Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.624
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/3608/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/3608/05/08

 2009թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Մ. Դրմեյանի

 

Ե. Խունդկարյանի

 

Է. Հայրիյանի

 

Ա. Մաթևոսյանի

 

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մարտի 13-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.12.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Նորք-Մարաշ հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ 6.199.900 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 6.199.900 ՀՀ դրամ և 123.998 ՀՀ դրամ պետական տուրքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.12.2008 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունները, 35-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Տեսչությունն է կրում պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտավորությունը: Բացի այդ, վերջինս է պարտավոր հարկատուին տեղեկացնել պետական տուրքի գծով պարտավորության կատարման ուշացումների և դրանց համար հաշվարկված տույժերի վերաբերյալ:

Մինչդեռ, հարկային մարմինը «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով հսկողություն է իրականացնում հարկային օրենսդրության, պետական տուրքի և պարտադիր այլ վճարների վերաբերյալ օրենքների և իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 01.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ մտավոր սեփականության գործակալության 09.01.2004 թվականի որոշմամբ գրանցվել է Ընկերության «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ֆիրմային անվանումը (գ.թ. 67):

2. Ընկերությունը պետական տուրքի առաջին վճարումը կատարել է 08.01.2004 թվականին:

3. Ընկերությունը պետական տուրքի վճարումները կատարել է ամբողջությամբ, հետևյալ ժամանակացույցով՝ 08.01.2004 թվականին՝ 600.000 ՀՀ դրամ, 26.11.2007 թվականին՝ 1.200.000 ՀՀ դրամ, 30.11.2007 թվականին՝ 600.000 ՀՀ դրամ և 07.02.2008 թվականին՝ 600.000 ՀՀ դրամ:

4. 01.04.2008 թվականի դրությամբ Ընկերության կողմից հարկային պարտավորությունները ժամկետի խախտմամբ կատարելու հետևանքով հաշվարկված տույժը կազմել է 6.199.900 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է պարզել հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք լիազոր պետական մարմնի պաշտոնատար անձը պատասխանատվություն է կրում պետական տուրք վճարող անձի կողմից հերթական տարեկան պետական տուրքը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պետական բյուջե չվճարելու համար:

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է oրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողները պարտավոր են` ժամանակին և լրիվ վճարել սույն oրենքով սահմանված պետական տուրքերը, պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը, սույն oրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն՝ «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար գանձվում է տարեկան պետական տուրք՝ 600.000 ՀՀ դրամ:

Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն oրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը`… լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման oբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) տրման ամսաթվից ոչ ուշ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ …., ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջի չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին, իսկ նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար նույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով:

Վերը նշվածից հետևում է, որ հարկեր, տուրքեր վճարելը յուրաքանչյուր անձի պարտականությունն է:

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ֆիրմային անվանման համար սահմանված տարեկան պետական տուրքի առաջին վճարումը Ընկերությունը կատարել է 08.01.2004 թվականին, 09.01.2004 թվականի որոշմամբ գրանցվել է Ընկերության ֆիրմային անվանումը, Ընկերությունը տարեկան պետական տուրքի վճարումները կատարել է հետևյալ ժամանակացույցով՝ 08.01.2004 թվականին՝ 600.000 ՀՀ դրամ, 26.11.2007 թվականին՝ 1.200.000 ՀՀ դրամ, 30.11.2007 թվականին՝ 600.000 ՀՀ դրամ և 07.02.2008 թվականին՝ 600.000 ՀՀ դրամ, որի համար Ընկերության նկատմամբ 01.04.2008 թվականի դրությամբ հաշվարկվել է տույժ՝ 6.199.900 ՀՀ դրամ գումարի չափով:

Դատարանը կիրառելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունները հանգել է այն հետևության, որ լիազոր մարմնի պաշտոնատար անձինք են պատասխանատվություն կրում պետական տուրքի գումարներն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չգանձելու համար: Մինչդեռ, սույն գործով իրավախախտման հիմքում դրվել է ոչ թե տարեկան պետական տուրքի գումարներն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չգանձելու պարտավորության խախտման փաստը, այլ՝ տարեկան պետական տուրքի գումարներն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելու պարտավորության խախտման փաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով տարեկան պետական տուրք վճարող անձը Ընկերությունն է, դրա վճարումների օրենքով սահմանված ժամկետների խախտման համար պատասխանատվությունը ծագում է միայն Ընկերության, այլ ոչ թե՝ լիազոր պետական մարմնի պաշտոնատար անձի համար:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության նկատմամբ հաշվարկված տույժը՝ տարեկան պետական տուրքը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ վճարելու համար, իրավաչափ է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 01.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Նորք-Մարաշ հարկային տեսչության հայցը բավարարել` «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ից բռնագանձել 6.199.900 (վեց միլիոն հարյուր իննսունինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

 

Է. Հայրիյան

 

Ա. Մաթևոսյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան