Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.626
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

ԵԿԴ/0057/12/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0057/12/08

 

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

   

դատախազ

 Զ. Ստեփանյան

30 մարտի 2009 թվական

ք. Երևանում 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Լևոն Միհրանի Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 14-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ դատապարտյալի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Լևոն Միհրանի Ղազարյանը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Լ.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2006 թվականի հուլիսի 17-ից:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ հավանություն է տրվել դատապարտյալ Լևոն Միհրանի Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշմանը:

3. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2008 թվականի դեկտեմբերի 24-ին միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ դատապարտյալ Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ:

4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 14-ի որոշմամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը՝ Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է:

5. Դատապարտյալ Լ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 18-ին որոշում է կայացրել դատապարտյալի վերաքննիչ բողոքը մերժելու և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 14-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ դատապարտյալ Լ.Ղազարյանը վճռաբեկ բողոք է բերել:

2009 թվականի մարտի 17-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

7. Դատապարտյալ Լևոն Ղազարյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրում է 2007 թվականի հուլիսի 30-ից:

8. 2008 թվականի հուլիսի 30-ի թիվ 491 արձանագրության համաձայն` դատապարտյալ Լ.Ղազարյանին նշանակվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ:

9. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի 2008 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ հավանություն չի տրվել դատապարտյալ Լևոն Միհրանի Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշմանը:

10. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ հավանություն է տրվել դատապարտյալ Լևոն Միհրանի Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշմանը:

11. 2009 թվականի հունվարի 14-ի դրությամբ դատապարտյալ Լևոն Ղազարյանը նշանակված պատժից կրել է 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր, մնացել է կրելու 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 3 (երեք) օր:

12. Ըստ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրված բնութագրի` ընթացիկ գնահատման արդյունքները լավ են, ռիսկայնության աստիճանը` ցածր, դատապարտյալի ուղղման վերաբերյալ եզրակացությունը` պատժի կրման ընթացքում դրսևորել է օրինապահ վարքագիծ, պահպանել է համակեցության կանոնները:

13. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատապարտյալի ուղղված չլինելու և նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք ունենալու վերաբերյալ հետևության է հանգել` պատճառաբանելով, որ 2005 թվականի նոյեմբերի 15-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելուց շուրջ 8 ամիս անց Լ.Ղազարյանը կատարել է երկու ծանր և մեկ միջին ծանրության հանցագործություններ և դատապարտվել: Բացի այդ, պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը ենթարկվել է կարգապահական տույժի, իսկ խրախուսանքի չի արժանացել: Նշանակված տույժը մարվել է, սակայն նրա վարքը գնահատելիս կատարած իրավախախտումը ենթակա է ուսումնասիրության և գնահատման:

14. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ստուգելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 14-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, գտել է, որ դատարանի որոշումը վերացնելու հիմքեր չկան, քանի որ դատապարտյալի արդեն իսկ կրած պատիժը բավարար չէ նրա ուղղվելու և վերադաստիարակվելու համար, և նա դեռևս կարիք ունի պատժի մնացած մասը կրելու:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

15. Ըստ բողոք բերած անձի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 18-ի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտմամբ: Դատարանը խախտել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պարտականությունը, սխալ է մեկնաբանել օրենքի պահանջը, ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի և արդարացի քննության սկզբունքի խախտման, այն է՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հունվարի 14-ի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում դատարանը հանգել է դատապարտյալի արդեն իսկ կրած պատժի բավարար չլինելու և վերադաստիարակման համար պատժի մնացած մասը կրելու կարիք ունենալու վերաբերյալ ոչ ճիշտ հետևության:

16. Մինչդեռ դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձևավորումն է, ինչպես նաև օրինապահ վարքագծի խթանումը` դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման և զարգացման նպատակով: Դատապարտյալ Լ.Ղազարյանն իր նկատմամբ նշանակված չորս տարի ժամկետով ազատազրկման պատժի կեսից ավելին կրել է, տարված ուղղման միջոցների շնորհիվ վերջինս կատարել է համապատասխան հետևություններ, որն արձանագրվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Հետևաբար դատարանի որոշումը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի և 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

17. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 18-ի որոշումը և փոփոխել: Բեկանված մասով կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահամանելով նոր քննության ծավալը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե դատապարտյալ Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը մերժելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի որոշումները կայացվել են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ և 115-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է`

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը (...)»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով (...) »:

20. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր ներկայացնելու օրը նա կրել էր նշանակված պատժի օրենքով սահմանված մասը՝ կեսից ավելին:

Հանցագործությամբ պատճառված վնասը հարթելու հարց տուժողի կողմից չի բարձրացվել, և դատապարտյալի վրա դատավճռով նման պարտականություն չի դրվել:

Միևնույն ժամանակ պահպանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ և 115-րդ հոդվածներով սահմանված՝ դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր ներկայացնելու դատավարական կարգը, որի համաձայն` քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդագիրն իրավասու դատարան է ներկայացրել միայն համապատասխան անկախ հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո:

2009 թվականի հունվարի 14-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատական նիստում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագրի հիման վրա քննարկելով դատապարտյալ Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, հանգել է հետևության, որ դատապարտյալը չի ուղղվել և կարիք ունի իր նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու: Այդ հետևությունը դատարանը հիմնավորել է այն հանգամանքով, որ 2005 թվականի նոյեմբերի 15-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելուց շուրջ 8 ամիս անց Լ.Ղազարյանը կատարել է երկու ծանր և մեկ միջին ծանրության հանցագործություններ և դատապարտվել: Բացի այդ, դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում չի խրախուսվել, ենթարկվել է կարգապահական տույժի, որը, չնայած մարվել է, սակայն նրա վարքը գնահատելիս ենթակա է ուսումնասիրության և գնահատման:

2009 թվականի փետրվարի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատական նիստում քննության առնելով Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հունվարի 14-ի որոշման դեմ դատապարտյալի բերած վերաքննիչ բողոքը, գտել է, որ դատարանի որոշումը վերացնելու հիմքեր չկան, քանի որ դատապարտյալի արդեն իսկ կրած պատիժը բավարար չէ նրա ուղղվելու և վերադաստիարակվելու համար և նա դեռևս կարիք ունի պատժի մնացած մասը կրելու:

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես ընդհանուր իրավասության առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանի պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժելու համար, քանի որ դատարանները միջնորդագիրը մերժելու հիմքում դրել են բացառապես դատապարտյալի կողմից նախկինում դատապարտված լինելու և պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո ծանր և միջին ծանրության հանցանքներ կատարելու հանգամանքները: Նշված հանգամանքերը, սակայն, պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կանոնակարգող որևէ իրավադրույթով նախատեսված չեն` որպես դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը չկիրառելու հիմք: Այսինքն` դատարանները Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիրը մերժել են օրենքով չնախատեսված հիմքերով` դրանով իսկ թույլ տալով անձի նյութական և դատավարական իրավունքի խախտում:

22. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը (...) »:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սոցիալական, հոգեբանական, իրավական և դաստիարակչական աշխատանքներին դատապարտյալի մասնակցությունը հաշվի է առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս (...) »:

ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի հրամանով հաստատված` «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության» կարգի` «Դատապարտյալների ախտորոշումը, գնահատումը և բնութագրումը սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներն իրականացնելիս» 7-րդ գլխում զետեղված 45-49-րդ կետերի համաձայն` պատժի կրման ընթացքում պարբերաբար կատարվում է դատապարտյալի գնահատում: Գնահատումները ներառում են տեղեկություններ դատապարտյալի հետ կատարված աշխատանքների ընթացքի, դատապարտյալի վարքի փոփոխության մասին: Մասնավորապես, գնահատվում են`

1) դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ,

2) դատապարտյալի ռիսկայնության աստիճանը,

3) ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները,

4) դատապարտյալի կարգապահությունը,

5) դատապարտյալի մասնակցությունը կրթական, մշակութային և այլ ծրագրերին և ներգրավվածությունը աշխատանքին:

Թվարկված յուրաքանչյուր կետի վերաբերյալ, կապված պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի, այդ ընթացքում նրա հետ իրականացված աշխատանքների և արդյունքների հետ, տրվում է բարձր, միջին կամ ցածր գնահատական:

Դատապարտյալի գնահատման արդյունքների հիման վրա որոշվում է ուղղման աստիճանը.

ա. դրական, երբ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կարգապահությունը և ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են բարձր կամ միջին, իսկ ռիսկայնության աստիճանը` ցածր,

բ. բացասական, երբ դատապարտյալի կարգապահության կամ ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են ցածր, իսկ ռիսկայնության աստիճանը` բարձր կամ միջին:

Դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար միջնորդություն ներկայացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկում քննարկվում են պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագիծը, նրա հետ իրականացված աշխատանքների արդյունքները: Քննարկման արդյունքների հիման վրա` հաշվի առնելով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարծիքները և դատապարտյալի գնահատման արդյունքները, կազմվում է բնութագիր:

Դատապարտյալը բնութագրվում է դրական, երբ ընթացիկ գնահատումների արդյունքները բարձր են, ռիսկայնությունը` ցածր կամ միջին, բացասական` երբ ընթացիկ գնահատումների արդյունքները ցածր են կամ միջին, ռիսկայնությունը` բարձր:

Իսկ նյութերում առկա քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրված բնութագրից երևում է, որ դատապարտյալ Լ.Ղազարյանի ընթացիկ գնահատման արդյունքները սահմանվել են լավ, ռիսկայնության աստիճանը` ցածր: Դատապարտյալի ուղղման վերաբերյալ տրվել է եզրակացություն, համաձայն որի` պատժի կրման ընթացքում վերջինս դրսևորել է օրինապահ վարքագիծ, պահպանել է համակեցության կանոնները:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 93-րդ և 101-րդ հոդվածների համաձայն` դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, պատժի կրումը շարունակելու նպատակով կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ, և համապատասխան հանձնաժողովն ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է` ի թիվս այլ հանգամանքների հաշվի առնելով նաև դատապարտված անձի դրսևորած վարքագիծը:

Գործի նյութերից երևում է, որ 2008 թվականի հուլիսի 30-ի թիվ 491 արձանագրության համաձայն` դատապարտյալ Լ.Ղազարյանին նշանակվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքը վկայում է դատապարտյալի դրական վարքագծի մասին և նույնպես պետք է գնահատման ենթարկվեր:

23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս ունեն օրենքի շրջանակներում որոշակի հայեցողություն դրսևորելու հնարավորություն: Սակայն որոշումը կհամարվի այդ հայեցողության թույլատրելի շրջանակներում կայացված, եթե հիմնված լինի սույն որոշման 22-րդ կետում շարադրված չափանիշների հետազոտման, վերլուծության և գնահատման վրա:

24. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն օրինական և հիմնավորված չի համարում վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ դատապարտյալի կրած պատիժը բավարար չէ նրա ուղղվելու համար, և նա դեռևս կարիք ունի պատժի մնացած մասը կրելու: Ինչպես ընդհանուր իրավասության առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանները որոշում կայացնելիս ճիշտ չեն գնահատել Լ.Ղազարյանի ուղղման գործընթացին վերաբերող և գործում առկա փաստական տվյալները, ինչի արդյունքում թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածների պահանջների խախտումներ:

Հետևաբար դատապարտյալ Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 14-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 18-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ և կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտմամբ:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Լևոն Միհրանի Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 14-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

 

Հ. Ղուկասյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան