Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-805
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.10/29(695) Հոդ.676
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.05.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2009

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 մայիսի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 22.05.2009թ. սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2009թ. մայիսի 20-ին՝ Մոսկվայում:

Համաձայնագրի նպատակը 2009 թվականին Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից 500 մլն ԱՄՆ դոլարի չափով պետական ֆինանսական վարկ տրամադրելն է:

Ըստ համաձայնագրի` Ռուսական կողմը վարկի միջոցները փոխանցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության արտարժութային (ԱՄՆ դոլարով) հաշվին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 7 (յոթ) օրվա ընթացքում:

Վարկի օգտագործման ամսաթիվ է հանդիսանում վարկի միջոցների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թղթակցային հաշվին հաշվեգրման ամսաթիվը:

Ըստ համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- վարկի մարումն իրականացնել ԱՄՆ դոլարով հավասար կիսամյակային մասնաբաժիններով` վճարումներն իրականացնելով յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին,

- առաջին վճարումն իրականացնել 2013թ. հունիսի 15-ին, իսկ վերջին վճարումը` 2024թ. հունիսի 15-ին,

- համաձայնագրի գծով պարտքի անվանական մնացորդի վաղաժամկետ մարում իրականացնելու դեպքում վճարել մինչև վաղաժամկետ մարման ամսաթիվը հաշվարկված տոկոսավճարները` Ռուսական կողմին նման որոշման մասին գրավոր տեղեկացնելով վճարման ամսաթվից առնվազն 14 օրացուցային օր առաջ,

- Ռուսական կողմին վարկի օգտագործման համար վճարել տոկոսներ ԱՄՆ դոլարով արտահայտված 6-ամսյա դեպոզիտների համար LIBOR դրույքաչափին գումարած 3 (երեք) տոկոս տարեկան տոկոսադրույքով,

- Ռուսական կողմին վարկի օգտագործման համար վճարվող վարկի տոկոսները հաշվարկել վարկի օգտագործման ամսաթվից սկսած` վարկի օգտագործման փաստացի օրերի քանակի համար` ելնելով տարին 360 օր հաշվարկից (հիմք` 365/360) և վարկի տոկոսները վճարել ԱՄՆ դոլարով յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին,

- ապահովել, որպեսզի վճարման ենթակա բոլոր գումարները ծանրաբեռնված չլինեն ոչ մի տեսակ հարկերով և վճարվեն առանց որևէ սահմանափակումների, նվազեցումների, պահումների կամ փոխհատուցումների:

Ըստ համաձայնագրի` այն դեպքում, երբ համաձայնագրին համապատասխան վարկի հիմնական գումարի մարման և (կամ) տոկոսների վճարման գծով ցանկացած վճարում չի իրականացվել այդ հոդվածներով սահմանված վճարման համապատասխան ամսաթվին, այդ պարտքը համարվում է ժամկետանց և նրա վրա հաշվարկվում են տոկոսներ ԱՄՆ դոլարով արտահայտված 6-ամսյա դեպոզիտների համար LIBOR դրույքաչափին գումարած 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով` ժամկետանց պարտքի առաջացման պահից մինչև այդ պարտքի ամբողջական մարման ամսաթիվը ներառյալ:

Համաձայնագրով նախատեսված է, որ վարկի գծով Հայկական կողմի վճարման պարտավորությունների գծով վճարումների հետաձգումը 90 օրը գերազանցելու դեպքում Ռուսական կողմն իրավունք ունի համաձայնագրի շրջանակում չմարված ամբողջ պարտքը համարել մարման ենթակա և այդ պարտքի վրա հաշվարկել տոկոսներ ԱՄՆ դոլարով արտահայտված 6-ամսյա դեպոզիտների համար LIBOR դրույքաչափին գումարած 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով` մինչև ժամկետանց պարտքի մարման ամսաթիվը:

Համաձայնագրի գծով հաշվարկների և հաշվառման կարգը սահմանվում է Հայկական և Ռուսական կողմերի լիազոր գործակալների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «Զարգացման և արտաքին տնտեսական գործունեության բանկի (Վնեշէկոնոմբանկ)» պետական կորպորացիայի միջև համաձայնագրով:

Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները պետք է լուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:  

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

29 մայիսի 2009 թ.

ՍԴՈ-805