամադրում է ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությանը` հաստատման: Հակառակ դեպքում այն վերադարձվում է շահառու մարմնին` համապատասխան առաջարկություններով:

 

V. ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՄ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

25. ԵՄ-ի անդամ երկրներում շրջանառված Թվինինգ ծրագրի նախագծի վերջնական համաձայնեցված տարբերակի հիման վրա ԵՄ-ի անդամ երկրների կողմից ներկայացված ծրագրային հայտերի գնահատումը և ընտրությունը բաղկացած է երեք հիմնական քայլից` հայտերի ստացում, գրանցում և ստուգում, հայտերը ներկայացնելը շահառու մարմին, հայտերի գնահատում:

26. Գործակալությունը ԵՄ-ի անդամ երկրներից ստանում է ծրագրային հայտերը և դրանց մեկ օրինակը տրամադրում շահառու մարմնին:

27. Շահառու մարմինը, գործակալության աջակցությամբ և ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակության հետ համատեղ ստուգում է ներկայացված ծրագրային հայտերը` գնահատելով դրանց համապատասխանությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված և Թվինինգ ծրագրի նկարագրում նախանշված չափանիշներին:

28. Դրական գնահատված ծրագրային հայտեր ներկայացրած ԵՄ-ի անդամ երկրները ՀՀ-ում ԵՀ-ի հանձնաժողովի կողմից հրավիրվում են մասնակցելու ընտրական հանձնաժողովի նիստին և ներկայացնելու իրենց հայտը:

29. Ընտրական հանձնաժողովն ընտրվում և գործում է Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Ընտրական հանձնաժողովը բաղկացած է ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակության և շահառու մարմնի անդամներից: Գործակալությունը հանձնաժողովի նիստին մասնակցում է դիտորդի կարգավիճակով: Ընտրական հանձնաժողովին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել նաև Թվինինգի ռեզիդենտ խորհրդատուները, ԵՀ-ի այլ անդամներ:

30. Ներկայացված գրավոր ծրագրային հայտերի և բանավոր ներկայացումների հիման վրա, հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված ամփոփաթերթերը, ընտրական հանձնաժողովն ընդունում է ծրագրային հայտերի մասին որոշում:

31. Շահառու մարմինը կարող է մերժել ընտրական հանձնաժողովի որոշումը և չընդունել ընտրված անդամ երկրին, եթե քվեարկել է այդ անդամ երկրի դեմ, որի համար կային հիմնավոր պատճառներ:

32. Ծրագրային հայտերի հիման վրա ընտրական հանձնաժողովի կողմից հաղթող ընտրվելուց հետո գործակալությունը կամ ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությունն արդյունքների մասին տեղեկացնում է Եվրոպական Միության բոլոր մասնակից երկրների ազգային հարցման կետերին:

 

VI. ԹՎԻՆԻՆԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

33. Մրցույթի արդյունքների հիման վրա հաղթող ճանաչված հայտը ներկայացրած երկրի համապատասխան կառույցը և շահառու մարմինը համատեղ սկսում են Թվինինգ պայմանագրի նախագծի պատրաստման աշխատանքները, որոնք կարող են տևել առավելագույնը երեք ամիս:

34. Թվինինգի պայմանագիրը պատրաստվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված ձևով:

35. Շահառու մարմինն ակտիվորեն մասնակցում է Թվինինգ պայմանագրի աշխատանքային ծրագրի և բյուջեի մշակման աշխատանքներին` տրամադրելով տվյալներ Թվինինգ ծրագրի իրականացման համար պատասխանատու աշխատողի և մասնագետների, տվյալ ոլորտում տիրող իրավիճակի և օրենսդրության մասին, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

36. Շահառու մարմինը Թվինինգ պայմանագրի նախագիծը տրամադրում է գործակալությանը և ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությանը:

37. Գործակալությունը, ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակության հետ համատեղ, ներկայացված նախագծի պատճենը տրամադրում է ԵՀ-ի գլխավոր գրասենյակին` գլխավոր տնօրինությունների հետ խորհրդակցությունների իրականացման նպատակով:

38. Եվրոպական հանձնաժողովի գլխավոր գրասենյակից ստացված դիտողությունները քննարկելուց և Թվինինգ պայմանագրի վերջնական տարբերակի նախագիծը պատրաստելուց հետո այն շահառու մարմնի կողմից ներկայացվում է գործակալություն և ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակություն, որոնք այն ներկայացնում են Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:

39. Եվրոպական հանձնաժողովի կողմից համապատասխան հաստատումն ստանալուց հետո ԵՄ-ի անդամ երկրի համապատասխան կառույցը և ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությունն սկսում են պայմանագրի ստորագրման գործընթացը` հանդես գալով որպես պայմանագրի կողմեր:

40. Շահառու մարմինը պայմանագրի հավելված հանդիսացող աշխատանքային ծրագրում և ֆինանսական նախահաշվում կատարում է նշագրում` հաստատելով իր համաձայնությունը:

 

VII. ԹՎԻՆԻՆԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԴԻՏԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ

 

41. Նախքան Թվինինգ պայմանագրի իրականացումը` շահառու մարմինը գործընկեր երկրի փորձագետների համար ապահովում է համապատասխան աշխատանքային պայմաններ: Այդ նպատակով շահառու մարմինն առանձնացնում է կահավորված և համապատասխան սարքավորումներով ապահովված աշխատասենյակներ:

42. Գործակալությունն իրավունք ունի վերահսկելու Թվինինգ ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները և տալու համապատասխան ցուցումներ:

43. Թվինինգ պայմանագրի վերջնական ստորագրումից հետո ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությունը դրա մասին պաշտոնապես ծանուցում է բոլոր կողմերին:

44. Ծանուցման օրը դիտարկվում է որպես Թվինինգ պայմանագրի իրականացման պաշտոնական մեկնարկի օր:

45. ԵՄ-ի անդամ երկրի և շահառու մարմնի ծրագրի ղեկավարները, ինչպես նաև շահառու մարմինը համատեղ պատասխանատու են Թվինինգ պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման և սահմանված արդյունքներին հասնելու համար:

46. Յուրաքանչյուր Թվինինգ պայմանագրի իրականացման գործընթաց վերահսկում և կատարված աշխատանքները դիտանցում է գործակալությունը: Գործակալությունն այդ նպատակով ամեն ամիս յուրաքանչյուր իրականացվող Թվինինգ ծրագրի համար կարող է հրավիրել ԱԵ ԹՌԽ-ին, ՇԵ ԹՌԽ-ին և ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությունից ծրագրի համակարգողին` տվյալ ծրագրի իրականացման ընթացքը քննարկելու նպատակով:

47. Թվինինգ ծրագրի իրականացման ընթացքին հետևելու, ընթացքի վերաբերյալ խորհուրդներ և առաջարկություններ ներկայացնելու, իրականացման ընթացքում ծագած խնդիրներին անհրաժեշտ լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր Թվինինգ ծրագրի համար ստեղծվում է տվյալ ծրագրի կառավարման հանձնաժողով: Հանձնաժողովի անդամներ են ծրագրի ղեկավարները, ՇԵ ԹՌԽ-ն, ԱԵ ԹՌԽ-ն, գործակալության ներկայացուցիչը և ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակության ծրագրերի ղեկավարը: Կառավարման հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև այլ աշխատողներ շահառու և գործընկեր երկրի համապատասխան մարմիններից:

48. Թվինինգ պայմանագրերի իրականացման, ինչպես նաև դիտարկման նպատակով կայացած հանդիպումների ընթացքում արծարծված և անլուծելի համարվող խնդիրները ներկայացվում են խորհրդի քննարկմանը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվում նաև Թվինինգ ծրագրերի կառավարման հանձնաժողովների եզրակացությունները:

49. Շահառու մարմնի և ԵՄ-ի անդամ երկրի ծրագրի ղեկավարները, Թվինինգ պայմանագրի իրականացման ամբողջ ընթացքում Թվինինգ ծրագրի հաստատման մասին ծանուցման օրվանից սկսած յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված ձևով, տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակություն (պատճենը` գործակալություն) են ներկայացնում միջանկյալ եռամսյակային հաշվետվություններ:

50. Ներկայացված հաշվետվության վերաբերյալ 45 օրվա ընթացքում կարծիք չներկայացնելը համարվում է հաշվետվության հաստատում:

51. Շահառու մարմնի և ԵՄ-ի անդամ երկրի ծրագրի ղեկավարները, Թվինինգ պայմանագրով և Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ու ձևով, իրականացման ժամանակահատվածի ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակություն (պատճենը` գործակալություն) են ներկայացնում ծրագրի մասին վերջնական հաշվետվությունը:

52. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ուշացվելու հիմնավոր դրդապատճառներ չլինելու դեպքում ՀՀ-ում ԵՀ-ի պատվիրակությունը կարող է դադարեցնել Թվինինգի պայմանագիրը:

53. Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ` յուրաքանչյուր Թվինինգ ծրագիր ցանկացած պահի ենթակա է նաև արտաքին աուդիտի:

54. Թվինինգ պայմանագրում լրացումներ կատարվում են Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով` պահպանելով սույն կարգի VI բաժնի դրույթները:

55. Թվինինգ ծրագրերի իրականացման թափանցիկությունն ապահովելու նպատակով շահառու մարմիններն իրենց ինտերնետային կայքերում նախատեսում են բաժիններ իրականացվող ծրագրերի մասին` ներկայացնելով ոչ գաղտնի տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 605-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը սահմանում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ ծրագրերի խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպման, Թվինինգի ծրագրային առաջարկների քննարկման և ընդունման ընթացակարգերը:

2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն տարեկան երկու անգամ` Թվինինգ ծրագրային առաջարկներ ներկայացնելու առաջարկով նախատեսված վերջնաժամկետին հաջորդող ամսվա ընթացքում: Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:

4. Անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել արտահերթ նիստ` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան տեղակալներն ի պաշտոնե խորհրդի մշտական անդամներ են:

6. Խորհրդի մշտական անդամ է նաև ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության համապատասխան ներկայացուցիչը (համաձայնությամբ):

7. Խորհրդի քարտուղար է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության պետը:

8. Խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով հրավիրվում են օրակարգում ընդգրկված և քննարկվող Թվինինգ ծրագրային առաջարկներ ներկայացրած Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները: Խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել իրականացվող Թվինինգ ծրագրերի ղեկավարները, Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուները, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

9. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի մշտական անդամը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

11. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են`

1) քննարկման ենթակա հարցերը (ներկայացված Թվինինգ ծրագրային առաջարկները կամ Թվինինգ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր).

2) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը.

3) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը:

12. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը և օրակարգի նախագիծը նիստի անդամներին փոխանցվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ: Նշված փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

13. Խորհրդի հիմնական նպատակն է թափանցիկ և անկողմնակալ քննարկումների արդյունքում ընտրել և ըստ առաջնահերթությունների դասակարգել Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք Թվինինգ ծրագրային առաջարկները, ընդունել որոշումներ Թվինինգ ծրագրերի պատրաստման և իրականացման ընթացքում ծագած հարցերի կարգավորման վերաբերյալ:

14. Նշված նպատակի իրականացման համար խորհուրդը`

1) ուսումնասիրում և հաստատում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ներկայացված Թվինինգ ծրագրային առաջարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության կողմից (այսուհետ` գործակալություն) պատրաստված և ըստ առաջնայնությունների դասակարգված Թվինինգ ծրագրային առաջարկների ցանկը` սահմանված առաջնահերթությամբ մինչև երեք ծրագրային առաջարկ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության կողմից հաստատվելու նկատառումով.

2) ուսումնասիրում է Թվինինգ գործիքի ներքո իրականացվող ծրագրերի իրագործման ժամանակ բարձրացված հարցերը, ծագած խնդիրները և դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ.

3) լսում է Թվինինգ գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքի մասին հաշվետվությունների վերաբերյալ յուրաքանչյուր ծրագրի կառավարման հանձնաժողովի եզրակացությունը և ընդունում համապատասխան դիրքորոշում:

14. Խորհրդում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խորհրդի մշտական անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը:

16. Համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը խորհրդի նիստերի ժամանակ հիմնավորում է ներկայացված ծրագրային առաջարկությունների անհրաժեշտությունը և տվյալ պահին իրականացնելու առաջնահերթությունը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

17. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերն արձանագրում է գործակալությունը, իսկ արձանագրությունն ստորագրում է խորհրդի նախագահը:

18. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`

1) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը.

2) նիստի օրակարգը.

3) նիստի մասնակիցների ցանկը.

4) նիստում քննարկված հարցերի, ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները:

19. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը:

20. Նիստերի արձանագրությունները պահվում են գործակալությունում` փաստաթղթերի արխիվացման կարգին համապատասխան:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

21. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է:

22. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և վարում է նիստը.

2) մասնակցում է որոշումների ընդունման գործընթացին.

3) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Խորհրդի անդամները`

1) լսում են հրավիրված անձանց հիմնավորումները, բարձրացված հարցերի կամ ծագած խնդիրների վերաբերյալ ներկայացումները.

2) խորհրդում անցկացված քննարկումների հիման վրա ընդունում են համապատասխան որոշումներ.

3) առաջարկություններ են ներկայացնում նիստին` առանձին հարցերի քննարկման նպատակով մասնագետների, փորձագետների և այլ անձանց հրավիրելու վերաբերյալ:

24. Հրավիրված անձինք`

1) ներկայացնում են նիստի օրակարգում ընդգրկված, համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման այլ մարմնի կողմից ներկայացված Թվինինգ ծրագրային առաջարկները, հիմնավորում դրանց համապատասխանությունը ԵՄ-ի և Հայաստան ռազմավարական փաստաթղթերին, այդ ծրագրերի իրականացման առաջնայնությունը.

2) պատասխանում են հանձնաժողովի անդամների հարցերին.

3) ներկայացնում են Թվինինգ ծրագրերի իրականացման ընթացքում ծագած հարցերը և խնդիրները, առաջարկում լուծման համապատասխան ուղիներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան