Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.611
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0287/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0287/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մաթևոսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մայիս Մեհրաբյանի ներկայացուցիչ Ռուզաննա Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարիետա Պետրոսյանի հայցի ընդդեմ Մայիս Մեհրաբյանի` «Վտառ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) մասնակցին հեռացնելու, Ընկերության կնիքը և հրամանագիրքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Մարիետա Պետրոսյանը պահանջել է Ընկերության մասնակից Մայիս Մեհրաբյանին հեռացնել Ընկերությունից և պարտավորեցնել վերադարձնել Ընկերության կնիքը և հրամանագիրքը:

Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2008 թվականի որոշմամբ Մայիս Մեհրաբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևանի քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մայիս Մեհրաբյանի ներկայացուցիչ Ռուզաննա Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարիետա Պետրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մայիս Մեհրաբյանը 19.08.2003 թվականին իր բաժնեմասը վաճառելուց հետո մինչև 27.08.2007 թվականը որևէ իրավունք կամ պարտականություն չի ունեցել Ընկերության հանդեպ և չէր կարող որևէ կերպ իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնել կամ անհնարին դարձնել Ընկերության բնականոն գործունեությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանի կողմից չեն խախտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջները, և վճիռը կայացվել է բոլոր ապացույցների բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում: Հակառակը հիմնավորող որևէ ապացույց բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին և տրվել է 02 Ա 046506 վկայականը: Ընկերության մասնակիցներ էին Մայիս Մեհրաբյանը և Հայկ Գալստյանը` յուրաքանչյուրը հավասար բաժիններով:

2. 19.07.2002 թվականի բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Հայկ Գալստյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող 50% բաժնեմասը վաճառել է Մարիետա Պետրոսյանին:

3. 19.08.2003 թվականի բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Մայիս Մեհրաբյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող 50% բաժնեմասը վաճառել է Նորայր Հարությունյանին:

4. ՀՀ տնտեսական դատարանի 31.07.2007 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Մայիս Մեհրաբյանի և Նորայր Հարությունյանի միջև 19.08.2003 թվականին կնքված Ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը և ՀՀ պետական ռեգիստրի Շահումյանի տարածքային բաժնի կողմից 20.08.2003 թվականին կատարված գրանցումն ու տրված թիվ 005872 վկայագիրը:

Որպես գործարքի անվավերության հետևանք վերականգնվել է մինչև իրավունքի խախտումն եղած դրությունը՝ Ընկերության 50% բաժնեմասի նկատմամբ Մայիս Մեհրաբյանի սեփականության իրավունքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության մասնակիցը, որը գումարային առումով տնօրինում է ընկերության առնվազն տասը տոկոս բաժնեմասը, իրավունք ունի դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ հաստատված է համարվել, որ Մայիս Մեհրաբյանը որպես տնօրեն չի կատարել իր վրա դրված պարտականությունները, իր գործողություններով և անգործությամբ դժվարացրել ու անհնարին է դարձրել ընկերության բնականոն գործունեությունը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված իր որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտի հիմնավորվածության խնդրին (իրավական հիմնավորումները տե'ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջով, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) գործով 21.12.2006 թ. որոշումը): Ուստի սույն գործով աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Մայիս Մեհրաբյանը իր գործողություններով և անգործությամբ դժվարացրել ու անհնարին է դարձրել ընկերության բնականոն գործունեությունը` առանց հիմնավորելու այդ հանգամանքը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Մայիս Մեհրաբյանի և Նորայր Հարությունյանի միջև 19.08.2003 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու արդյունքում մինչև ՀՀ տնտեսական դատարանի 31.07.2007 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելը Մայիս Մեհրաբյանը շուրջ չորս տարի զրկված է եղել Ընկերության գործունեությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար չէր կարող որևէ կերպ իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնել կամ անհնարին դարձնել Ընկերության բնականոն գործունեությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցված չէ Ընկերության մասնակից Մայիս Մեհրաբյանի գործողություններով կամ անգործությամբ Ընկերության բնականոն գործունեությունը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու փաստը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2008 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Մարիետա Պետրոսյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ա. Մաթևոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան