Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.623
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/3334/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/3334/05/08

 2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

 

Է. Հայրիյանի

 

Ա. Մաթևոսյանի

 

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.10.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Արամ Քարամյանի հայցի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և Նախարարության միգրացիոն գործակալության՝ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես փախստական հաշվառելուն և համապատասխան տեղեկանք տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Արամ Քարամյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարության միգրացիոն գործակալությանն իրեն հաշվառելու «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես փախստական և տրամադրել համապատասխան տեղեկանք:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արամ Քարամյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 25-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը կիրառելու համար անհրաժեշտ պայման է փախստականի կարգավիճակ հայցող անձի 1988-1992 թվականներին բռնագաղթած լինելու հանգամանքի առկայությունը։ Մինչդեռ, Արամ Քարամյանը ծնվել է Հայաստանում 1989 թվականին՝ Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն ծնողների բռնագաղթելուց հետո, հետևաբար, դատարանը սխալ է մեկնաբանել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում փոփոխվել է դրա իմաստը և բռնագաղթված անձ է համարել նաև բռնագաղթվածների՝ Հայաստանի Հանրապետությունում ծնված զավակին։ Դատարանը հայցը բավարարելիս անտեսել է այն, որ Արամ Քարամյանի ծնունդը 1989 թվականին գրանցվել է Աբովյանի շրջխորհրդի գործկոմի ՔԿԱԳ բաժնում, և նրան տրվել է ծննդյան վկայական, ինչը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.10.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Արամ Քարամյանի հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները    

 

Բողոք բերած անձը հաշվի չի առնում այն փաստը, որ Արամ Քարամյանի ծննդից հետո նա հաշվառվել է որպես փախստական, և նրա տվյալներն ընդգրկվել են ծնողներին տրված փախստականի ընտանեկան վկայականում, և այդ վկայականի կարգահամարն առկա է նրա ծննդյան վկայականում։

Հայաստանի տարածքում ծնվելը և Հայաստանի ՔԿԱԳ բաժնի կողմից ծննդյան վկայական ստանալը դեռևս չի նշանակում, որ անձը ճանաչվում է ՀՀ քաղաքացի։ Արամ Քարամյանը ՀՀ քաղաքացիություն չի ընդունել և ՀՀ քաղաքացիությունը հաստատող ՀՀ քաղաքացու անձնագրով չի փաստաթղթավորվել:

Նկատի ունենալով, որ Արամ Քարամյանը ծնվել է ՀՀ տարածքում 1988-1992թթ. ժամանակահատվածում և նրա ծննդյան պահին և փախստականի վկայական տալու ժամանակ նրա ծնողները հաշվառված են եղել որպես փախստականներ և նրա ընտանիքին տրված փախստականի ընտանեկան վկայականում հաշվառված է նաև ինքը, իսկ մինչև իր 18 տարին լրանալը ծնողներից ոչ մեկը ՀՀ քաղաքացիություն չի ընդունել և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով նա ևս չի դիմել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, ուստի «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիմքով չի կորցրել փախստականի կարգավիճակը, հետևաբար, փախստական է։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ավանես Քարամյանը և Ժաննա Կարամյանը 1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթել են Հայկական ԽՍՀ:

2. ՀՀ ԿԱ միգրացիայի և փախստականների վարչության «Համակարգչային կենտրոն» ՊՓԲԸ-ի 04.07.2000 թվականի տեղեկանքների համաձայն՝ Ավանես Քարամյանը և Ժաննա Կարամյանը 18.12.1995 թվականին հաշվառվել են որպես փախստականներ:

3. Ավանես Քարամյանին 12.07.2006 թվականին տրվել է փախստականի թիվ Փ 014260 վկայականը, իսկ Ժաննա Կարամյանին 24.10.2000 թվականին տրվել է փախստականի թիվ Փ 001372 վկայականը:

4. 02.03.1989 թվականին տրված թիվ VI-ՍԼ 366888 ծննդյան վկայականի համաձայն՝ Արամ Քարամյանը ծնվել է 1989 թվականի փետրվարի 23-ին, Հայկական ԽՍՀ-ում, Աբովյան քաղաքում: Արամ Քարամյանի հայրն է Ավանես Քարամյանը, իսկ մայրը՝ Ժաննա Կարամյանը:

5. Փախստականի վկայական ստանալու մասին Արամ Քարամյանի դիմումի կապակցությամբ Նախարարության միգրացիոն գործակալությունը հայտնել է, որ ըստ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Արամ Քարամյանը որպես փախստական հաշվառված չէ, քանի որ ծնվել է Հայաստանում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն իրավահարաբերության ծագման պահին գործող «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ փախստական է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում oգտվել այդ պետության պաշտպանությունից, կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող oգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից:

Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք հանդիսանում են փախստական՝ նույն oրենքի իմաստով:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 25-րդ հոդվածներում ամրագրելով փախստականի հասկացությունը, ըստ էության, սահմանել է նաև անձի մոտ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հիմքերը:

Մասնավորապես, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի ուժով փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար հիմք են հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝

1) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված լինելը և

2) փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված լինելը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արամ Քարամյանի ծնողները՝ Ավանես Քարամյանը և Ժաննա Կարամյանը, Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթել են Հայկական ԽՍՀ և 18.12.1995թ-ին հաշվառվել են որպես փախստականներ, ու նրանց տրվել է փախստականի վկայականներ, իսկ 02.03.1989 թվականին տրված թիվ VI-ՍԼ 366888 ծննդյան վկայականի համաձայն՝ Ավանես Քարամյանի և Ժաննա Կարամյանի որդին՝ Արամ Քարամյանը, ծնվել է 1989 թվականի փետրվարի 23-ին, Հայկական ԽՍՀ-ում, Աբովյան քաղաքում:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Քարամյանը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձ չէ, իսկ նրա ծնողների բռնագաղթված լինելու հանգամանքը հիմք չէ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի ուժով Արամ Քարամյանին փախստական ճանաչելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը, բավարարելով Արամ Քարամյանին որպես փախստական հաշվառելու մասին պահանջը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Արամ Քարամյանի ծննդյան վկայականը, որով հիմնավորվում է, որ Արամ Քարամյանը 1989 թվականի փետրվարի 23-ին ծնվել է Հայկական ԽՍՀ-ում, այլ ոչ թե բռնագաղթել է Ադրբեջանական ԽՍՀ-ից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.10.2008 թվականի վճիռը, և այն փոփոխել. Արամ Քարամյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

 

Ա. Մաթևոսյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան