ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/2434/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2434/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյան | |
|
Ա. Բարսեղյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 23.12.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Գևորգ Գևորգյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)՝ Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-204-Ա հրամանը և Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) 25.08.2006 թվականի թիվ 1369-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գևորգ Գևորգյանը պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-204-Ա հրամանը և Քաղաքապետի 25.08.2006 թվականի թիվ 1369-Ա որոշումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2008 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կադաստրը և Քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածը որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ հոդվածներից հետևում է, որ օրինականացված շինությունների ու հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պարտադիր պայման է օրինականացված անշարժ գույքի համար համապատասխան վճարումների կատարումը, մինչդեռ, գործի քննությամբ չի հիմնավորվել, որ Գևորգ Գևորգյանը կատարել է այդ վճարումները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.09.2006 թվականի վճռով Քաղաքապետարանի հայցի հիման վրա անվավեր է ճանաչվել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին տրված թիվ 2095495 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը: ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1435-ՎԴ որոշման ուժով սեփականության իրավունքի գրանցման վկայականը վիճարկելով, տվյալ դեպքում, ենթադրվել է, որ ըստ էության վիճարկվում է սեփականության իրավունքի պետական գրանցումը: Նշվածից հետևում է, որ Գևորգ Գևորգյանը սեփականությունից զրկվել է օրենքով սահմանված կարգով` սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսացող սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչվելու հետևանքով: Հետևաբար, անհիմն է Դատարանի այն եզրահանգումը, թե Գևորգ Գևորգյանը սեփականությունից զրկվել է ոչ դատական կարգով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.09.2006 թվականի վճռով հաստատված հանգամանք է, որ ներկայացված անդորրագրերով վճարման ենթակա գումարներն իրականում Քաղաքապետարանի արտաբյուջետային և պետական բյուջեի համապատասխան հաշվին չեն մուտքագրվել, իսկ Գևորգ Գևորգյանն այդ հանգամանքը չի հերքել և հետագայում միջոցներ չի ձեռնարկել օրենքով նախատեսված վճարումները կատարելու ուղղությամբ: Հետևաբար, Քաղաքապետն իրավասու էր «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի հիմքով անվավեր ճանաչել իր իսկ որոշումը` Գևորգ Գևորգյանի մասով:
Վերոգրյալի հիման վրա Կադաստրը պահանջել է բեկանել Դատարանի 23.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության, իսկ Քաղաքապետը պահանջել է վճիռը բեկանել և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» Քաղաքապետի 20.04.2005 թվականի հ. 839-Ա որոշման 1-ին հավելվածի 361-րդ կետով ճանաչվել է Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքը Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում գտնվող 196քմ մակերեսով շինության նկատմամբ, ինչպես նաև 1221քմ մակերեսով հողամասի նկատմամբ` հողի օտարման պայմանով (հ.1 գ.թ. 6):
2) 08.12.2005 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2095495 վկայականի համաձայն` գրանցվել է Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքը Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում գտնվող 131,2 քմ մակերեսով շինության, ինչպես նաև 1221քմ մակերեսով հողամասի նկատմամբ( հ. 1, գ.թ. 7-9):
3) Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրամադրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2095495 վկայականը (հ. 1, գ.թ. 10-13):
4) Քաղաքապետի 25.08.2006 թվականի հ. 1369-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել Քաղաքապետի 20.04.2005 թվականի հ. 839-Ա որոշման 1-ին հավելվածի` Գևորգ Գևորգյանին վերաբերող 361-րդ կետը (հ. 1, գ.թ. 68-69):
5) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.09.2006 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին տրված թիվ 2095495 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը:
Վճռով հաստատվել է, որ «…Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Կադաստրի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից 08.12. 2005 թվականին Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ձոր հասցեի նկատմամբ Գևորգ Գևորգյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-012-4-44 մատյանի 000178 թերթիկում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման գրառումը և դրա հիման վրա 08.12.2005 թվականին տրամադրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2095495 վկայականը, սակայն օրենքով սահմանված կարգով գործարքը պետք է անվավեր ճանաչել դատական կարգով»(հ. 1, գ.թ. 14-15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք ոչ իրավաչափ են վիճարկվող վարչական ակտերը:
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) կից 11-րդ արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրությունը հռչակելով սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, երաշխավորում է յուրաքանչյուրի՝ սեփականություն ունենալու բացարձակ իրավունքը, միաժամանակ, ամրագրելով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքից զրկելու հնարավորությունը միայն դատական կարգով:
Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետի 20.04.2005 թվականի հ. 839-Ա որոշման 1-ին հավելվածի 361-րդ կետով ճանաչվել է Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքը Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում գտնվող 196քմ մակերեսով շինության և 1221քմ մակերեսով հողամասի նկատմամբ` հողի օտարման պայմանով, 08.12.2005 թվականին նրա սեփականության իրավունքը գրանցվել է, Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանով անվավեր է ճանաչել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2095495 վկայականը, իսկ Քաղաքապետի 25.08.2006 թվականի հ. 1369-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչել Գևորգ Գևորգյանին սեփականության իրավունք տրամադրելու վերաբերյալ իր իսկ 20.04.2005 թվականի հ. 839-Ա որոշման 1-ին հավելվածի 361-րդ կետը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.09.2006 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Գևորգ Գևորգյանի անվամբ 08.12.2005 թվականին տրված թիվ 2095495 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանը և Քաղաքապետի 25.08.2006 թվականի հ. 1369-Ա որոշումն ընդունվել են վերը նշված սահմանադրական նորմերի խախտմամբ, որի հետևանքով Գևորգ Գևորգյանը ոչ դատական կարգով զրկվել է սեփականության իրավունքից:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանը և Քաղաքապետի 25.08.2006 թվականի հ. 1369-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի ուժով ոչ իրավաչափ են:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Սույն գործում առկա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.09.2006 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ տվյալ վճռով հաստատվել է Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-240-Ա հրամանով Գևորգ Գևորգյանի Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում գտնվող 131,2 քմ մակերեսով շինության և 1221քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից զրկման ոչ դատական կարգով լինելու փաստը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճարկվող ակտերի գործողության արդյունքում Գևորգ Գևորգյանը զրկվել է պատշաճ ընթացակարգով ճանաչված և գրանցված սեփականությունից, ինչը տվյալ դեպքում կատարվել է ոչ դատական կարգով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վարչական դատարանի 23.12.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Է. Հայրիյան Ե. Սողոմոնյան
Նախագահող`
Դատավորներ`
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|